29 06 2020

«Կարճ ասած»․ Նիկոլ Փաշինյանը հաղորդում տվեց հանցագործության մասին



Այս հաղորդման առաջին թողարկումից սկսած՝ անդրադարձել եմ կորոնավիրուսի դեմ սխալ պայքարին, անդրադարձել եմ նրան, որ Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի դեմ պայքարելու փոխարեն պայքարում է իր երկրի քաղաքացիների դեմ, մեղադրում է նրանց, քրեական գործեր է սարքում, մարդկանց է տուգանում, զուգահեռ զբաղված է քաղաքական հարցեր լուծելով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 26-ին կարևոր խոստովանություն արեց դա նման էր ցուցմունքի․ նա տվեց իր նկատմամբ քրեական գործ բացելու բոլոր հիմքերը, հաղորդում տվեց հանցագործության մասին։ Փաշինյանն ասաց․ «Մինչ վերջին օրերին մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում մի քանի աղմկահարույց քրեական գործերին, քաղաքական իրադարձություններին, և ԱԺ-ում տեղի ունեցող պրոցեսներին, կորոնավիրուսի համաճարակի իմաստով, ցավոք սրտի, նոր հակառեկորդներ ենք սահմանում»։

Վարչապետը ասում է՝ ժողովուրդ, ձեզանից 576-ը մահացել է, ու դեռ շատերը կմահանան, որովհետև մեզ հետաքրքրում եք ոչ թե դուք, այլ Ծառուկյանի գործը, Քոչարյանի գործը, ՍԴ-ն փոխելը, գուցե նաև մաքսանենգ սիգարետը, ադամանդը, գույքահարկը բարձրացնելը, գույք բռնագանձելը ու էլի շատ բաներ։ Դուք՝ սիրելի ժողովուրդ, մեզ համար վերջին տեղում եք, մենք հլա էնքա՜ն հարց ունենք զբաղվելու, ու դրա արանքում ժողովրդին տրամադրելու րոպե չունենք։ Նիկոլ Փաշինյանը հանրությանը մեղադրում էր, որ կորոնվիրուսի դեմ չեն պայքարում, բայց պարզվում է, որ չպայքարողն իրենք են՝ Հայաստանի կառավարությունը․ որովհետև մեր երկրում կառավարությունը մեկ հոգի է, ու այդ մեկ հոգին չի կարող բոլոր հարցերի հետևից ընկնել։

Նիկոլ Փաշինյանը գցել-բռնել է՝ ո՞ր մեկի հետևից գնալ՝ Հրայր Թովմասյանին հանելո՞ւ, թե մարդկանց կյանքեր փրկելու, կշեռքի մի նժարին դրել է ՍԴ նախագահի աթոռը, մյուս նժարին՝ 576 կյանք, ու նժարը թեքվել է իշխանական աթոռի վրա։ Խեղճ ժողովուրդ, դուք էլ հույս էիք կապում։

Հրայր Թովմասյանի գործունեության հետևանքով մարդ չի մահացել, օրենքի, սահմանադրության կոպիտ խախտումով փոխված Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թողխյանի, Հրանտ Նազարյանի ողջ գործունեությունից դեռ զոհ չկա, բայց նրանց դեմ իշխանական ողջ ռեսուրսի պայքարի արդեն ունենք հարյուրավոր զոհեր ու տասնյակ հազարավոր վարակվածներ։ Ու մահաբեր քաղաքականությունը դեռ շարունակվում է։ Գիտե՞ք սարսափելին որն է, որ այդ ճանապարհին Նիկոլ Փաշինյանը զոհեց նաև իր թիմակիցներին․ արդեն շատ է գրվում ու խոսվում այն մասին, որ ԱԺ մի քանի պատգամավոր, իմանալով, որ վարակվել են կորոնավիրուսով, բերման են ենթարկվել ԱԺ նիստին։ Այսօր, արդեն վարակված ու մեկուսացած է 20 պատգամավոր։ Որ մի պատգամավորին զանգահարում եմ հարցազրույցի համար, քխկում-թխկում է, թե՝ թեստ եմ հանձնել։ Էդ ինչպե՞ս միանգամից էդ մարդիկ դարձան կներեք արտահայտությանս՝ անպիտան։ Նրանք իրենց 5-ամյա առաքելությունն արդեն արել են, ՍԴ կազմ են հեռացրել, արդեն պետք չեն Նիկոլին։ Բայց նրանք պետք է քրեական պատասխանատվություն կրեն, ինչպես այն տաքսու վարորդը, որն իմանալով որ վարակված է, մարդկանց էր սպասարկում։

Ի սկզբանե ամեն ինչ սխալ արվեց։ Այս ընթացքում մի քանի զանգ եմ ստացել քաղաքացիներից, որոնք վարակված են կորոնավիրուսով, բայց ստիպված են իրենք իրենց միջոցներով գնել թանկարժեք դեղերը։ Հարյուր միլիոնավոր դրամներ կառավարությունը հատկացրեց 4-5 աստղանի հյուրանոցներում մարդկանց մեկուսացնելու համար, հպարտանում էր դրա համար, բայց հիմա ծանր վիճակում գտնվող վարակվածներն իրենք են դեղը գնում։ Կառավարությունն ասում է՝ քաղաքացի, ես գոյություն չունեմ, գլխիդ ճարը տես։

Պարետը որոշում է կայացնում ռեստորանները բացելու մասին, առողջապահության նախարարն ասում է ռեստորան մի գնացեք։ Դե ուրեմն փակի։ Ինչո՞ւ չեն փակում․ որովհետև եթե փակեն, ուրեմն պետք է իրենք ռեստորաններին գումար վճարեն։ Իսկ այդ դեպքում 40 միլիոն դրամ չեն ունենա, որ սոցապնախարարության պաշտոնյաներին պարգևատրեն։ Դրա համար քաղաքացու վրա են մեղքը գցում, թե ժողովուրդ, դու անգիտակից ես, գնում ես ռեստորան ու վարակվում։ Հետո նայում ես ռեստորան գնացածների ֆոտոն ու տեսնում ես, որ իմքայլական պատգամավորներ են։

Առողջապահության նախարարն ասում է՝ պատրաստ է պատասխանատվություն կրել, եթե հանցակազմ կա իր գործողություններում։ Հանցակազմ, վստահ ենք, կա, ու մի քանի հոգու գործողություններում․ չի կարող 576 մահ լինել, վարչապետը հայտարարի, որ կորոնավիրուսի պայմաններում ուրիշ բանի վրա են կենտրոնացած, ու պատասխանատու չլինել։

Շնորհավորում եմ, պարոն վարչապետ, դուք վերցրեցիք ողջ պետական կառավարման համակարգը, իշխանության բոլոր ճյուղերը։ Դուք հասաք ձեր ուզածին՝ հարյուրավոր մարդկանց կյանքի գնով։

Կարճ ասած՝ ժողովուրդը ամեն գին վճարում է ձեզ 2 տարի առաջ իշխանություն վստահելու համար, այսօր, արդեն, մարդկային կյանքի գին։ Ինչ լինում էր, ասում էիք՝ ԱԺ-ն մերը չէ, դրա համար ամեն ինչ վատ է, ասում էիք Հրայր Թովմասյանը փոխվի, լավ կլինի։ Հիմա ամբողջ իշխանությունը՝ գործադիր, օրենսդիր և դատական, ձերն է, էլ բան չմնաց։ Դե արե՛ք։

 Սևակ Հակոբյան

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ