ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկ տարվա դադարից հետո տվեց երկար սպասված հարցազրույցը։ Ուսանելի հարցազրույց բոլոր գործիչների համար․ չկար ջղաձգում, չկար լարում, հանգիստ մթնոլորտ։ Անգամ նախանձելի հանգստություն։ Մեկից ավելի տարի ապօրինի կալանքի տակ է պահվել, պետության ղեկավարը թիրախավորել է նախագահ Քոչարյանին, ընտանիքը՝ երկու տարի և ավելի, բայց ոչ մի չարություն, ոչ մի անդրադարձ այդ ճղճիմ գործին, այդ փոքրոգի քայլերին։ Երեկվանից սոցցանցերում հանդիպում եմ՝ «մաստեր կլաս էր» բառակապակցությունը։ Այո, մի տեսակ բոլորն էին կարոտել հանգիստ, կշռադատված, տրմաբանված, գիտելիքով ու իրական ասելիքով հագեցած խոսքի։ Բայց ամենից հետաքրքիրն այն չէր, թե ինչպիսի տոնայնության մեջ էր հարցազրույցը, այլ՝ թե բովանդակային ինչ էր ասում երկրորդ նախագահը։ Ռոբերտ Քոչարյանն ավելի շատ ոչ թե քննադատեց՝ լինելով ընդդիմադիր լիդեր, այլ տվեց պետության կառավարման բանաձևեր։ Իմ կարծիքով, նա ձեռնարկ տվեց իշխանությանը, թե ինչպես վերլուծել, ինչի վրա ուշադրություն դարձնել, ինչպես երկիրը կառավարել։ Խոսեց խորքային խնդիրների մասին, բայց այնքան պարզ բառապաշարով, որ անգամ Նիկոլ Փաշինյանը կհասկանա։
Կարծում եմ՝ ձեզանից շատերն են դիտել այն, բայց կան դրվագներ, որոնց պետք է անդրադառնամ։ Այս օրերին ամենամտահոգիչը հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակն է։ Ինչո՞ւ հասանք այս վիճակին ու ինչի՞ կբերի։ Երկրորդ նախագահը հստակ ներկայացրեց պատճառը․ պատճառը ոչ թե երեկվա, կամ նախորդ ամսվա հայտարարություններն են, այլ՝ ամբողջ երկու տարվա գործելաոճը։ Երկու ծայրահեղ հակադիր տեսակետներ է արտահայտել Փաշինյանը՝ որպես խնդրի կարգավորման հիմք՝ «Արցախը Հայաստան է և վերջ» և՝ «Խնդիրը պետք է լուծվի երեք ժողովուրդների համար ընդունելի տարբերակով»։ Եթե Արցախը Հայաստան է և վերջ, ուրեմն դա արդեն մեկի համար ընդունելի տարբերակ չէ։ Իսկ դիվանագիտորեն, մեզ համար ընդունելի տարբերակը ինքնորոշման իրավունքի հարգումն է։ Երկրորդ նախագահը ցույց է տալիս բանակցային գործընթացում այս իշխանության բոբիկությունը, անգամ Արցախի անկախության հռչակագրին ծանոթ չեն, բանակցություններից բան չեն հասկանում, տանը պահի տակ թերթի խմբագրական է գրում Փաշինյանը, ու դա ներկայացնում որպես բանակցային օրակարգ։ Դա նախ սխալ է, երկրորդը՝ լավ տեղ չի տանի։ Երկրորդ նախագահը շեշտում է՝ պետք է չվախենալ Ալիևից, տուրք չտալ հոխորտանքներին, բայց նաև պետք է հասկանալ, որ Ադրբեջանի նախագահը եթե անգամ կիրթ է, ապա բոլորովին կառուցողական չէ։ Դուք ձեր այդ խառը ելույթներով, պահվածքով պատերազմը հասցրեցիք Հայաստան, Սփյուռք, որտեղ նման խառը վիճակ չի եղել անգամ արցախյան պատերազմի ժամանակ։ Բանակցությունները սկսեցիր իբր քո կետից, հետո տեսար, որ ճիշտը արդեն եղածն էր, ու բոլոր հարցերում էլ, ի վերջո, վերադառնալու ես նախկինների արածին, բայց արդեն ահագին բան կորցրած կլինես ու պետք է սկսես շատ ներքևից։
Այս խառը վիճակում երկիրը կառավարելու, միջազգային հարաբերություններ զարգացնելու համար պարտադիր է ծանոթ լինել միջազգային իրավիճակին, այն հասկանալ և կարողանալ վերլուծել։ Հասկանալ տարածաշրջանում Թուրքիայի պլանները, Ռուսաստանի ազդեցության սահմաններն ու պլանները, Հայաստանում ու առհասարակ՝ տարածաշրջանում այդ բոլորի ազդեցության չափերը, դրական ու բացասական կողմերը։
Նախագահը ուշադրության հրավիրեց, որ կարևոր է հասկանալ, որ այսօր ամբողջ աշխարհը ցանկանում է ազատվել գլոբալիզացիայի թրենդից, իսկ դու քո երկիրը լցնում ես դրա առաջամարտիկներով, քո երկրում իր պաշտոնական թևն ունի Սորոսը, սորոսականությունը, որը աշխարհում ցույց է տվել որ չի աշխատում, և աշխարհը ետ է վերադառնում այդ ուլտրալիբերալ ու գլոբալիստական մոտեցումներից, հետ է գալիս ազգային գաղափարների կողմը։
Երկրորդ նախագահը գնահատականներ տվեց նաև Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը մեկ եթեր է մտնում ու ասում, որ վիճակը կայունանում է, երկու օր հետո ասում է, որ մենք խնդիրներ ունենք։ Մի օր թեստերը քիչ են անում, թվերը լավ են երևում, ասում է՝ ոնցոր հաղթահարում ենք։ Դա նշանակում է որ նա պարզապես վիճակագիր է։ Թվերն է լրացնում ու փոխանցում մեզ։ Չկա պատճառների վերլուծություն, չկա գոնե սեփական փորձի ու սխալների, վերլուծում և գոնե՝ ըստ դրա աշխատանքների կատարում։ Այո, տեղին է հարցը, այդ ինչպե՞ս եղավ, որ մեզ մոտ շատ ավելի վատ է իրավիճակը, քան կորոնավիրուսի դեմ ընդհանրապես չպայքարած Բելառուսում։ Դուք չեք կարողանում կառավարել, ձևը չգիտեք, չեք ընդունում ձեր իսկ սխալները, բայց մեղադրում եք ժողովրդին։ Այսօր կորոնավիրուսի համար եք մեղադրում ժշողովրդին, վաղը տնտեսական ձախողումների համար կմեղադրեք, մյուս օրը՝ պատերազմի ու զոհերի համար, կմեղադրեք՝ թե անկարգապահ եք։ Այնինչ, այդ բոլորը հենց ձեր մեղքով է, տղերք, դուք եք կառավարությունը։ Երկրորդ նախագահը երկիրը կառավարել է 10 տարի․ է՞լ ինչ է պետք խորությամբ ճանաչելու համար ժողովրդին․ նա ճանաչում է ու ասում՝ մեր ժողովուրդն ամենակարգապահներից է, իրեն մի՛ մեղադրիր, քե՛զ մեղադրիր։ Ժողովրդին ամեն քայլի տուգանում եք, բայց մեղադրում, նրա օգնությամբ եկել եք իշխանության ու ձեր ամեն ձախողումների պատճառ եք համարում հենց նրան։ Ու քաղաքացու մոտ, բնականաբար, հարց է առաջանում՝ ես քեզ բերել եմ իշխանության, որ կյանքս լավացնե՞ս, թե ինձ կարգես մեղավոր։ Բայց միայն ժղովուրդը չէ մեղավորը, ամեն ինչն էլ իր հերթին մեղավոր է Նիկոլ Փաշինյանի ձախողումների համար․ տնտեսությունը վատ վիճակում է, մեղավոր են հանում կորոնավիրուսին, բայց Հայաստանի տնտեսությունը վատ վիճակում էր դեռ մինչև կորոնավիրուսի ի հայտ գալը։
Հայաստանի իշխանությունը չի կարողանում իր առաջը դրած և պետության համար կարևոր որևէ խնդիր լուծի, չեք կարող Հայաստանի համար մի խոշոր խնդիր հիմա մատնացույց անել ու ասել՝ սա լուծվել է։ Չկա նման բան։ Ինչո՞ւ, որովհետև բոլոր հարցերում աշխատում է, այսպես ասած՝ «իտոգ» է տալիս մեկ հոգի, ու էդ մեկ հոգին մասնագետ չէ և ո՛չ մի հարցում։ Դու, որպես երկրի ղեկավար, պետք է խնդիրներ առաջադրես ու վերջ, ոնց ուզում են, թող լուծեն դա, դրա համար պաշտոնյաներ և պետական համակարգ կա։ Նիկոլ Փաշինյանը ի՞նչ է անում․ ոչ ոգ չգիտի, ինչ է անում, ինչ է ուզում, հախուռն, տրամադրությամբ, եղանակով և այլ փոփոխական պատճառներով որոշումների արդյունք է այս ամենը, իսկ սխալների վրա կարծես չեն սովորում։ Իրենց կարծիքով՝ ամեն բան փայլուն է։
Կարճ ասած՝ երկրորդ նախագահի հարցազրույցը խորապես ազգային, պետական գործչի խոսք էր։ Նա շատ կարևոր մեսիջներ ուղարկեց ՀՀ ղեկավարությանը, ցույց տվեց, թե ամենակարևոր հարցերը որոնք են ու ինչ պետք է անել այդ ոլորտներում հաջողության հասնելու համար։ Կար սրտացավություն․ չկար բավարարվածություն Հայաստանի ղեկավարների ձախողումների համար։ Չի ասում՝ ես գամ սենց անեմ սահմանին, ճգնաժամերի դեպքում, միջազգային հարաբերություններում, տնտեսության մեջ։ Ոչ, ասում է՝ ճանապարհը սա է, էսպես արա։ Երկրորդ նախագահն անուններ չտվեց։ Բայց հուսամ՝ հասցեատերերը հասկացան, թե ինչ ասաց ու ինչ պետք է անեն։
Ի դեպ, լսեք Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, հետո լսեք Նիկոլ Փաշինյանի որևէ հարցազրույց, որը կհամարեք նրա ամենապրոֆեսիոնալը, համեմատեք, ու կտեսնեք, թե ինչքան պարզունակ են Փաշինյանի մտքերը, ոչ մի խորաթափանց վերլուծություն, տրածաշրջանի խնդիրների իմացության զրոյական մակարդակ, Հայաստանի խնդիրների մասին՝ նույնպես։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը