09 06 2020

«Կարճ ասած»․ Ինչո՞ւ Փաշինյանը հրաժարական չի տալիս



Շունը տիրոջը չի ճանաչում․ այս թևավոր խոսքը, թերևս, կարելի է կիրառել հենց հիմա կառավարությունում կատարվողի վերաբերյալ։ Կատարյալ քաոս՝ մեկ օրում։ Հայաստանում մի շարք պաշտոնանկություններ տեղի ունեցան։

Նիկոլ Փաշինյանը հեռացրեց ուժային ոլորտի երկու ղեկավարներին․ պաշտոնանկ արվեց Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Նախորդ օրը տղայի հարսանիքն էր արել՝ բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ։ Այսինքն՝ մարդը, ենթադրվում է, խախտել էր պարետի սահմանած նորմերը, չնայած որ պարետն ինքն էլ էր իր նորմերը խախտել սրճարանում։ Բայց հետո իմացանք, որ աշխատանքից ազատվել են նաև ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և ոստիկանապետ Արման Սարգսյանը։ Այս երկուսն էլ ընդամենը վերջերս էին նշանակվել այդ պաշտոններին։ Փորձառո՞ւ կադրեր էին։ Ոչ այնքան։ Արման Սարգսյանը հայտնի է հոգեկան անհավասարակշիռ ահաբեկչին առանց ձեռնաշղթաների իր ծառայողական ավտոմեքենայով ուղեկցելով, նրա քթի տակ մտան Գավառի հիվանդանոց և մարդկանց դանակահարեցին, նրա օրոք ոստիկանությունը Կապանում բերման ենթարկվածներին ծեծեց ու պատճառ դարձավ բողոքի ակցիաների։ Այն ժամանակ դեռ կար հրաժարականի պահանջ, բայց պաշտոնանկ չարվեց։ Էդուարդ Մարտիրոսյանի մասին խոսակցություն ընդհանրապես չի եղել, կարող ենք ընդամենը ենթադրել։

Հարցն այն է՝ արդյո՞ք հիմա հենց պահն էր այդ մարդկանցից ազատվելու։ Հանրային պահանջն այլ պաշտոնյաների ազատելու մասով է։ Հայաստանում կորոնավիրուսից մարդ է մահանում տանը, առողջապահության նախարարը հանդես է գալիս ցինիկ պահվածքով, ֆեյսբուքյան էջում քաղաքական հայտարարություններ է անում, ձեռք է առնում սրան-նրան։ Այսօր հենց նրա հեռացման և քրեական գործով ուսումնասիրություն սկսելու պահանջ կա։ Հայաստանը քաղավիացիայի ոլորտում ձախողումներ գրանցեց այն աստիճանի, որ հայկական օդանավերը չեն հայտնվի եվրոպայի երկնքում։ Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարի հրատապ հրաժարականի պահանջը կա։ Ոլորտը տապալել է խայտառակ կերպով։ Այս ձախողված կադրերին մենք տեսնում ենք իրենց պոստերում, և փոխարենը պաշտոնանկ են լինում մարդիկ, որոնց հեռացման կարիքն այս պահին որևէ կերպ դրված չէր։

Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը․ անում է, որ ի՞նչ անի։

Դիտարկենք, թե ովքեր են նշանակվել այսօր պաշտոնի՝ պաշտոնանկություններից անմիջապես հետո։ ԱԱԾ տնօրեն նշանակվեց Արգիշտի Քյարամյանը․ այս երիտասարդն ընդամենը մի քանի օր առաջ ՊՎԾ պետի պաշտոնակատար էր։ Հանկարծ նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ստացավ գնդապետի կոչում ու ժամեր անց՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Ասում են, նա Հատուկ ծառայությունների ու անվտանգության ոլորտից հեռու է այնքան, որքան Փաշինյանը վարչապետությունից, բայց փոխարենը ԱԱԾ-ում պետք է աշխատի որպես Փաշինյանի վստահելի աչքեր ու ականջներ։ Արման Սարգսյանի փոխարեն ոստիկանապետ կաշխատի Նիկոլ Փաշինյանի մանկության ընկերը՝ Վահե Ղազարյանը։ Ականջդ կանչի Նիկոլ Փաշինյան, ասում էր՝ այլևս Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամ-ընկեր սկզբունքով նշանակումներ չեն լինելու։

Եվ այսպես, ի՞նչ կարող ենք եզրակացնել, այս և այլ՝ ոչ պահանջված պաշտոնանկություններից։ Նախորդ շաբաթվա վերջին տեղի ունեցան մի քանի կուսակցական ժողովներ, մասնավորապես` «Հայրենիք», այն է` Արթուր Վանեցյանի կուսակցության հավաքը, «Բարգավաճ Հայաստանը» խորհրդի նիստ անցկացրեց, մամուլը գրեց, որ նախկին վարչապետներն են հանդիպում միմյանց հետ, ՀՅ Դաշնակցությունն է ակտիվ արտահայտվում, հայտարարությամբ հանդես եկավ «Ազգային օրակարգ» կուսակցությունը, նախկին ոստիկանապետը ևս հայտարարություն տարածեց, և բոլորը պահանջում են կառավարության հրաժարականը, այդ թվում՝ վարչապետի՝ երկրի հակամաճարակային պայքարը տապալելու, երկիրը անդունդի, աղետի շեմին հասցնելու համար։ Մի քանի պատգամավոր, այդ թվում՝ թիվ 1 աներձագը, սկսեցին հիշեցումներ անել, թե՝ քրեական գործեր կան։ Փաշինյանը լուռ էր։

Ըստ երևույթին, Փաշինյանը լուրջ դեպրեսիայի մեջ է եղել նախորդ օրերին, զգացել է, որ իշխանությունը կորցնում է, քանի որ միայն քաղաքական դեմքերը չեն, որ պահանջում են, կարծես ժողովուրդն էլ դեմ չէ։ Համենայն դեպս, բացի իշխանականներից ու իրենց սոցցանցային ֆեյքերից, որևէ մեկն այլև չի արտահայտվում ի պաշտպանություն վարչապետի կամ կառավարության, միայն իրենք են իրենց պաշտպանում, այն էլ՝ շանտաժներով։ Կիրակի երեկոյան լուրեր տարածվեցին, որ վարչապետի կառավարական առանձնատների անվտանգությունը մի այլ կերպ է ուժեղացվել։ Ի՞նչն էր պատճառը, կհարցնեք։ Վարչապետը, ըստ էության, մտածել է և եզրակացրել, որ իր դեմ դավադրություն է պատրաստվում, մտածել է, թե ո՞վ կարող է որոշիչ դերակատարում ունենալ, որոշել է միանգամից հեռացնել պաշտոններից։ Դա ոստիկանապետն է, որը, ըստ իր ենթադրության, կարող է չենթարկվել տեղը եկած պահին, նույնը՝ ԱԱԾ տնօրենը և Զինված Ուժերի գլխավոր շտաբի պետը։ Մի տեսակ հավատներս չէր գալիս, որ Արտակ Դավթյանը կարող էր հարսանիք անել ու սեղանի սիրահար վարչապետին չհրավիրեր, չհարցներ։ Զինվորական մարդ է, դա անհնար է։ Ուրեմն՝ ազատման պատճառը հարսանիքը չէր։

Փաշինյանը հասկացել է, որ այլևս չունի ժողովրդական աջակցությունը, այլևս ոչ ոք չի ասում՝ թողեք աշխատեն, քանի որ բոլորը տեսան՝ երբ իրենք «աշխատում են», համաճարակը այնպես է տարածվում, կարծես ոչինչ չի էլ արվել։ Ոտքի հետ էլ Քաղավիացիան են վարի տվել՝ միամիտ դեմքով աղջկա շնորհիվ, Ռուսաստանը գազի գին է բարձրացնում, բոլորը վստահ են՝ Փաշինյանի ինադու։ Սպասվում է տնտեսական կոլապս, գյուղատնտեսական, ֆինանսական, առողջապահականը՝ էլ չասեմ։ Հասկանու՞մ է այս ամենը Փաշինյանը, վստա՛հ եմ՝ այո։ Բայց ամեն բան անում է մի փոքր էլ ձգելու իշխանությունը։ Ինչի՞ համար։ Չէ՞ որ, եթե անգամ 6 ամիս հետո էլ մնա վարչապետ, ի՞նչ է անելու, ինչպե՞ս է լուծելու խնդիրները, ումո՞վ, ինչի՞ հաշվին։ Վաղը-մյուս օրը շատ ավելի դժվար ժամանակներ են սպասվում (ի միջի այլոց` ցանկացած իշխանության համար)։ Պետք է լինելու մասնագիտական ռեսուրսների մոբիլիզացիա, որն ինքը չի կարող ապահովել, պետք է լինելու փող, շա՜տ փող, որը պետությունը, չունի, իսկ իրեն չեն տալիս, տան էլ ի՞նչ պետք ա անի, դրա համար ծրագրեր են պետք, ռեալ ծրագրեր, ոչ թե միայն 100 փաստերի մեջ գրելու ենթակա, որոնք ռեալ կյանքում ոչինչ չեն փոխում։

Կարճ ասած՝ վստահ կարող ենք լինել, նա ևս հասկանում է, թե իր իշխանությանը ինչ է սպասվում, և որ նա չի կարողանալու այսքանի տակից դուրս գալ։ Անհնար է։ Ինչի՞ է սպասում Փաշինյանը, սա՛ է խնդիրը։

 Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ