04 08 2020

«Կարճ ասած»․ Որտե՞ղ, ինչպե՞ս խաբվեց ժողովուրդը և ո՞վ խաբեց



 

Գրեթե ամեն օր տարբեր պետական մարմինների դիմաց, տարբեր համայնքներում բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ զանազան թեմաներով։ Իսկ կառավարության նիստերի օրերին գործադիրի շենքի դիմաց միանգամից մի քանի ակցիաներ են։ Միայն նախորդ նիստի օրը միաժամանակ 6 բողոքի ցույց էր՝ դիմակի ու արտակարգ դրության դեմ բողոքողներ, Լիդիանի նախկին աշխատողներ, գյուղմթերքի շուկայի աշխատողներ, սահմանների փակ լինելու դեմ բողոքողներ և այլն։ Այդ ցույցերին մեկ բան է միավորում՝ քաղաքացիների միամտությունը։

Մեր երկրում դեռ կան մարդիկ, որոնք թաղված լինելով խնդիրեր մեջ, մտածում են կամ իրենց հույս են տալիս, թե վարչապետը տեղյակ չէ։ Իհարկե՝ շատ պրիմիտիվ է՝ մտածել, թե վարչապետը տեղյակ չէ, օրինակ, որ Ամուլսարի պրոբլեմ կա, որ կորոնավիրուսի հետևանքով շուրջ 100 հազար հոգի անգործ է մնացել, որ ոռոգման ջրի խնդիր կա։ Ո՞նց չգիտի, եթե էդ խնդիրների հեղինակը ինքն է։ Վարչապետն ամեն օր ու շատ հաճախ ֆեյսբուքում է, նա տեղյակ է այն ամենից, ինչ կատարվում է մեր երկրում։ Նա տեղյակ է բոլոր մարդկանց ֆեյսբուքյան ստատուսներից, ելույթներից, քուչի խոսակցություններից։ Վարչապետի աչք ու ականջ ուժային կառույցները մեզ բոլորիս մասին ամեն ինֆորմացիա գիտեն՝ սկսած նրանից, թե էսօր խանութից ինչ ենք գնել՝ դիմակո՞վ, թե՞ առանց դրա։ Բայց մարդիկ ցույց են անում ու ասում երևի վարչապետը տեղյակ չէ, թե չէ կլուծեր։ Ժողովուրդ, իմ սիրելի 3 միլիոն վարչապետեր, դուք ընդամենը քվե եք, ընտրազանգված, իշխանության գալու գործիք, որ հետո ձեր անունը շահարկելով՝ անեն ինչ ու-զ-ու-մեն։

Հաճախ ակցիաների ժամանակ ասում են՝ վարչապետն ի՞նչ անի, թիմը վատն է։ Վարչապետ ջան, մենք քեզանից դժգոհ չենք, դժգոհ ենք Արարատի մականունավոր մարզպետից, կրթության մականունավոր նախարարից, առողջապահության մականունավոր նախարարից, քեֆչի մականունավոր պատգամավորից։ Իսկ նրանց ո՞վ է բերել, ո՞վ է պահում՝ ե՞ս։ Էս մարդու կադրային ռեսուրսը մի «Գազելի» չափ էր, բայց նա վերցրեց ավտոբուսի պարկի չափ պաշտոններ։ Սա՛ է իր ռեսուրսը։ Ո՞վ է սրանց համար պատասխանատու, եթե ոչ վարչապետը։ Բա քաղաքական պատասխանատվություն ասածն ինչի՞ համար է։

Ամենաանթույլատրելին, որ տեղի է ունենում հաճախ բողոքի ցույցերի ժամանակ, մտայնությունն է, թե՝ վարչապետ ջան, դու լավն ես, մենք քեզանից գոհ ենք, բայց ինչ եկել ես պաշտոնի, գործ չունենք, սոված մեռնում ենք, սահմանները փակ է, չենք էլ կարողանում գոնե գնալ-արտագաղթել, պրծնել։ Հասկանո՞ւմ եք ծառայամտության աստիճանը։ Որ գոհ ես, բա էլ ինչի՞ ես եկել կառավարության դիմաց, գնա վայելիր երջանիկ կյանքդ։ Եկել են կառավարության դիմաց ու բողոքում են նախկիններից, հետո ասում, որ նախկինների ժամանակ գործ ունեինք, լավից վատից ապրում էինք, հիմա աշխատանք չկա։ Մարդ չգիտի՝ ինչ ասի։

Մտածում եմ՝ էս մարդիկ կամ հիմար են, կամ մոլորյալ են կամ էլ տակտիկա է՝ մտածում են վարչապետին սիրաշահեն, որպեսզի հանկարծ չնեղանա երեխայի պես ու թքի իրենց խնդիրների վրա։ Հիմա ինքն էլ կարող է, չէ՞, մտածել․ Եթե գոհ եք, բա էլ ինչի՞ եք եկել կառավարության դիմաց, նախկինների ջրաղացի՞ն եք ջուր լցնում։

Բողոքողներն ասում են, որ դափոնով նամակ են գրել վարչապետին, նախագահին, այսինչ նախարարին, շան տեղ դնող չկա, պատասխան չկա։ Չէ, դժգոհ չեմ, վարչապետը չի հասցնում կարդալ նամակները, մենք շատվոր ենք, ինքը՝ մենակ։ Ասեմ իմանաք, որ բոլոր նամակները հասնում են տեղ, չնայած որ վարչապետը ոչ մի նամակ չի կարդում, ինքը ձեր նամակները կարդալու համար լիքը աշխատողներ ունի, որոնց ասում է, ասենք՝ սոցիալական օգնության նամակներն ինձ չտաք, Լիդիանի աշխատողների նամակները չտաք, էն թոշակառուներին մի բան պատասխանեք, ցրե՛ք, գցե՛ք հների վրա։ Քանի՞ հոգի կա, որ վերջին մեկ տարում նամակ է գրել վարչապետին, իր խնդիրն է բարձրաձայնել ու իրեն գոհացնող պատասխան է ստացել։ Կուրթանցի երիտասարդի օրինակը չբերեք կամ Ծիծեռնակաբերդ բարձրացող պապիկի։ Վերջին ամիսներին մեկ դեպք հիշեք, որ ակցիա եք արել, ու վարչապետը իջել է։ Մեկ դեպք։ Զբաղվա՞ծ էր, ոչ։ Նա ուղիղ եթերով հետևում էր ակցիաներին, կարծում եմ, ծիծաղում կամ նյարդայնանում էր ձեզ վրա, իսկ ձեր գնալուց հետո էլ հաշվում էր, թե Ֆեյսբուքում այդ տեսանյութերի տակ ինչ են գրում իր մասին իրական օգտատերերը, ՊՈԱԿ-ի ֆեյքերը, և որինն էր ավելի շատ։

Վարչապետ ջան, նախկինները վատն էին, դու լավն ես, բայց նամակ ենք գրել, մի տարի բանի տեղ չես դնում։ Բա դրա լավը ո՞րն է։ Լավ էդքան ստրկամիտ ե՞րբ դարձաք։

Սխալվելու կամ ավելի ճիշտ՝ խաբված լինելու զգացումը շատ ցավալի բան է։ Բայց այս ամենը նաև վախի մթնոլորտից է գալիս։ Հայաստանում երբեք այսքան խորը վախի մթնոլորտ չի եղել, ինչպես հիմա է։ Մարդը վախենում է, որ հեսա վարչապետը կկատաղի ու իրեն փռել կտա ասֆալտին։ Բողոքի ակցիաները հսկում են բազմաթիվ ոստիկաններ, ու քաղաքացին վախենում է, որ կտուգանեն, բերման կենթարկեն։ Ոստիկանն էլ է, իհարկե, զզվել էս վիճակից, բայց ստիպված կանգնել է, որովհետև ինքն էլ աշխատանք կորցնելու վտանգի տակ է։

Մարդիկ փողոցում մոտենում են, շնորհակալություն հայտնում, որ իրենց խնդիրների մասին խոսում եմ, ու անմիջապես հեռանում են, թե՝ մեկը կտեսնի։ Բա վախը հենց դա է։

Սիրելի թոշակառուներ, մեր տատիկ-պապիկներ, երբ ինձ փողոցում տեսնում ու ասում եք, որ ձեր խնդիրները բարձրաձայնեմ, որ գալիս եք մեր խմբագրություն ու մեզ ողողում ձեր խնդիրներով, միշտ ասում եմ որ մենք չենք ձեր հասցեատերը, այլ այդ մեկ մարդն է, որը ձեզ միլիոն հատ խսոստում է տվել, դարձրել է խոստումների գերի։

Կարճ ասած՝ Իմ միամիտ ժողովուրդ, սթափվիր։ Մի հատ քեզ թափ տուր, պե՞տք է, ի վերջո, հասկանաս, որ քեզ խաբել են, դուք խաբվել եք։ Այս պետությունը կառավարում է մեկ մարդ, ու էդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է և իզուր հույս մի փայփայեք, թե նա ձեզանով հետաքրքրված է․ հասկացեք այդ ամենը, ընդունեք, և հաջորդ անգամ, որ ակցիայի գնաք, դիմեք ուղիղ իրեն, հակառակ դեպքում ձեզ լուսաբանելը կամ այլ կերպ ձեր խնդիրներին անդրադարնալը կլինի անիմաստ, ինչպես մինչ հիմա էր։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ