Պատերազմը գնալով թեժանում է, ինչը բնական է․ երբ թշնամին չի կարողանում լուրջ հաջողության հասնել, սկսում է կրակել արդեն ինչով հնարավոր է, ինչ ունի-չունի լցնում է սահման, այն էլ` հիմա, երբ անհրաժեշտ զենքերի պակաս չկա։
Հայերի մեջ հայերնասիրության ոգին բարձր է, դա երևում է ամենուր՝ թե՛ ռազմի դաշտում, թե՛ սոցցանցերում, թե՛ զինկոմիսարիատների մոտ, փողոցներում։ Դա միանշանակ շատ լավ է, և նաև դրա պատճառով ենք վստահ, որ հաղթելու ենք։ Բայց այսօր պետք է կոչ անեմ այդ հայրենասիրությունը դարձնել նաև զգուշավոր, խնդրեմ, որ յուրաքանչյուրը որևէ քայլ անելուց առաջ մտածի այդ քայլի ճիշտ ու սխալի մասին։ Այո’, յուրաքանչյուրս մեր տեղում պայքարում ենք, մեր գործով, բայց չափից ավելի ոգևորությունը ընդհանուր գործին կվնասի։ Ի՞նչը ի նկատի ունեմ։
Երբ սոցցանցերով սկսում եք կամավորներ փնտրել, ովքեր իրենց տանը պատրաստ են հյուրընկալել այսպես ասած` տներից դուրս մնացած, կամ էլ ավելի վատ` «տարհանված» արցախցիներին, դրանք հնարավորություն են տալու թշնամուն սադրանքների գնալ, ապատեղեկատվություն տարածել, թե Արցախից մարդիկ փախչում են։ Նախ այդպիսի բան կա, թե ոչ, սկզբից ճշտեք, մի’ հավատացեք չակերտներում հարյուր տոկոսանոց տեղեկություններին: Երկրորդ․ եթե անգամ կա, պետք է իմանալ՝ այդ պարագայում արդյո՞ք այդ ամենը կարելի է հայտարարել սոցցանցերում։ Երրորդը․ պատկերացրեք առաջնագծում կռիվ տվող զինվորի ու սպայի վիճակը, երբ իմանա, որ իր մեջքում կանգնած արցախցիներին տարհանում են։
Այս օրերին, ինչպես ապրիլյանի ժամանակ էր, ամենուր հավաքում են օգնություն՝ Արցախ ուղարկելու համար։ Քաղաքացիներն ինքնակազմակերպվում են, հավաքում են սնունդ, հագուստ, դեղորայք, հետո ֆեյսբուքյան էջերում սկսում են բեռնատարներ փնտրել, որ դրանք հասցնի սահման։ Ժողովուրդ, մեր բանակն ունի սննդի, հագուստի բավարար պաշար, չի կարող այդ պաշարը սպառվել պատերազմի առաջին օրերին։ Հենց կարիքը լինի, այդ մասին պետությունն ինքը կհայտարարի։ Իսկ եթե հավաքում եք, դա պետք է անել համակարգված՝ ՊՆ նյութատեխնիկական վարչության հետ կապ հաստատելով, մարզպետարան-գյուղապետարանների հետ կապ հաստատելով։ Այլապես կարող է ձեր օգնությունը տեղ չհասնել՝ ճանապարհների վատ լինելու, վտանգավորության, հազար ու մի բաների արդյունքում, կարող է փչանալ մթերքը, կամ էլ այս պահին պետք չլինի, կուտակեն մի տեղ մնա։ Երեկ տեսա՝ դեղատներում կուտակումներ են, մարդիկ գնում են ասպիրին, անալգին, ալկոգել, ներարկիչ ու հազար ու մի բաներ և հավաքում ու հավաքում՝ սահման ուղարկելու հույսով։ Նախ դեղորայքի մասին․ այդ ո՞վ է հարյուրտոկոսանոց ինֆորմացիա տալիս, որ հիմա զինվորին ասպիրին ու ալկոգելա պետք, եթե դա պետությունը չի, դուք վստա՞հ եք, որ դա անհրաժեշտ ջերմաստիճանի տակ եք պահում, մինչ տեղ հասնելը, վստա՞հ եք, որ դրա կարիքը ընդանհրապես կա։ Եվ չի բացառվում, որ հանդիպեք սրիկաների, որոնք ճակատ ուղարկելու անվան տակ ձեր տված օգնությունը տակով կանեն, կփորձեն հարստանալ, ինչ-որ ակցիաներ կկազմակերպեն գումար շորթելու։ Իսկ ի՞նչ անել։ Դրա լավագույն տարբերակը պետությունը հուշել է․ եթե շատ եք ուզում մի բանով էլ դուք օգնեք, գումար փոխանցեք համահայկական հիմնադրամի կամ Արցախի ֆինանսների նախարարության բացած հաշվեհամարին։ Իմացեք, որ այդ գումարը կհասնի տեղ, և պետությունն ինքը որ պահին ինչի կարիքը կլինի, կգնի։ Ի դեպ, չի բացառվում, որ հիմա անտեղի պահանջարկ ավելացնելով՝ նպաստեք ապրանքի գնաճին ևս։ Մի՛ արեք այդպես։
Հաջորդը․ երբ սահման եք ճանապարհում ձեր ընկերներին, բարեկամներին, այդ մասին մի՛ գցեք տեսանյութ ձեր սոցցանցի էջերում, լուսանկարներ մի՛ տարածեք, արած սելֆիները պարզապես պահեք ձեզ մոտ, մի՛ գրեք, թե արդեն հասել են այսինչ տեղը։ Ժողովուրդ ջան, այո, դուք անհանգստանում եք և ուզում եք ցույց տալ, թե ամեն ինչ կարգին է նրանց մոտ, թե մենք հավաքվել գնում ենք սահման, այնինչ ազերիներին զոռով են տանում։ Բայց դրանով թիրախ եք դարձնում էդ մարդկանց կամ ինքներդ ձեզ։ Թշնամու հարվածային անօթաչուներին ու այլ ռազմական տեխնիկային կարող է հենց այդ նկարների, տեսանյութերի պատճառով հասանելի լինեք, ինդենտիֆիկացնեք, օրինակ, կոնկրետ ավտոբուսին՝ հեռվից հետևող ադրբեջանական թռչող սարքի համար։
Ռազմական տեխնիկայի շարժի մասին մի՛ տվեք որևէ ֆոտո-վիդեո, դա ևս թիրախավորում է։
Ժողովուրդ, տեղի է ունենում լուրջ տեղեկատվական պատերազմ, դուք ուշադիր եղեք, չդառնաք հակառակորդի տեղեկությունների զոհ, մի՛ հավատացեք այն ընկերներին, բարեկամներին, որոնք ասում են՝ հենց նոր իմացա, որ այսինչ տեղը այսքան զոհ ունենք, տարածք ենք կորցրել, գրավել և այլն։ Դրանով միայն անտեղի խուճապ ու լարվածություն եք առաջացնում, դա տարածվում է, ու ամեն տարածող մի նոր բան ավելացնում է իր կողմից։ Իմացեք՝ Ադրբեջանն արգելափակել է իր մոտ սոցիալական ցանցերը, որ քաղաքացիները միայն պաշտոնական ինֆորմացիա իմանան ու քաջալերվեն։ Մեզ մոտ բաց են դրանք, բայց մի՛ չարաշահեք, եկեք խելքով վարվենք։
Կարևորը՝ սոցցանցերով մի՛ շփվեք անծանոթների հետ, մի՛ փոխանցեք ինֆորմացիա, եթե անգամ հայի անուն-ազգանուն ունեն կամ ձեզ թվում է, թե օտարերկրացի են և դրանով դրսում քարոզչություն եք անելու։ Մի շփվեք՝ մանավանդ երբ իրենք են ձեզ գտնում։
Հարգելի՛ քաղաքացիներ, գիտեմ՝ դժվար է, բոլորս անհանգիստ ենք, բայց․ խուսափեք զինվորներին զանգահարելուց, իմացեք, որ երբ դուք զանգում եք նրանց, նրանց հետ միասին ձեզ կարող է լսել մի ամբողջ ադրբեջանական ստորաբաժանում, ու տեղեկություն ճշտել։ Իսկ երբ զանգում եք՝ ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով, հարցեր շատ մի՛ տվեք, ոգևորության մեջ, կարող է ինֆորմացիաներ փոխանցեք միմյանց, որը կօգնի թշնամուն։ Այդ ձայնագրություններն ընտրողաբար նրանք հրապարակում են։ Միաժամանակ, հարգելի քաղաքացիներ, սոցցանցերով մի՛ հրապարակեք զինվորի մասին տվյալներ, երբ չեք կարողանում կապ հաստատել։ Դա էլ է ի վնաս մեզ և հատկապես հենց այդ զինվորին գործում։
Զանգում եք պետական գերատեսչություններ և անհասանելի՞ են, ոչինչ, մոտեցեք ըմբռնումով, բոլորս աշխատում ենք գերծանրաբեռնված։
Մի կարևոր բանի մասին ևս․ ողջ ժողովուրդը միմյանց ուղարկում է ստորագրահավաքների խնդրագիր, որը տեղադրված է ԱՄՆ Սպիտակ տան հարթակում։ Ու բոլորին թվում է, թե հենց 100 հազար հոգի ստորագրեցին, Վաշինգտոնը խառնվելու է ու Ադրբեջանի հերն անիծի։ Ու ինչքան շատ ստորագրություն, էնքան շատ է անիծելու։ Ժողովուրդ, անիմաստ բաներով մի՛ զբաղվեք։ Այնպես չէ, որ ձեր պետիցիաների արդյունքով է որ առաջնորդվում է գերտերությունը։ ԱՄՆ արձագանքը կլինի պատերազմից հետո և կլինի չեզոք մի բան, որից ձեր սիրտը չի հովանալու։
Հարգելի՛ քաղաքացիներ, բոլորիդ հայրենասիրական մղումները հասկանում ենք, բայց նաև կոչ եմ անում հատկապես գիշերվա կեսին, երբ լույսերը մարած են և մարդիկ ծանր ապրումներով հազիվ աչքերը կպցրել են՝ մի քանի ժամ հանգստանալու համար, Ներսիկ Իսպիրյանի երգերը բարձր լսելով մի՛ անցեք փողոցներով։ Նաև կոչ ունեմ հղելու ոստիկանությանը, առողջապահության նախարարությանը։ Գիշերվա ժամին, երբ ճանապարհներին չկան ավտոմեքենաներ, անցնում եք միայն դուք, մի՛ միացրեք ձեր ազդանշանային համակարգը, դրանով դուք ահաբեկում եք մարդկանց․ երբ կեսգիշերին ոստիկանության դռիկներն են կամ շտապօգնության ավտոմեքենայի դռիկները, դա ընդամենը տագնապ է մտցնում, առանց այն էլ ներվային լարման մեջ շատերն են գտնվում, և դուք բորբոքում եք։ Եթե հնարավոր է՝ խուսափեք։
Կարճ ասած՝ ժողովուրդ, չի կարելիները, այո, շատ են։ Ասում եմ բաներ, որը գուցե որոշների հայրենասիրական մղումներին դեմ կլինի, բայց անհրաժեշտ է։ Բաներ են, որ ինձանից առաջ ասում են պաշտպանության նախարարությունը, տեղեկատվական անվտանգության փորձագետները, ԱԱԾ-ն, մտահոգ մարդիկ։ Դուք ձեր հայրենասիրությամբ, բայց նաև քաղաքացիական բարձր գիտակցությամբ օգնեք մեր պետությանը, մեր բանակին ու վստահ եղեք, որ հաղթելու ենք։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը