10 07 2020

«Կարճ ասած»․ Հայաստանում կարող է կրկնվել Ուկրաինայում ու Վրաստանում կատարվածը



ԱՄՆ Պետքարտուղարությունը մտադիր է մասնագետի վարձել, ով կօգնի Հայաստանի կառավարությանը պայքարել կոռուպցիայի դեմ: Այդ խորհրդականը պետք է աջակցի կառավարությանը նոր հակակոռուպցիոն մարմիններ ստեղծելու և դրանց արդյունավետությունը բարձրացնելու հարցում։ Նա նաև պետք է ուսուցանի արդարադատության նախարարությանը, իսկ ԱՄՆ-ն տեխնիկական աջակցություն տա, որպեսզի կոռուպցիայի դեմ բարձր մակարդակով պայքարեն։ Էդ խորհրդականը պետք է ուսումնական ուղևորություններ կազմակերպի, քննիչների համար թրեյնինգներ անի։ Ու այս ամենի համար կֆինանսավորի ԱՄՆ-ն։ Հա, խորհրդականն էլ պետք է անպայման լինի ԱՄՆ քաղաքացի:

Բավականին ուշագրավ հաղորդագրություն է` բավականին կասկածելի ազդակներով, ու այդ մասին մենք տեղեկանում ենք մամուլից։ Արդարադատության նախարարության կարծիքով, արտառոց բան չկա, մանավանդ որ մեկ փորձագետի մասին է խոսքը գնում։ Բայց հավատացեք, որ արտառոց շատ բան կա։ Առնվազն` հարցեր։

Սկսենք նրանից` այդ ինչու՞ է ԱՄՆ պետդեպը իր հաշվին մարդ վարձում ուղարկում մեզ մոտ, մեր հարցերով զբաղվելու համար։ Ո՞րն է իր շահագրգռվածությունը։ Արդյո՞ք չի ուզում ազդեցությունը մեծացնել։ Անշու՛շտ, կասեմ ես։ Ի՞սկ դա ու՞մ է ձեռնտու, մե՞զ, թե իրենց։ Անշու՛շտ` իրենց։ Հակառակ պարագայում, կասեին` մասնագետ չունե՞ք, ինքներդ վարձեք, մենք ի՞նչ կապ ունենք։

Իսկ Խորհրդային Միության նախկին տարածքի երկրները, որոնք ամերիկյան ազդեցության գոտի են դարձել, տեսնում ենք, թե ինչ իրավիճակ է։

Ուկրաինական հեղափոխական իշխանությունն էլ ԱՄՆ-ի խորհրդատվական կարծիքն էր ընդունում, ու արդյունքը եղավ այն, որ ամենրիկյան կողմը բացահայտ թելադրողի դիրքերից էր հանդես գալիս։ Բոլոր հարցերը, անգամ կադրերի նշանակումները թելադրում էր ԱՄՆ-ն։ Բանը հասավ նրան, որ 1 մլրդ դոլարով գլխավոր դատախազ էին աշխատանքից ազատում։ Դա հետո, արդեն, պարզվեց։ Ի վերջո, գաղտնալսված խոսակցություններ կան Ուկրաինայի նախկին ու ԱՄՆ ներկա ղեկավարների միջև։ Նաև խորը հակառուսական տրամադրություններ էին տարածվում Ուկրաինայում։ Ո՞ւմ շահերից էր դա բխում՝ ուկրաինացիների՞, թե՞ ԱՄՆ Պետդեպի։ Այդ ամենով, ի վերջո, հանգեցրին նրան, որ Ուկրաինան զրկվեց իր որոշ տարածքների վերահսկողությունից, Ղրիմը անջատվեց մեկնընդմիշտ, տնտեսությունը տասնյակ տարիներով հետ շպրտվեց, իսկ այսօր աղքատության ճիրաններում են, էլ չեմ ասում որ երկիրը ոչ միայն անկախ չէ, այլ ցանկացած հարց՝ կապված իրենց հետ, խոսվում է առաջին հերթին ամերիկացիների հետ, և ոչ թե իրենց ներսում։ Հետևեք Ուկրաինայի հետ կապված լուրերին, բոլորը քննարկում են Ուկրաինայի թեմաները, տարածքների հարցերը, եվրոպայի լիդերները, Ամերիկայի նախագահը խոսում են Ռուսաստանի նախագահի հետ՝ իրենց հարցերի հետ կապված, բոլորը խոսում են իրենց թեմաներով, բացի իրենցից։ Արդեն պարզ է, չէ՞, ինչ է ներսում կատարվում։

Մյուս երկիրը Վրաստանն է՝ մեր հարևան, եղբայրական երկիրը։ Ամերիկյան օժանդակությամբ այդ երկրում կոռուպցիայի դեմ էին պայքարում, ԱՄՆ թելադրանքով պաշտոնյաների էին նշանակվում։

Շատ վիճելի են այն փոփոխությունները որոնք տեղի ունեցան այդ երկրում, մինչ օրս նախկին հեղափոխական պաշտոնյաները հետախուզման մեջ են՝ սկսած նախկին նախագահից։ Բայց մի քանի կարևորագույն բան հստակ է․ Վրաստանը ևս աշխատում էր որպես տարածաշրջանում հակառուսական մտքի գեներացման կետ։ Դա Վրաստանին տարածքային կորուստ արժեցավ։ Ու վստահ եմ՝ դեռ շատ երկար ժամանակ կպահանջվի այդ խայտառակությունը մարսելու համար։ Վրաստանը դարձավ, աշխարհի համար որպես «ռուսական ագրեսիայի» հարթակ։ Ընդամենը։ Այլ թեմաներով Վրաստանը աշխարհին հետաքրքիր չեղավ, այլևս։ Ցավոք, բայց ինչ եղավ, իրենց խելքից էր։

Ի՞նչ է անելու Հայաստանը մենք է՞լ ենք կադրային հարցերը համաձայնեցնելու ԱՄՆ-ի հետ։ Այդ մա՞րդը պետք է խորհուրդ տա՝ ում նշանակել, որ կոռուպցիա չլինի, ումից ազատվել, ում բերել և այլն։ Որ ի՞նչ, նա՞ ինչ պետք է իմանա, մեր երկրում ո՞րն է կորուպցիոն, ո՞րը ոչ։ Իհարկե, ոչ ոչ դա է նպատակը, ոչ էլ դա իրենց 100 տարի պետք է։

Հայաստան, ինչի՞ համար ես դա անում, հակառուսական նոր կենտրո՞ն է պետք։ Ու՞մ է պետք, մեզ, թե՞ նրանց։ Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ արեց Ռուսաստանի հետ իր հարաբերությունները լարելու համար։ Ու հիմա էլ սա՞։ Երբ խոսքը հասնում է ռուսներին, ասում եք մենք ինքնիշխան ենք, գազի գինը 1000 դրամ ավել կվճարենք, բայց մեր ինքնիշխանությունը․․․սա ի՞նչ է, բա, ամերիկացիներին բերենք, որ մեզ ճիշտ ու սխա՞լ անեն, այդտեղ ինքինշխանության թասիբ չկա՞։

Այդ խորհրդականն աշխատելու է հակակոռուպցիոն կենտրոնի հետ, տիրապետելու է բազմաթիվ գաղտնի փաստաթղթերի։ Ի՞նչ հասանելիություն է ունենալու նա։ Օրինակ, կարո՞ղ են նրա ձեռքի տակով անցնել հայ-ռուսական համագործակցության բոլոր փաստաթղթերը, ՀԱՊԿ, ԵԱՏՄ պայմանագրերը, Արցախի հետ հարցեր՝ կոռուպցիոն բաներ ման գալու պատրվակով։ Սա ոչ միայն, ինքիշխանության հարց է, այլ նաև ազգային անվտանգության։ Արդյո՞ք, մեր ԱԱԾ-ն հետևելու ու վերահսկելու է այդ պաշտոնյային, որը, հիշեցնեմ, պարտադիր պետք է լինի ԱՄՆ քաղաքացի։ Իսկ կարո՞ղ է նրանք նույն պես մամուլից են իմացել որ այդտեսակ հաստիք է բացել մեզ մոտ ԱՄՆ պետդեպը։ Հուսամ՝ ոչ։ Հուսամ՝ կվերահսկեն։

Որ Հայաստանում կոռուպցիան ամենուր է, հատկապես՝ պետական հիմնարկներում, այդ մասին ավելորդ է անգամ հակառակվելը։ Կոռուպցիան կա, և առաջիկայում կանդրադառնամ այս իշխանության օրոք կոռուպցիիայի համար աշխատանքից ազատված կամ քրևեական գործ ունեցող անձանց, նաև նրանց, ում քննչական մարմինները չեն դիպչում, չգիտես ինչու։ Բայց դա հաղթահարելու համար ոչ թե պետդեպից մարդ է պետք, այլ քաղաքական կամք՝ կոռուպցիան հաղթահարելու համար։ Որպեսզի երկրում կոռուպցիան նվազի, պետք է, որ երկրի բարձրագույն մի քանի պաշտոնյաներ չլինեն դրա մեջ։ Ու այդ ժամանակ նրանք կկարողանան պայքարել կոռուպցիայի դեմ։

Ի դեպ, ամերիկյան փողերով կոռուպցիայի դեմ պայքարի մասին մենք իմանում ենք այն օրը, երբ Հայաստանի վարչապետն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում ու քննարկում ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, խոսում, որ Հայաստանը հավերժ կա ու կլինի։

Կարճ ասած՝ շատ վտանգավոր խաղ եք սկսել։ Այդ խաղը փորձել են ուրիշները ու ունեցել են վատ ավարտ։ Ընդ որում, վատ ավարտ է եղել ոչ միայն երկրների, այլև անձամբ երկրի ղեկավարների համար՝ կամ հետո եղել են փախուստի մեջ կամ մեղադրյալի աթոռին։ Մի գնացեք ճանապարհով, որը վերջանում է ձորի հատակին։

 Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ