Երեկ՝ հունիսի 16-ին, բացառիկ բան տեղի ունեցավ․ վերջին 6 տարվա ընթացքում Փաշինյանը կատարեց իր պարտավորություններից մեկը։ Խոստում չէ, որովհետև որևէ խոստում չի կատարել, այլ պարտավորություն։ Չնայած, խոշոր հաշվով, եթե մի բան խոստանում ես, դրա կատարումն արդեն դառնում է պարտավորություն։ Շուռնուխի բնակիչներին հանձնվեցին տները, որ կառավարությունը կառուցեց առավելագույն ուշացումով։ 44-օրյա պատերազմից հետո գյուղի կեսը հանձնեց թշնամուն, պարտավորվեցին 2021թ․ ավարտին տալ 13 նոր տուն։ Ու թեև կառավարությունը գումարի խնդիր չուներ, բայց 3 տարի անց միայն հանձնեց, ներողության փոխարեն էլ կանգնեց պատվանդանին մեծ միջոցառումով ու ելույթ ունեցավ։
Քո պատճառով գյուղի կեսը զրկվում է տնից, պրտավորվում ես փոխհատուցել, փողն էլ ունես, բայց անընդհատ ձգձգում ես՝ էն վատ պարտապանների նման՝ պարտքը աշնանը կվերադարձնեմ, չէ ձմռանը կտամ, չէ, ամռանը կտամ, լիալուսնին կտամ, կիսալուսնին կտամ։ 3 տարի խաբելուց հետո գնում ինքնագովազդով ես զբաղվում Ադրբեջանին կիսահանձնած գյուղում՝ թշնամու դրոշի ներքո։ Բայց գյուղացիները համբերեցին, կուլ տվեցին թե՛ տները ուշացնելը, թե գյուղի հանձնումը, թե՛ էն, որ ամեն առավոտ աչքը բացելիս ադրբեջանական դրոշ ու զինվոր են տեսնում։
Սյունիքի մարզում նրա հետ հանդիպումներում ամենանկատելի բանն այն էր, որ չկար երիտասարդ՝ ո՛չ Շինուհայրում, ո՛չ Շուռնուխում, ո՛չ Ճակատենում, ոչ մի տեղ չկային։ Իհարկե հանդիպման մասնակիցների թիվն էլ չնչին էր, ամեն տեղ մի քանի հոգի՝ իրար գլխի հավաքված, բայց երիտասարդությունը բացակայում էր։ Ըստ երևույթին, գյուղերը արդեն դատարկվել են, մեռնում է կյանքը, մարող բնակավայրեր են։ Էսքան հանձնումներից, թշնամուն տներին մոտեցնելուց հետո մարդիկ արտագաղթում են գյուղերից, իրենց ու իրենց երեխաների ապագայի համար։
Գնացել է Ներքին հանդ, որի մի մասը թշնամու տիրապետության տակ է ու անոնս է անում նոր հանձնումների մասին՝ բերելով Ոսկեպարի օրինակը։ Հչում է այսպես, կգանք գյուղի մի մասն էլ կհանձնենք, փշալարե ցանկապատ կդնենք։ Որպեսզի կով չանցնի։ Այսինքն Ոսկեպարին, Կիրանցին, նաև Սյունիքին ու Ադրբեջանի հետ սահմանամերձ բոլոր բնակավայրերին պաշտպանելու են ծառերն ու ցանկապատը։ Սահմանը խաղաղ պահելու երաշխիք չկա, չկրակելու երաշխիք չկա, միակ երաշխիքը, որն առաջարկում է Փաշինյանը՝ փշալարե ցանկապատն է, դե մեկ էլ Ալիևի լավ տրամադրությունը, որ սադրանքի չի գնա։ Նիկոլի հանդիպումներին մասնակցում էին մի քանի տարեցներ, որոնք էլ, պատերազմներից, կրակոցներից հոգնած, գլուխը տմբտմբացնում են, թե իրենց գուցե պահի ցանկապատը։ Բայց գիտե՞ք մի խնդիր կա՝ Իսրայելից Ադրբեջանը կով չի բերել իր բանակ, որ ցանկապատը չկարողանա անցկացնել, բերել է անօդաչուներ։ Իսկ դու օդը փակել ե՞ս այսպես ասած՝ թռչող կովերի դեմ։ Ադրբեջանը զինվում է, ամեն օր զենքեր է առնում, ի տարբերություն քեզ, որ անվտանգության մասին մոռացել ես։
Ամենապաշտպանված բնագծերը Տավուշի մարզում էին․ հանձնել է ու փոխարենը դնում է փշալար։ Չես գտնի երկրորդ նման երկիր, որ ամենաապահով դիրքերը հանձնի ու ուրախանա սահմանին տնկած սյուներով։ Մարտունակ բանակը դրեցին տակդ, վարի տվեցիր, սետկայով պետք է անվտանգութուն պահե՞ս։ Սա էն զենքի փոխարեն կլուբնիկ առելու շարունակությունն է։
Թեև հանդիպումներում ներկաների թիվը փոքր էր՝ իր հետ տարած մարդկանց ու թիկնապահներին չհաշված, բայց մեկ է՝ մեկը չհարցրեց անվտանգության մասին։ Կամ կարող է՝ հանել էին էդ կտորը։ Նիկոլն էլ չասաց, թե՝ էդ ո՞նց եղավ, որ տարածշաշրջանում մարտունակ բանակը, տանկերը, իսկանդերը, սու 30-ը չկարողացան սահման պաշտպանել, էդ փշալարերն են պաշտպանելո՞ւ։
Էսպես որ գնա, Ալիևն էլ կարող է որոշ հարձակողական զինատեսակներից հրաժարվել, ի՞նչ է եղել որ զինվորներին թող մի-մի հատ «քյալբաթին» բաժանի, խանչալները կախեն վրաները, չստերով գան մտնեն, տեղի իր գործընկերը սաղ արել ա տեղները։
Ասում է՝ բոլոր բնակավայրերում զգացի աջակցություն խաղաղության և սահմանազատման օրակարգերին: Դու ամեն բնակավայրում հանդիպել ես մի քանի տարեցի, ի՞նչ ես ջուր ծեծում։ Էդ որ խաղաղության օրակարգին հավանություն տվեցին, բա չասացի՞ր ինչ է լինելու Սև լճի ճակատագիրը, Ջերմուկի ճակատագիրը։ Էդտեղից թշնամին դուրս է գալո՞ւ, թե դրանից ներս ես փշալարերը քաշելու, դա էլ մնա իրենց։ Առհասարակ, չեմ հասկանում, եթե բեմադրություն պետք է անեք, է տարեք Հայֆիլմի պավիլյոններում նկարեք, հանգիստ մոնտաժեք, հրապարակեք, մեջը ջահել, քպական էն հեծանիվ քշողներին գրիմ արեք, հիմա էլ որպես սյունեցի, հաստատ ավելի արժանահավատ դուրս կգա։
Շինուհայր գյուղում ասում է՝ «Բոլոր տեղերում պետք է սահմանազատում անենք, որտեղ առաջ ենք, հետ գանք, իրենք են առաջ, հետ գնան»։ Չի ասում՝ ինչու Տավուշից հետո չգնացին։ Չի ասում՝ Սյունիքից երբ են հետ գնալու։ Այս տարվա հունվարի 24-ին Ալիևը հայտարարել է՝ «Մենք, իհարկե, ոչ մի տեղ չենք պատրաստվում վերադառնալ։ Մենք մեկ քայլ չենք հեռանա և՛ 2021 թվականի մայիսի, և՛ 2022 թվականի սեպտեմբերի մեր դիրքերից, քանի որ այս սահմանը պետք է հաստատվի»: Այդ ելույթից հետո Նիկոլը սահմանազատում արեց և տարածք հանձնեց, բայց Ալիևին չարձագանքեց։ Ասում էր ամեն միլիմետրը մեզ համար սրբություն է և կարմիր գիծ․ հիմա սրբությունները հանձնեց, Ալիևն էլ ասում է որտեղ մտել եմ մնալու եմ։ Բա էն ու՞ր են էն քպական դուխով տղերքը, բերետավորների մեջքի հետևից, բա մի բան ասեք, մի բան սպառնացեք։
Այսինքն՝ ամենայն հավանականությամբ, դու բոլոր հատվածներում հանձնելու ես ինչ ուզի Ալիևը, բայց ադրբեջանցիները մնան մեր հողի մեջ ու դու էդ գովազդածդ փշալարերը էլ ավելի հետ դնես։
Նիկոլ Փաշինյանը Սյունքի գյուղերում խոստացել է խաղաղության դարաշրջան ու խաղաղության պայմանագիր, երեկ խոսում էր միայն սահմանազատումից, հանձնելուց․ բա պայմանագիրը ի՞նչ եղավ։ Ինչո՞ւ էլ չեք խոսում էդ պայմանագրից։ Բա ի՞նչ էղավ խաղաղության դարաշրջանը, բա խաչմերու՞կը։ Ֆսյո՞, էլ չի էլ լինելո՞ւ։ Բոլորը հասկանում են, որ Փաշինյանին օդ ու ջրի պես անհրաժեշտ է էդ մի թղթի կտորը, դեմը ընտրություններ կան ոչ հեռու ապագայում, բայց Ալիևն ակնհայտ ամեն ինչ անում է դա չստորագրելու համար, որովհետև ինչ պետք էր իրեն, արդեն առանց դրա էլ ստացել է, ավելին, շարունակում է ստանալ, ինչի՞ պետք ա ինչ-որ պարտավորություն վերցնի ինքն իր մասով, մեկ ա՝ դիմացինը, առանց թուղթ-բարաթի տալիս է, էլ ինչ երաշխիք-բան։ Ամեն պահանջ կատարելուց հետո նոր պահանջներ են ի հայտ գալիս՝ միջանցք, փախստականներ, սահմանադրության փոփոխություն, Խոջալու և այլն։ 2023 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի նախագահի հատուկ ներկյացուցիչն ասում էր՝ խաղաղության պայմանագրի բանակցությունների վճռորոշ փուլում ենք։ 6 ամիսն անցել է, 2024-ը կիսվեց, էդ վճռորոշն ի՞նչ եղավ։ Չի լինելու, որովհետև էլի եմ ասում՝ եթե Ադրբեջանի բոլոր պահանջները կատարեք, կպարզեք, որ դրանք ընդամենը պահանջների մի չնչին մասն էին։ Կինո կա, որ բանտարկյալը ամեն անգամ երբ մոտենում է ազատ արձակման օրը վերջին օրերին նրա գլխին մի հանցանք էլ են սարքում, որ շարունակի մնալ բանտում, ու նա բանտում մնում է մինչև մահ։ Դա քո վիճակն է․ եթե մնաս իշխանության, դու հա հանձնելու ես, բայց էդ թուղթը չես ստանալու։ Էլ չեմ ասում, որ ստանաս էլ, դա ոչինչ է լինելու, քանի դու ես իշխանության։
Կարճ ասած՝ երբ Փաշինյանը գնացել էր Ոսկեպար, ասում էր՝ ով հայրենիքից մի միլիմետր տա, կյանքով է պատասխան տալու․ դրանից հետո Կիրանցի մի մասը տվեց։ Հիմա գնացել էր Սյունիք՝ հանձնումների մասին լսեցնելու։ Ուղղակի նա այս անգամ փորձում էր էս գլխից համոզել հանձնումների մասին, ըստ երևույթին՝ որ Կիրանցի ակցիաների պատկերը չկրկնվի։ Մարդկանց հարիֆացնում է փշալարե սահմաններով՝ մոռանալով, որ եթե չկա անվտանգության երաշխիք՝ մարտունակ ու բալանսավորված բանակ, փշալարը զրո է։ 6 մետր հաստությամբ ամրոցի պատերն էլ էին փլվում հարձակումների ժամանակ։
Փաշինյանի հանձնումների հետագիծը շատ ցավալի է քարտեզի վրա․ Սյունիքը Հայաստանի մի ծայրին է, Տավուշը Հայաստանի մեկ այլ ծայրի վրա է, ու միայն թշնամուն էր ձեռնտու, որ հող հանձնեն երկրի բոլոր ծայրերից, դիրքերը հանեն, տեղը փշալար փաթաթեն, որ կովերը չփախչեն։ Որ տարբերակ լինի, մի հատ փշալարի տակ ման եկեք, կարողա՞ լար կտրիչ գործիքն էլ տակն են թողել։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը