Արդեն երկրորդ դեպքն է, երբ խորհրդարանի իմքայլական պատգամավոր է մանդատը վայր դնում, ու երկու դեպքում էլ կան խորը դժգոհություն թիմից։ Նախորդը Էդգար Առաքելյանն էր, որը ասաց, որ որպես պատգամավոր իր թափը չէր հերիքում։ Չնայած դրան չհավատացինք, որովհետև խորհրդարանի հեղինակությունն այսօր այնքան է ընկել, որ կարող ես տարրական դասարաններից ցանկացածին տանել պատգամավորի մանդատ տալ ու իսկը իր տեղը կլինի, թափը կհերիքի։ Հաջորդը Արսեն Ջուլֆալակյանն է։ Ջուլֆալակյանը լավ ըմբիշ է, վատ պատգամավոր, այսինքն, այնպիսի պատգամավոր է, ինչպիսին իմքայլական պատգամավորների 99 տոկոսն է՝ իմ գնահատմամբ։ Իհարկե՝ կարելի է լիքը բաներ հիշեցնել նրան, թե ինչու ձայն չհանեց, երբ իր ընկերոջը ոստիկանները քարշ տալով բերման ենթարկեցին կամ երբ իրեն աջակցած Ծառուկյանին որպես երախտիքի մեծ խոսք, կողմ քվեարկեց անձեռնմխելիությունից զրկելուն և այլն։ Բայց այսօր հիշեցնելու ժամանակը չէ։ Մարդը կոնկրետ խնդիր է բարձրաձայնում։ Անհամաձայնություն ունի Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականության մասով։ Երևի թե կրթության նախարարից դժգոհ է, այնքան, որքան դժգոհ են Արայիկ Հարությունյանի մասին մյուս կարծիք հայտնողները, բողոքի ցույց անողները։
Շուտով կլրանա մեկ տարին, ինչ Արայիկ Հարությունյանի դեմ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Նախ պայքարում էին դաշնակցական երիտասարդները, հետո նրանց միացան պետհամալսարանի և մի շարք այլ դասախոսներ։ Ոստիկանական ուժը լռեցրեց, բայց նախարարը ոչ թե փոխեց գործելաոճը, այլ հակառակը․ հետո եկան կոնվենցիաներ, կրթական չափորոշիչներում հակազգային փոփոխություններ, դպրոցներում անհասկանալի ուղեցույցներ, և այլն և այլն, և ստացվեց, որ Արայիկ Հարությունյանի դեմ բողոքներն անսպառ են։ Նախարարը, որը սկզբում մետրոյով էր գնում գործի, հետո կամերան վերցնում-գնում էր դպրոցում դրամահավաք բացահայտելու, այսօր իր տեղում չէ, մարդկանց մեծ դժգոհության գլխավոր հասցեատերերից մեկն է։ Նրանից դժգոհողներն այսօր հսկայական բանակ են՝ ուսուցիչ, դասախոս, աշակերտ, ծնող, անգամ՝ թիմակիցներ, իր հետ ճանապարհ գնացածներ։ Բայց նա չի հեռանում, ասում է՝ իմ հրաժարականը պահանջողները խավարամիտներ են, ու վերադասի թույլտվությամբ ու համաձայնությամբ շարունակում է ապականել կրթական ոլորտը։ Գնալ-չգնալը, իհարկե, իր որոշելիքը չէ, որ պահին նրան ասեն, կգնա։ Իսկ թիմում ասողը գիտենք, թե ով է։ Էլ ի՞նչ պետք է անի, որ հասկանանք, որ կարևորագույն 4 ոլորտը ՝ կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ, ծանրագույն վիճակում են, որովհետև գտնվում են այդ ամենից հեռու մարդու տիրապետության տակ։
Վերադառնամ Ջուլֆալակյանին․ որքանո՞վ է նրա արածը գնահատվում որպես արդարամիտ քայլ, արդյո՞ք ավելի շատ փախուստ չէ։ Ինչո՞ւ ես գնում, այլ կարծիք, համոզմունք կամ դժգոհություն ունես, մնա և բարձրացրու, չէ՞ որ Արայիկ Հարությունյանից դժգոհ բազմահազար մարդկանցից դու տարբերվում ես նրանով, որ ունես բարձր մանդատ, խոսքը ուղիղ տեղ հասցնելու տարբերակ, ամբիոն։ Ամեն մեկս մեր տեղում պայքարում ենք խնդիրների ու դրանց հեղինակների դեմ, դու էլ ձեր ներսում, քո տեղում պայքարի։ Չէ՞ որ բոլորիս ցանկությունն ու երազանքն է ամուր Հայաստան տեսնելը, կրթված Հայաստան տեսնելը, անվտանգ Հայաստան տեսնելը։ Եթե նախարար Հարությունյանը սպառնալիք է մեր կրթության ու անվտանգությանը, ուրեմն ոչ թե պետք է հրաժարական տալ, այլ մնալ ու առճակատվել, խորհրդարանում հարցեր բարձրաձայնել, գուցե միանան քեզ այլ մարդիկ ևս։ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կարծես խելքի է ընկել, նախատեսում է հրաժարականի հարցը բարձրացնել։ Հիմա ի՞նչ, իրենք է՞լ բան չանեն, նեղանան ու վայր դնեն մանդատները։
Ասում եք՝ որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու նշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումն ու զարգացումը: Այսինքն նաև վտանգ եք տեսնում ու փոխանակ դրա դեմն առնեք, թողնում եք անարգել ինչ պլանավորել է, անի՞։
Իմ կարծիքով, Արայիկ Հարությունյանը միակ հակապետական գործիչը չէ, Արսեն Ջուլֆալակյանն էլ միակ բողոքավորը չէ։ Ընդամենը երկու տարում հասարակությանը հոգնեցրած, զզվեցրած, հասարակության աչքի փուշը դարձած պաշտոնյաների թիվը մեր երկրում քիչ չէ։ Ու այդ բոլորը միասին գցում են թիմի և իրենց առաջնորդի հեղինակությունը։ Ձեր կարծիքով ինչո՞ւ չի կարողանում այս թիմը հաջողության հասնել․ որովհետև ոչ ոք ներսում ուժ չունի, հեղինակություն չունի ինքն իր թիմի ներսում, աշխատող չի, ցանկություն չունի, նպատակ չունի, դուխ չունի․ իրենք էլ են զգում, որ խիստ ժամանակավոր են, ու ընկել են ապագայի համար նյութական բաներ հետ գցելու հետևից։
Մամուլը հրապարակեց տեղեկություններ, որ ԱՄՆ դեսպանատունը, ԱԱԾ-ն և ընդդիմադիր ուժերից մեկը հարցումներ են արել առանձին-առանձին, ու պարզել է, որ վարչապետի վարկանիշը 17,2 տոկոսի է հասել։ Սրընթաց իջնում է հեղինակությունը։ Ինչո՞ւ է այդպես, միայն վարչապե՞տն է մեղավոր իր հեղինակության անկման համար։ Նա էլ լիքը խոստումներ է տվել ու ոչինչ չի արել, նա էլ կարևոր բաները թողած ընկել է հինգերորդականների հետևից, նրա օգտակար գործողության գործակիցը մինուս է։ Բայց նաև այն պատճառով է, որ շուրջբոլորը աշխատանքից ազատման ենթակա մարդիկ են։ Հավաքել է թիմակիցների, որոնք որևէ կառավարումից հեռու էին, ոչ միայն պետական, ու հիմա չի կարողանում տակից դուրս գալ։ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը միայն Նիկոլ Փաշինյանի վարկանիշը չէ, դա բոլորի վարկանիշի ընդհանրությունն է։ Նախարար Հարությունյանն ու Թորոսյանը վարկանիշ են գցում, կոմիտեի ղեկավար Ռևազյանը վարկանիշ է գցում, պատգամավոր Քոչարյանը վարկանիշ է գցում, ՍԴ դատավոր Գրիգորյանը վարկանիշ է գցում, քաղաքապետ Մարությանը վարկանիշ է գցում ու այդպես՝ հարյուրավոր պաշտոնյաներ։ Բայց նրանք մնում են իրենց տեղերում, աշխատանքից չի ազատում՝ կարծես բոլորիս ինադու, թե՝ դե տեսեք, ոնց ուզեմ կանեմ։ Հա, էլի ոնց ուզես կանես, բայց միայն մեզ չի, որ վատ է, քեզ էլ է վատ։ Օրինակ Քոչարյան Անդրանիկի դեմքը տեսնողը կամ խոսքը լսողը չի կարող Փաշինյանին համակրի էդ պահին։
Սա խորհրդարանական երկիր է, իսկ դա նշանակում է, որ պետք է նախարարը մանդատը վայր դներ պատգամավորի հետ անհամաձայնության դեպքում, ոչ թե հակառակը։ Բայց այդտեղ կապ չունի նախարարն ու պատգամավորը։ Դրվածքն է կարևորը։ Էս ա՝ ուզում ես՝ աշխատի, չես ուզում՝ մի աշխատի․ ահա այն կանոնները, որոնք գործում են այդ թիմում, դու չես կարող գնալ ու բան փոխել, դու իրավունք չունես անգամ քո կարծիքը հայտնել, մեկը պետք է խոսի, հազարները գլուխները դրական տմբտմբացնեն։
Կարճ ասած՝ Ձախողված ոլորտները շատ են, ձախողակներով եք շրջապատել ձեզ, ու դեռ չեք հասկացել որ չեք կարող հաջողություն ունենալ։ Պատկերացրեք, թե մեքենաների արտադրության գործարան եք բացել, բայց բոլոր մասերը խոտան են․ խփած շարժիչ է, ծակ անվադողեր, կոտրած կարոբկա, վառելիքի փոխարեն ջուր եք լցրել, դա կգնա՞։ Այսօր կառավարությունն ու խորհրդարանը նման են փչցած սարքավորումներով գործարանների, որոնք միևնույնն է՝ անդադար հայտարարում են, թե՝ տեսեք հեսա ինչ արտադրանք ենք տալու, մի քիչ էլ սպասեք։ Կարտադրե՛ք․ փչացած ապրանք, զիբիլը գցելու ենթակա ու կգցեք աղբարկղը։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը