23 12 2020

«Կարճ ասած»․ Ժողովուրդը ընդդիմությունից կոշտ քայլեր է սպասում․ Ի՞նչ պետք է անել



Ամբողջ հանրապետությունում տարաբնույթ ակցիաներ են ու բոլորի նպատակը մեկն է՝ դավաճանական ռեժիմի հեռացում։ Եթե հիշում եք, պատերազմից անգամ մեկ օր առաջ կառավարության դիմաց մշտական բողոքի ցույցեր էին սոցիալական տարբեր խնդիրներով, մարդիկ կային, որ ուզում էին գնալ Ռուսաստանի Դաշնություն, չէին կարողանում, մարդիկ կային, որ աշխատավարձի խնդիր ունեին, բազմաբնույթ խնդիրներ էին բարձրացնում ու ակցիաներ էին անում։ Օր կար, որ մինչև 15 բողոքի ակցիա էինք նկարում։ Պատերազմ սկսեց, բոլոր ակցիաները դադարեցին։ Խնդիրները պակասեցի՞ն, էլ մարդիկ խնդիրներ չունեի՞ն, չէ՞ին ուզում արտագաղթել։ Ընդհակառակը, բայց մարդիկ հասկանում էին, որ պատերազմ է։ Պատերազմից հետո էլ այդ խնդիրները բազմապատկվել են, խորացել, բայց ժողովուրդը դրանք էլի թողել է մի կողմ ու երկու խնդրով են բողոքի ցույցեր՝ դավաճան ռեժիմի հեռացում և գերիների ու կորածների վերադարձ։ Իրականում դրանք փոխկապակցված են։

Մարդիկ անհամբեր են, հրաժարականնների են սպասում, սրանք էլ չեն տալիս։ Կոշտ գործողություններ են պահանջում ընդդիմությունից, ու հիասթափվում են, երբ ակցիայի վերջում կտրուկ բան չի լինում, կոնկրետ արդյունք չի լինում։ Արդյունք չի լինում, սկսում են վերլուծել՝ սա լավ չի, նա է սխալ, հին դեմքեր կան մեջները, դրա համար էլ էսպես է այլն։ Ժողովուրդ, նախ պետք է հասկանալ, որ՝ ընդիմության ու ցույց անողներին հակառակ, մեզ բոլորիս կամքին հակառակ հակահայ շահեր դավանող, թրքասեր, թշնամի Ալիևին կիրթ համարող իշխանություն է։ Մի իշխանություն է որը հնարավոր է հանցանքների մեջ թաղված է և ուրեմն նա հեշտ չի գնա։ Մի գուցե նա ծրագիր է իրականացրել, փող է վերցրել, միտումնավոր պարտության է տարել, հիմա ի՞նչ, մեզ թվում է, թե պետք է նայի, ու ասի՝ դե հա, ոնցոր ես պարտության խորհրդանիշ եմ, հանցագործ եմ, հրաժարական տամ, թող ինձ դատե՞ն։ Դժվար է, չէ՞, պատկերացնելը։ Եվ ուրեմն, նրան հեռացնելու համար ոչ թե պետք է ամեն հանրահավաքից հիասթափված գնաս տուն ու մտածես՝ հաջորդ օրը գա՞լ, թե՞ ոչ, այլ պետք է առավել ակտիվ լինես, համառ լինես, հետդ բերես այլ համակիրների։ Նիկոլին պետք է ստիպել, որ գնա, բայց պետք է չգնալ իր հանցագործ ճանապարհով, իմքայլականների տան դիմաց դագաղ դնել, ռադիոտուն ջարդել, պետք չէ նրա պես հանցագործ դառնալ։ Ճնշումը պետք է մեծացնել փողոցում՝ ակցիաներով, միտինգներով, խոսքով։ Միայն ու միայն, համառ ու համբերատար պայքարը արդյունք կտա։

Այս օրերին էլ տեսնում ենք, որ որոշ մարդիկ դժգոհություն են հայտնում, թե ինչու է այսինչը բեմից ելույթ ունենում, նա հներից է, տարիքով է, մերժված է, բոյով է, կոլոտ է և այլն, նոր դեմք ենք ուզում։ Ձեր այդ մոտեցումը չեմ կիսում։ Հայաստանում համաժողովրդական պայքար է գնում, ազգայինի պայքար է գնում, արժեքների և այ՛ո, սկզբում քաղաքական ուժերն էին, բայց հետո միացան 700-ից ավելի փաստաբան, արվեստի գործիչ, գիտնական, բուհեր, հոգևոր դասը և այլն։ Սա այլևս 17 կուսակցությունների պայքար չէ։ Սա կուսակցական պայքար չէ, համաժողովրդական պայքար է, բայց բնական է որ քաղաքական պայքար է։ Ողջ ժողովուրդը դուրս է եկել, ու փոփոխությունը քաղաքական փոփոխություն է, քաղաքական գործընթացներ են, ու բնական է՝ դա վարում են քաղաքական գործիչները։ Դուք ասում եք՝ գործողները դավաճան են, չենք ուզում, հները նախկին են, չենք ուզում, նորը բերեք։ Ժողովուրդ, այդ ի՞նչ նորերի մասին եք խոսում, ի՞նչ նորեր, էլի անփորձնե՞ր, էլի՞։ Մեկ անգամ արեցիք, դուրներդ եկա՞վ։ Մենք էքսպերիմենտի ժամանակ ունե՞նք, մեր պետությունը այդքան ուժ ունի՞։ Հենա մեկին բերեցիք, ասեցիք թարմ ա, փրկչի տեղ էիք դրել, տեսա՞ք ինչ արեց։ Հներին չես ուզում, նորերը դավաճան են, բա ի՞նչ անես։ Մարդ է ելույթ ունենում, ասում եք դու 30 տարվա գործիչ ես։ Եղբայր, տարիքը կարևոր չէ, դուք նայեք էդ մարդու անցած ուղին։ Նորերին որ բերեցինք, հիմնականում ջահել էին, երկրի հերն անիծեցին 2 տարում, լավ է՞ր։

Տեսեք, ադրբեջանցիները մեր քթի տակ են, մտել են Սյունիքի մարզ ու դրոշներ են տեղադրել, գյուղի տները հայկական սահմանին են, հողերը՝ Ադրբեջանի։ Նիկոլը չի կարողանում երկրի սահմանները պահել, պետական սահմանները տեղական վարչատարածքային բաժանման օրենքով է գծում, հասկանում ե՞ք։ Ղարաբաղի սահմանը Ադրբեջանն է գծում Ռուսաստանի հետ, իսկ Հայաստանի սահմանը՝ մենակ ադրբեջանցին։ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարում է՝ հողերը տվել ենք Ադրբեջանին, որ ավելի անվտանգ լինենք։ Հիմա մենք էս հարցերը ունենք։ Հենց էս պահին ունենք հարյուրավոր գերիների խնդիր։ Մեղք են էդ մարդիկ, մեր տղերքը, նրանց ընտանիքները, դուք ընկել եք հին են-նորեն եք անո՞ւմ։ Մենք անհապաղ պետք է այդ ամեն հարցերը լուծողի բերենք, պետք է չնայենք՝ ելույթ ունեցողը ինչ կուսակցության անդամ է, այլ պետք է տեսնենք՝ էդ մարդը հաջողություն գրանցե՞լ է, թե՝ ոչ, կարո՞ղ է, թե՞՝ ոչ։ Եթե բեմից խոսում է մարդ, որը արտաքին քաղաքական ոլորտում հաջողություն է ունեցել, տնտեսության մեջ հաջողություն է ունեցել, ժողովուրդ, կարևոր չէ՝ նա նախկի՞ն է, թե ոչ։ Ավելին ասեմ, բա հենց նախկինից պետք է լինի։ Որովհետև նորը՝ դավաճանն է, իսկ հինը այդ ամենը լավից վատից պահել ու զարգացրել է։ Հիմա կարողների ու անկարողների մեջ է ընտրությունը։ Պետք է մարդիկ խոսեն ու մարդիկ գան, որոնք պաշտոնի են եղել ու նրանց ջանքերի շնորհիվ Ադրբեջանի ու Հայաստանի միջև հեռավորությունը չի փոքրացել, պատերազմ չենք ունեցել, թուրքը քեզ մեկ ժամ չի տվել տունը դատարկելու։ Մենք հիմա ունենք վիճակ, որ Հայաստանում ու Արցախում հազարավոր մարդիկ անտուն են մնացել, Արցախում սննդի համար հերթ են կանգնում, Սյունիքի մեր բնակավայրերն ու ճանապարհները պաշտպանող ռազմավարական դիրքերը տվել են՝ էս «նորերը»։ Պետք է նոր կառավարություն, որ այս հարցերով զբաղվի։ Իշխանությունը թուղթը ստորագրել է, ու իրեն պահում է մեռելի պես։ Էս հարցերը լուծելու համար մարդիկ են պետք, որոնց ճանաչում ենք, աշխատանքը տեսել ենք։ Էս ամենի փոխարեն, մենք դրել-քննարկում ենք՝ բեմից խոսացողը նախկի՞ն է, թե՞ ապագա, սիրո՞ւմ ենք, թե՞ չենք սիրում, չա՞ղ է, թե՞ նիհար, թրաշո՞վ է, թե շուշա թրաշ է, մուշտակո՞վ է, թե՞՝ եսիմինչով։ Դրա ժամանակը չէ, հարգելիներս։ Հրատապ կառավարություն է ձևավորվում, ժամանակավոր կառավարություն։ Սրանց պետք է հեռացնել, անհապաղ, քանի Գեղարքունիքն ու Տավուշից չեն կտրել սահմանները, նոր եկող ու պատասխանատվություն վերցնողներին պետք է թողնենք գան, աշխատեն, ուղղեն դեռ հնարավորը, մեկ տարի անց գնացեք ընտրությունների ու ձեր սիմպատիայով կամ ծրագրերով կողմնորոշվեք։ Հիմա պետք է մահապարտների ջոկատ լինի կառավարությունը։

Հասկացե՛ք վերջապես, Նիկոլ Փաշինյանն այլևս իրենով ոչինչ չի կարող անել ո՛չ Հայաստանի սահմանին, ո՛չ Արցախում, նրա հույսը Ռուսաստանի նախագահն է։ Պուտինի համար էլ կարող է քո ցավ ու դարդը հարյուրերորդական խնդիր լինել, մեծ երկիր, մեծ խնդիրներ ու եթե դու ունես երկու թշնամի, Ռուսաստանը՝ մի քանի տասնյակ։ Ուրեմն քո հույսը քո վրա պետք է դնես, բայց ոչ Նիկոլի շարունակելու է մեզ իր հետ անդունդը տանել։

Կրկնում եմ՝ հիմա գլխավորը մեզ, մեր ապագան, մեր պետությունը փրկելն է։ Պետք է չհիասթափվել, բայց պետք է նաև չխանգարել։ Նիկոլն ասում է՝ եկեք քննարկենք ապագան ու հրապարակում է հեռախոսահամարներ, որ Գորիս-Կապան ճանապարհին գերի ընկնելու դեպքում զանգահարենք։ Ո՛չ, դու մեր ապագայում տեղ ունենալ չես կարող, դու պետք է այդ ապագայում լինես առանձնապես ծանր հանցագործությունների համար դատվողների խցում։ Մեր ապագայի ոչ մի պլանում դու չկաս։

Կարճ ասած՝ Ժողովուրդ, դու պետք է ինքդ քեզ մեկ հարց տաս՝ կա՛մ համաձայն ես այն ամենի հետ, ինչ կատարվել է մեր երկրի հետ կա՛մ համաձայն չես։ Եթե կողմ ես հողերը տալու՝ Նիկոլի քաղաքականությանը, քեզ դուր է գալիս որ պարտված ես ու ստորացված, շարունակիր ապրել այդ իրողության մեջ, բայց իմացիր, որ այդպես շարունակվելու դեպքում վաղը Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են նաև Ալիևի «Ենի Ազերբայջյան» ու Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունները։ Եթե դեմ ես էս ամենին, չես հանդուրժում այն ինչ կատարվել է, ուրեմն պետք է դուրս գաս փողոց։ Այսօր փողոցում այդ մեկ ամենից կարևոր գործընթացն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, այլ օրակարգ չկա, և չի էլ կարող լինել, որովհետև ամենը կախված է իրենից, իր մնալու պարագայում ոչ մի հարց չի լուծվելու։ Այսօր այդ գործընթացը կատարվում է հրապարակում, կա՛մ դու կողմ ես, կա՛մ դեմ։ Դու որոշիր, թե որ կողմում ես։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ