12 05 2020

«Կարճ ասած»․ Աղքատությունը՝ լավ, հարստությունը՝ վատ․ իշխանության սխալ ցուցիչները



Գործարար Սամվել Ալեքսանյանը նախկինում շատ էր սիրում աղքատ ձևանալ: Մի անգամ՝ հերթական այդ տեսակի արտահայտությունից հետո, թե երեխաներին չի կարողանում պահել, գործարար Խաչիկ Մանուկյանը ձու էր ուղարկել նրանց տուն։ Որպես հումոր, հավանաբար։ Լրագրողներին ասում էր, թե գրպանի փողը կինն է տալիս։ Խասիաթ էր։ Օրերս ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը ոչ պակաս ողբալի տոնով իրեն ծայրահեղ աղքատ հռչակեց խորհրդարանի ամբիոնից, թե՝ «Ես էսօր սեփական մեքենա չունեմ, որ գնամ-գամ: Ես տենց եմ ապրել, ես սոված․․․»։ Մի խոսքով․․․ Աղքատության քարոզ։

Նախ էնպես չէ, թե Սասուն Միքայելյանը ոչինչ չունի: Բայց ժամանակակից այդ լացի ձևին անդրադառնանք այլ տեսանկյուններից, քանի որ խնդիրը այստեղ անձերը չեն, այլ երևույթը:

Եթե 63 տարեկան տղամարդը, առավել ևս՝ իշխանավորը, որի գլխով շատ բաներ են անցել, վեր է կենում ու հայտարարում՝ ես ոչնչի չեմ հասել, ես ոչինչ չունեմ, ես՝ քաղաքացիս, դրանից պետք է ուրախանա՞մ, տխրե՞մ, թե՞ ընկնեմ տագնապի մեջ: Շատ մարդիկ կան, որ վարձով տան մեջ են ապրում, չունեն ավտոմեքենա, չունեն նորմալ գույք, բայց նրանք դրանով չեն հպարտանում, թե՝ տեսեք ես այնքան ազնիվ եմ, որ ոչինչ չունեմ: Կներեք, դա ազնվություն ցուցիչ չէ: Նա, որ պաշտոնյա է, պատգամավոր ու ոչինչ չի ստեղծել, կյանքի ընթացքում ոչինչի չի հասել, ընտանիքը չի կարողացել ապահովել անհրաժեշտ հարմարավետության պայմաններով, իմ պատկերացմամբ, չի կարող պետությունը բարեփոխել, քաղաքացու համար առավել բարեկեցիկ դարձնել։

Երբ պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնյան ի ցույց է դնում իր ոչինչ չունենալը ու հպարտանում, թե տեսեք ինչ մաքուր մարդ եմ ես, ես այլ բան եմ մտածում, որ ավելի շուտ եկել է այդ պակասը լրացնելու։ Պետության հաշվին։

Նույնը կարող ենք ասել կառավարության անդամի մասով․ եթե ոչինչ չունես ու եկել ես պաշտոնի գործադիրում, ուրեմն նշանակում է դու վատ կառավարիչ ես, վատ մենեջեր ես, վատ աշխատող ես, առնվազն անհաջողակ ես ու քո աշխատանքի արդյունքում ոչինչ չեմ ունենալու նաև ես: Ես ձեզ ընտրել եմ ոչ թե ձեզ համար, այլ երկրի և քաղաքացու բարեկեցությունն ու անվտանգությունն ապահովելու համար:

Ասում է՝ ես արդար եմ ապրել մեքենա չունեմ: Մեր երկրում մեկ միլիոն ավտոմեքենա կա ու այդքան ավտոեքենայի տեր: Այսինքն, ով մեքենա ունի, հանցագո՞րծ է: Լավ էլի, պարոն Միքայելյան։ Սա՞ ինչ մոտեցում է: Դե մի հատ էլ նոր կետ ավելացրեք այդ ապօրինի գույքի վերադարձի մասին տխրահռչակ օրենքում և բոլոր մեքենա ունեցողներին նշանակենք էն գլխից հանցագործ:

Բնականաբար, այստեղ խնդիրն այլ է: Այս մարդիկ իշխանության եկան խոստումներով, որ բոլորիս համար այլևս լավ է լինելու, սկսելու ենք լավ ապրել, Հայաստան կգան մեր հայրենակիցները՝ իրենց փողերով, ինքնաթիռները չեն հասցնի տեղափոխել Հայաստան եկող ներդրողներին, աշխատատեղեր կբացեն, տնտեսական հեղափոխություն կլինի։ Հետո պարզվեց որ աշխատելու փոխարեն, այլ բան են մտածել, վերցնելու են բոլոր ունևորներից գումարները, տներն ու կարողությունները, որովհետև նրանք ի սկզբանե թալանչի են և կբաժանեն աղքատներին: Չէ՝ էս մարդիկ Թումանյանի հեքիաթի հերոսն են ընդամենը: Սփյուռքահայերը կապած ճամպրուկները շատ արագ բացեցին ու իրերը հետ կախեցին պահարաններում, բնականաբար՝ ներդրումներ չեկան, հայտարարած գողացված փողերն էլ կամ չկային, կամ էլ գնացին ու լռվեցին-մնացին իշխանական-կառավարական դաչաներում: Ու դարձյալ սկսեց արդարացումների շարքը։

Իրենց խոստումներն անտեր թողնելուց հետո սկսել են խղճահարություն առաջացնել, թե՝ տեսեք, ժողովուրդ, ջան, մենք էլ ոչինչ չունենք, մենք էլ ենք աղքատ: Այսօրվա իշխանության ամենաբացասական, աններելի քայլը, որ կատարել են, եղել է տարիներ շարունակ աղքատության խրախուսումն ու քարոզը։ Հայտարարել, որ աղքատ լինելը ազնվության խորհրդանիշ է, հարուստ լինելը՝ թալանչու, մարդիկ ենթագիտակցորեն սկսում են ատել հարուստին, ու իր անհաջողության համար մեղադրում ու թիրախավորում հարուստին: Հիշում ե՞ք, Փաշինյանը ասում էր որ աղքատությունը իր գլխում հաղթահարել է, բաց ամեն ինչ անում է, որ քաղաքացին ոչ մի դեպքում դա չանի, որովհետև հեշտ է աղքատին 2000 դրամ թոշակ բարձրացնելով, 5000 դրամ հոսանքի 50 տոկոսը վճարելով կախման մեջ դնել ու արժանանալ օրհնանքի: Ու դու, խաբված ժողովուրդ, չես պահանջում ավելին, չես պահանջում հատ առ հատ խոստումների կատարում։ Իսկ նրանք պետական կամ այլ ունեցվածքը վայելում են դաչաներում՝ մշտական խնջույքի սեղանների շուրջ, որն ավարտվում է տուրուդմբոցով, բայց հաջորդ օրը էլի հավաքվում են, իրենք իրենց գովում ու կենացը խմում։

Կարճ ասած՝ Ժողովուրդ ջան, տուն, մեքենա, բանկում փող, կամ բիզնես ունենալը, ոչ մի կերպ չի նշանակում թալանչի լինել, իսկ աղքատ լինել դեռ չի նշանակում լինել ազնիվ։ Իսկ իշխանական քարոզիչներին խորհուրդ՝ ժողովրդին քարոզեք բարեկեցություն, այլ ոչ թշվառություն ու կեղծ ազնվություն։ Իսկ ժողովուրդը կարող է ապրել բարեկեցիք, եթե կատարեք իր մասին ձեր բոլոր նախընտրական խոստումները։ Դուք դրանցից և ժողովրդից շա՜տ եք հեռացել։

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ