03 06 2020

«Կարճ ասած»․ Կորոնավիրուսից մահերի համար պետք չէ՞ պահանջել փոխհատուցում



Հայաստանում արդեն կա 229 զոհ, որից 170-ը՝ կորոնավիրուսից, մյուսները, ըստ առողջապահության նախարարության, այլ հիվանդություններից։ Չնայած անհասկանալի է այլ հիվանդություններ ասածը, բայց ինչևէ։ Կորոնավիրուսից առաջին զոհը Հայաստանում գրանցվեց մարտի 25-ին։ Տիկնոջ անունը գիտեինք, բայց չհրապարակեցինք։ Հիմա քննարկում է սկսել՝ անունները հրապարակե՞լ, թե՞ ոչ։ Մի մասը պնդում են, որ ճիշտ է, չէ՞ որ նրանք մարդիկ են, այլ ոչ ընդամենը վիճակագրության էլեմենտ, և պետք է մարդիկ իմանան, թե ով է մահացել։ Մի մասը պնդում է, որ պետք է գաղտնի պահվի, հղում են անում անձնական տվյալների պաշտպանությանը, բարոյականությանը և այլնին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հանձնարարում է ստուգել, թե ով է արտահոսք արել։ Սա կեղծ օրակարգ է, հանրության համար անիմաստ․ արտահոսքը կազմակերպողին կհայտնաբերե՞ն թե ոչ, կպատժե՞ն, թե կգուրգուրեն, իրենց գործն է։ Դա ոչինչ չի տալու ու այդ անիմաստ քննարկումն արվում է, որպեսզի, ի վերջո, շրջանցենք հարցը, թե ո՞վ է մեղավոր ու պատասխանատու այդ կոնկրետ զոհերի համար։

Այստեղ ամենակարևորը հետևյալն է՝ մարդիկ են մահացել, ունեն անուն և ազգանուն, ապրել են այսինչ բնակավայրում, աշխատել են կամ թոշակառու էին։ Արդյո՞ք շփումները շատ են եղել, արդյո՞ք պահպանել են պարետատան սահմանումները, ե՞րբ են բժշկի դիմել, արդյո՞ք ստացել են պատշաճ օգնություն և այլն և այլն։ Հանրությունը, լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան հետազոտելու, եթե պետք է՝ հետաքննելու, արդյո՞ք այդ մարդկանց մահերը վրա չեն հասել, օրինակ՝ հենց պարետատան որոշման հետևանքով կամ Փաշինյանի հորդորի արդյունքում արված գործողությունից, կամ նույն իշխանավորների՝ ժողովրդին արխային անելուց։ Իմ կարծիքով, լավ հետաքննելու դեպքում, դեպքերի մեծ մասով կեզրակացնենք, որ մահացել են իշխանության հանցավոր անփութության արդյունքում, հորդորների, սխալ և ուշացած որոշումների արդյունքում։

Ակնհայտ է, որ եթե ոչ այսօր, ապա վաղը պետք է ձևավորվի հանձնաժողով և քննի՝ ինչպե՞ս եղավ, որ Հայաստանում կարանտին հայտարարվեց այդքան ուշ, ինչպե՞ս եղավ, որ հիմնական սահմանափակումները հանվեցին, երբ վարակակիրների թիվն  արդեն ձգում էր համաշխարհային ռեկորդի, ինչո՞ւ այդքան անմեղ մարդիկ մահացան, ո՞ւմ գործունեությունը կամ անգործությունը բերեց անմեղ մահերի։

Միանգամից ասեմ՝ ինչ պատկեր է սպասվում․ գլխավոր մեղավորը՝ Նիկոլ Փաշինյան՝  այս ամենի գլխավոր պատասխանատուն, պարետ Տիգրան Ավինյան, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյան։ Հետո, արդեն, կարելի է մանրանալ կարգապահությանը չհետևած ոստիկանապետ, մարզպետներ, քաղաքապետեր և այլք։

Բայց մեկ այլ հարց եմ ուզում բարձրացնել․ իսկ ինչո՞ւ չի քննարկվում կորոնավիրուսի արդյունքում մահացածների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու հարցը։ Մարդն իր համար տանը նստած էր, դու բեմ ելար ու հայտարարեցիր, որ կորոնավիրուսը ստից բան է, գրիպի նման վիրուս, կորոնավիրուսը ո՞ւմ շունն ա, արի հրապարակ, միտինգ անելու, կարևոր գործ ունենք՝ Հրայր Թովմասյանին պիտի գործից հանենք։ Քաղաքացին էլ մի կողմից կարդում է աշխարհում տեղի ունեցողը, մյուս նյութով դիտում է իր երկրի վարչապետին, և վստահ լինելով, որ վարչապետը սխալ բան չի ասի, դուրս է գալիս, գնում հանրահավաքի, աշխատանքի, շուկա, հերթ է կանգնում, հազացող ու փռշտացողի հետ շփվում է, իսկ անգամ եթե ջերմություն է ունեցնում, չի էլ դիմում բժշկի, քանի որ մտածում է՝ գրիպի նման բան է։ Դուրս եկավ, որ միմիայն վարչապետի այդ հայտարարություններից, վարակը երկրաչափական պրոգրեսիայով տարածվեց, որին կանգնեցնելը, արդեն, գրեթե անհնար էր։ Այդ մարդը, այդ ընթացքում վարակեց իր ընկերներին, ծանոթներին, տրանսպորտում, խանութում և այլն և այլն ու վերջում՝ մահվան շեմին, դիմեց բժշկի։ Բայց արդեն ուշ էր՝ մահացավ։ Հիմա այդ անմեղ մահացածի ընտանիքի անդամները, նստած մտածում են՝ ինչպե՞ս եղավ, ո՞նց եղավ, բա ո՞վ է պատասխան տալու։ Մի րոպե, պա՛րոն վարչապետ, իսկ արդյո՞ք հենց Դո՛ւ պատասխանատու չես։ Սակայն մինչ մեղավորին պատասխանատվության կանչելը, արդյո՞ք պետք չէ աջակցել, օգնություն տրամադրել, որևէ կերպ փոխհատուցել ձեր արած սխալների համար։

Հիշո՞ւմ եք, ընդամենը վերջերս կառավարությունը փոխհատուցում տվեց մարտի 1-ի զոհերի ու վիրավորների ընտանիքներին։ Ի՞նչ էին արել, դուրս էին եկել փողոց՝ ընտրությունների արդյունքում չընտրված Լևոն Տեր-Պետրոսյանին կարգելու նախագահ։ Նիկոլ Փաշինյանը և այլ թիմակիցներ հրահրեցին, սադրեցին բախումներ, եղան զոհեր։ Սպանողները բացահայտված չեն, պարզ չէ՝ այդ մարդիկ՝ զոհերը և վիրավորները, պետք է որպես տուժո՞ղ մնան պատմության մեջ, թե՞ մեղադրյալ, բայց դու արդեն փոխհատուցել ես։ Իսկ այս դեպքում մենք գործ ունենք իրոք լիովին անմեղ մահերի հետ, մարդիկ մեղավոր չեն որ պետությունը չի ապահովագրել նրանց առողջությունը համաշխարհային համավարակի ժամանակ։

Սա կարևոր հարց է, որ պետք է բարձրաձայնվի։

Կարճ ասած՝ էն, որ ուղիղ եթեր եք մտնում ու ասում՝ «ես եմ պատասխանատուն, բայց դրանից բա՞ն ա փոխվում. դրանից մահացող մարդու համար ավելի թեթև՞ է», ուրեմն հուսով եմ՝ հետագայում, երբ կքննվի ձեր պատճառով վրա եկած մահացությունների քրեական գործը, դատախազները և դատարանը հաշվի կառնեն ձեր՝ մեղքի անկեղծ խոստովանությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ