Նիկոլ Փաշինյանի դասախոսը պատմում է, որ Նիկոլը դասի չէր գալիս։ Կիսամյակի վերջում դասախոս ընկերը խնդրում է Նիկոլին գնահատական նշանակել, չնայած բացակայություններին․ բոլորը նշանակել են քննությունները, որ դուրս չմնա։ Նշանակում է, դե լրագրող տղա է, ասում է, աշխատում է, ոչինչ, նշանակեմ։ Գործը հասնում է ռեկտորին, թե ինչպե՞ս ես էդ ուսանողին նշանակել, եթե նա հա՛մ դասի չի գալիս, հա՛մ էլ թերթում աշխատելով՝ համալսարան է հայհոյում, մրոտում է թերթի էջերը սրա-նրա վրա գրելով, պետության դեմ է աշխատում։ Բանը հասնում է այնտեղ, որ Նիկոլին ու էս դասախոսին միասին հրավիրում են ռեկտորի մոտ։ Երբ ռեկտորը Նիկոլին հարցնում է՝ կարո՞ղ ես ասել, թե ինչպես եղավ, որ դու դասի չես եկել, ու նա քեզ բավարար գնահատական է դրել, Նիկոլը պատասխանում է՝ «Իրեն հարցրեք, թող չնշանակեր»։ Ես ուզում եմ հասկանաք նրա մարդկային որակը․ նա ոչ թե փորձում է պաշտպանել մարդուն, որը օգնել է, որ իրեն համալսարանից ռադ չանեն, այլ նրա վրա է բարդում մեղքերը։ Գիտե՞ք, շատ դիպուկ բնութագրում է Փաշինյանի մարդկային կերպարը։ Էսպիսին է էս մարդը․ ի՞նչ անես․ նույնն էլ մնացել է, ըստ ամենայնի։ Եթե նրան ոչ թե ընդառաջելով նշանակեին, այլ երկուսներ նշանակեին ու ավելի շուտ համալսարանից դուրս մնար, գուցե փոխեր վարքը, գուցե սովորեր, որ պետք չէ անշնորհակալ լինել։
Գագիկ Ջհանգիրյանին խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրում է բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնին։ Պատկերացնումե՞ք։ Այո, հենց այն Ջհանգիրյանին, այն օդիոզ Գագիկին։ Այո, այո, ուրիշ մարդ չգտան։ Բերում են, երևի, իրենց երազած նախկինին։ Գագիկ Ջհանգիրյանը ոչ միայն նախկին է, այլև նախկինի նախկինի նախկին է։ Բայց դա հեչ, ես երբեք նախկին ու ներկա բաժանում չեմ անում, այլ՝ կարող ու անկարողի, ազնիվի ու ոչ ազնիվի, ունակ ու ոչ ունակի տիրույթում եմ դիտում հարցը։ Ազնիվ լինելու մասին չխոսեմ, բոլորդ գիտեք։ Իսկ ինչի՞ է ունակ նա։ Գագիկ Ջհանգիրյանը համարվում է Հայաստանի համար 1 ընտրակեղծարարը։ 1995 թվականի խորհրդարանական ընտրություններում նրա դերը անգնահատելի է։ Լինելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ, նա այնպես իրար խառնեց ցուցակները, որ մինչև օրս մեռածներին ու ողջերին էդ ցուցակներում չեն կարողանում առանձնացնել։ Ես կուզենամ էս «ազնվագույն» կերպարի արածները չմորանանք, որովհետև նա մեր պետության մեջքը ջարդողներից է։
Ու նրան բերում են դատական համակարգը բարեփոխելու, հասկանում ե՞ք։ Այնինչ նա համարվում է դատական համակարգի հերն անիծող։ Մատաղիսի գործը շատերն են հիշում, թե ինչպես էր ցմահ նստացրել մարդկանց, որոնք արդարացվեցին։ Նա 99թ․ հոկտեմբերի 27-ի գործի իբր բացահայտման համար էր նշանակված, բայց դրա փոխարեն, ծեծելով ցուցմունք էր կորզում Ռոբերտ Քոչարյանի դեմ ու բնականաբար՝ չէր ստանում։ Նույն հոկտեմբերի 27-ին, դեռ դիակները Ազգային ժողովում, Ռոբերտ Քոչարյանին ներկայացվում է մի ցուցակ, որտեղ ասվում է, որ՝ Վահան Շիրխանյանին վարչապետ նշանակի, Գագիկ Ջհանգիրյանին գլխավոր դատախազ, Անդրանիկ Քոչարյանին համակարգող նախարար, Վաղարշակ Հարությունյանին պաշտպանության նախարար, որ իր դեմ դուրս չգան։ Վազգեն Սարգսյանի անունն են տալիս սրանք, ամեն առիթով, բայց Վազգենի դին դեռ չսառած՝ պաշտոնների հետևից էին ընկնում։ Իհարկե՝ Քոչարյանը դրանց տեղում մի քանի ոչ քաղցր խոսք է ասում և դուրս շպրտում սենյակից։ Բայց դե սրանք ոնց կային, տենց մնում են՝ մեզ հետ շնչելով նույն օդը։
Ջհանգիրյանը զինդատախազ էր, բայց 2008 թվականին բեմ էր բարձրացել ու զինված հեղաշրջման կոչ էր անում։
Այս իշխանությունը ինչ եկել է, խոսում է Մոնումենտի տներից։ Երկաթբետոնե շքեղ առանձնատան բնակիչ ոմն շիշ բռնող խոսում է հաստ պատերով տներից։ Ջհանգիրյանը էդ Մոնումենտի անտառում առաջին տուն սարքողներից մեկն է, Անտառային թաղամասում նույնպես դղյակի տեր է, մշտապես եղել է պետպաշտոնյա ու բնականաբար՝ չբացատրված եկամուտներով է սարքել այդ ամենը։ Հիմա նա պետք է բարեփոխի՞ դատական համակարգը, այ «Իմ քայլի» պատգամավորներ։
Էսօր արածների մի չնչին մասը ընդամենը լրագրողները նրան են հիշեցնում, ու ասում են, որ դուք հանցագործություններ եք կոծկել և այլն, նա ասում է՝ բա ինչո՞ւ ինձ մեղադրանք չեն առաջադրել։ Նա ճիշտ է ասում, որովհետև չնայած էս թվարկածիս, օրենքը, պետությունը նրա նկատմամբ մեղմ են եղել։
Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավոր նշանակվելուց հետո շատ երկար ժամանակ, մեկ տարի աշխատանքի չգնաց, բայց ստանում էր աշխատավարձ, պարգևատրում, օգտվում ծառայողական ավտոմեքենայից։ Սա կոչվում է ապօրինի վարձատրություն, բյուջեի միջոցների վատնում, թալան։ Համաձայն ՍԴ կանոնակարգի, անհարգելի բացակաների համար պետք է հեռացնեին դատարանից, բայց նա շարունակում էր գործի չգնալ։ Հետաքրքրվում էինք, թե ինչու է Բարձր դատարանը այդքան մեղմ օրինազանց աշխատակցի նկատմամբ, ասում էին՝ էս թեժ պահին մթբնոլորտ չթեժացնենք, ոչինչ, կհասկանա, կուղղվի։ Ու վերջում, երբ ապօրինի կարգով պաշտոնանկ արվեցին երեք դատավոր ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ու արդեն գործի եկած Վահե Գրիգորյանին հարցրեցին, թե ինչո՞ւ էր խախտում օրենքը, նա փոխանակ շնորհակալություն հայտներ իր ապօրինությունների վրա աչք փակողներին, նա ասաց՝ եթե սխալ արած լինեի, կհեռացնեին, իրենց հարցրեք՝ ինչու չեն հեռացրել։ Սա էլ է տեսակի հարց։
Քոչարյան Անդոնի մասին լեգենդներ են պտտվում, սկսած էն ժամանակից, երբ Գյումրու երկրաշարժից հետո գործուղվել էր Աղետի գոտի՝ որպես նախագահի լիազոր ներկայացուցիչ։ Էն ժամանակ տարբեր երկրներից Գյումրի օգնություն էր եկել՝ վերականգնելու համար։ Մամուլը գրեց, որ շինանյութը նա սկսեց տեղափոխել նախ Հրազդան մաշ գործարան, որի տնօրենը նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբայրն էր։ Ասում են, որ այդ շինանյութերով, Ճապոնական Գերմանական ավտոկռունկներով, բուլդոզերներով ու այլ տեխնիկայով այստեղ տներ են կառուցվել, այդ թվում՝ իրեն։ Հետո էդ տեխնիկան արտահանվեց երկրից։
Արարատի մարզի Այգեստան համայնքի ղեկավար, նախկին դատախազ Սոկրատ Հովսեփյանը մեռավ հիշեցնելով Սյունիքի հայտնի դեպքերի մասին։ Պատմում է, որ Մեղրիում վագոնների թալան էր, գնում է ստուգելու, կանխելու։ Բայց Անդրանիկ Քոչարյանը կարողանում է ստուգումը գլխանց կանխել։ Ու Սոկրատ Հովսեփյանը մինչև էսօր հարցնում է՝ Անդրանիկ Քոչարյան, էդ վագոններն ի՞նչ եղան։
Ու Անդրանիկ Քոչարյանը ասում է՝ եթե ես սխալներ, հանցանքներ արած լինեի, Սերժ Սարգսյանի իշխանությունը իմ դեմ գործեր չէ՞ր հարուցի, ընկել էին հետևիցս։
Կարող եմ օրինակները շատ բերել։ Ու էդ բոլոր օրինակների ներկայացուցիչները չորս բանով են իրար շատ նման՝ առաջին՝ թալանի ձեռագիր, երկրորդ․ նրանց նկատմամբ օրենքը չարդարացված մեղմ է եղել, երրորդ անշնորհակալ են ու անմարդկային անգամ իրենց լավություն անողների նկատմամբ և վերջապես չորրորդ՝ բոլորն էլ պաշտոնի են, չնայած կոկորդները պատռում են նախկիններին փնովելով։
Էս տեսակը օրինազանց է եղել, երկրի հերն անիծել են, բայց նրանց արածները պատշաճ ձևով իրավական և քաղաքական գնահատական չեն ստացել։ Դրա համար էլ էսօր էդ մարդիկ ոչ թե պրագուլկի են դուրս գալիս Կոշ քրեակատարողական հիմնարկում, այլ նրանք առաջադրվում են պաշտոնների։ Բայց նրանց նկատմամբ որքան լոյալ են եղել, իրենք նույնքան էլ հակառակ են՝ անհանդուրժող մյուսների նկատմամբ, հատկապես նրանց նկատմամբ, որ իրենց նկատմամբ ներողամիտ են եղել։
Կարճ ասած՝ էս ամենը ցույց է տալիս, թե ում հույսին է մնացել այս հողատու իշխանությունը՝ վերջացած մարդկանց, վարկաբեկված կադրերի, մարդկանց, որոնք ոչ մի դրական բան չեն ավելացրել իրենց ոլորտներին, բայց կշարունակեն վնասել թե՛ պետությանը, թե՛ այն ուժին որը իրենց կառաջադրի։ Չէ՞ որ, նաև սրանից հետո, երբ «Իմ քայլը» խմբակցությունը խոսի կորուպցիայից, կաշառակերությունից, միանգամից դեմ են տալու Ջհանգիրյանին, ասելով՝ էս չէ՞ր ձեր առաջարկած ԲԴԽ անդամի թեկնածուն, իր համար չե՞ք քվեարկել, դե ձեններդ կտրեք։ Այո, Նիկոլը ոչ միայն երկիրն է վարի տալիս, այլ նաև այն խմբակցությունը, որից այսօր կախման մեջ է այլևս ինքը։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը