Գյումրիում շուրջ 50-ամյա մի գյուղատնտես դժգոհում է, որ կառավարությունը նորմալ չօգնեց պայքարել կրծողների դեմ, ամբողջ բերքը փչացավ, համարյա մնացել են առանց ձմեռվա ապրուստի։ Ասում է՝ ոչ կարողանում ենք վերևի կրծողների դեմ պայքարել, ոչ էլ դաշտերի կրծողների դեմ։ Հասկանում եմ՝ ինչ է ասում, հարցնում եմ՝ վերևի կրծողների դեմ ո՞նց ես պայքարում, ասում է՝ ընդդիմություն ունենք, թող պայքարի, ես կգա ժամանակը, կգնամ դեմ կքվեարկեմ։ Բայց դու Նիկոլին ես ընտրել, չէ՞։ Հա, ընտրել եմ։ Բա որ դու ընտրել ես, դու դժգոհ ես, ինչո՞ւ ես քո պայքարի բեռը դնում ուրիշի վրա։ Ասում եմ՝ երբեմն Շիրակի մարզ է գալիս, գնա, հանդիպիր, որպես իրեն ընտրած՝ պահանջիր, որ քո խնդիրը լուծի։ Է, ասում է՝ էն ի՞նչը կարողացավ անել, որ նրանից բան պահանջեմ։
Մի ուրիշ գյումրեցի բողոքում էր սոցիալականից, թոշակներից։ Ասացի, բա խաբար ես, որ հաջորդ տարի էլ չի բարձրանալու, ավելի նեղվեց ու ասում է՝ բա ժողովուրդը ի՞նչ ա ասում։ Հարցնում եմ՝ որ Նիկոլը Գյումրի էր եկել, մոտեցա՞ր, քեզ խոստացել էր թոշակների կտրուկ աճ․ ասում է՝ նա եկել էր հեծանիվ քշելու, ինչի մեզ համար է՞ր եկել, նա ի՞նչ հարց է լուծելու, որ դիմեմ։ Էնքան էլ ավտոյով-ախռանիկով էր եկել, որ կարող էիր մոտենա՞լ։ Ասում եմ՝ բա որ գնացիր ՔՊ-ին ընտրեցիր ինչի՞ համար, ակնկալում էիր, որ թոշակը բարձրանալու է, չէ՞։ Դու ընտրել ես իշխանություն, որ աշխատի, չէ՞, ոչ թե ընտրել ես իշխանություն, որ քո պես ժողովրդին ասես բա ի՞նչ ես անում, հել հեռացրու։
Իրականում Հայաստանի բոլոր շրջաններում, բոլոր մարզերում, մայրաքաղաքում ժողովուրդն ունի բազմաթիվ խնդիրներ։ Նյարդայնանում են, նեղվում, հայհոյում, հետո հարմարվում, որվհետև խնդրի լուծումը, թեկուզ՝ պետության լուծելի ամենամանր կենցաղային խնդիրը, պարադոքս է, բայց չեն կապում կառավարության, իշխանության հետ։ Հայաստանի քաղաքացին իշխանությունից սպասելիք չունի։ Ինչո՞ւ չունի, որովհետև աչքի առաջ է սրանց պաշտոնավարման 6,5 տարվա՝ խնդիրների լուծման, իսկ իրականում՝ ոչ մի խնդրի չլուծման մեթոդիկան։ Էսօր համաձայնություն են տվել շուրջ 300 մլն եվրոյի վարկերի, այսինքն՝ ամեն քաղաքացու բեռը ևս 100 դոլարով ավելացել է։ Դա միայն այսօր, դրանից առաջ էլ լիքը ավելացրել են հպարտ քաղաքացիների պարտքը, վաղն էլ կավելացնեն։ Մարդիկ քաջ գիտեն, որ Նիկոլը խոստանում էր էլ վարկ չվերցնել, ասում էր՝ էն նախկինները վերցնում-ուտում են, ասեց ես գամ՝ խոստանում եմ պարտքի խնդիրը լուծել, կերածը վերադարձնել ու էլ երբեք չվերցնել․․․ 6 տարում կրկնապատկեց 25 տարվա վերցրածը։ Խոստանում էր բոլոր գյուղացիների ոռոգման ջրի հարցը լուծել, բայց հիմա ասում է, որ բոլոր գյուղերում կա ոռոգման ջրի խնդիր, բայց պետք է հասկանան, որ ջուրը այլևս հասանելի չի լինի առաջվա պես։ Էսպես բոլոր խնդիրները․ ու քաղաքացին չի սպասում, որ կարող է իր հողի խնդիրը, փողի խնդիրը, հացի խնդիրը լուծում ստանա, որովհետև Նիկոլը, ըստ քաղաքացու, այլևս միայն ախռանայով հեծանիվ քշելու համար է։ Նրա աշխատանքից քաղաքացին չունի օգուտ և չունի օգուտի ակնկալիք։ Չեմ էլ զարմանում․ մարդ, որը ստորագրել է հողեր տալու թղթի տակ, ստորագրել է երկիր հանձնելու թղթի տակ, նրանից քաղաքացին ի՞նչ դրական ակնկալիք պետք է ունենա։
Որևէ մեկդ կարո՞ղ է ասել, թե Նիկոլը ինչի համար է գնացել Հունգարիա: Էդ այցից ՀՀ քաղաքացու օգուտը ո՞րն է։ Ասենք կառավարության կայքում գրված է, որ մի օր հանդիպել է նոբելյան մրցանակակրի, մի օր նոր նախարարի է ներկայացրել աշխատակազմին, Երվանդ Մանարյանի արձանն է բացել, ոստիկանության բարեփոխումների ռազմավարություն է քննարկել և այլն․ կա՞ սրանց մեջ մեկ հատ բան, որով քաղաքացու նկատամբ խոստում ու պարտավորություն է կատարել։ Կարդում եմ՝ ելույթ է ունեցել սոցիալական արդարության համաժողովում։ Ի՞նչ սոցիալական արդարություն։ Երբ թոշկառուն ստանում է 40 հազար դրամ թոշակ, իսկ նախարարը մեկ տարում ստանում է թոշակառուի 41 տարվա թոշակը, ու դու ասում ես հաջորդ տարի թոշակը չեմ բարձրացնելու, այս տարի էլ չեմ բարձրացրել, էդ երկիրը ո՞նց կարող է սոցիալական արդարության համաժողով անել։ Այսինքն, մենք ընդունում ենք, որ պարզապես պարապ էր, ելույթ ունենալու տեղ էր, հերթական անգամ դասախոսություն է կարդացել անիմաստ բաների մասին։
Երբ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը հարց է տալիս կամ խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորը հարց է տալիս Նիկոլին, քաղաքացու արձագանքը ո՞րն է․ ասում է՝ ինչի՞ եք անիմաստ հարց տալիս, չգիտե՞ք, որ նա ցրող է ու պոպուլիստ, ի՞նչ նորմալ պատասխան եք ակնկալում։ Նրանից ադեկվատ պատասխան քաղաքացին շուտվանից արդեն չի սպասում․ նրա տեսանյութերին միացնում են այլ հումորային տեսանյութեր ու սոցցանցերում լայքեր հավաքում։ Երբ Նիկոլին հարցնում են Արցախի հարցը ինչո՞ւ էսպես արեց, հարցնում են, որ ստանան անկեղծ պատասխան, ու նա բերում է տասնամյակներ առաջ փաստաթղթերը, նախկինները-բան, հասկանում ես, որ նա անկեղծ չէ, նրա ասածը լուրջ չէ ու այլևս լուրջ չի ընկալվում և ոչ մի թեմայի շուրջ ասածը։ Նա կարողանում է երկար խոսել, բայց ասելիք չունի։
Գնացել է գյուղ․ ձմռան շեմին, վառելիք չկուտակած, հողից քիչ օգուտ ստացող, աշխատատեղ չունեցող գյուղացին կգնա, բնականաբար, իրեն հազար հատ խոստում տված մարդու հետ հանդիպման։ Գնում-ասում է՝ պարոն վարչապետ, ապրելու հնար չունենք։ Պատասխանը ի՞նչ է․ հելեք տռասին սուրճ ծախեք։ Էդ մարդը, որ Նիկոլից էդպիսի պատասխան է ստացել, հաջորդ անգամ կգնա՞ Նիկոլին տեսնելու, եթե անգամ քաշելով տանեն․ էդ անլուրջ պատասխանից հետո, վստահաբար, ոչ․ բայց հաստատ կհարցնի՝ ընդդմությունը ի՞նչ ա մտածում, չի՞ ուզում քշի։ Ժողովուրդ, ասում էր, դուք աշխատավոր ժողովուրդ եք, ուղղակի աղքատ եք, որովհետև ձեզ 30 տարի թալանել են, կգամ կվերադարձնեմ։ Եկել ես, ոչինչ չես արել ժողովրդին, ասում ես, թե դու չես թալանում, բայց նրանք ավելի վատ են ապրում, քան այսպես կոչված՝ «թալանման» ժամանակ։ Հիմա դու թալանում ե՞ս, թե չես թալանում։
Տավուշում կան գյուղեր, որ իրար հետ ունեն տնամերձի խնդիր․ ասում եմ ոչինչ, հենց Նիկոլը գա մարզ, հանդիպեք, ասեք, թող լուծի։ Գյուղապետն ասում է՝ լավ ա, ահավոր գոհ եմ իր լուծածներից, տեսանք հողերի հարցը ինքը ոնց է լուծում, ավելի լավ ա մեր խնդիրը մնա, քան լուծի Նիկոլը իրա ձևերով։ Այ ինչո՞ւ քաղաքացին քո հետ հույս չի կապում․ որովհետև դու բոլոր խնդիրները լուծում ես այնպես, ինչպես լուծել ես Ղարաբաղի խնդիրը։
Դու վարչապետ ես, քեզանից սպասում պետք է լինի, ակնկալիք լինի, չես կարողանում արդարացնել, բայց ինչ-որ անկապ հանդիպումներով, հեծանիվներով, շոուներով քո ներկայությունն ես ապահովում։ Հիմնարկներ կան, հատկապես՝ պետական, որ գործի են ընդունում, որովհետև այսինչի ծանոթն է, բայց չի կարողանում աշխատել, ասում են՝ դու ընդամենը մեկ-մեկ երևա, որ բան չկասկածեն։ Այ էդպես ուղղակի ֆիզիկական ներկայություն է ապահովում մեր խնդրո առարկան, որի ո՛չ խոսացածն է իրականում բանի պետք ո՛չ արածը։ Դուք գիտե՞ք աշխարհում երկրորդ վարչապետի մասին, որը կարդա իր ու ուրիշների գրառումների տակ քոմենթները ու պատասխանի։ Ոչ, այդպես անում է միայն էս ժամանակ մեռցնողը։
Էս ֆոնին այո, տարօրինակ է, որ անընդհատ հարկեր են ավելանում, բարձրացնում են, տուրքեր են ավելացնում, տուգանքներն են շատացնում, ճանապարհները լրիվ քանդած են, անձրևը ջրհեղեղ է դառնում, տրանսպորտի վիճակը վատ, գյուղատնտեսական աշխատանքներից օգուտ չկա, թոշակը չի բարձրացնում, ամեն շաբաթ հարյուր միլիոնավոր դոլարների պարտքեր են վերցնում, կրիմինալն աճում է, քաղաքացուն ծառայություն մատուցող պետական հիմնարկներում ահավոր հերթեր են և, ընդհանրապես, կյանքը բարդացած ու ոչ մեկ բողոքի ակցիա չի անում։ Էլի ասեմ, որովհետև սպասելիք չունի, նրան հարց լուծող չեն դիտարկում, այլ մարդու, որը բախտի բերմամբ, թե պատահմամբ հայտնվել է կարևոր տեղ։
Ու քաղաքացին գիտի որ իր խնդրի համար ոչ թե պետք է դիմի կառավարչական մարմիններին, այլ ինքը տեսնի իր գլխի ճարը։ Այ դրա համար էլ քննադատում են, բայց անտարբեր են․ այս իշխանությունից 2020 թվականի նոյեմբերի 9-ից ի վեր սպասում են միայն վատ որոշումներ։ Ու միայն Նիկոլի մասին չէ խոսքը․ հերթով բացեք նրա որևէ պաշտոնյայի լուսանկարը նայեք ու ձեզ հարց տվեք՝ նրանից ի՞նչ սպասելիք ունեք։ Հայ ժողովուրդը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից ունի ակնկալիք, Թուրքիայում իրադարձություններց ունի ակնկալիք, ԱՄՆ ընտրություններից ունի ակնկալիք, Իրանում իրավիճակից ունի ակնկալիք, ամեն տեղից ունի, բացի Հայաստանի իշխանությունից։ Մեր ցանկացած փոփոխություն սպասում ենք այլ տեղերից, բացի մերից։
Կարճ ասած՝ հազարավոր խոստումներ տված ու տապալած, խաղաղության դարաշրջան ու ապագա խոստացած ու տապալած իշխանությունից իրականում հանրության ակնկալիքը մեկն է՝ հեռացում։ Ու արդեն, ոչ թե հրաժարական, այլ՝ հեռացում։ Ինչո՞ւ են քաղաքացիները ընդդիմությանը հաճախ մեղադրում, նեղսրտում, հիասթափվում, վիրավորում․ որովհետև երբ իշխանությւոնից սպասելիքի բացակայություն է, ընդդիմությունից ակնկալում են, որ որքան հնարավոր է՝ արագ ազատեն իրենց էդ իշխանությունից։ Իրենց պրոբլեմների լուծումը տեսնում են ոչ թե իշխանության մեջ, այլ այս իշխանության հեռանալու մեջ։
Ի դեպ, շատ վերլուծաբանների կարծիքով, դրսի հովանավորներից էլ ոչ ոք էլ Նիկոլից սպասելիք չունի։ Դրա համար էլ մնացել է մենակ հեծանիվ քշելը։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը