07 05 2020

«Կարճ ասած»․ «Սերժի վախտի» և «Նիկոլի վախտի» մի քանի տարբերության մասին



Մեր երկրում, փաստորեն, աշխատանքից կարող ես ազատվել ոչ միայն այն պատճառով, որ տնտեսական ճգնաժամ է, այլև նրա համար, որ, ասենք, որևէ կապ ունես ընդդիմադիր հայացքներ ունեցող գործչի հետ: Հենց այդպես: Ոստիկանության սպա է աշխատանքից ազատվել՝ «ՎԵՏՕ» հասարակական շարժման ղեկավար, ոստիկանության պետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանին ծննդյան առթիվ ֆեյսբուքով շնորհավորելու համար։ Կասեք՝ աբսուրդ է: Համաձայն եմ, բայց դա միակ աբսուրդը չէ: Տարեսկզբին աշխատանքից ազատվել էր Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ենթակայութան տակ գտնվող  «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ի ղեկավար Մկրտիչ Ջալալյանը՝ «Վերնատան» տեսանյութը լայքելու համար։ 

Անդորրայում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Արա Բաղդասարյանն աշխատանքից հեռացվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ լուսանկարվելու համար: Կարծես մարդկությունը վերացել է, չպետք է լինի ընկեր-բարեկամ հասկացություն: Ընկերոջդ մեղադրում են, ուրեմն դու տեղ չպետք է ունենաս: Այս երկու տարվա ընթացքում հարյուրավոր մարդիկ են աշխատանքից ազատվել տանը ընդդիմադիր անդամ ունենալու, նախկին իշխանությունների հետ կապ ունենալու, նրանց հետ աշխատած լինելու պատճառաբանությամբ: Աշխատանքում պրոֆեսիոնալ են, բայց դա էական չէ, թող անգրագետ լինի, քայլած լինի, մերը լինի: 

Պատկերացնո՞ւմ եք: Սա կատարվում է երկրում, որում ամենօրյա կտրվածքով հայտարարում են, թե սիրո ու հանդուրժողականության հեղափոխություն ենք արել: Ու այս ֆոնին հանկարծ մարդիկ են ելնում ու ասում՝ Սերժի ժամանակ կարո՞ղ էր մեկը խոսել, գլխից կխփեին: Կամ էլ, թե՝ էն ժամանակ կարո՞ղ էիր ընդդիմադիր լինել, դու կամ հարազատներդ աշխատանք չէին ունենա:

Բայց, փառք Աստծո, Սերժի ժամանակը դարեր առաջ չէր, ընդամենը երկու տարի առաջ էր, դեռևս հիշողությունը լիովին չի մթագնել, ու հնարավոր է հետ գնալ-հիշել, որ էն ժամանակ լավ էլ կարող էիր հա՛մ ընդդիմադիր լինել, հա՛մ աշխատատանք ունենալ պետական ապարատում՝ ի հակառակ այսօրվա: Ընդ որում՝ բավականին բարձր պաշտոն:

Կենտրոնական բանկի նորընտիր նախագահ Մարտին Գալստյան. 2008-ի հետընտրական գործընթացների ժամանակ ԿԲ վիճակագրության վարչության պետ էր, աշխատանքային օրվա ավարտից հետո մասնակցում էր հակաիշխանական հանրահավաքի, այնքան ակտիվ, որ անգամ մարտի 1-ին վիրավորվել էր, վիրակապով էր գնում աշխատանքի: Ասում են՝ նրա պաշտոնանկության հարցը Տիգրան Սարգսյանը կտրուկ փակել էր՝ ասելով՝ ի՞նչ կապ ունեն քաղաքական հայացքները մասնագիտական աշխատանքի հետ: Դե հիմա սա համեմատեք մի լայքի համար աշխատանքից ազատելու հետ: Էն ժամանակ շատ վատ բարքեր կային, էն ժամանակ էլ հիմնականում յուրայիններն էին աշխատանք ստանում, բայց դժգոհող ու քննադատողներն էլ պետական համակարգում քիչ չէին, էն ժամանակ էլ ընդդիմության նկատմամբ լավ վերաբերմունք չկար: Բայց այս աստիճանի չէր:

Հեռու չգնամ, Նիկոլ Փաշինյանն ու իր թերթը ընդդիմադիր խաղեր էին տալիս, հակաիշխանական նյութեր գրում: Ես էլ ընդդիմադիր թերթում էի աշխատում, հետո՝ կայքում: Մենք տեղեկություն էինք ստանում, որ մեր թերթը ցուցատախտակի վրա չեն դնում, պահում են ամենատակը, ընթերցողին ասում, թե վաճառվել է, իսկ շաբաթվա վերջում ունենում էինք հետվերադարձի հսկայական թիվ: Փաշինյանի՝ անկաշառ ու մաքուր մեր Փաշինյանի թերթի ողջ խմբաքանակը էն գլխից գնում էին՝ անկախ նրանից՝ ընթերցողը դա կգնի թե՞, ոչ: Նույն Փաշինյանն իր այդ թերթով կարողացել է իր համար գնել տուն, մեքենա, փառք Աստծո ընտանիք և երեխաներ պահել-մեծացրել, կրթել: Եվ պատկերացնո՞ւմ եք, այդ ամենը՝ Քոչարյանի և Սերժի ժամանակ: Իր թերթի գործունեությունն ոչ միայն չի կասեցվել, փակվել, այլ միմիայն զարգացել է և դարձել եկամտաբեր բիզնես: Նիկոլ Փաշինյանը ընդամենը 3,5 ամիս էր վարչապետ, երբ իրավապահ համակարգի դեսանտները եկան մեր խմբագրություն խուզարկության և առգրավումներ արեցին. ամիսներ տևեց, մինչ կարողացանք ետ վերադարձնել առգրավվածը: 

Շարունակեմ նույն մարդու թեման. մարդը կարողնում է հրահրել բախումներ ոստիկանության հետ, հետո փախչել ու թաքնվել, հետո գալ՝ երաշխիք ստանալով, որ քիչ կնստի, մի տարի անց համաներվել, կրկնակի մասնակցել ԱԺ ընտրություններին ու դառնալ պատգամավոր: Իսկ այսօր՝ մեկ այլ մարդ, որը չի փախել, եկել է, բավական չէ, որ շինծու մեղադրանք եք առաջադրել, երկու ամիս է՝ դատական նիստ չեք անում, խափանման միջոցի հարց չեք քննարկում, զանգում-ասում եք՝ սրան նստացրեք, նրան ստորագրությամբ բաց թողեք, էս արեք, էն արեք: Ու դեռ մարդիկ կան, որ ասում են՝ մի բան չի, բայց դե նրանց նման էլ չի: Այսինքն, հիմա լա՞վ է: Այդ մարդկանց սրսկել եք, թե նախկինների Հայաստանը  դժոխային պետություն էր, մարդկանց ծեծում, փողոցներում սպանում էին, կեղեքում ու նվաստացնում էին, աշխատանք ունեին միայն հանրապետականները, բիզնեսը մենակ Սաշիկինն էր, իսկ այսօրվանը՝ ժողովարդավարության բաստիոն, Նիկոլը բոլորին սիրում է… 

Սիրում է, դրա համար մարդկանց հանում-շպրտում եք դուրս ընդամենը Նիկոլի վրա հումորային հոլովակ սարքելու համար, շա՜տ է սիրում, դրա համար օրը ցերեկով Գավառում մարդիկ իրար են մորթում, այգում իրար քիթ ու մռութ են ջարդում, իր նախկին գործկերների խմբագրությունների վրա ձվեր են շպրտում, ֆեյքերն են հայհոյում, խուզարկում ու գաղտնալսում են, գործեր են հարուցում: Այդ ամենն է՞լ է շատ սիրուց: Ինչ-որ չեմ հիշում, որ Սերժի ժամանակ լրագրողն ու խմբագիրն այսքան նվաստացումներ զգացած լինեին, այդ թվում՝ հենց ինքը Փաշինյանը: 

Սերժի վախտ, ասում եք, կարո՞ղ էր մարդ լիներ ընդդիմադիր ու գործ ունենար: Որ մի պատգամավորին, նախարարին հարցնում եք աշխատավարձի մեծությունից, ասում է՝ ես իմ յոթանիշ թվով աշխատավարձը թողել-եկել եմ նախարարի, քաղաքապետի, պատգամավորի չնչին աշխատավարձով աշխատում եմ: Մի հարցնող լինի, էդ միլիոնանոց գործը ո՞ւմ ժամանակ ուներ: Կարող է՞, պատահաբար, Սերժի ժամանակ էր: Եվ հիմա էդ լոլոներն ինչի՞ համար են: Էդ ո՞նց եղավ, որ էն ժամանակ դուք ընդդիմություն էիք, ճնշում և կեղեքում էին, բայց լավ վաստակում էիք, լավ ապրում էիք, ոչ մեկն էլ քեֆներիդ չէր կպնում: Չէ, լավ է, որ այդպես էր, բա հիմա դուք ինչո՞ւ եք ուրիշներին պիտակներ կպցնում ու նվաստացնում: Այսօր Հայաստանում կարո՞ղ է լինել ընդիմադիր հայացքներ ունեցող պետական աշխատող  նիկոլապաշտ ղեկավարի մոտ: Անհնար է, միանգամից կհեռացնեն: Իսկ դուք եկել-ասում եք, թե՝ ժողովրդավարություն, սեր, հանդուրժողականություն: Աբսուրդ է այս ամենը, նույնքան աբսուրդ, որքան այդ իշխանության գոյությունն է: Որպես թե՛ նախկինում, թե՛ հիմա ընդդիմադիր կայք խմբագրած մարդ, պնդում եմ, որ առաջ վատ էր, բայց դեռ նախկին իշխանության ներկայցուցիչները շատ հաց ու պանիր պետք է ուտեն դաժանությամբ սրանց կեսի չափ լինելու համար:

Կարճ ասած՝ Ամեն անգամ՝ բա առաջ, բա Սերժի վախտ ասելիս մի հատ հիշեք, թե դուք ովքեր էիք էդ ժամանակ, ինչ էիք անում, և եթե վերլուծելուց հետո հասկանաք, որ իրոք բարոյական իրավունք ունեք խոսելու, կամ քննադատելու, էդ ժամանակ նոր խոսեք: 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ