07 01 2021

«Կարճ ասած»․ Քանի Նիկոլը կա, Ալիևը միշտ «շոկոլադ է ուտելու»



Պատերազմից անցել է 100 օր, 60 օր անցել է գրողի տարած կապիտուլյացիոն փաստաթղթից, ու մենք շարունակում ենք չիմանալ, թե քանի գերի կա, քանի անհետ կորած կա, քանի զոհ կա։ Իշխանությունը, վստահ եմ, գիտի ու թաքցնում է։ Գիտե՞ք, եթե պետություն է, ոչ թե տոնավաճառ, ուրեմն ռազմաճակատ մեկնած բոլոր-բոլորի մասին զինկոմիսարիատներն ունենում են տեղեկություն, ունենում են տեղեկություն բոլոր վերադարձածների ու չվերադարձածների մասին։ Նիկոլ Փաշինյանը, մի անգամ էլ եմ ասել, անուն առ անուն գիտի բոլոր գերիների, անհետ կորածների մասին, բայց չի ասում։ Պաշտպանության նախարարությունն ասում է, թե պետական գաղտնիք է։ Չկա որևէ հիմնավորում, թե որ օրենքի, որ դրույթի համաձայն է գաղտնիք։ Գաղտնիք է ու վերջ։ Պատերազմի 44 օրը անցավ գաղտնիքների մեջ, ու տեսանք թե սահուն կերպով ուր հասանք, պատերազմից հետոն էլ են գաղտնի պահում, որ է՞լ ուր հասցնեն։

Բայց սա առաջին հերթին անարգանք է, թե՛ գերիների նկատմամբ, թե՛ անհետ կորածների նկատմամբ, թե՛ զոհերի նկատմամբ, թե՛ նրանց բոլորի հարազատների նկատմամբ։ Չէ՞ որ դու, անձամբ դո՛ւ մարդկանց կոչ ես արել, որ գնան ու կենաց մահու կռիվ տան, ասել ես՝ վեր կացեք, ձեզ համար կասկա առեք, եկեք, ավտո չունեք, ոտքով եկեք։ Եկել են, կռվել են, հայրենիքի համար զոհվել են, գերի են ընկել, կորել են, ու դու անգամ նրանց թիվը չես ասո՞ւմ։ Որովհետև քաղաքական պլաններիդ մեջ չի մտնո՞ւմ։ Դու, հիմա պիտի ամեն մեկին փառաբանեիր, հերոսացնեիր, մեդալ տայիր, ամեն անհետ կորածի հետևից անձամբ գնայիր, ամեն զոհվածի հոգեհանգստին ներկա լինեիր, ընտանիքները պահեիր, զավակները պահեիր, ապահովեիր նրանց բարեկեցիկ ապագան։ Բայց դու քեզ համար հեշտ լուծում ես գտել՝ խաբար չե՛մ, գաղտնիք է, ասում ես։ Պատերազմի մասնակցի վկայական չես տալիս, որ վաղը արտոնությունից չօգտվի, մահվան վկայական չես տալիս, որ հասանելիք գումարը չտաս։ Մարդուն անվանապես, անուն-ազգանուն-հայրանունով կանչել-բերել ես, գնացել-կորել է, զոհվել է, գերի է ընկել, ու դու ասում ես՝ հասարակություն, գաղտնիք է։ Բա նրան գերի պահող թուրքն էլ կարդում է քեզ ու ասում՝ էս մարդիկ թքած ունեն իրենց կորուստների վրա։ Ստացվում էէ մարդիկ երբ գնում էին սահման՝ հերոս էին, սակայն թե իրենց հետ հետո ինչ եղավ՝ էդ արդեն ինձանից մի հարցրեք։ Դուրս եկավ, իրոք, քո տիկին Աննա Հակոբյանի ասածը՝ գնացին-զոհվեցին հանուն ոչինչի։ Էդպես է ստացվում, որովհետև էն հողը, որի վրա զոհվեցին, դու հանձնեցիր շատ հեշտ։ Ինչ-որ գործարքների հոտ է գալիս։ Չէ՞ որ, հող պահողը զոհվեց, մյուսը բախտի բերմամբ մնաց կենդանի, դու էլ բռնեցիր, երբ քեզ էր հարմար, ստորագրեցիր, ու հող պահողներին հրաման տվեցիր հետ քաշվել։

Առողջապահության նախարարության խոսնակն ասում է, որ ինդենտիֆիկացվել է 3330 դիակ, բայց ՊՆ-ն հայտնում է ընդամենը 2000 զոհի անուն։ Մյուսները գաղտնի՞ք են։ Տարօրինակ չէ՞։ Զոհի հարազատը գրում է, որ 2 ամիս զարմիկի դիակը եղել է դիահերձարանում, նոր են իմանում, էն էլ՝ ծանոթի միջոցով։ Սա է՞ վերաբերմունքդ էդ մարդկանց նկատմամբ։ Բոլոր զոհերի հետևում կան ընտանիքներ, հարազատներ, ընկերներ, բայց ամենակարևորը՝ կա մեղավոր։

Պաշտպանության նախարարությունը աշխատում է այնպես, ասես ինքն էլ է անհետ կորել։ Լրատվականի պետը հեռախոսազանգերն անտեսում է, անհնար է կապ հաստատելը։ Պաշտպանության նախարարը էս ամենի ֆոնին գիտե՞ք ինչով է զբաղված․ պատրաստվում է կանանց միջազգային օրվան՝ մարտի 8-ի քեֆին, ծախսերն են հաշվարկում, արդեն ռեստորան են պատվիրել 250 հոգու համար՝ 250 կտոր երշիկ, 250 կտոր բաստուրմա, 250 կտոր ռոքֆոր պանիր, 50-60 գրամանոց հացի կտորներ՝ պատրաստված բարձրորակ ալյուրից։ Մարդու անունը ճիշտ էլ դրել են «ռեստորանի գեներալ»։ Մարդիկ ընկել քեֆի պատրաստություն են տեսնում ու մեկ էլ ինչ-որ լրատվամիջոց էդ թեժ պահին հարցնում է՝ քանի՞ զոհ ունենք։ Բա դրա ժամանակն ա՞։ Բա դա՞ է կարևորը։

Եթե գերիների, զոհերի, անհետ կորածների մասին թվերը գաղտնիք են, ուրեմն պաշտպանության նախարարությունը պատերազմի ժամանակ հանցագործություն է արել, երբ անուն առ անուն նշում էր, թե ովքեր են նահատակվել։ Չի կարող մի բանը հրապարակելու ինֆորմացիա լինել, ու կեսից դառնա գաղտնիք։ Հասկացեք վերջապես, եթե դուք չեք հայտնում, ուրեմն օդում թափառող թվերը՝ 8 հազար զոհի, 10 000 վիրավորի, 600 անհետ կորածի մասին, մարդկանց մեջ են մտնում, դրանց են սկսում վստահել։ Պատերազմի սկզբից որ սկսեցիք սահմանափակել տեղական լրատվամիջոցների տեղեկություն հայտնելը, թողեցիք միայն Արծրունի հույսին, մարդիկ սկսեցին ադրբեջանական ինֆորմացիաներ կարդալ, վերջում էլ պարզվեց՝ ադրբեջանցիների տվածն է իրական եղել, իսկ Արծրունը միայն ստել է ու մոլորեցրել։ Այսօր էլ Ադրբեջանը պաշտոնապես հայտնում է, որ Հայաստանում կա 2 ադրբեջանցի գերի, Ադրբեջանում կա ընդամենը 5 հայ գերի, որից 3-ն են զինվորական։ Հիմա հավատանք Ադրբեջանի էս թվերի՞ն։ Մեխանիկորեն մտածում եմ՝ սուտ է սա, բայց դուք էլ ձայն չեք հանում։

Էդքան նախկիններին անուն եք կպցնում․ 2016 թվականին մարդիկ բացեիբաց ասացին բոլոր կորուստների թիվը՝ թե՛ մարդկային, թե՛ զինտեխնիկայի, ամեն զոհի մասով էլ հոլովակ են սարքել։ Էն ժամանակ մի ինֆորմացիա թաքցնում էին, հերներն անիծում էինք, ամեն մեկս մեր հերթին մեր լրատվամիջոցներով խայտառակում էինք, էսօր իշխանական իրավապաշտպաններն ու ՀԿ-ները, որ էն ժամանակ թունդ քննադատներ էին, կոկորդներն ու էլ չասեմ որտեղերը պատռում էին։ Բա ո՞ւր եք։ Որտե՞ղ են ձեր սիրած արևմտյան արժեքները, թափանցիկության կարևորությունը և այլն։ Հիմա էլ ե՞ք ասելու, որ ձեր սիրած Նիկոլը ամենաթափանցիկն է։ Բանը հասել է էնտեղ, որ Ալիևի՞ց պետք է հարցնենք մեր գերիների թիվը։

Սրանց համար կարևորը տարածքն էր, ոչ թե մարդիկ, տարածքները տվին-պրծան, ու մարդիկ մնացին բախտի քմահաճույքին՝ անկախ նրանից՝ մահացա՞ծ են, թե՝ ողջ։ Մեռածն էլ, պարզվում է, պետք է բախտ ունենա, որ արժանանա հարգանքի, գոնե հետմահու։ Կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելիս անգամ չեն քննարկել ոչ միայն գերիների հարցը, այլև հարցը, թե ինչ պետք է արվի, եթե պարզվի, որ անտառներում ողջ զինվոր կա։ Դրա համար էլ ողջերից ում բախտը բերում է, հայտնաբերում է ռուս խաղաղապահը, ում բախտը չի բերում, բռնում է ադրբեջանցին ու անունը դնում ահաբեկիչ, թե՝ ինչո՞ւ ես հրադադարից հետո զենքով իմ տարածքում հայտնվել։ Դուք ոչինչ չեք քննարկել, ո՛չ փաստաթղթի պահին, ո՛չ դրանից հետո, ոչ մի հարց չես կարգավորել, իսկ հիմա ստացվում է՝ Ալիևից պետք է թույլտվություն ստանաք հայկական Արցախ այցելելու համար։ Էսօր, արդեն Ալիևը բացահայտ սպառնաց, որ եթե որևէ հայ պաշտոնյա այցելի Ղարաբաղ, Հայաստանը էլ ավելի կզղջա։ Նոր պատերազմով է սպառնում։ Անգամ դա չեք պայմանավորվել, կարգավորել, նա էլ իրեն նոր՝ լեգիտիմ հնարավորություններ է գտնում նորից պատերազմելու ու էլ ավելի շատ տարածք տանելու։ Քանի Նիկոլը կա, Ալիևը միշտ շակալադ է ուտելու։ Սա՛ է իրականությունը։

Ժողովուրդ, փնթի աշխատելաոճ է ամենուր, բարդակ է ամենուր, որ հիմնարկի հարցում ես ուղարկում, ուշանում է, տվյալ ես ուզում, օրենքով սահմանված 3 օրվա փոխարեն մեկ ամիս անց պատասխանում են, որ մի ամսից կպատասխանեն ու մեկ ամսից ասում են, որ տեղեկությունը գաղտնիք է։ Լրատվամիջոցը հարցում է ուղարկել կառավարություն՝ որ խոսում եք ժողովրդի անունից, խնդրում եմ ասեք, թե ինչ սահմանում ոնի ժողովուրդը, քանի հոգին է ժողովուրդ, ու կառավարությունը 30 օր ժամանակ է խնդրել, որպեսզի հասկանա, թե ինչ է ժողովուրդը։ Ժողովրդի անունից խոսող իշխանությունը չգիտի, թե ով է ժողովուրդը։

Բարդակ է, ժողովուրդ։ Հարցնում ենք՝ Հայաստանի տարածքներից ինչքան եք տվել, ասում են՝ գաղտնիք է, հարցնում ենք՝ նախարարի պարգևավճարի չափը, ասում են՝ գաղտնիք է, հարցնում ենք՝ Քոչարյան Անդոնի տղեն ինչո՞ւ բանակ չի գնացել, ասում են՝ գաղտնիք է, հարցնում ենք՝ գերիների թիվը, ասում են՝ գաղտնիք է։ Գլխավոր դատախազին հարցնում ենք՝ ինչի՞ է գաղտնիք ասում է՝ էսօր տոն է, օրը չէ, որ ասեմ։ Հիմա սա կառավարությո՞ւն է, թե՞ գաղտնիքների շտեմարան։

Պապիկյան Սուրեն, տարածքային կառավարման նախարար ես կոչվում, տարածքների պատասխանատու ես, օրը մի գյուղ տալիս են, կառավարմանդ շրջանակը փոքրանում է, ի՞նչ ես բերանդ սոսնձել-նստել։ Ինչո՞ւ պիտի գյուղապետը քարտեզը ձեռքն առնի ու սահման գծի՝ Նիկոլին զուգահեռ հայհոյելով․ բա այդ ամենի պատասխանատու նախարարն ո՞ւր է։ Որովհետև, ոչ մեկդ ձեր տեղում չեք։ Ինչո՞ւ պետք է Արսեն Թորոսյանի աշխատողը տոնական օրով ֆեյսբուքում գրի, թե քանի անճանաչելի զոհի տվյալ են ինդենտիֆիկացրել։ Տոնական օրով եք գրում, որ սղացնեք-գնա։ Կամ այդքան անկարևոր տվյալներ ե՞ն ձեր համար։ Էդ տվյալը պետք է նախարարը հայտներ, հատուկ ասուլիսի ժամանակ։ Եվ առհասարակ, ինչպես պատերազմի օրերին էիք ամենօրյա ասուլիսներ անում, բայց սրիկայաբար ստում էիք, այսօր պարտավոր եք ամենօրյա ասուլիսներ անել և հանրությանը ներկայացնել ձեր կերած բողկերի հետևանքները՝ ամենայն մանրամասնությամբ։ Նստել եք տներներդ, Նոր տարի եք անում։

Ամեն ինչ անում եք մարդկանց զգոնությունը թուլացնելու, հոգնացնելու համար, սղացնելու համար, օր գլորելու համար։ Գլխավոր պորտաբույծն էլ ասում է՝ ինձ բան մի ասեք, բողոքի ակցիա մի արեք, որ գերիներին բերեմ։ Եթե Նիկոլը ուզենար կամ կարողանար գոնե մեկ գերի բերել, էս հարցերը չէինք էլ բարձրաձայնի։ Բայց չեն կարողանում բերել, ռուսներն են բերում։

Իրավաբանները կետ առ կետ ներկայացրել են, թե ինչու գաղտնիք չի կարող լինել այդ թվերի հրապարակումը։ Հղում են անում օրենքին և նշում, որ ՊՆ-ն առնվազն չի տիրապետում «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքին։ Ասում են, որ կարող ենք դիմել դատարան, որը կպարտավորեցնի թիվ հայտնել։ Դա էլ է ճանապարհ, ուղղակի՝ երկար։

Կարճ ասած՝ տվյալները գաղտնիք չեն, ՊՆ-ն էլ գիտի, ուղղակի չի ասում, ասել են, որ չասի։ Բայց այս ամենից վատ հոտ է գալիս․ կա՛մ Փաշինյանը չի հայտնում թիվը, որ դժգոհությունը էլ ավելի չաճի կա՛մ չի հայտնում իր պաշտոնավարումը երկարաձգելու համար կա՛մ դա հետագա զիջումների համար հող է կամ էլ բոլորը միասին վերցրած։ Կենտրոնում միմիայն իր իշխանության երկարաձգելն է, ուրիշ ոչինչ։ Ու ստացվում է, քանի Նիկոլը կա, մենք այդ ամենը չենք իմանա, Ալիևն ել շոկոլադ է ուտելու։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ