Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանը համընկավ Հայաստանում կրկեսի նոր շենքի կառուցմանը, բայց կրկեսի բացակայությունն այդպես էլ չզգացվեց, պակասն ամենօրյա ռեժիմով լրացնում են Ազգային ժողովը, կառավարությունը, դատարաններն ու Փաշինյանի ֆեյսբուքյան էջը: Ապրիլի 30-ին հերթական ներկայացումների շարքն էր: Մեզ՝ քաղաքացիներիս թվում է, թե մեր խնդիրների լուծման վրա աշխատում է մի մեծ թիմ, որը շռայլորեն վարձատրվում է ու գործ անում: Բայց չարաչար սխալվել ենք: Պետք է կառավարությունը՝ սոցապնախարարությունը՝ ՀԷՑ-ի և Գազպրոմի հետ համագործակցեր, պարզեր հոսանքի ու գազի վարձը չմուծած քաղաքացիների խնդիրները, պարտավորությունները չկատարելու դեպքում էլ հրատապ լուծման ծրագիր ներկայացվեր: Բայց պետական համակարգը մատնվել է անգործության, Փաշինյանն իրեն դրել է գազի ու լույսի տեսուչի տեղը ու վերցրել այն մարդկանց համարները, որոնք չեն վճարել կոմունալները և այժմ չունեն լույս ու գազ: Հիշում ենք, նրանց նույն կառավարությունը և վարչապետը խոստացել էին, որ չի անջատվի իրենց լույսն ու գազը, բայց կեսից փոշմանեց: Հիմա վարչապետը զանգում է տներն ու ժպիտը երեսին հարցնում՝ ո՞նց եք ձեզ զգում, որ հոսանքն անջատել ենք, հեղափոխությունից չե՞ք հիասթափվել: Իսկական ձեռքառնոցի:
Մեր պետության ղեկավարը մեկ օրվա մեջ միայն հոսանքը մուծելու թեմայով երեք լայվ է մտնում՝ աշխատանքային ժամերին ու ասում բաներ, որոնք առանց դրա էլ պարզ էին:
Ի՞նչ իմաստ ունի զանգել քաղաքացուն ու հարցնել, ինչպե՞ս եք ապրում առանց հոսանքի, եթե չվճարելն արդեն իսկ վկայում է ապրուստի մասին: Ախր, անմտությունն էլ պետք է սահման ունենա: Ընդամենը երկու օր առաջ ոստիկանությունը կառավարության դիմացից բերման էր ենթարկում մարդկանց, որոնք հոսանքի անջատման դեմ բողոքի ակցիա էին անում, քանի որ արտակարգ դրության առաջին իսկ ամսվա վերջից հայտնվել են խավարում: Հիմա էս ի՞նչ շոու եք սարքել: Հոսանքը անջատած մթության մեջ խարխափող մարդուն զանգում հարցնում են, թե ինչ խնդիր ունի՞: Ժողովուրդ, լավ չե՞ք:
Ինչպե՞ս կարելի է պետական բոլոր ինստիտուտները արհամարհել ու երեկոյան, գինով համեղ ընթրիքից հետո, պետության կողմից պահվող շքեղ առանձնատանը նստած՝ մարդ ու կին միասին որոշում կայացնել, որով պետք է ժողովուրդը շարժվի՞: Քեֆներն էլ լավ, փոքրիկ Արփին էլ ներգրավելով հարցի լուծման մեջ: Սա պետությո՞ւն է, թե ընտանեկան կապալ:
Ասացին, խոսեցին, խնդացին, լայվ արեցին իսկ հոսանքի և գազի անջատումների հարցը մնաց, ընդամենը մարդ ու կին կրկնեցին Լևոն Տեր-Պետրոսյանի 90-ականներին տված խորհուրդը՝ ապրեք հարևանի հաշվին: Կառավարությունը երկու ամիս շարունակ չի կարողանում հայտնաբերել, թե մեր երկրում ովքեր են աղքա՞տ։
Բայց պետք չէ զարմանալ, Այսպես էլ պետք է լիներ: Մարդ, ով տարիներ շարունակ բարձրաձայնել է քաղաքացիների խնդիրների մասին ոչ թե դրանք լուծելու համար, այլ՝ սեփական վարկանիշն ապահովելու, այժմ շարունակում է նույն բանն անել, արդեն՝ պետության բարձր պաշտոնում, բայց որը դառնում է իսկական ձեռքառնոցի, և ո՛չ էժան պոպուլիզմ, ինչը կլիներ ընդդիմադիր պատգամավորի դեպքում:
Հարգելի քաղաքացի, հերթական անգամ համոզվեցիք, որ դուք խաբվել եք, դուք իզուր էիք մտածում, թե այնտեղ նստած մարդիկ կան, որոնք մտածում են ձեր մասին: Ոչ, նրանք այլ բան չեն մտածում, քան՝ ինչպես մի փոքր էլ երկարեցնեն իրենց իշխանությունում մնալը, իսկ եթե քաղաքացու համար թեկուզ չնչին բան անում են, ապա այնպիսի ձևով, որ տժվժիկի պես անընդհատ երեսով ու եթեր տան։
Կարճ ասած՝ որոշումները կայացնում են մարդ ու կին, գումարած՝ Արփին, և դա անում են «գլխում մի միտք ծագեց» տարբերակով:
Չէ, «Էյնշտեն», քեզանից պողոս-պետրոս դուրս չի գա: Իրերդ հավաքիր:
Չնայած գուցե Պողոս, ամեն դեպքում, դուրս գա:
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը