Արդեն երկրորդ օրն է, որ Արցախում շարունակվում է Ադրբեջանի սկսած պատերազմը։ Իրավիճակի ծանր ու թեթև չկա։ Պատերազմ է՝ իր բոլոր վատ կողմերով։ Փոփոխական հաջողություններով ընթանում է, կորցրել ենք դիրքեր, վերականգնել ենք դիրքեր, ունենք նոր դիրքեր, թշնամուն պատճառել ենք հսկայական ռազմատեխնիկայի ու մարդուժի կորուստ։ Ցավոք, կորուստներ ունենք նաև մենք․ բայց միանշանակ է, որ հաղթելու ենք։
Այստեղ շատ ուշագրավ է պատերազմող բանակների տարբերությունը։ Երեկ վաղ առավոտից մարդիկ հերթագրվում էին բանակ մեկնելու համար, հերթեր էին գոյացել հրապարակներում, զինկոմիսարիատների մոտ, կուսակցական գրասենյակներում։ Մարդիկ չէին սպասում պաշտպանության նախարարության հրավերին, կամավոր հերթագրվում էին։ Իսկ ի՞նչ է կատարվում ադրբեջանական կողմում. սա ուշագրավ է։
Դեռ ռազմական գործողություններից առաջ տագնապներ կային ադրբեջանական բանակում, հասարակության մեջ։ Մենք տեսնում էինք դժգոհություններ․ պատճառը միայն այն չէ, որ վախենում էին հայ զինվորի դեմ կռվել։ Պատճառն ավելի խորքային է․ Ադրբեջանն այս պատերազմն օգտագործում է նաև իր երկրում ազգային փոքրամասնություններից ազատվելու համար․ նրանց գլխացավանք է համարում Ադրբեջանը։ Այս երկիրը իր ի հայտ գալու առաջին օրից՝ 1918 թվականից, վարում է Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություններին ոչնչացնելու քաղաքականություն: Թալիշներին, լեզգիներին, թաթերին, ավարներին միշտ ճնշել են, քշել բնակվելու սահմանամերձ ու թերզարգացած բնակավայրերում, զորակոչել վատ բարքերով զորամասեր։ Մշտապես տեղեկություններ են հրապարակվել բանակում նրանց սպանությունների, ինքնասպանությունների, բռնություն-բռնաբարությունների մասին։ Ազգային փոքրամասնություններին միշտ փորձել են նաև ձուլել, ինչը հաճախ ստացվել է։ Եվ ամեն անգամ, երբ Ադրբեջանը սկսել է պատերազմ, խոշորամասշտաբ կամ փոքրամասշտաբ բախումներ, միշտ որպես կռվելու և զոհվելու մատերիալ ուղարկել է նրանց։ Սա դժգոհություն է առաջացրել ամեն անգամ, իսկ այս անգամ՝ հատկապես, դա սպառնում է պայթել։ Նրանց՝ այդ ադրբեջանաբնակ ազգային փոքրամասնությունների հեռախոսազանգերը, որոնք որսում են մեր ռազմական ուժերը, վկայում են նրանց դժգոհության մասին, դանակը արդեն հասել է ոսկորին։ Նույնն է այս պատերազմի ժամանակ։ Նրանք հասկանում են, որ Ադրբեջանը փորձում է ոչնչացնել իրենց, էլ չասեմ, որ հենց ներսից էլ պատերազմի դաշտում իրար թիկունքից խփում են։ Նրանց պատերազմ տանելուց առաջ Ադրբեջանը չի էլ պատրաստում, զենքի տիրապետում չի սովորեցնում, որովհետև մեռնեն, թե կմնան, իր հեչ պետքն էլ չէ։ Եվ ուրեմն, այդ մարդիկ պատրաստ չեն հայերի դեմ կռվելու, այն էլ՝ ոչ իրենց հողերի համար։ Ընդ որում, ինտերնետը անջատել են սահմանամերձ գյուղերում, և մարդիկ իրավիճակի մասին լուրեր իմանում են խոսակցություններից, ներքին տեղեկություններից, որոնք անգամ իրենց կորուստների մասին կարող են չափազանցված լինել։ Իսկ սարսափելի տեղեկությունների պարագայում ազգային փոքրամասնությունները կփախչեն երկրից կամ պետք է ապստամբեն։
Ռազմադաշտ բերվածները միայն նրանք չեն։ Տեղեկություն տրվեց, որ Սիրիայից մոտ 4000 գրոհային է մասնակցում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին։ Նրանց Թուրքիան է վարձել, ու արդեն 100-ից ավելի զոհ ունեն։ Ապրիլյան պատերազմի ժամանակ էլ իսլամական պետության ահաբեկիչներ էին կռվում։ Նրանք վարձկաններ են, կռվում են փողի համար և բնականաբար՝ թաքնվող տիպեր են, որովհետև չեն գնա փողով կռվելու ու՝ գյուլի բերան։ Նրանց մեջ էլ հաշտ չէ ամեն ինչ։ Օրերս ձայնագրություն հրապրակվեց, որ Թուրքիայի հրահանգով Սիրիայից հայ-ադրբեջանական սահման մեկնող վարձկանը դժգոհում է, թե իրենց տեղյակ չեն պահել, որ ազերի թուրքերը շիա են: Մարդն ասում է, որ իրենց կրոնն արգելում է շիաների հետ միասին պայքարել, նրանք ավելի մեծ թշնամի են, քան հրեաներն ու քրիստոնյաները: Այսինքն, այդ վարձկանների մոտ ևս կա դժգոհություն։ Բացի այդ, վարձկաններից էլ բողոքում են ադրբեջանցի գյուղացիները։ Մասնավորապես, այն գյուղերում, որտեղ նրանք բնակվում են, թալանում են խանութները, արգելում ալկոհոլ վաճառել, կանանց՝ տանից դուրս գալ առանց հիջաբի։ Այսինքն, տեղացի ադրբեջանցիներն այժմ ատում են այդ վարձկաններին, շատ ավելի շատ, քան մեզ՝ հայերիս։
Այս բոլորը պարտվելու են, որովհետև սա իրենց կռիվը չէ։ Բայց նաև այս ամենի արդյունքում Ադրբեջանում թե՛ հիմա, թե՛ պատերազմից հետո կսկսվեն ցնցումներ, ներքին դժգոհությունները կհանգեցնեն բախումների։
Կրկնում եմ՝ իրենք պարտվելու են, որովհետև իրենք չեն պայքարում իրենց հողի համար, պայքարում են իրենք իրենց դեմ ատելությամբ, ջիգյար չկա մեջը։ Մենք հաղթելու ենք, մենք պայքարում ենք մեր հայրենիքի համար, ամեն թիզը մերն է, ամեն մետրի վրա մի հայկական մասունք կա՝ խաչքար կա, հայոց թագավորի կառուցած քաղաքի ավերակ կա։
Կարճ ասած՝ մենք պետք է գիտակցենք, որ այս պատերազմում հաղթելով՝ մենք մի կարևոր խնդիր ենք նաև լուծում, ու Ադրբեջանը քանդում ենք ներսից։ Կանե՞նք դա։ Անշուշտ՝ կանենք, որովհետև ոչ մի բան ավելի ուժգին չէ, քան սեփական հողի համար պայքարը։ Սա մեր հողն է։ Ու անպայման հաղթելու ենք։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը