01 03 2021

«Կարճ ասած»․ Մարտի 1-ի իրական դրդապատճառների, սարքած քրգործի ու արդյունքում՝ Արցախը տալու մասին



Այսօր մեր պետության ամենաչարչրկված իրադարձություններից մեկի՝ մարտի 1-ի հիշատակի օրն է։ Իրադարձություններ, որոնք ըստ արժանվույն չեն գնահատվել, իրադարձություններ, որոնց մեկ տարի անդրադարձել են, իսկ հաջորդ 12 տարին՝ շահարկել, իրադարձություններ, որոնք լցրել են մարդկանց բերանն ու այդ մարդիկ ամեն առիթով, կապավոր, թե անկապ առիթով, խոսել են։ Իրադարձություններ, որոնք անդոնքոչարյաններն ու պասկևիչյանները դարձրել էին կեղծիքներով լիքը ֆիլմի սցենար ու խտացված գույներով ցուցադրել պետության կողմից ֆինանսավորվող եթերում։ Իրադարձություններ, որոնց հրահրիչները սկզբից պատժվեցին, հետո 10 տարի անց վերցրին իշխանությունը։ Այո, մարտի 1-ի մեղավորներն այդպես էլ արժանվույն պատասխանատվություն չկրեցին, ու գլխավոր մեղավորներից մեկը կարողացավ բերդից դուրս գալ, կուսակցություն բացել, մասնակցել ընտրությունների, մտնել խորհրդարան, հետո էլ մանիպուլյացիաների, մարդկանց հիմարացնելու արդյունքում դառնալ վարչապետ։ Թէ, ինչ էին ուզում անել 2008-ի գարնանը, պարզ է՝ իշխանությունը վերցնել, իսկ հետոն՝ երևի էլի սա, ինչ եղավ։

Խոսքը, այո, Նիկոլի մասին է։ Մարդու մասին է, որը մի վայրկյան խղճի խայթ չզգաց, երբ մայրաքաղաքի սրտում բարիկադներ սարքելու կոչեր էր անում, հետո՝ որ զինվեն, ոստիկաններին ծեծեն, խանութներ թալանեն։ Իսկ վերջում ունեցանք 10 զոհ։ Նիկոլն էր կոչ անում զինվել ինչով կարող են ու «քշել տականք ղարաբաղցիներին»։ Հիշում ենք տեսանյութերն ու ճղճղան ձայնը, թե հերիք ա ասեք սրան խփին, նրան խփին։ Մեր առաջին ռազմավարը և այլն։ Էդ ամենի հրահրիչն այսօր վարչապետ է։

Նա կարողացել է մարտի 1-ի զոհերի դիակները սարքել իր համար սանդուղք ու դրանցով բարձրանալ վերև, նրանց մի մասի հարազատների աջակցությամբ։ Քլոյան Սարգիսը՝ մետաղներով զինված էդ բիձան, իր տղու արյունը ծախեց 30 մլն դրամով ու թույլ տվեց իրեն ոնց ուզում են՝ օգտագործեն։ Այդ մարդը 13 տարի խոսում է իր որդուց, բայց փոխարենը հետամուտ լինի սպանության բացահայտմանը, Նիկոլի քաղաքական կուսակցության անդամ է, իշխանափոխությունից հետո պահանջել և ստացել է հսկայական գումար ու կարծես բավարարվել է։

Բայց, սրանք շարունակում են դեռ խոսել մարտի 1-ից, երես ունեն խոսել մարտի 1-ից, մարդկանց էշի տեղ դնելով։ Ավինյան Տիգրանը, որ ժողովրդի սխալի արդյունքում մինչև հիմա փոխվարչապետ է, պատերազմից հետո, ասում են, համարյա ամեն օր փաբերում է, բառերում է, ու հիմա ինչ-որ տեքստեր է գրում մարտի 1-ի, ժողովրդի իշխանության, եսիմինչերի մասին։ Սրանք միտումնավոր մոռացության են տալիս, որ մարտի 1-ի դատավարությունն ավարտվել է ու մեղավորները պատիժ են կրել, որոնցից մեկն էլ էսօրվա իր շեֆն է։ Խոսում են մարտի 1-ից ու չեն խոսում, որ ամենամեծ դատավարությունը դեռ առջևում է, ու էդ մեղադրյալի աթոռին նստածներից մեկն էլ հենց Ավինյանն է լինելու։ Չէ՞ որ, նրանք պիտի բացատրեն՝ այդ ո՞նց եղավ, որ մեկ ամսում 5 հազար հոգի զոհ գնաց, էդ ի՞նչ ծրագիր էր իրականացվում։ Այդ ո՞նց է ստացվում, որ ձեր իշխանությանը թուրքական և ադրբեջանական իշխանավորներն են միայն աջակցում, որ մնաք դեռ ձեր տեղերում։ Իմ հասկանալով, դուք կամեռներում ցմահ եք նստելու, առանց ներման իրավունքի, եթե այդ ամենը մի օր բացահայտվի։ Այդ դատավարությունը չի լինելու զանգվածային անկարգություններ սադրելու արդյունքում 10 զոհ ունենալու մեղադրանքով, դա շատ ավելի լուրջ մեղադրանք է լինելու, դավադրության մասնակցելու, թշնամի երկրի պատվերը իրականացնելու, դրա դիմաց ստանալով, չգիտեմ՝ փող, աջակցություն և այլն։

Երբ Նիկոլն ու իր խմբակը եկան-հասան իշխանության ու սկսեցին շինծու գործ բացելը, շատերը էլի չէին հավատում, որ նպատակն է սպանությունները բացահայտելը, մտածում էին, որ նպատակն է, մուռ հանելը Քոչարյանից, որ այն ժամանակ չի թողել երկիրը իրենց։ Բայց և այն ժամանակ շատերիս հասկանալի էր, որ այդ ամենը ունի հեռահար նպատակներ՝ Արցախի, Ղարաբաղը տալու հարցն է։ Ստացվում է, որ Նիկոլը իշխանությունը զավթելու առաջին իսկ ամսից սկսեց Ղարաբաղը տալու գործընթացը, իսկ մարդիկ մտածում էին, թե ընդամենը ճղճիմ վրեժխնդրություն է։

Մեղադրանք առաջադրվածների ցանկը արդեն ամեն ինչ ասում էր՝ Արցախի առաջին ու Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան, մարդ, որը հաղթել էր պատերազմում, որը քանդած երկիրը ոտքի էր հանել ու էդ երկրում բարգավաճել էին բոլորը, այդ թվում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը։ Գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյան․ մարդ, որը անգնահատելի դեր ունեցավ պատերազմը հաղթելու ու հետագայում Հայոց բանակի կազմավորման մեջ։ Յուրի Խաչատուրով, մարդ, որը ամենաբարձրաստիճան գեներալ գնդապետն էր և 2018-ին ղեկավարում էր ՀԱՊԿ-ն։ Գեներալ Խաչատուրովը այն մարդկանցից էր, որ իր հրամանատարությամբ 90-ականներին հերթով ազատագրել էր այն շրջանները, որը Նիկոլը 4 ամիս առաջ ստորագրությամբ տվեց Ալիևին։ Նիկոլը հեղինակազրկեց այդ հաղթանակները, ՀԱՊԿ-ին, Ռուսաստանի հետ քանդեց հարաբերությունները ու ակնհայտ էր՝ սա անում է, որ հնարավոր պատերազմի դեպքում ՀԱՊԿ-ն չներգրավվի։ Գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյան, մարդ, որի նկատմամբ քրեական հետախուզում էր հայտարարել նաև Նիկոլի բարեկամ Ալիևը։ Ի միջիայլոց, նույնը Քոչարյանի դեպքում է, մե՛կ Ադրբեջանն է ուզում դատել Քոչարյանին, մե՛կ սա՝ Նիկոլը։ Էս ցանկից արդեն հասկանալի էր, որ այո՛, Նիկոլը տալիս է Ղարաբաղը, ու նրան հուշել էին որ պետք է մեկուսացնել այն անձնաց, ովքեր կարող են թույլ չտալ այդ հրեշավոր ծրագիրն իրականացնել։

Հիշում ե՞ք՝ նախորդ տարի կազմակերպեցին որ դատավոր Դանիբեկյանն անպայամն դատական նիստ անցկացնի հենց մայիսի 8-ին՝ Շուշիի ազատագրման օրը, մեր եռատոնին։ Հիշումե՞ք, երբ փաստաբանները հայտնեցին, թե այդ ո՞նց է ստացվում, որ հենց ա՛յդ օրն եք նիստ նշանակում, թշնամու պատվե՞ր է, թե՞ ինչ, դատախազն էլ հայտարարեց, թե նրանց Շուշին ազատագրելու համար չենք դատում։ Շնորհակալություն։ Սակայն ի՞նչ տարբերություն․ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում եք նրա համար, որ թույլ չտվեց 2008-ին այ հենց սրանց կողմից զավթել իշխանությունը, մեղադրվում է նրա համար, որ ազատագրեց Արցախը և ևս 7 շրջան, մեղադրվում է նրա համար, որ այդ պայմաններում կարողացավ խաղաղ պահել մեր սահմանները, երկիրը շենացրեց, արտագաղթը փոխեց ներգաղթի։ Եվ շատ տրամաբանական է, որ հենց Քոչարյանը պետք է նստեր, որ Ղարաբաղում պարտությունը դառնար հնարավոր։

Ամենածիծաղելին գիտե՞ք որն է, որ էդ սահմանադրական կարգի տապալման գործը մինչև հիմա շարունակվում է։ Այդ սարքած գործի արդյունքում երկու անգամ պաշտոնի բարձրացում ունեցած դատախազը գնում է ու լուրջ դեմքով պաշտպանում մեղադրանք, այսքանից հետո։ Նիկոլ Փաշինյանը շրջափակել է դատարանների դռները, Փաշինյանը ճնշել է դատավորներին, Նիկոլ Փաշինյանը 6 անգամ արտակարգ դրություն է մտցրել՝ անհասկանալի ու անբացատրելի կերպով, Նիկոլ Փաշինյանը ապօրինի կերպով 5 ամիս է՝ պահում է ռազմական դրությունը, բայց դատարանը քննում է, որ Քոչարյանը 13 տարի առաջ 21 օրով արտակարգ դրություն է մտցրել միայն Երևան քաղաքում ու կեսից էլ հանել է։ Աբսուրդը տեսնում ե՞ք։ Դատախազ Պետրոսյան, Նիկոլդ տապալել է սահմանադրական կարգ ու մինչև հիմա տապալված է, դու գնում ես դատարան, բոյովդ կանգնում ու չես ամաչո՞ւմ։ Ալիևը մի 50 անգամ Փաշինյանի վրա մատ է թափ տալիս, սա ձայն չի հանում սկի, ինչ դեմ ա տալիս, ստորագրում ա, դու դեռ գնում ես մեղադրանք պաշտպանում մի մարդու դեմ, ով այդ նույն Ալիևի ու ընտանիքի ահ ու սարսափն ա եղե՞լ, հետո հետ ես գալիս տուն ու քեզանից գոհ ես լինում։ Լու՞րջ, տղերք, չե՞ք ջոկում ինչ ա կատարվում։

Կարճ ասած՝ սենսացիոն բացահայտումներ էին խոստանում մարտի 1-ին, բայց միակ սենսացիոն բացահայտումը եղավ այն, որ մարտի 1-ի գործը Շուշին տալու համար էր, Արցախը տալու համար էր։ Մարտի 1-ի գործը որքա՞ն թանկ նստեց պետության վրա, մարտի 1-ը քանի՜ հազար հոգու խլեց մեզանից ու հայրենիք արժեցավ։ Ու մարդիկ կան դեռ, որ մեղավորներ են փնտրում։ Մեղավորը, քթներներիդ առաջ է, հենա՝ էսօր էլ շարունակում է նույն երգը, դեռ երգում է․․․

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ