31 07 2020

«Կարճ ասած»․ Ինչո՞ւ ՍԴ անդամի թեկնածուն գնաց քաղաքական կուսակցության գրասենյակ



 

Իշխանությունը լայն թափով սկսել է ՍԴ դատավորների ընտրության գործընթացը։ Բնականաբար, խիստ զարմանալի է, թե ինչպե՞ս կարող է պրոֆեսիոնալը, մասնագիտական ու մարդկային բարձր որակներ ունեցողը համաձայնել առաջադրվել, եթե գիտի, որ իր կոլեգաներին հանել են գործից սահմանադրության և օրենքների ոտնահարմամբ․ սա ինձ համար անհասկանալի է, մանավանդ որ ՍԴ՝ գործից ազատված դատավորները դիմել են Եվրադատարան։ Ընդ որում, սա նաև այդ թեկնածուներին է ազդակ, որ կարող են իրենց էլ ցանկացած պահի նույնկերպ հանել գործից։

Կառավարությունն ընտրել է իր թեկնածուին՝ Վահրամ Ավետիսյան։ Այն ճանապարհը, որով անցնում է այս թեկնածուն դատավոր ընտրվելու համար, կարծում եմ, իր համար այնքան էլ հաճելի չէ, իսկ պետության համար՝ վտանգավոր է։ Ասեմ ինչու։

Հուլիսի 30-ին նրան հանդիպման էին կանչել «Քաղաքացիական պայմանագրի» կուսակցության գրասենյակ։ Ասացին, թե խորհրդարանի «Իմ քայլը» ամբողջ դաշինքի հետ էր հանդիպում․ սակայն ինչո՞ւ էր հանդիպում ՔՊ կուսակցության գրասենյակում։ Դա անմիջապես քաղաքականացրեց ընթացակարգը։

Երեքժամանոց հանդիպման վերաբերյալ ուշագրավ ձևակերպումներ է տալիս դատավորի թեկնածուն․ Իսկ մենք կարող ենք ենթադրել որ, օրինակ՝ Նիկոլ Փաշինյանին ամենահուզող հարցը եղել է, որ հանկարծ Սահմանադրական դատարանը սահմանադրությանը հակասող չճանաչի 300,1 հոդվածը, որով անցնում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Թեկնածուն ասում է, որ իրեն հարցեր են ուղղել մարտի 1-ից ու ինքը հնարավորինս չակերտները բաց հայտնել է իր մոտեցումները։ Բայց լրագրողներին չի ասի, թե ինչ կարծիք է հայտնել, որպեսզի Սահմանադրական Դատարանում քննարկման առարկա չդառնա։ Այսինքն, 88 հոգու ներկայությամբ կարո՞ղ եք կարծիք հայտնել մարտի 1-ի մասին, իսկ այդ նույն տեսակետները մամուլին հայտնել՝ ո՞չ։ Ի՞նչ պատասխան եք տվել մարտի 1-ի թեմայով, և արդյո՞ք բավարարել եք Նիկոլ Փաշինյանի թիմին։ Գուցե հայտնել եք այնպիսի կարծիք, որը կողմնապահ է, քաղաքականացված, ու դուք իրավունք չեք ունենա այլևս մասնակցելու այն գործի քննությանը, որի համար էլ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական դատարանի կազմ փոխեց։

Ինչո՞ւ է կասկածելի այս ամենը․ որովհետև Նիկոլ Փաշինյանը բարձրագույն դատարանի կեսը փոխեց հատուկ մեկ գործի համար, ու վստահաբար կամ գոնե կասկած է առաջանում, որ նա  ընտրում է այնպիսի դատավորների, որոնք հավատաքննություն կանցնեն Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հենց գրասենյակում ու հավատարմության երդում կտան։ Իսկ ի՞նչ է, վաղը, արդեն, իշխանահաճո որոշումները կհաջորդեն մեկը մյուսին, արդեն մնացած բոլո՞ր հարցերում։ Սահմանադրական դատարանը դառնում է սեփական հոլը, որը պետք է պտտվի այնպես, ինչպես պտտելու է Փաշինյանը։ Վաղը կա Արցախի հարց, Ստամբուլյան կոնվենցիա ու այլ հարցեր, հավաքվելու են կուսակցությունում քննարկեն, միգուցե կանչեն որոշ մարդկանց և բարձրաձայնեն իրենց որոշումնե՞րը։

Սկզբում անդրադարձա, և խիստ կարևորում եմ այդ հանդիպման ձևաչափը։ Խոսքը չի գնում որ խորհրդարանականները չպիտի իրենց հետաքրքրող հարցերը տան թեկնածուներին։ Անշուշտ, կարող են և պետք է տան, իրենք հենց դրա համար են, բայց այդ ամենը կարելի է անել հենց ԱԺ նիստում, որը կլինի առաջիկայում, հրապարակային, բոլորիս աչքի առաջ, ու մենք էլ կլսենք, թե ով ինչ հարցրեց, և ամենից կարևորը՝ ինչպես պատասխանեց թեկնածուն։ Այլ ոչ թե կասկածներ ունենանք մութ գործարքների և ստվերային պայմանավորվածության առումով։ Առնվազն, այդ ամենը պետք էր անել, որպեսզի հրապարակային դաշտում գոնե պահվեր թեկնածուի ապաքաղաքականացվածությունը և դատավորի անկաշկանդվածությունը իր հետագա գործունեության առումով։ Իմ կարծիքով, դատավորի թեկնածուն պետք է չգնար ՔՊ կուսակցության գրասենյակ, քանի որ դրանով նա քաղաքականացրեց իրեն ու իր թեկնածությունը։ Սերժ Սարգսյանի օրոք ՍԴ 7 դատավոր է նշանակվել, բայց մի անգամ տեսա՞ք նշանակումից առաջ դատավորի թեկնածուն գնա Հանրապետական կուսակցության գրասենյակ՝ հարցազրույցի։ Հիմա կասեք, բայց չէ՞ որ հենց խորհրդարանական խմբակցության հետ է հանդիպել այլ ոչ՝ կուսակցականների։ Ոչ, այնտեղ 88 հոգին չի որոշում, որոշում է 1 հոգի, ու ընտրվողը մեխանիկորեն պետք է պարտական լինի 1 հոգուն ու միգուցե հետագայում հենց նրա ցանկությունները կատարի։ Իսկ այդ մեկը, մենք գիտենք, չի խորշի և հրապարակայնորեն, եթերում կհնչեցնի իր «ազգափրկիչ» ցանկությունները։

Պետություն, պետականության, պետական ինստիտուտներ – սրանք այս իշխանության համար նշանակություն չունեն։ Անգամ հանդիպումների արարողակարգերն են փոխում, ու լրիվ այլ բան է ստացվում։ Չկա այդպիսի մտածելակերպ։ Ի սկզբանե չկար և այսօր՝ 2 տարի անց։ Ստացվում է, որ նրանք կարող են անել այնպես, ինչպես ուզում են՝ առանց նայելու օրենքին, սահմանադրությանը, կանոնակարգերին։

Բոլոր ոլորտներում է այսպես։ Օրինակ՝ կառավարությունը որոշում է ընդունում, որից հետո նոր սկսում են քննարկել և ծանոթանալ այդ որոշմանը, հետո լրամշակում են, սակայն վաղուց որոշմանը քվեարկել են։

Նույն հուլիսի 30-ին մեկ այլ բան էլ տեղի ունեցավ․ վարչապետը պաշտոնանկ արեց մի փոքր հիմնարկի՝ 10 աշխատողի․ խոսքը Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի մասին է։ Վերցրեց ու գլխատեց, ու ոչ մի պարզաբանում, ոչ մի պատճառաբանություն՝ տենց եմ անում ու վերջ։ Հաղորդագրության մեջ այլ բան՝ պատճառ չբերվեց։ Իսկ պատճառները մնում է կռահել։ Այսքանից հետո հարց է առաջանում՝ ինչո՞ւ է մնում հանձնակատարն ինքը․ որովհետև նա յուրա՞յին է, գնացողները նախկի՞ն են։ Ի՞նչ են արել այդ 10 հոգին, որ չի արել Զարեհ Սինանյանը։ Ի՞նչ սկզբունքով եք առաջնորդվում։ Չէ՞ որ մենք միշտ դժգոհել ենք այդպես վերցնել-կտրել-թափելուց։

Բայց այս ամենը ինչի՞ մասին է խոսում։ Հենց պետական ինստիտուտների անգիտակցելիության մասին։ Այս մարդիկ, ո՛չ նախկինում, ո՛չ հիմա չեն հասկացել, թե պետության մեջ ինչ դեր ունեն ինստիտուտները, կանոնակարգերը, իրենց թվում է որ այդ ամենը անիմաստ ձևականություններ են, ընդամենը պետք է նստել ու երկինք նայելով՝ որոշումներ կայացնել։

Կարճ ասած՝ իրեն թափանցիկ հռչակած իշխանությունը անում է բաներ, որոնք բոլորովին չեն տեղավորվում բանականության մեջ։ Նրանք ամեն օր ընդգծում են Հայաստանի՝ ժողովրդավարությունից հեռացումը։ Սա դառնում է մի խմբակի շահերով առաջնորդվող երկիր, որտեղ բոլոր կառույցներն արդեն մեկ հոգու սեփականություն են։ Համենայն դեպս, նրանք այդպես են ընկալում այս ամենը։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ