Ամեն անգամ, երբ հարցազրույց է տալիս նախկին բարձրաստիճան պաշտոնյա, բանակցություններից, Արցախից, պատերազմից տեղյակ մարդ, առավել ևս՝ երկրի նախկին ղեկավար, ավելի շատ եմ համոզվում, որ այն, ինչ տեղի ունեցավ պատերազմի ընթացքում և ավարտին, դավաճանություն էր։
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երկմասանոց հարցազրույցը կրկին փաստում է, որ կանգնել ենք փաստի առաջ մեր ոչ բարով ղեկավարության պատճառով։ Հնչեցվեցին հարցեր, որոնք կարևոր են և մանրամասն քննության կարիք են զգում, բայց՝ ոչ փորձագետների, այլ՝ դատաիրավական։
Մենք նոր ենք իմանում, որ Նիկոլը Արցախը տալու շուրջ բանակցել է, բայց որևէ անգամ Արցախի Հանրապետության ղեկավարությանը չի ասել, թե ինչ է իրենց գլխին գալու։ Ես չեմ ասում, որ հարցը նրանց հետ չի քննարկել, ես չեմ ասում, որ նրանց կարծիքը չի լսել, նա անգամ տեղյակ չի պահել, որ գիտե՞ք Ալիևի հետ սա՛ եմ խոսել, նա՛ եմ խոսել կամ առավելևս՝ պայմանավորվել։ Խոսքը էն Նիկոլի մասին է, որ ասում էր, թե առանց Արցախի չեմ բանակցի, ես ո՞վ եմ որ բանակցեմ իրենց անունից, խոսքը էն Նիկոլի մասին է, որ ասում էր, թե Արցախի ղեկավարությունից ոչինչ չենք թաքցնում։ Մարդ չգիտի՝ ինչ ասի։
Կապիտուլյացիայից հետո իմքայլականները միամիտ ու դեռևս իրենց հավատացող ժողովրդին սրսկում են, թե բանակը թույլ էր, 25-30 տարի բանակ չենք ունեցել, անպիտան զենքեր էին առել, դրա համար էլ պարտվեցինք։ Երրորդ նախագահը ճիշտ հարցեր է բարձրացնում․
Եթե բանակը թույլ էր, ինչո՞ւ էիք հուլիսյան դեպքերը, երբ դիրքերի մի փոքր բարելավում էր տեղի ունեցել, համաշխարհային պատերազմում հաղթանակ դարձնում, ինչո՞ւ էիք մատ թափ տալիս թուրքերի ու ադրբեջանցիների վրա, թե՝ դե փորձեք հարձակվել ու կտեսնեք, թե ձեզանից ինչ կսարքի մեր բանակը։ Սարգսյանն ասում է, որ մենք 100 քառակուսի կիլոմետր դիրքային բարելավումներ ենք ունեցել 2012, 13 թվականներին, բայց էդ մասին չենք բարձրաձայնել, որովհետև աչոկ հավաքելու խնդիր չենք ունեցել, չենք գովազդել․ հակառակը դրա մասին խոսելը, ծածկադմփոց չանելը վտանգավոր կլիներ, կրքեր կբորբոքվեին։
Հայաստանը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն էր, դա դեռ վաղուցվանից էր հայտնի ու այդ մասին ասել են բոլորը, այդ թվում՝ պաշտպանության այսօրվա՝ Նիկոլի նախարարը, դեռ 2018 թվականի մարտին։ Այո, այն ժամանակ դեռ Սերժ Սարգսյանը նախագահ էր։ Բանակը թույլ է եղել թեզը չի աշխատում, անքամ մի բեղավոր իմքայլական կա, որի անունը այս անգամ կխուսափեմ տալուց՝ գոնե մեկ եթեր մաքուր պահելու համար, ասում էր, որ եթե բանակը վատն է, բա Մարսի՞ց են եկել առաջին պատերազմում հաղթել։ Եթե բանակը վատն էր 25 տարի, թույլ էր, ինչո՞ւ մինչև 2020 թվականը Ադրբեջանը լայնամասշտաբ չէր հարձակվում։ Բանակը ոչ թե թույլ էր, այլ բանակը 2016 թվականի ապրիլյան պատերազմից սկսած՝ Նիկոլ Փաշինյանի թիմը սկսել է վարկաբեկել, իսկ այսպես կոչված հեղափոխությունից հետո դա արել է գործնական քայլերով, բարոյապես մաշել է բանակը։
Միշտ ասել են սրանք, թե բանակը թալանել են սերմացու գողացող մկների պես, չեն զինել։ Երրորդ նախագահը հարց է բարձրացնում՝ երեք տարվա մեջ բանակի թալանի ի՞նչ դեպքեր եք բացահայտել, ասեք, բանակի ի՞նչն են թալանել։ Բայց Սերժ Սարգսյանը բերում է թալանի օրինակ, այն է՝ 600 դոլարով զրահաբաճկոնների գնումը, անորակ վառելիքը։ Սերժ Սարգսյանը բերում է բանակը պետքական զենքերով չզինելու օրինակ։ Ասում է՝ ապրիլյան պատերազմից հետո քննել են արդյունքները և կազմել բանակի զարգացման նոր պլան, նախատեսել են 1 մլրդ 300 մլն դոլարի զենք ձեռք բերել, 500 մլն՝ ՀՕՊ-ի և անօդաչու թռչող սարքերի կատարելագործման ու ձեռքբերման համար: 2500 անօդաչու թռչող սարք՝ հարվածային, հետախուզական։ Սրանք եկել են և փոխել այդ ամբողջ պլանը, հրաժարվել դրանցից։ Մենք տեսանք, որ անօդաչուներն անգնահատելի աշխատանք էին կատարում, վնաս պատճառում, ուրեմն ինչո՞ւ են հրաժարվել։ Նորմալ զենք չեն առել, կլուբնիկ են առել, բանակում ռեստորանային սնունդ են տվել, կողքը նկարվել՝ գցել Ֆեյսբուք, իսկ արդյունքում կերան 7 հազար մարդու գլուխ ու Արցախը՝ գրեթե ամբողջությամբ։
Ամենամեծ խնդիրներից մեկը․ ինչո՞ւ բանակի մեծամասնությունը չի մասնակցել պատերազմին։ Երրորդ նախագահը հարց է բարձրացնում, ասում է՝ ողջ կանոնավոր զորքը տանեիք Արցախ, Հայաստանի սահմանների պաշտպանության համար դիմեիք Ռուսաստանին, չի ասում ՀԱՊԿ-ին, այլ՝ Ռուսաստանին, որի հետ ունենք ռազմական օգնության պայմանագրեր։ Բա որ դու քո ռազմավարական գործընկերոջը չես դիմում, էլ ինչի՞ համար է այդ պայմանագրերը, այդ հարաբերությունները։ Միգուցե հարաբերություններն այնքան էիր փչացրել, որ երես չե՞ս ունեցել, չեմ կարծում, աներես ես, իսկ միգուցե չես դիմել, որովհետև դու հաղթանակի վրա ստավկա չէի՞ր արել։ Շատ հնարավոր է։ Հիշենք միայն, որ պատերազմի սկսելու օրն էիր հայտարարում, որ եթե պարտվենք էլ, մենք մեզ պարտված չենք համարելու։ Դեռ այն ժամանակ շատերը ասում էին, որ սա մեզ պարտության է նախապատրաստում։ Եթե դու ուզում էիր անպայման պարտվել, այն էլ՝ խայտառակ ձևով, դիմելու էիր ռուսներին, որ ի՞նչ անեիր։
Որևէ մտածող գլխում չի տեղավորվում էդ հարցը՝ ինչո՞ւ ես դու կանոնավոր բանակը տեղավորել այն հատվածներում, որտեղ պատերազմ չկա, բայց հավաքել ես կամավորներ ու առանց մարտական գործողությունների պատրաստելու ուղարկել ես սահման, մսաղացի մեջ նետել։
Ինչո՞ւ են դասալքության դեպքերը շատ եղել, ինչո՞ւ է բանակի մարտունակությունը ընկել, որովհետև Նիկոլի Հայաստանում գեներալը սերմացու գողացող մկան անուն ուներ, ոչ թե հերոսի։ Դու գեներալների անունը գցել ես, բայց նրանց տեղը լրացնելու կադրեր չես ունեցել, ու ստացվել է այնպես, որ, ասենք, պատերազմող երկիրը երկու տարում երեք գենշտաբի պետք է փոխել, պաշտպանության բանակի երեք հրամանատար, 5-6 ԱԱԾ պետ։ Բա անվտանգության խնդիր, ճգնաժամ ես դու ստեղծում, այդպիսով։
Գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովին շտաբ չես թողել, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին չես թողել գա, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի խորհուրդները չես լսել, Երկրորդ նախագահին Արայիկ Հարությունյանը հրաժարվել է ընդունել, Սերժ Սարգսյանին հրաժարվել է ընդունել, որովհետև վախեցել է Նիկոլից, Էրատոյից, ով գիտի էլ ումից։ Չէ մի չէ, նախագա՜հ Արայիկ Հարությունյան։ Երկիրդ վարի են տալիս, սա էլ գնում է սուրճ խմում, որ արծրունական ֆեյսբուքին մատերիալ ապահովի։
Մենք էսօր քննարկում ենք, թե ինչու պարտվեցի՞նք։ Բա սրա համար էլ Նիկոլը հենց պատերազմի սկզբից ասաց՝ եկեք ինչ էլ լինի մեզ պարտված չհամարենք։ Հիմա, ինքներդ ասեք, բա սա չգիտե՞ր, թե էս ամենի արդյունքում ինչ է լինելու։ Բա որ Ալիևին կզցրած ղեկավարներին ասում էր թալանչի, իսկ Ալիևին կառուցողական ու ղարաբաղյան հարցի լուծման խորհուրդները հենց Ալիևից էր հարցնում, բա սա էր լինելու։
Ժողովուրդ, մեզ էս վիճակին հասցրեց հիմարագույն պոպուլիզմը, 2 տարի ու 10 ամսվա չհիմնավորված պոպուլիզմը՝ բոլոր ոլորտներում։ Բայց սրանք դաս չեն քաղել, ոչինչ չեն թարկել։ Սրանք շարունակում են․ մի անգամ արեցին, կորցրեինք Արցախը, հիմա շարունակում են նույն պոպուլիզմը, բայց այլևս միայն անմեղսունակների համար։
Նիկոլը գնացել է Գյումրի ու ի՞նչ է ասում, ասում է՝ նորովի ենք սարքելու Գյումրին ու ամբողջ Հայաստանը։ Ու մի հոգի չկա, որ ասի, այ տղա ի՞նչն ես նորովի սարքելու, ո՞նց ես սարքելու, կամ դու էդ ի՞նչ ես սարքել էս սաղ ընթացքում, բացի քանդելուց ու վարի տալուց։ Ասա իմանանք էլի։ Երբ դու վերցնում ես արտաքին պարտք ոչ թե ինչ-որ բան զարգացնելու, ծրագիր իրականացնելու համար, այլ ընդամենը թոշակ ու աշխատավարձ տալու համար, ու քո տնտեսագետ պատգամավորդ էլ ասում է՝ բա որ թոշակը պարտքով չտանք, բա ի՞նչ անենք, էդ խելքով դու ո՞նց ես ինչ-որ բան, այն էլ՝ նորովի սարքելու։
Երբ որ դու Գյումրիում 10 միլիոն դոլարով մաքսատուն ես սարքում՝ նախապես իմանալով, որ դա մի քանի ավտոմեքենա է ընդունելու, էս կարգի՞ նորովի բաներ ես սարքելու։ Գյումրիում Նիկոլը մեկ բան է արել քիչ թե շատ նորմալ՝ մասնակցել է Կարեն Կարապետյանի նախաձեռնած ու նաև իր միջոցներով սարքած փողոցի բացմանը։ Գյումրիում, որ գնում է իր շարասյունով, անցնում է փողոցներով, մտնում ինչ-որ շենք, դա էլ նախագահ Քոչարյանի վերականգնած ու իր ժամանակ կառուցված թաղամասերն են ու շինությունները։ Դա էլ Գյումրեցիք հո լավ գիտեն, ում օրոք ինչ է արվել, ինչ է եղել դրանից առաջ, բայց բան չեն ասում։ Ամոթ էլ չեն անում, գնում դիմացը նստում են ու չեն հարցնում՝ դու այդ ո՞րն ես ընդանհրապես սարքել, որ մի հատ էլ նորովի բան ես սարքելու, ի՞նչ ես եկել ականջներներիցս լապշա կախում։
Կարճ ասած՝ մենք այս օրերին կրկին պարզեցինք, որ՝ կարող էր պատերազմ չլինել, կարող էինք հաղթել եղած պատերազմում, կարող էինք կապիտուլյացիա չստորագրել, կարող էր տնտեսությունը այս վիճակին չլինել։ Կարող էր, բայց եղավ սա։ Հնարավո՞ր է փոխել, այո, երկիրը հետ է գնացել երկար ժամանակով, և միայն գրագետ թիմի ու ուժեղ ղեկավարի օր ու գիշեր աշխատանքի շնորհիվ է հնարավոր փոխել ու նորովի կառուցել այն, ինչ մնացել է։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը