23 09 2020

«Կարճ ասած»․ Վարչապետը դիվանագիտական սկանդալ է սկսում ԵԱՏՄ անդամ երկրների հետ



Հայաստանի կառավարության դիմաց հացադուլ են անում Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացողները։ Լուծում չստացած երկարատև բողոքի ակցիաները վերածվեցին հացադուլի։ Խնդիրը հասկանալի է՝ տան անդամների կեսն այստեղ է, կեսը՝ այնտեղ, այնտեղ ունեն աշխատանք, այստեղ չեն կարողանում գտնել, չնայած որ Փաշինյանը հայտարարել է 6600 աշխատատեղի ավելացման մասին։ Էստեղ տուն չունեն, օգնություն չեն ստանում և այլն։ Ու միանգամայն տրամաբանական է, որ բողոքում են և պահանջ են ներկայացնում իրենց բերած կառավարությանը։ Բայց մոտեցումը ընդունելի չէ, ձևը, վիզ ծռելն ընդունելի չէ։

Մարդիկ հանդիպել են, իրենց խնդիրը ներկայացրել են, իշխանությունը կտերը հանել-լցրել է գրպաններն ու ասել՝ կառավարության դիմաց պարապ կանգնած եք, կուտեք։ Ուրիշ ձև, ավելի մեղմ ո՞նց ասեմ․ ասում են՝ վարչապետն ասաց, որ ՌԴ սահմանները փակ լինելու պատճառը համավարակի թվերն են։ Չգիտեի՞ք։ Ասում են գիտեինք, ուղղակի կարևոր էր, որ դա ասաց վարչապետը։ Ուրեմն տեղյակ է մեր խնդրից։ Չգիտես՝ խնդա՞ս, թե լաս։ Վարչապետին հարցնում են՝ սահմանները Ռուսաստանը բացել է ԵԱՏՄ անդամ Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի առաջ, մեզ համար ինչի՞ չի բացում, մենք էլ ենք ԵԱՏՄ անդամ։ Վարչապետը պատասխանում է՝ այդ երկրներում թվերն արհեստականորեն են իջեցրել։ Ու էս մարդիկ լսում են, գլուխները կախ դուրս գալիս ու նույնը փոխանցում մամուլին։ Հա, Փաշինյանն ասել է էդ պահին հանգստացնելու համար, գուցե չի պատկերացրել, որ դուք դուրս կգաք, կփոխանցեք, դիվանագիտական սկանդալ կհասունանա։ Բայց ստացվում է՝ հերիք չէ Արսեն Թորոսյանն էր Վրաստանի հետ հարաբերություն վատացնում, անզգույշ հայտարարությամբ, հիմա էլ՝ վարչապետը։

Մարդիկ ասում են, թե վարչապետից գոհ են, բայց հացադուլը չեն դադարեցնում։ Բա որ գոհ եք, ինչի՞ չեք դադարեցնում, կարող է՞ հացադուլն ուղղված է էն երկրներին, որոնք թիվ են նկարում, ասենք։ Ու մարդիկ սպասում են, որ Նիկոլ Փաշինյանն իրենց հարցը լուծելու է։ Չգիտեն՝ երբ է լուծելու, չգիտեն՝ ոնց է լուծելու, բայց լուծելու է։ Ասել է՝ ինչ-որ բան կմտածենք։ Ի՞նչ է մտածելու, թվերը արհեստականորեն իջեցնելու է՞։ Չէ՞ որ դուք եք ասում՝ ցուցակ եք տվել արտգործնախարարին, առել-կորել է մինչ հիմա։

Մարդկանց մտածելակերպն է ինձ զարմացնում, մեղկ վիճակը․ ասում են՝ վարչապետը հարգեց մեր հացադուլը․ չնայած խնդիրը չլուծվեց, բայց ջերմ էր։ Է թող կոպիտ խոսեր, բայց սոված չմնայիք։ Հացադուլ են անում ու ասում՝ ամեն ինչ լավ ա, մենակ սահմանի փակումն ա վատ։ Ու շարունակում են, թե իրենց ընկերները, որ խոպան չեն գնացել, կառավարության հորդորով հող են մշակել այստեղ, հետո բերքը թափել են, որովհետև գործարանները չեն ընդունել։ Լավ, բա ո՞նց ա ամեն ինչ լավ։ Հավատում եք երկրի ղեկավարին, լավ եք անում, բայց ախար գոնե խելքին մոտ պիտի լինի էդ անտեր հույսը։

Էս մարդիկ հանդիպում են ու վստահ են, թե վերևներում օրուգիշեր մտածում են իրենց մասին։ Ժողովուրդ, ես ո՞նց բացատրեմ, որ իրենք ավելի կարևոր անելիքներ ունեն, ժողովուրդը էդ կարևորի մեջ չկա։ Որ գործը չեն անում, դրա համար մեղավոր են ուրիշները, արդեն վարչապետը լեգիտիմացրել է սխալվելու ու չաշխատելու իր իրավունքը։

Ձեր հարցը չի լուծում, մեղավորը ինքը չէ, մեղավորը էն երկրներն են, որ թվերը իբր թե ուռճացնում են։ Խաղողագործների հարցը չի կարողանում լուծել, մեղավորը ոչ թե կառավարությունն է, այլ մշակողները, որ առանց հաշվարկի մշակել են։ Մարդը չի ստանում պատշաճ օգնություն և մեռնում է վիրուսից, մեղավորն ինքն էր, որ դիմակ չէր դրել։ Գուցե դրե՞լ էր։ Ուրեմն մեղավոր էր, որ ավելի շուտ չէր դրել։ Մարդիկ գյուղերում աղքատ են, մեղավորն իրենք են, որ թուղթ-գրիչ-կոստյումով չեն մշակում հողը։ Թալանածը վերադարձնել չի կարող, մեղավորը ոչ թե ինքն է, որ սրան-նրան հարյուր միլիոնավոր դոլարներ է վերագրել, այլ դատախազներն են, արագաչափերը չե՞նք վերացնում, մեղավորը ինքը չէ, Սաշիկն է, որ պարզվեց՝ արագաչափ էլ չունի։ Իրենք պատերազմից թռել են, մեղավորը Ադրբեջանն է, որ պատերազմ էր սկսել։ Փողոցների վիճակը վա՞տ է, խաղահրապարակների վիճակը վա՞տ է, վարչապետն ասում է, որ պատճառը ձեր՝ 2012 թվականին կատարած ընտրությունն է։ Լավ, բա հիմա՞ ինչի է վատ։ Ոնց նայում ենք, շուրջբոլորը մեղավոր են, իրենք՝ անմեղներ, լեգիտիմացրել են իրենց սխալները, ասում են՝ մենք ունենք սխալվելու իրավունք։ Նույնությամբ՝ Սասնա ծռերն էլ մտել են ոստիկանության շենք, 3 ոստիկան է սպանվել, ու ասում են՝ մենք մեղավոր չենք, ունենք ապստամբելու իրավունք։ Բոլորն իրավունք ունեն ժողովուրդ ջան, դու չունես։ ժողովուրդն էլ է օղբաթ, գնում է իր խնդիրներից խոսելու, գալիս-ասում է՝ վարչապետից գոհ եմ, բայց խնդիրը չլուծվեց, հացադուլը շարունակելու եմ։ Բողոքում են ու ասում՝ մենք ոչ մեկից չենք բողոքում, մենք չենք ուզում խնդիրը քաղաքականացնեք։ Ի դեպ, մինչև ձեր խնդիրը չքաղաքականացվի, հույս չունենաք լուծում։ Սա այլ թեմա է։

Ախր խնդիրը միայն քաղաքացու մեջ չէ։ Հիմա վարչապետն ասում է՝ ուզում եք իշխանությունը արդյունավետ լինի, քաղաքացին պետք է վերահսկի իշխանությանը։ Գալիս են, որ վերահսկեն, միտինգ են անում, ասում եք՝ 100 հազար հոգին քիչ է, դուք հին եք։ Կամ էլ ցրում եք, թե՝ մեղավորը ես չեմ, Լուկաշենկոն է, թիվ է նկարել։ Հասկացանք, բայց էս մարդիկ Լուկաշենկոյին չեն ընտրել, ձեզ են ընտրել, որ հարցեր լուծեք, ոչ թե սրա-նրա վրա գցելով ֆռռացնեք։ Բա էդ ո՞նց եղավ, որ ասենք, Ուկրաինան Հայաստանի հետ բացում է, 1,5 միլիարդ բնակչություն ունեցող Չինաստանը բացում է, վախ չունի, որ կվարակեք, Ռուսաստանը չի բացում։ Կարող ա՞ մեղավորը դուք եք, ՌԴ ղեկավարության հետ ո՛չ ուղիղ, ո՛չ միջնորդավորված կապ չունեք։ Հարաբերությունները փչացրել եք ու անմիջապես անցել ԵՏՄ անդամ մյուս երկրներին։

Իշխանությունը ոչ թե չի ուզում այս մարդկանց հարցերը լուծել, այլ չի կարող։ Մարդը կուզենա հազար ու հարյուր հազարներով դուրս հանել երկրից բոլոր բողոքողներին, որ հանգիստ վայելի իշխանությունը։ Բայց չի կարող, իր ուժերից վեր է, դրա համար էլ ասում է՝ մի բան կանենք, գուցե մինչև 2050 թիվը։ Հիմա եկել է արդեն մեծ մասշտաբներով մեղավորներ փնտրելու և սխալները լեգիտիմացնելու շրջան։

Կարճ ասած՝ հարցս կոնկրետ է․ Արժանի՞ է Հայաստանի իշխանությունը հանրությանը, հանրությունը՝ իշխանությանը։ Նայելով բողոքի ակցիաների բովանդակությանը, հարցերի բարձրացման ձևին, այո, արժանի է։ Բայց եկեք մտածեք այս հարցի շուրջ՝ արժե՞ արդարացնել իշխանությանը, հուսալ, թե մտածում են ձեր մասին։ Եկեք հասկանանք՝ մենք ընտրել ենք իշխանություն, որ մեր խնդիրները լուծի՞, թե՞ արդարացում ման գա։ Եթե արդարացում գտնելն է մեր նպատակը, ուրեմն մենք գտել ենք մեր երկրի լավագույն ղեկավարներին։

 Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ