29 07 2020

«Կարճ ասած»․ Այս լարված վիճակում արձակուրդը փախուստ է․․․



 

Աշխարհի տարբեր երկրներում մեր հայրենակիցները պատերազմի մեջ են ադրբեջանական հրոսակախմբերի դեմ։ Հայերի դեմ են դուրս եկել պետական, քրեական, բիզնեսի կազմակերպվածությամբ։ Մի քանի տեղ շուկաներից են դուրս հանում, որոշ տեղերում ակցիաների ժամանակ սադրում են կամ պարզապես հարձակվում հայերի վրա․ էլ չեմ խոսում տեղեկատվական գրոհի մասին։ Հաճախ ստանում են արժանի հակահարված, բայց շատ հաճախ մենք տեսնում ենք, որ հայերը շատ ավելի զուսպ են։ Ադրբեջանցի փորձագետը հայտարարում է, որ հայերի նկատմամբ անկարգությունները կազմակերպել են Ադրբեջանի հատուկ ծառայությունները։ Ադրբեջանը բոլոր ուժերը՝ քաղաքացիներին, գումարները, սփուռքը, գործարար ու քրեական կապերը, միջազգային կապերը հանել է ոտքի, ու ինքն էլ աջակցում է։ Մեր իշխանությունները ի՞նչ են անում։ Բանակը փայլուն աշխատում է, բա կառավարությո՞ւնը։ Դրսում ապրող հայերը չեն զգում իրենց թիկունքին հայկական պետականության գոյությունը, իշխանության հովանավորությունը, աջակցությունը։

Հայաստանի իշխանությունը չի կատարում իր սահմանադրական պարտավորությունը։ Սահմանադրության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, միջազգային իրավունքի հիման վրա, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո են։ Բացի Հայաստանի քաղաքացիները, նաև գործ ունենք մեծ սփյուռքի հետ։

Ռուսաստանի դաշնությունում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում․ Հայաստանից ամեն տարի բազմաթիվ քաղաքացիներ են գնում ՌԴ աշխատելու։ Մեկ անգամ Նիկոլ Փաշինյանը զանգե՞լ է ՌԴ նախագահին, վարչապետին, ասի, որ անգհանգաստածացած է այդ երկրում Հայաստանի քաղաքացիների կամ այդ երկրի քաղաքացի հայերի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայով։ ՀԱՊԿ անդամ ես, ԵՏՄ անդամ ես, բա քո քաղաքացիներին չկարողանա՞ս պաշտպանել։

ՌԴ նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է անում ու քննարկում է հայ-ադրբեջանական բախումները, զրուցում է Թուրքիայի հետ․ մեր խնդիրները քննարկում են, ու մենք մեջը չկանք, մասնակից չենք։

ԱՄՆ-ում ակցիաներ են, բախումներ են եղել։ Այդ երկրում նույնպես ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում․ փորձե՞լ եք կապեր հաստատել այդ երկրի իշխանության հետ։

Անհատները, քրեական ու քաղաքական, գործարար, մշակութային հեղինակություններն են հարցերը լուծում, պետություն չկա։ Դեսպանատները աշխատում են հայ համայնքի հետ, պետությունների հետ կապերը թույլ են։ Սփյուռքի հանձնակատարը այս ընթացքում արձակուրդ է գնում։ Դա ճի՞շտ է։ Վարչապետի արձակուրդ գնալը ճի՞շտ մոտեցում է։

Քո երկրում չես կարղանում պահել, աշխատանք տալ, գնում են, փախչում են, գոնե դրսում մի բան արա, կապերդ օգտագործիր։ Ա՜, կապեր չունե՞ս ու գոնե ամոթից խուսափելու համար միակ տարբերակը արձակուրդ գնա՞լն է։ Զարմանալի չէ։

Երկու տարվա ընթացքում ոչ մեկի հետ հարաբերություն չես կարգավորել, փչացրել ես, քանդել ես, կլինի երկրի ղեկավար, արտգործնախարար, գործարար համայնք, քաղաքական համայնք, սփյուռքի դերակատար, քաղաքական կուսակցություններ, բարեկամ երկրներ, բոլորի հետ կապերդ խզել ես։

Հայաստանի խորհրդարանը գնաց արձակուրդ, արձակուրդից առաջ իրավիճակի վերբերյալ ոչ մի քաննարկում, ոչ մի հայտարարություն, մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը ու գնացին։ Մեկ էլ կգան գործի, որ ՍԴ անդամ ընտրեն։ Ու վերջ։ Ոչ մի ամուր կապ չեն հաստատել իրենց միջազգային գործընկերների հետ, չեն մերվում։ Չկա իրավիճակի գիտակցումը, հույսը իրոք չգիտեմ, թե ում վրա են դրել։ Ադրբեջանն անգամ մեր հարևան Վրաստանին է փորձում ներքաշել հակամարտության մեջ՝ սուտ լուրեր տարածելով։ Դուք լուռ եք։

Սա՛ է իրավիճակը։ Հենց այնպիսին, ինչպիսին ասացի։

Վաղը ռուսներին եք մեղադրելու, Դաշնակցության սփյուռքի կառույցներին եք մեղադրելու, բայց չի ըդունելու իր մեղավորությունը։

Այնպես չէ, թե իշխանությունը ոչինչ չի անում այս ընթացքում՝ նոր քրեական գործեր երկրի ներսում, բախումներ, ընդդիմադիրների վրա հարձկումներ։ Ներքին խնդիրներ՝ ինչքան ուզեք։

Կարճ ասած՝ Հայաստանի իշխանությանը ոչինչ խելքի չի բերում։

Ներսը պառակտելուց հետո անցել է դուրսը անպաշտպան թողնելուն։ Մենք երկար ժամանակ է՝ ահազանգում ենք, որ Հայաստանի իշխանության այս անընդունակ ու անհասկացող գործելաոճը աղետի է հանգեցնելու։ Երկու տարի խոսում ենք այդ մասին, որովհետև այնքան ակնհայտ է, որ կույր պետք է լինել չտեսնելու համար էս հակապետական գործելաոճը։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ