Տեղի ունեցավ ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի թերևս ամենասպասված նիստը. hարցուպատասխանին մասնակցեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս հանձնաժողովի ձևավորման իմաստը, թվում է, հենց սրա մեջ էր՝ ԱԺ-ում իրենց դիմաց նստած տեսնել Սերժ Սարգսյանին՝ իրենց հարցերին պատասխանելիս:
Նախ կարճ անդրադառնամ, թե ինչ մթնոլորտում ձևավորվեց այս հանձնաժողովը: Քառօրյա պատերազմի ավարտից ի վեր բազմաթիվ անգամներ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, թե մենք պարտվել ենք և փորձում էր մեղքը բարդել բանակի ղեկավարության վրա: Անգամ երբ եկավ իշխանության, խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավում նույն ելույթներն էին՝ թույնով լեցուն՝ ժողովուրդ, մենք պարտվել ենք, որովհետև գողացել են, թալանել են, կեղեքել են, վառելիք չկար, զենք չկար... Ու այս հարցը որքան հնարավոր էր, շահարկվեց քարոզարշավի ժամանակ:
Եվ դատարանների ելումուտը շրջափակելուն նվիրված նիստի ժամանակ էլ, խոսելով Արցախում ինչ-որ դավադրության մասին, հընթացս հանձնարարեց ստեղծել ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողով, որը պետք է ապացուցեր մինչ այս իր ունեցած ելույթների ճշմարտացիությունը:
Հանձնաժողովը ձևավորվեց, աշխատեց կես տարի, չգտավ քիչ թե շատ զեկույց կազմելու արժանի բան, ևս կես տարով երկարաձգեց գոյությունը: 100 ժամ ձայնագրություն ունեն նախորդ նիստերից, և օդում կախված տեղեկություններ կան, որ դրանցից և ոչ մի ժամը չի տվել այն արդյունքը, որին սպասում էր հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու հանձնաժողովի ձևավորման պատվեր իջեցնողը: Իսկ ի՞նչ էր սպասում իշխանությունը՝ աննախադեպ, աղաղակող փաստեր ապրիլյան պատերազմից, որպեսզի Նիկոլ Փաշինյանը մի քանի ամիս ամենօրյա ռեժիմով ուղիղ եթերում նախորդներին քննադատելու հնարավոություն ունենար: Թե եթե անգամ այդպես լիներ, ի՞նչ բացասական հետևանքների կբերի այդ ամենը, դրա մասին ոչ ոք չմտածեց: Ընդ որում, ո՛չ այն ժամանակ, ո՛չ հիմա. Պատվիրե՞լ է ուրեմն գիտի ինչ է ասում: Ինչևէ:
Ի սկզբանե մերժումի համար ստեղծված հանձնժողովը, բնականաբար, ո՛չ իրենց էր բավարարելու, ո՛չ հանրությանը, ոչ էլ լույս էր սփռելու իրականության վրա, մութ կողմերի վրա, եթե այդպիսիք կան: Նպատակը ի սկզբան է այն չէր:
Իսկ եթե հանձնաժողովն ուզում էր բացհայտում ու արդյունք, ապա ամենասպասված հյուրը ո՛չ այդ ժամանակվա պաշտպանության նախարարն էր, ո՛չ գլխավոր շտաբի պետը, որի մասին ստեր հորինվեցին ու դատարանում չեն կարողանում ապացուցել և դատը հետաձգում են մշտապես, ոչ էլ, առավել ևս Սերժ Սարգսյանը: Այլ ամենասպասված հյուրը պետք է լիներ Հայաստանի այսօրվա փաստացի ղեկավարը, որը 2016 թվականի ապրիլին պատգամավոր էր աշխատում Հայաստանի խորհրդարանում, ապրիլյան ատերազմից ու հաղթանակից 400 կիլոմետր հեռու կանգնած մարդ: Նա էլ, սովորության համաձայն, ամեն տեղ դավադրություն փնտրելու մուցքով, ԱԺ ամբիոնից ու նաև հարցազրույցում հայտարարեց, թե ապրիլյան պատերազմը եղել է Ռւսաստանի հրահրմամբ, թողտվությամբ և համաձայնությամբ:
Սենսացիոն հայտարարություն, որը, կարող ենք կարծել, ևս մեծ դեր ունի հայ-ռուսական հարաբերություների վատթարացման գործում: Մինչ օրս ռուսական կողմի փորձագետներն անդրադառնալով հարաբերությունների այս ծանր շրջանին, հիշեցնում են, որ Հայաստանի վարչապետը ժամանակին հանդես է եկել ապրիլյան պատերազմում Ռուսաստանին մեղադրող ելույթով: Ավելին, կարճ ժամանակ առաջ էլ մամուլի ասուլիսում հենց մեր լրագրողի հարցին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը վերաահաստատեց իր դիրքորոշումը՝ հավելելով, որ ռուսական կողմի հետ այդ թեմայով քննարկում է արել: Փարատվե՞լ են իր կասկածները, թե՝ ոչ. այդ մասին մեր թափանցիկ վարչապետը չասաց: Անկեղծ ասեմ, ինձ շատ հետաքրքիր է, այդ խոսակցության արդյունքը:
Եվ ուրեմն, այս հանձնաժողովին եթե իրականությունն էր հետաքրքրում, պետք է հրավիրեր գլխավոր հերոս Փաշինյանին՝ տեսնելու՝ պատերազմին բոլորովին չմասնակցողի կարգավիճակում ի՞նչ ինֆորմացիայի էր տիրապետում կամ հիմա ի՞նչ է քննարկել ռուսական կողմի հետ, ի՞նչ են իրեն ասել, ի՞նչ եզրակացության է եկել ի վերջո: Կարծում եմ, լայն հանրությունը թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա կարիքն ու իրավունքը ունի իմանալու՝ դա Փաշինյանի հնարած սո՞ւտն էր, թե՞ ռուսները իրոք մեղք ունեն ինչոր բանում:
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն արդեն բավական երկար ժամանակ օդում թափառող թեմա է. Ինչո՞ւ մի անգամ ու մեկընդմիշտ լիարժեքորեն չի անդրադառնում հարցին: Հիմա Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկե՞րն է, թե՞ պատերազմ հրահրողը: Բա չիմանա՞նք, պարոն վարչապետ:
Ի վերջո, պետք էր նրան հրավիրել ու հարցնել՝ Արցախում հող հանձնող ու դավադիր փնտրելիս ո՞ւմ նկատի ուներ, փաստ ունե՞ր, թե՞, ինչպես միշտ, իր փաստերը «օդում կախված լուրեր» շարքն է:
Ի դեպ, նույն այդ տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանն ինքն է կազմել Սերժ Սարգսյանին տրվելիք հարցերը: Դժվար... առանձնապես իմաստ չկար...Մեկ է՝ նախագահի այցն արդեն բավական էր, շոուն էլ՝ ապահոված:
Այս հանձնժողովի ձևավորումը ծաղր էր ապրիլյան պատերազմին ու բանակին: Որովհետև քաղաքական թիվ մեկ մարմնում ձևավորվել է հանձնաժողով՝ բաղկացած քաղաքական գործիչներից, որոնց շարքում չկա գեթ մեկ քչից շատից պրոֆեսիոնալ զինվորական: Ու ի՞նչ են քննում, այդ մարդիկ, հայտնի չէ: Հենց պատերազմից հետո Հայաստանի ու Արցախի Պաշտպանության նախարարությունները միասին ուսումնասիրություն էին արել ու վերլուծություն, իրենց ներսում հասկացել բոլոր խնդիրները, կազմել եղրակացություն: Դա մասնագիտական կարծիք էր ամեն ինչի վերաբերյալ, այդ թվում՝ թերացումների: Հենց մասնագիտական գնահատական էր պետք: Իսկ այս հանձնաժողովը նիստի է հրավիրում պատերազմի մասնակիցների ծնողներին, որդեկորույս մայրերին, որոնք կորցնելով որդուն, բոլորին մեղադրում են դրա մեջ, այդ թվում՝ այն ժամանակ այն իշխանություններին, հիմա այսօրվաններին: Եվ ճիշտ էին անում, թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա: Հուսահատ, բայց և անտեղյակ ծնողի հարցաքննությամբ ի՞նչ փաստ պետք է հավաքեք:
Դե բնական է ոչինչ, որովհետև, կրկնում եմ, այս հանձնաժողովի նպատակն այլ էր: Այն ձևավորվել էր մի շրջանում, երբ հերոսներին անվանարկում էին, գեներալների նկատմամբ մեղադրանք ու խափանման միջոց էին որոշում և նրանց վերջնականապես հարվածելու համար պետք էր ցույց տալ, թե զորքը անպատրաստ է եղել, չենք ունեցել զենք, փամփուշտ, վառելիք, տապալվել ենք և պարտվել: Դա հանձնաժողով է մեր պարտությունն արձանագրելու համար: Եթե ի սկզբանե ոչ մասնագիտական հանձնաժողովը ստեղծվել է մեր թերացումը ցույց տալու համար, ուրեմն արդեն պարտվել է: Եվ դրությունը չի փրկում անգամ հանձնաժողովի նախագահի՝ խոսքին անընդհատ խորհրդավորության երանգ տալը:
Մերօրյա քաղաքական քննիչներն էլ են կրակի մեջ, չեն կարողանում կատարել առաջադրանքն ու ապացուցել մեր պարտությունը: Պատկերացնո՞ւմ եք, Հայաստանում ձևավորվել է հանձնաժողով, որը պետք է հակառակն ապացուցի և զեկույց կազմի մեր բանակի պարտության վերաբերյալ:
Ի դեպ, հանձնաժողովի մասին լավագույն բնորոշումը հենց հանձնաժողովի ղեկավարի վարքագիծն է: Խոսը բնավ չի վերաբերում անկախության առաջին տարիներին Շիրակում Անդրանիկ Քոչարյանի վարքագծին, որի մասին լեգենդներ են պտտվում, իհարկե՝ ոչ ի շահ նրա: Բնավ:
Հետաքրքիր է մեկ այլ բան. ապրիլյան պատերազմում մեր հայրենասիրությունը, զինանմթերքն ու զենքերի որակը, տանկի վառելիքի բաքը ստուգում ու քննում է մարդ, որի որդին շատ կասկածելի պայմաններում չի զորակոչվել բանակ:
Մեր լրագրողի հարցին ի պատասխան Անդրանիկ Քոչրարյանը հոգեկան պոռթկում է ապրում, թե՝ ամեն ինչ օրինականության սահմաններում է, ձեր խմբագիրներն են ընկել հետևից: Մանիպուլացնում է, նշում է. «Իմ որդին ասպիրանտուրան ավարտելուց հետո հիմա թեզ է պաշտպանել»: Չէ, չանցավ: Թեզը, այո, հիմա է պաշտպանել, բայց ասպիրանտուրան հիմա չի ավարտել, այլ պաշտպանելուց 8 ամիս առաջ: Իսկ ի՞նչ է արել այդ ժամանակահատվածում: Ի՞նչ կլիներ ցանկացածիս հետ եթե ասպիրանտուրան ավարտենք և թեկնածուական ատենախոսություն չպաշտպանեինք. միանգամից կզորակոչեին, հետն էլ կասեին՝ ի՞նչ է եղել որ, գնա հայրենիքիդ պարտքը տուր, հետ կգաս՝ կշարունակես: Դե իհարկե, հո բանակ չգնալու համար չ՞եմ կոչումը ուզում, այլ գիտությամբ զբաղվելու: Այս դեպքը ակնհայտ այդ մեր իմացածներից չէ: Հուսանք՝ կպարզվի, դիմել ենք դատախազություն:
Ադրանիկ Քոչարյանին ասեմ: Մեզ ձեր ընտանիքը չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է այն հնարավոր կոռուպցիոն գործընթացը, որում, հնարավոր է՝ ներառված եք: Դա մեկ: Երկրորդը՝ մեզ հետաքրքրում է, ի միջի այլոց, դա մեր գործն է, աշխատանքը. հետաքրքրում է որ այս մասին Պաշտպանության Նախարարությունը ևս լուռ է, մերժում է մեր հարցումները: Ի՞նչու այլոց դեպքում բոլոր մանրամասներով ներկայացնում են տեղեկատվություն, այս մեկի մասով ոչ: Ձեզ չի՞ հետաքրքրում, հարգելի հեռուստադիտող: Բա տեսնու՛մ եք:
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր, որ նախկին իշխանությունից շատ ներկայացուցիչներ հիմա նորմալ աշխատում են, բայց շատ նորեր էլ, որ պաշտոնի անցան, աշխատում են նախկինների պես: Նկատի ունի՝ հանցավոր գործունեություն: Այժմ ընդառաջում ենք ձեզ, օգնում՝ մաքրել ձեր շարքերը: Մեկի անունն արդեն տվեցինք: Հետաքննեք:
Հավատացեք, քանի դեռ կան կասկածներ ապրիլյան պատերազմի դեպքերը քննող հանձնաժողովի ղեկավարի ազնվության վերաբերյալ, ձեր արած ոչ մի աշխատանքի արդյունք ընկալելի ու հասկանալի չի լինելու:
Կարճ ասած՝ այսօրվանից հենց կարող եք պատռել այդ հանձնաժողովի եզրակացությունը: Այն ո՛չ մասնագիտական, ո՛չ անաչառության առումով վստահություն չի կարող ներշնչել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը