Առաջին ատյանի դատարանում կարդացվեց որոշում ՀՀ երկրորդ նախագահի համար ներկայացված երեք միջնորդության վերաբերյալ, որոնք, անկասկած, բոլորն էլ, առանձին վերցված, հիմք էին խափանման միջոցի փոփոխության։
Դատավորը կարող էր խափանման միջոցը փոխել պայմանավորված Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակով և համավարակից բխող մտահոգությամբ։ Չէ՞ որ, լուրեր կան, որ ՔԿՀ-ում, որտեղ նախագահը պահվում է, կան կորոնավիրուսով վարակվածներ։ Հայտնի է, որ ռիսկային տարիքում է գտնվում, ընդամենը երեկ վիրահատության է ենթարկվել։ Սա լուրջ հիմք էր կալանքը փոխելու, որովհետև պետությունը չի կարող երաշխավորել չվարակվելը, կամ հետագա բարդությունները։
Որոշումը հրապարակող դատավորը, որը ոչ ծանր առողջական խնդրի պատճառով երկու ամիս արձակուրդում էր, առողջական առավել լուրջ խնդիր ունեցողի վիճակն անտեսում է՝ երևի թե, ինձնից հետո ջրհեղեղ սկզբունքով։ Փաստենք, որ երկրորդ նախագահը կալանավայրում գտնվելու ընթացքում արդեն երեք անգամ վիրահատվել է, այսինքն՝ առնվազն հիմքեր ունենք մտածելու, որ մարդուն դիտմամբ տանում են առողջության վատացման։
Մյուս միջնորդությունը գրավն էր։ Մինչ այս, գրավի կիրառումը մերժել էր նույն դատավորը, քանի որ գումարը պետականացնելու մեխանիզմը ներդրված չէր։ Չնայած նրան, որ դա հեչ դատավորի խնդիրը չէր, այդ կարգավորումը կար, թե՝ ոչ, կարող էր այն ժամանակ էլ կիրառել, ինչպես մնացած դեպքերում են անում։ Բայց հիմա հո ներդրվա՞ծ է, գրավը գործում է որպես առանձին խափանման միջոց, և նախորդիվ հայտնած մտահոգության հիմքերը վերացվել էին։
Երրորդը 4 նախկին վարչապետների միջնորդությունն է անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու։ Մարդիկ նորանկախ Հայաստանի ու Արցախի պատմության տարբեր փուլերում բազմաթիվ պաշտոններ են ունեցել, ունեցել են այնքան վաստակ, որ նրանց վստահվել է երկրի բարձրագույն պաշտոններից մեկը։ Դատավորը նրանց երաշխավորությունը ևս անտեսեց։ Իհարկե՝ աբսուրդ է, երբ այն օրի ենք հասել, որ հա՛մ նախագահ ենք բանտարկում, համ էլ նախկին ու ներկա նախագահներ ենք դատարան բերում, վարչապետներ ու վերջում՝ մերժում։
Եթե մեր երկրում հեղինակություն չեն նախկին ու ներկա նախագահները, վարչապետերը, արվեստի գործիչները, բժիշկները, կաթողիկոսը, բա ո՞վ է հեղինակություն, թիկունքից խփող-թռնող պատգամավո՞րը։ Ո՞վ է էդ հեղինակությունը, ասեք՝ իմանանք։ Իհարկե՝ ամենից աբսուրդն է, որ երկիր փրկած, երկիր զարգացրած, պատերազմ հաղթած, Հայաստանն աշխարհում գլուխը բարձր ներկայացրած մարդուն հա՛մ կալանավորել ես, հա՛մ էլ ասում ես, թե դուրս գալով կխոչընդոտի, կփախչի։ Դուք մարդուն բանտարկել եք առանց փաստերի ու ասում եք՝ չէ, պետք է նստի, ինչու՞։ Նույնն է, որ փողոցից մարդու բերես ասես՝ պետք է նստես, որովհետև ես կասկած ունեմ, որ դու մարդկանց կճնշես։
Որոշումն առնվազն աբսուրդային է։
Ասում են, որ միգուցե դատավորը վախեցել է վեթինգի ենթարկվելուց։ Բայց եթե արդար է, ուրեմն ինչի՞ց է վախենում։ Բայց հենց այս որոշման համար վեթինգ լինելու է, օրերից մի օր։
Կարճ ասած՝ պարզից էլ պարզ է, որ որոշումը իրավականի հետ աղերս չուներ, այն բացառապես քաղաքական է։ Այն էլ այսօր, երբ իշխանությունում խուճապ է, ոտ ու ձեռ ընկած վարկանիշ են մուրում, իսկ այս վիճակում Քոչարյանի վարկանիշը միայն աճում է։ Աճում է, որովհետև պարզ է՝ նախկին նախագահը մեղք չունի։ Փաշինյանի անտաղանդ կառավարչական որակի համեմատ, շահեկանորեն տարբերվում է, ուրեմն համար մեկ մրցակից է, ա՛յ դրա համար էլ բաց չեն թողնում։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը