14 12 2020

«Կարճ ասած»․ Նիկոլ Փաշինյանը Արցախի 76 տոկոսը թուրքերին տալը համարել է ազնիվ



 

Այն ամենը, որ կատարվեց Հայաստանում վերջին երկու օրերին, եթե կատարվեր այլ երկրում, կհամարեինք համաշխարհային խայտառակություն։ Բայց մեզ մոտ դա նորմալ է դիտվում, կարծես գժանոց լինի բաց երկնքի տակ։ Չես կարող հիշել որևէ տարեթիվ, որ Հայաստանում էսպիսի բարդակ եղած լինի, անգամ 90-ականների սկզբին։ Շունը տիրոջը չի ճանաչում։ Ոչ մի ոլորտ չի գործում, բացարձակապես ոչ մի։ Բայց վատագույնն է, որ այս ծանր վիճակում անգամ Պաշտպանության նախարարությունը չկա։ Տեսանյութ եղավ, որ Ջերմուկի սարերում՝ այսպես ասած՝ դեռ չհստակեցված տարածքում, ադրբեջանցիների կուտակում է, զորամաս են կառուցում, մեր ՊՆ-ն ասում է՝ նորմալ ա, իրենց տարածքում ինչ ուզում են, թող անեն։ Եթե իրենց տարածքում սաունա սարքեին, չէինք անհանգստանա, բայց էդ բարձունքում զորամասը թե ինչ կարող է անել, լավ գիտեք։

Երբ Արցախի մեծ մասը հանձնվեց թշնամուն, թվում է, թե պատերազմով, իսկ ասում են՝ փողի դիմաց, որոշ մարդիկ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, ասում էին, որ սա կբերի խաղաղության։ Իհարկե՝ ուղեղ ունեցողները հասկանում էին, որ սրանից սկսելու էր անվտանգությունը խախտելու նոր շրջան։ Ու դա ապացուցվեց հենց նախորդ շաբաթ օրը։ Արցախի Հադրութի շրջանի Հին թաղեր ու Խծաբերդ գյուղերի վրա հարձակվեցին․ էն գյուղերի վրա, որոնք չկան կապիտուլյացիոն պայմանագրում։ Թշնամին եկավ ու ասաց՝ դա էլ ենք պայմանավորվել։ Հիմա որևէ մեկը, բացի Նիկոլ Փաշինյանից, գիտի՞ ամբողջական ցանկը, թե ինչ ենք տալիս։ Ոչ։ Նա դրա մասին ոչմեկին չի բարեհաճել տեղեկացնել, անգամ այդ տարածքների բնակիչներին։ Տպավորություն է, թե ինչ ուզում՝ պոկում են, սա էլ խելոք տալիս է։ Շաբաթ օրը ամբողջ ժողովուրդը խառնվել էր իրար, ու ՊՆ չկար, արձագանքեց շատ ուշացումով։ Վարչապետը չկար, խոսնակը, մեղմ ասած՝ տարօրինակ պատասխան տվեց, թե՝ թող ռուսները մտածեն, իրենք են խաղաղապահ։ Բա ո՞նց, Ղարաբաղից մնացած կտորը հանձնել եք իրենց, մենք կապ չունենք, ձեռքերս լվացինք, ի՞նչ եք մեզ շաբաթ օրով անհանգստացնում։

Գժանոց սարքելուց մեկ ամբողջ օր հետո, վարչապետը որոշում է անվտանգության խորհրդի նիստ անել, իսկ պարզվում է՝ ընդամենը երկու բան ասելու համար՝ 1․ Սյունիքում էլի սահմանային խնդիրներ կլինեն և երկրորդ՝ իր դեմ մեդիատեռոր է։ Նիկոլ Փաշինյանը՝ հայությանը տեռորի ենթարկած այդ մարդը, ֆեյքերի ֆաբրիկա ունեցող մարդը ասում է, թե մեդիատեռոր է իր նկատմամբ։

Շաբաթ երեկոյան ու ամբողջ կիրակի օրը երկրում տարածված էր, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել։ Թշնամին հարձակում էր գործել, ամբողջ օրը երկրում անտերություն էր։ Էն պահին, երբ գիտենք, որ կան վիրավորներ, ականատես ենք դառնում սարսափելի պատկերի՝ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն է պաշտպանում՝ առանձնատան մոտ կուտաելով հարյուրավոր ոստիկանների։ Գյուղը ջհանդամ, կարևորը՝ իրեն փրկի։ Կա՛մ մարդը վախենում էր, որ թուրքերը կհասնեն իրեն, կամ վախենում էր, որ ժողովուրդը էս ամենից հետո դարձյալ կհարձակվի կառավարական առանձնատան վրա կամ էլ հրաժարականի տեքստ էր մտմտում։ Պատգամավորներ են մտնում կառավարական դաչա, շտապօգնություն է մտնում, իրավապահ համակարգի պաշտոնյաներ են մտնում։ Զգացվում է լուրջ գործընթաց է, անգամ Հ1-ի ուղիղ եթերի սարքն է մտնում։ Ու մեկ էլ լուրեր են պտվում, որ չէ, մարդն ընդամենը խմել է ու այն աստիճանի, որ չի հասկանում, թե շուրջն ինչ է կատարվում։ Մարդիկ մուննաթ են գալիս ռուսների վրա, թե՝ եկեք պաշտպանեք, որովհետև մենք ի վիճակի չենք, ի՞նչ իմանայինք որ թշնամին այդքան ստոր կգտնվի, շաբաթ օրով կանցնի հարձակման։ Այո, ժողովուրդ, դուք ապրում եք Հայաստանում, որի ղեկավարը կարող է հարբել ու բոլորին իրար խառնել։

Ու էս ֆոնին վարչապետը ելույթ է ունենում, թե՝ իմ դեմ մեդիատեռոր է։ Այ ընկեր, երկիրս քո ստորագրությամբ հանձնել ես, մինչև հիմա մարդիկ չգիտեն՝ մնա՞ն, թե՞ տարհանվեն, ադրբեջանցիները հանգիստ երթևեկում են Գորիսի փողոցներով, դու քեզ ուղղված քննադատական խոսքից ես նեղանո՞ւմ։ Ո՞վ չգիտի, որ այս օրերին ամենասպասված լուրը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի լուրն է։ Ամբողջ ժողովուրդն է սպասում։ Բոլորն իրար տեսնելիս դա են հարցնում՝ ե՞րբ է գնում, բա ինչի՞ չի գնում, ի՞նչ ունի էլ անելու, որ չի գնում․․․ Դե գիտեք, բոլորիդ մոտ էլ այդ հարցերն են։ Շաբաթ ու կիրակի օրերին հրաժարականի լուրը տարածվել էր։ Իսկ Փաշինյանն ինքը մտածե՞լ է, թե ինչու, որտեղից էդ շշուկները, այդ ո՞ւմ մտքով է անցե՞լ, որ։ Բոլորը դրան սպասում են անհամբեր․ ամբողջ ժողովուրդը «fly radar» էն մտնում, հենց մի հատ ինքնաթիռ է մեր երկնքով թռչում, բացում-նայում ենք՝ ինչ չվերթ է, կարող ա՞ Նիկոլին ա տանում։ Կառավարական դաչաների մոտով ուղղաթիռ էր գնում փողոցով, մարդիկ ուրախացել էին, որ կարող ա՝ Նիկոլն է փախչում երկրից, ինքնաթիռը Բաքու է թռչում, մարդիկ արդեն համոզված են, որ Նիկոլին է տանում։ Բոլորը սպասում են։ Մարդիկ, ում հողը մի քանի օր առաջ հանձնեցիր ու վառելով իրենց քարը քարի վրա դրած տունը, դարձան փախստական, քո հեռանալը ամենանվազագույն բանն է, որ երազում են։ Հասկանո՞ւմ եք, դա մեդիատեռոր չէ, դա ենթագիտակցական պահանջն է՝ Հայաստանում, թե նրանից դուրս։

Մեդիատեռո՜ր․․․ Դու պատերազմի ողջ ընթացքում տեռորի ես ենթարկել ողջ հանրությանն ու լրատվադաշտին, վախերի մեջ ես պահել կամ անհիմն ոգևորել։ Հենց հայտարարում էիր, որ ուղերձով դիմելու ես ժողովրդին, մարդիկ խաչակնքվում էին, թե՝ Աստված ջան, մի հիմարություն չանի, անադեկվատ բան չանի։ Ես արդեն սպասում էի, որ հեսա Թուրքիային ես պատերազմ հայտարարելու Արծրունի ելույթների ֆոնին։ Սպասելի էր քեզանից դա։

Մեդիա տեռորը դու ես արել երեք տասնամյակ շարունակ ու հատկապես՝ վերջին տարիներին։ Սուտուփուչ բաներ ես տարածել բոլոր այն հարթակներով, որտեղ գրել ես կամ ելույթ ես ունեցել։ Ու վստահ եմ, հրաժարականի տեքստն անգամ կարդալիս մարդկանց պառակտելու ես։ Ողջ ժողովուրդը հրաժարական է պահանջում, սա ասում է՝ չէ, բժիշկները, գիտնականները, կաթողիկոսները, Սփյուռքը, իրավաբանները, քաղաքական գործիչները, գործարարները ժողովուրդ չեն։ Ու ասում է, թե այդ բոլորը գործընթացներ են, որոնց նպատակը Հայաստանի ժողովրդին ընդհանուր պրոցեսներից դուրս թողնելն է։ Դու, որ որոշեցիր Արցախը տալ թուրքին, ընդհանուր պրոցեսների մե՞ջ էիր պահում։ Դու ասում ես՝ շարունակում եմ իմ պարտականությունները կատարել շիտակ ու ազնիվ։ Արցախի 76 տոկոսը տվել ես թշնամուն, թաքուն, գիշերով, ասում են՝ փողի դիմաց, դա չի՞ քո շիտակն ու ազնիվը։ Ի՞նչն ես շիտակ արել քո հրապարակային գործունեության ընթացքում։ Ոչինչ, ինչ ասել էս, բոլորը սուտ է դուրս եկել։

Մարդիկ չեն ուզում երեսդ տեսնել, ձայնդ լսել, դու պարտության խորհրդանիշ ես, դրա համար էլ անհամբեր սպասում են հրաժարականիդ։ Մի թանկարժեք ավտո է արագ մտնում կառավարական դաչա, ասում են՝ ահա, հրաժարական է տալիս, պատգամավորներդ ներվային են ու անհեթեթ բաներ են խոսում, հարցնում ենք՝ հիմա ի՞նչ, գնու՞մ է, տագնապի մեջ են, հարձակվում են կին լրագրողի վրա, փոխարենը քեզանից պատասխաններ պահանջեն, հրաժարականդ պահանջեն, պրծնեն քեզանից։

Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չհասկացավ Հայաստանում պետական որևէ հիմնարկի գործառույթը, թե ԱԱԾ-ն ինչով պետք է զբաղվի, դատախազությունը, ՊՆ-ն, սոցապը։ Դրա համար էլ բոլորին հավաքել է ու խոսում է մեդիատեռորից։ Իր պատկերացումներում, դրանք կառույց են, որ պետք է իր քմահաճույքները կատարեն։ Ուզում եմ դիմել էդ պատգամավորներին, որոնց հարբելուց հետո Նիկոլ Փաշինյանը կանչել էր կառավարական ամառանոց, ուզում եմ դիմել ոստիկաններին, որ մի շվոցով գնացել-սառում էին, որ Փաշինյանը հանգիստ խմի․ դուք ձեզ լա՞վ եք զգում նրա հրամանները կատարելով։ ԱԱԾ պետ, գեներալներ, որ ոչ ադեկվատ վարքագծով մեկին թույլ եք տալիս ձեզ գերի պահել, ձեզ լա՞վ եք զգում։ Դուք հասկանո՞ւմ եք, որ կատարում եք մեկ հոգու հրաման, որին ամբողջ ժողովուրդը հայհոյում է։ Չնայած, ո՞նց չզգաք, դուք էլ եք հայհոյում։ Բոլորն են հայհոյում։ Որովհետև, այլ բան չի մնում։

Կարճ ասած՝ Նիկոլը իշխանություն չունի, ինչ ուզում է անի, էլ չի էլ ունենալու, որովհետև բոլորս մերժում ենք հայրենիք զիջողին, հայերնիքը ծախողին, հարբեցողին, անադեկվատ ղեկավարին։  Հրաժարականի փոխարեն նա ասում է՝ կգնամ, երբ ժողովուրդը բավարար կամք ունենա։ Բոլորի համար դե ֆակտո արդեն գնացել է, ասում է՝ դե մի հատ էլ հավաքվեք, տեսնեմ՝ նոր։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ