03 08 2020

«Կարճ ասած»․ Ովքե՞ր և ինչպե՞ս են կեղծում պատմությունը



 

Եթե մանրամասնորեն ուսումնասիրենք, թե ինչից է լավ այսօրվա իշխանությունը, կստացվի, որ ուրիշների արածն իրեն վերագրելուց ու կեղծիքից։ Չեմպիոն են։ Օրինակ՝ նախկին իշխանությունը կնքել է վարկային պայմանագիր և ջրամբար է սկսել սարքել, եկել է Նիկոլ Փաշինյանը, շինարարության տեմպը մեկ տարի դանդաղեցրել է, ուշացումով ավարտին է հասցնում, ու արդեն գովազդ է անում, թե ինքն է սարքել։ Նախկին իշխանության սկսած ճանապարհաշինությունն ինքն է ավարտին հասցնում ու գովազդում է, թե՝ 80-ականներից ի վեր չէր սարքվել։ Դպրոց է կառուցվում 2017 թվականից, Փաշինյանի պատճառով ձգձգվել է կառուցումը, հիմա հասցնում են ավարտին՝ նախատեսվածից ուշ, ու ներկայացնում են որպես իրենց կառուցած։ Կարեն Կարապետյանը Գյումրում հիմնանորոգում էր փողոց, ընդ որում՝ գումար էր դրել նաև իր անձնական միջոցներից։ Նիկոլ Փաշինյանը գնաց կարմիր լենտ կտրելու, ու ոչ մի խոսք այն մասին, թե դա ինչպես կառուցվեց, ո՞վ նախաձեռնեց, ո՞վ փողը տվեց։ Ստացվեց՝ ինքն էր արել ամենը։

Մարդիկ առանց ամաչելու ուրիշների արածն իրենց են վերագրում։ Կեղծիքները շատ են․ օրինակ՝ բացում են տեխնիկայի գործարան կամ բալոնների գործարան, մի 20 լրատվամիջոց հետները տանում-նկարել են տալիս, հետո պարզվում է, որ այդ գործարանների գոյության միակ ապացույցը եղել է կտրած կարմիր լենտը, ո՛չ արտադրանք է տվել, ո՛չ աշխատատեղ բացել․ հարկ վճարելու մասին էլ չասեմ, պարզ է, որ չի էլ եղել։ Բայց Փաշինյանը որպես աշխատատեղ ստեղծող կգրվի իրենց շարադրած պատմության մեջ, չնայած, որ աշխատատեղ է կրճատել, այլ ոչ թե բացել։

Իշխանությունը միայն այս կեղծիքներով չէ, որ զբաղված է․ առավել վտանգավոր բաներ են կատարվում․ մարդիկ պատմություն են կեղծում, վերաշարադրում, սուտ փաստեր մտցնում հայոց պատմության մեջ։

Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է, թե հուլիսյան գործողությունների ամբողջ ընթացքը ղեկավարել ու համակարգել է վարչապետը։

«Չեմ հավատում»-ը չափազանց մեղմ ձևակերպում է այս հայտարարությանը։ Ինչո՞ւ։

Հուլիսի 12-ին սկսվեցին ռազմական գործողությունները։ Փաշինյանը հանգստանում էր՝ շաբաթվա վերջ էր, ընտանեկան վիդեոներն էր ֆեյսբուքում տեղադրում, չնայած որ ողջ ժողովուրդը տագնապած պետության գլուխն էր փնտրում։ Հաջորդ օրը կառավարության արտահերթ նիստ էր բոլորովին ուրիշ առիթով, ու վարչապետն այնքան միամիտ ու անթույլատրելի հարց տվեց պաշտպանության նախարարին, որ անգամ նա զարմացավ։ Հարցրեց՝ կարող ա՞ ադրբեջանցիները մոլորվել էին։ Սա արդեն նշանակում էր, որ նա ոչնչից տեղյակ չէ, նախորդող ժամերին անգամ չի շփվել պաշտպանության նախարարի հետ, անգամ իր այդ պարզունակ ու միամիտ հարցերը տալու առիթ չի եղել։ Այդքանից հետո, միայն հուլիսի 14-ի երեկոյան գնաց ՊՆ, երբ արդեն հանդարտ էր հարաբերականորեն։ Հետո էլ երկու օր գնաց Բելառուս։ Փաշինյանն արդյո՞ք նման է մարդու, որն ընդունակ է ռազմական գործողություն համակարգել, ղեկավարել։ Նիկոլ Փաշինյանը, շեշտեմ, բանակում չի ծառայել, խուսափել է բանակից շատ վատ եղանակով։ Նա մարտական գործողություններից հեռու է իրեն պահել թե՛ 90-ականներին, թե՛ ապրիլյանի ժամանակ, թե՛ տավուշյան միջադեպերի ժամանակ, դրանք փաստեր են։

Գիտե՞ք, անհավատալի էլ է, որ, ասենք, մարտի թեժ պահին պատերազմով անցած մարդկանց ցուցում տա Նիկոլ Փաշինյանն ու ասի՝ էսպես գնացեք, դու աջից մտի, դու ձախից․․․ Վստահաբար՝ նա այդ գլխացավանքի մեջ չի մտել։ Նախ, Արմեն Գրիգորյանին ասեմ, եթե չգիտի, դա սահմանադրության ու օրենքի խախտում էլ կլիներ, եթե Փաշինյանն ինչ-որ հրամաններ տար Զինված ուժերի հրամանատարներին։ Դրա իրավունքն ինքը ո՛չ բարոյական, ո՛չ էլ իրավական առումով չուներ, որովհետև ոչ ռազմական դրության ժամանակ, զինված ուժերին հրաման կարող են տալ Պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը։

Իսկ իրականում ինչո՞վ էր զբաղված վարչապետ Փաշինյանը։ Այդ օրերին Նիկոլ Փաշինյանը ծայրաստիճան զբաղված էր արտակարգ դրության երկարացման հիմնավորումներ փնտրելով, որ հանկարծ ու չհանեն սահմանափակումները, և բողոքի ակցիաներ տեղի չունենան։ Եթե ԱԽ քարտուղարն ասեր, որ այդ պահին Նիկոլ Փաշինյանը զբաղված էր «Հայկական ժամանակում» ընդդիմության մասին անանուն հոդված գրելով, ավելի շուտ կհավատայինք, որովհետև շատ ավելի հնարավոր է։

Բայց այս ամենը չի խանգարում իշխանականներին, որ Նիկոլ Փաշինյանից փորձեն ստանալ հաղթանակած վարչապետի կերպար։ Եթե հավատանք ԱԽ քարտուղարին, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը սրով ու ձիով մտել է կռվի դաշտ, թշնամիներին ասել՝ դե հատ հատ եկեք ստեղ։ Ծիծաղելի է, տղերք, թարկեք։

Բայց մարդիկ կեղծում են պատմությունը, և սա հիմք է, որ մի օր դասագրքերում սուտ պատմություն շարադրեն։ Պատմությունները հենց այսպես են կեղծվում, դրանք արդեն մեր նոր չափորոշիչներն են։ Դասալիքը դասագրքերում կդառնա անհաղթ հերոս քաջ Նիկոլ, որը մի զարկով բազմաթիվ ադրբեջանցի է ջարդել մարտադաշտում։

Ցեղասպանությունը խմբագրվում է արդեն, պատմությունից ժամանակաշրջաններ են հանվում, նորն էլ կգրեն ըստ ճաշակի։ Օրինակ՝ կրթության նախարարը դաշնակցության հետ աչքով աչք չունի, ու չնայած որ պատմագիտության թեկնածու է, կեղծ տվյալներ կշարադրի պատմության մեջ, թե՝ Դաշնակցությունը Անդրանիկին հանձնել է թուրքերին։ Խոսքը չի գնում ջրմուղկոյուղում կամ աղբավայրում աշխատողի մասին՝ ամենայն հարգանքով նրանց աշխատանքի հանդեպ, խոսքը գնում է կրթության և գիտության նախարարի մասին, որը կեղծ փաստեր է ներկայացնում՝ իմանալով որ կեղծիք է, վաղուց բացահայտված կեղծիք։ Ուրեմն ավելի քան վտանգված է նաև մեր կրթությունը։

Թիվ 1 քաղաքական հակառակորդը այսօր նախագահ Քոչարյանն է, ուրեմն պատմության դասագրքերում Մեղրու հանձնման կեղծիքի մասին կգրեն։ Հետո՞ ինչ, որ սուտ է, էս իշխանությունը քանի՞ սուտ է մեջտեղ բերել։ Իրական պատմությունը իրենց չի հետաքրքրում, հակառակորդներն ու քաղաքական շահերն են հետաքրքրում։ Հետո կգա նոր ուժ, այս դասագրեքերը կոչ կանի վառել, որովհետև ծայրահեղ սուտ են, բայց արդեն դրանով թեկուզ մեկ տարի աշակերտներ սովորած կլինեն, ու այդ կեղծիքները դեռ կապրեն, ինչպես որ ապրում են առասպել դարձած շատ ու շատ բազմամյա ստեր։

Կարճ ասած՝ մենք բացի տձև, անկարող, պետության հերն անիծող իշխանությունից, ունենք նաև պատմության կեղծարար իշխանություն։ Պետության պաշտպանության հարցերում պատմությունն արկածախնդրություն չի սիրում, վախկոտություն չի սիրում, դասալիքները չեն կարող բանակ ղեկավարել։ Գեներալ վարկաբեկող վարչապետը չի կարող պատերազմ ղեկավարել ու հաղթել։

Ցավոք, բայց ո՛չ հաղթելը, ո՛չ կառուցելն իրենց խելքին չի հասնում, իրենք եղած կառուցածն են քանդում, հաղթողներին՝ կալանավորում ու գործեր սարքում, նախորդի նախաձեռնածն ու ֆինանսավորածն էլ՝ հպարտորեն վերագրում Նիկոլին։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ