18 05 2020

«Կարճ ասած». Փաշինյանն ասաց, որ իր վրա հույս դնողները կորած են



Մի անգամ խորհրդարանի ամբիոնից վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրեն շատ են մեղադրում շատ խոսելու և քիչ աշխատելու, մի բանի մասին բազմիցս ու ժամերով խոսելու մեջ և պատասխանեց, թե՝ շատ է խոսում, որովհետև ի սկզբանե խոսքն էր, պիտի խոսի: Մայիսի 16-ի մամուլի ասուլիսն էլ ընդամենը խոսելու պակասը լրացնելու համար էր: Իհարկե, մինչ այդ էլ պակասը չեր նկատվել, սակայն ասուլիսից որևէ օգուտ, հանրության համար կարևոր տեղեկություն, իր ապագայի նկատմամբ ռեալ բան, ցավոք, չկար: Դատարկ տեղը գլուխգովանք, արդարացումներ, մեղադրանքներ․ սա՛ էր։

100 փաստ կարդաց վարչապետը, որի մի կեսը տրված օգնություններն էին, որոնցից շատերն են դժգոհ․ չնչին չափով են, շատերին չեն հասնում, մի մասից էլ հետ են գանձում: Իմ կարծիքով, այդ չափի ու տեսակ օգնություն հատկացնելու համար, վարչապետը ավելի շուտ պետք է նորողություն խնդրեր, այլ ոչ՝ երեսով տար։ Փաստերնում, ինչպես միշտ, կային բաներ, որոնք ծիծաղելի էին, բաներ, որոնց հետ կառավարությունը կապ չունի, բաներ, որոնք դեռ չեն եղել, բաներ, որոնք նախորդներն են արել, իսկ արդյունքը երևում է միայն հիմա: Անգամ բաներ կային, որոնք արժանացել են բողոքի ցույցերի, բայց Փաշինյանը նշում է որպես ձեռքբերում: Օրինակ՝ սպանդանոցները:

Թվարկեմ փաստերից մի քանիսը՝ փորձեք հասկանալ պետության ղեկավարի շուրթերից հնչեցնելու իմաստը՝ զինվորներին շշով ջուր է տրվում, ընձառյուծը վերադարձել է Ենոքավան, ոստիկանության բաժնի և բաժանմունքի պետերի պաշտոններում կանայք են նշանակվել, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ավանդական երթի փոխարեն կազմակերպվեց վիրտուալ «Հիշողության երթ», նվազել են հեղուկ գազի թերալցումները, կորոնավիրուսի 100,000 թեստ ենք բերել (կարծես թե պարտավոր էին լրիվ ինքնահոսի թողնել, բայց մեզ ադալժենի են արել): Ավտոմեքենաս վաճառել եմ, գումարը դրել բանկում: Ի դեպ, բնակարանն էլ է վաճառում, այսինքն՝ կարող է հաջորդ փաստերի մեջ լինել երկիրը լքելու մասին լուրը: Որպես փաստ վարչապետը բերում է այն, որ տիկնոջը տուգանել են: Ի դեպ, սա ամենաաբսուրդներից էր, որովհետև այդ փաստը ոչ թե խոսում է բոլորի հետ հավասար լինելու ձևականության մասին, այլ նրա, որ վարչապետի կինը սովորական օրինազանց է: Փաստերի թվում մնում էր ավելացնել, որ, ասենք, երեկ տիկին Աննան աջաբսանդալ է եփել: Վստահաբար, ոչ ոք չհասկացավ, թե ի՞նչ իմաստ ուներ որպես փաստ նշել վառելիքի գնանկումը, եթե համաշխարհային այդ գործընթացի մեջ Փաշինյանը դեր չունի, անգամ մեքենան է վաճառել ու վառելիքն իրեն պետք չէ: Նույն տրամաբանությամբ, 100 փաստերից մեկն էլ կարող էր լիել այն, որ կորնավիրուսի շնորհիվ Հնդկաստանում օդը մաքրվել է, և բնակիչները տների պատշգամբներից կարողացել են տեսնել Հիմալայան լեռները: Փաշինյանը շատ բաներից խոսեց, անգամ հասցրեց մի քանի անգամ խորովածին անդրադառնալ, մի քանի անեկդոտ պատմեց: Բայց ոչ մի տող արտաքին քաղաքականության մասին, այն դեպքում, երբ օրեր առաջ նշում էր, որ Հայաստանը «Ճ» կլասից ինքը դարձրել է «Ա» կլաս: Իսկ ի՞նչ փաստ բերեր, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արտաքին քաղաքականության մեջ 0 ձեռքբերում է ունեցել, եղածը վայելում են՝ քանդելով: Հավանաբար, Հայաստանի համար կարևոր գործընկեր որոշ եկրների դեսպաններ օգնականներին խնդրել էին ուսումնասիրել ասուլիսը և տեսնել իրենց երկրների վերաբերյալ ազդակները: Ի՞նչ իմանային, որ Հայաստանն արտաքին քաղաքականություն կարծես չունի:

Լավ, էսքա՞ն պարզունակ, էսքա՞ն անիմաստ: Ընդ որում, այդ անիմաստությունը հասկացել էին բոլորը: Վարչապետռի ասուլիսը ցույց տվեց մի շատ կարևոր բան՝ մարդիկ հոգնել են լոլոներից, դա իրենց այլևս չի հետաքրքրում: Տասնապատիկ պակասել էր դիտողների թիվը: Սկզբում ունկնդրում էր 3500 հոգի, հետո իջավ թիվը ու ավարտեց 2000-ով: Սա ամենացածր ցուցանիշն էր Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերների ողջ պատմության մեջ: Ընդ որում, դրա մեծ մասը այն ֆեյքերն էին, որոնք մի քանի ժամ տառապեցին վարչապետի արևին մեռնելով: Մի մասն էլ քննադատողներն էին, թե ինչո՞ւ բանկերը գյուղվարկեր չեն տալիս, ինչո՞ւ են իրենք սոված, օգնություն չեն ստանում, ինչո՞ւ է բյուջե բերած 105 միլիոն դոլարից 108 միլիոնը պարգևավճար տվել, ինչո՞ւ է ճնշում գործադրում դատավորների վրա: Հարցնում էին, թե՝ ի՞նչ է նշանակում «Արցախի հարցը պիտի լուծվի նաև ադրբեջանի ժողովրդի օգտին» արտահայտությունը։ Փաշինյանն ու իր արտգրծնախարարը վերջին շրջանում Արցախի Հանրապետության նախագահի մասին խոսում են հետևյալ ձևակերպմամբ՝ Արցախի ժողովրդի ընտրյալ ներկյացուցիչ: Սա չափազանց վտանգավոր ձևակերպում է, նման կերպ ասում են նաև Ադրբեջանի նախագահն ու եռանախագահները: Փաշինյանն ասաց նաև՝ մի կաշկանդեք, թողեք բանակցեմ: Իսկ նա, գիտենք, բանակցում է փուլային տարբերակով և առանց Արցախի նախագահի։

Նիկոլ Փաշինյանի ասուլիսում, Արցախից բացի ևս մեկ կարևոր ազդակ կար՝ ամեն ինչի պատասխանատվությունն իր ուսերից գցելը: Մեր հարցին, թե ինչո՞ւ չեն աշխատում գործարանները, որոնք խոսք էր տվել բացել, ասաց, որ մեղավորը գործարանատերերն են, թող աշխատեցնեն, ես կարմիր լենտը կտրողն եմ: Առաջ էլ են կարմիր լենտ կտրել ղեկավարները՝ իրենից բազմապատիկ շատ, բայց դրանք շարունակել են աշխատել, իսկ Նիկոլ Փաշինյանը լենտը կտրել ու գնացել է տուն, որպեսզի խորովածին ուշադիր լինի, երեսը չվառի, իսկ մեջը մնա հում:

Կարճ ասած՝ ժողվարչապետը իրոք սպառվել է, նա ուղիղ եթերում ազդարարեց, որ այլևս պետք չէ՝ ոչ իրեն բերողներին, ո՛չ պետությանը, ո՛չ ժողովրդին: Նա այս անգամ անգամ խոսքերով չկարողացավ կերակրել մարդանց, որոնք ամեն պահի սպասում են հացի: Նա ասաց, որ իր վրա այլևս հույս չդնենք:

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ