06 08 2020

«Կարճ ասած»․ Ովքե՞ր են սպառնում մեր երկրի անվտանգությանը ու ինչ անել



 

Հուլիսյան սահմանային միջադեպերից հետո առավել է ակտիվացել տեղեկատվական պատերազմը Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Այս ընթացքում բավականին ակտիվ են ադրբեջանական հաքերները։ Օրերս հայտնի դարձավ, որ նրանք հրապարակել են «Զվարթնոց» օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների անձնական տվյալներ։ Հետո պարզվեց, որ 100 մահվան վկայական են հրապարակել։ Թշնամին հասանելիություն ունի ՀՀ կառավարության սերվերների ղեկավարման համակարգին, ո՞վ գիտի, պետական գաղտնիքներ էլ գուցե հասնեն թշնամուն։

Պետության, մարդու համար առաջնայինն անվտանգությունն է, հետո նոր բարեկեցությունը։ Որովհետև վաղը կգա ուրիշ իշխանություն և ներքին խնդիրները կլուծի, սոցիալական հարցերը կլուծի, բայց երբ անվտանգությունդ խախուտ է, մնացած բոլորը արժեք չունեն։ Բայց մենք մի վիճակում ենք, որ ո՛չ սոցիալական վիճակն է մի օրի, ո՛չ անվտանգությունը։ Ընդհանրապես, Հայաստանի անվտանգությունը լուրջ թուլացել է, և խնդիրներ է հարուցում բոլոր առումներով։

Այսօր խիստ վտանգի տակ է մեր կրթական անվտանգությունը։ Պատմության ինստիտուտի տնօրենը դիմում է ԱԱԾ, նշում է, որ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների դասավանդման համար ներկայացված նոր առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարը, մի քանի այլ անձանց հետ, 2017–19 թվականներին թուրքերի հետ համատեղ հեղինակել են «աշխատություն այն մասին, թե ինչ չափորոշիչներով պետք է առաջնորդվեն Հայաստանում և Թուրքիայում պատմության գրքեր կազմելիս։ Ունենք պատգամավորներ, որ մեր թշնամիների հետ եղբայրություն են անում։ ԱԺ իշխանական պատգամավորներ Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պատմության ուղեցույցներում՝ նույն թուրք մասնագետների հետ կազմած, Հայկական լեռնաշխարհի փոխարեն գրել են Անատոլիա և Կովկաս, մեղադրել են մեզ, որ ադրբեջանցիներին մեզ թշնամի ենք համարում։ Սա ազգային անվտանգության հետ կապված խնդիր է։ Պետական համալսարանը, գիտությունների ակադեմիան, այլ գիտական կենտրոններ հայտարում են, որ նոր չափորոշիչները, պատմության, հայ գրականության նոր ձեռնարկները հակազգային են։ Ի՞նչ է ասում Փաշինյանը՝ մեր շահը դա է, և որևէ մի բան մեզ չի շեղելու դրանից։ Թուրքական հետք կա հայկական պատմության դասագրքերում, ու դա վարչապետը համարում է մեր ազգային շահ։ Ինչո՞ւ, ինչպե՞ս։ Ո՞ւր է ԱԱԾ-ն։

Հայաստանում ոչ փոքր պատգամավորական խմբակցություն ունի տխրահռչակ Սորոսը, ունի պաշտոնյաներ կառավարությունում։ Մի շարք երկրներում արգելված այդ մարդը և իր կազմակերպությունը Հայաստանում իշխանության բաժնետե՞ր է։ Ու Նիկոլ Փաշինյանը հարցը լուծելու փոխարեն հայտարարում է՝ ինձանից առաջ էլ հիմնադրամը կար։ Այո, բայց պատգամավոր ու նախարար չուներ, լրջագույն հարցերին չէր կարող միջամտեր, էլ ուր մնաց՝ մշակեր, որոշումներ ընդուներ, թե մեր երեխաներն ի՞նչ կրթություն ստանան։ Սա անվտանգության լուրջ խնդիր է, ինչո՞վ է զբաղված ԱԱԾ-ն։

Մենք ունենք 4 սահմանակից պետություն, որից երկուսի հետ թշնամական հարաբերություն ունենք, մյուս երկուսի հետ էլ կապը այս համավարակի պայմաններում ամուր չէ։ Մեր երկրի ղեկավարը հայտարարում է ի լուր աշխարհի, թե մենք քանի օրվա պաշար ունենք սննդի․ նա պարենային անվտանգության լուրջ խնդիր է ստեղծում մեզ համար։ Նրանով ու իր հայտարարություններով պե՞տք է զաղվեր ԱԱԾ-ն, թե՞ ոչ։

Վստահ չեմ, որ Հայաստանում չեն վխտում օտարերկրյա գործակալները, ես չեմ զարմանա, որ ադրբեջանցիներ ու թուրքեր լինեն մեր եկրում՝ այլ երկրների քաղաքացի, որոնք զբաղված են տվյալների հավաքմամբ, մշակմամբ։ ԱԱԾ-ն զգո՞ն է։

Հայաստանում գրանցված ավիաընկերությունների մուտքը արգելվեց Եվրոպական միության տարածք։ Պատճառը քաղավիացիայի գործող պատասխանատուներն են։ Սա անվտանգության խնդիր չէ՞ մեզ համար։

Այսօր Հայաստանում հայտարարվեց կորոնավիրուսից 1000-երորդ զոհի մասին։ Հազար մարդ մեր երկրում մահացել է, քանի որ ի սկզբանե իշխանությունը սխալ քաղաքականություն վարեց կորոնավիրուսի դեմ պայքարում ու այդ քաղաքականությունը շարունակում է մինչ օրս։ Իշխանությունը չկարողացավ երաշխավորել քաղաքացու կյանքի իրավունքը։ ԱԱԾ-ն այստեղ անելիք ուներ։ Վստա՞հ ենք որ այդ ամենը, անփութության արդյունք է, իսկ միգուցե ծրագրվա՞ծ է։

Ես դեռևս հույս եմ փայփայում, որ այս մենը արվում է միամտաբար, որովհետև ոչնչից գլուխ չեն հանում, այլ ոչ թե դիտավորությամբ։ Որովհետև վարչապետը չգիտի ոչ մեկի գործառույթների տիրույթը՝ իրենից սկսած։ Բայց ուզում եմ իմանալ, այս բոլոր դեպքերում ո՞ւր է ազգային անվտանգության ծառայությունը։ Այդ կառույցը, ըստ մեր տեսած ու լասածի, գտնվում է ծայրահեղ վիճակում։ Մամուլը գրում է, որ ԱԱԾ նորանշանակ տնօրենը համակարգը բարեկամ-ընկերներով լցնելուն զուգահեռ, զբաղված է իր անվտանգության ծայրաստիճան ապահովմամբ։ Երբ ԱԱԾ ղեկավարը աշխատասենյակի դռան դիմացից սկսած իրեն ապահովում է խիստ միջոցներով, նշանակում է, որ անգամ իր գնահատմամբ՝ մինչ այդտեղ արդեն անվտանգ չէ, հուսալի և վստահելի չէ, այսինքն՝ մնացած ամբողջ երկիրը։ Որովհետև չէր կարելի ամբողջ երկիրը այսպես վարի տալ պրակտիկանտների նշանակելով։ Իմ կարծիքով, ի սկզբանե, ԱԱԾ-ն ոչ թե շարժվում է օրենքով իր գործառույթները կատարելով, այլ նայում է Փաշինյանի տրամաբանությանը, տրամադրությանը, աչքի շարժումներին, մտքի թռիչքին։

Կարճ ասած՝ արտաքին անվտանգության ոչնչացում, ներքին անվտանգության ոչնչացում, խնդիր սահմաններին, տնտեսության, կրթության, առողջապահության մեջ, ու այս ամենին գումարած՝ ոչնչանում է Հայաստանի աչք ու ականջ ԱԱԾ-ն։ Իշխանությունը արդեն երկու տարի, իսկ նրան միացած կորոնավիրուսն էլ՝ արդեն 5 ամիս միասին թուլացնում են մեր երկիրը բոլոր առումներով։ Ու սա ոչ մեկի աչքից չի վրիպում, հատկապես՝ դրսում։ Հաքերների կողմից տվյալների գաղտնազերծումը՝ ձեզ վառ օրինակ։ Ցավալի է ժողովուրդ, բայց ես պետք է հիմա ձեզ կոչ անեմ զգուշանալ հենց «ժողովրդի իշխանություն» կոչվածից։ Իրենք, անշուշտ ժամանակվոր են, խիստ ժամանակավոր, բայց ամեն ինչ անում են, որ իրենցից հետո եկողը ոչ մի կերպ չկարողանա այս ամենի տակից դուրս գալ:

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ