«Տեղեկանք Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար» նոր շարքում Yerevan.Today-ն արդեն շուրջ 60 խոստում է վեր հանել, որոնք նա տվել էր ու չի կատարել։ Այսօր կանդրադառնամ այս շաբաթվա ընթացքում հրապարակված փաստերից մի քանիսին։ Դրանց թվում է 2019 թվականին Արագածոտնի մարզում ներդրումային համաժողովի ժամանակ խոստումը, թե՝ գյուղական տներում պետք է լինի բաղնիք, ցնցուղ, տաք ջուր և գյուղի տների դրսի զուգարանի կուլտուրան պետք է դուրս գա: Եթե սա ասում էր որպես ցանկություն, իդեալական է, բայց երբ ասում է կառավարության ղեկավարը, արդեն խոստում է, որ անելու են։ Իսկ ի՞նչ է փոխվել գյուղական կենցաղում այս անցնող 5 տարում․ կենցաղի բարելավման մասով պետությունը ոչինչ չի արել։
2018թ․ նոյեմբերին Հրազդան քաղաքում հայտարարում է, թե Ոստիկանության զորքերը ոչ թե քաղաքացիներին են ջարդուփշուր անում, այլ մասնակցում են սահմանների պաշտպանությանը։ 2018-ի նոյեմբերին դեռ Փաշինյանի դեմ ակցիաները քիչ էին, իրոք ոստիկանները 15-օրյա հերթափոխով մեկնում էին դիրքեր։ Դա տևեց մի քանի ամիս, որովհետև Փաշինյանի կառավարումից դժգոհությունները մեծանացան, ակցիաների թիվը շատացավ, թեմաները մեծացան, ու ոստիկանները պետք եկան արդեն քաղաքացիներին ջարդուփշուր անելու համար։ Դա սկսեց Փաշինյանի հայրենի Իջևանից, որտեղ ծառահայումների թեմայով ոստիկաններն արյունլվիկ արեցին քաղաքացիներին։ Հետո բազմաթիվ դեպքեր ենք տեսել՝ պատգամավորների ծեծել, քիթ ջարդել, քաղաքացիների ծեծել, փաստաբանների ծեծել: Այսօր ոստիկանությունն օգտագործվում է որպես բիրտ ուժ։
2018թ․ օգոստոսին Հանրապետության հրպարակում հայտարարում է՝ մենք երաշխավորում ենք ներդրումների անձեռնմխելիությունը: Ոչ մեկի ձեռքից ոչ մի բիզնես չի խլվելու, ոչ մի գործարան և ունեցվածք չի խլվելու: Այս ելույթին զուգահեռ, ՊԵԿ-ը, դիմակավորված անձանցով մտավ Հարավկովկասյան երկաթուղի ընկերություն։ Փաստաթղթեր առգրավեցին։ Գործը, իհարկե, շատ հեռուն չգնաց։ Սա, ի դեպ, համարվեց հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու սկիզբը։ Հաջորդ ներդրումը, որը ենթարկվեց իշխանական գրոհի, այնուհետև խլվեց, «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունն էր, որի տնօրենը մի քանի անգամ կալանավորվեց։ Արդյունքում ընկերությունը փակվեց, ոլորտն անցավ կառավարության տնօրինմանը, տեսախցիկներն ու արագաչափերն էլ ավելացան: Էս էն Սաշիկի արագաչափերն են, որը պարզվեց, իրենը չեն եղել, ուղղակի տնօրենի անունն էլ էր Ալեքսանդր։ Այնուհետև «Սանիտեկ» ընկերությունից խլվեց աղբահանությունը։ Հետո դիմակավորված անձինք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմիբինատ մտան ու անցավ ձեռքից ձեռք։ Բաժնետոմսերի մի մասն էլ հանկարծ նվիրեցին կառավարությանը։ Դեպքերը, ցավոք, շատ են։
2019թ․ սեպտեմբերին Վանաձորում ասուլիս տվեց ու խոստացավ, որ՝ ուշադրություն՝ 5 տարի գնաճ չի լինելու։ Դրանից հետո հիշում եք ինչ սարսափելի գնաճ եղավ ու միչև հիմա շարունակվում է։ Նիկոլ Փաշինյանի օրոք գնաճը կազմել է շուրջ 30 տոկոս։ Ասում էր՝ չի լինելու գնաճ։ Սա ամենացավոտ խնդիրներից է, որը զգում է առևտուր անող ցանկացած մարդ։ Հեղափոփխությունից երկու ամիս առաջ, երբ գնաճ կար, բայց ավելի քիչ էր, ԱԺ-ում ելույթ էր ունենում ու ծաղրում էր՝ կարագը թանկացել ա՝ խառը կանաչի կերեք, գառան միսը թանկացել է, կանաչ սոխ կերեք, բենզինը թանկացել ա ավտոն բրդեք և այլն։ Բայց իր օրոք գնաճի ժամանակ առաջարկ չի անում, թե մարդիկ ինչ փոխարինիչ ուտեն, որովհետև դրանք էլ են թանկացել։
2018 թվականին, երբ նոր էր եկել իշխանության հայտարարում էր, թե՝ բոլորդ եկեք Հայաստան, գնացեք բանակ, մի խուսափեք, այլևս սեր է ու հանդուրժողականություն։ Այստեղից չեն փախչում, սա նոր Հայաստանն է և այլն։ Մի քանի օր առաջ ՔՊ-ն օրենք էր բերել, որով ասում էին, որ բանակից փախածների թիվը 10 հազարն անցնում է, եկեք բանակից խուսափելը սարենք փողով։ Այսինքն Փաշինյանի կոչին չէին հետևել կամ հետևել էին քչերը։ Դե իսկ Փաշինյանի թիմակիցների, նրանց զավակների շրջանում բանակում չծառայելու դեպքերը շատ շատ են։ Նիկոլն ինքը խուսափել է զինծառայությունից իր ժամանակին։
2018 թվականին, երբ դեռ նոր էին, հայտարարում է՝ մենք՝ պաշտոնյաներս, պետք է մոռանանք մեր անձերի մասին, անձնական շահերի մասին, պետք է անմնացորդ ծառայենք ժողովրդին։ Մի քանի ամիս անց՝ 2019թ․ հունիսին, գաղտնի որոշմամբ Փաշինյանի կառավարությունը որոշեց նախարարների և մի շարք պաշտոնյաների աշխատավարձին զուգահեռ, աշխատավարձի չափ պարգևավճար տալ ամեն ամիս՝ աշխատվարձը, ըստ էության, հասցնելով 1,5 մլն դրամի: Պարգևավճարների թեման ամենամեծ աղմուկ բարձրացրած իրադարձությունն է, որը քննարկվում է մինչ օրս։ Նիկոլ Փաշինյանի «հեղափոխական» թիմակից Լենա Նազարյանն էլ արդարացրեց դա, թե՝ նվիրյալներ հո չեն, որ 500 հազար դրամով աշխատեն։ Սկսեցին թանկարժեք չվերթները, ավտոպարկի թարմացումը․ օրենքներ գրել իրենց պայմաններն արտոնյալ դարձնելու մասին՝ թանկարժեք բուժսպասարկումից սկսած։ Բացեք պաշոտնյաների հայտարարգրերը ու «ժողովրդի ծառաների» դիզածը նայեք էս տարիներին։
2018թ․ ԱԺ-ում ասում էր, որ պետք է գործարարը քաղաքականությամբ չզբաղվի, քաղաքական գործիչն էլ բիզնեսով։ Էդ ժամանակ իր թիմում երևացող գործարար չկար, հետո հայտնվեցին ու սնկի պես շատացան, հետո եկան Գուրգեն Արսենյանը, Խաչատուր Սուքիասյանը և այլն։ Խաչատուր Սուքիասյանին, նրա ընտանիքին պատկանող ընկերությունները դարձան կառավարության նախընտրելի մատակարարները: Ու էս խոստումից սկսեցին խուսափել, թե բա՝ «Դժվար է հստակ տարանջատելը՝ Խաչատուր Սուքիասյանը գործարար է, թե քաղաքական գործիչ»։ Իշխանական կոռուպցիայի ամենատարածված դրսևորումներից են այն, որ պաշտոնյաների հարազատները սեփական բիզնեսն են ստեղծում, որը շատ արագ «ոտքի է կանգնում», հաճախ՝ պետական գնումներում շահելու շնորհիվ։
Դե իհարկե ամենաչարչրկված խոստումներից էր Մարտի 1-ի գործի բացահայտումը, ասում էր՝ բացահայտված է։ 2008թ․ մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների արդյունքում 10 սպանություններից և ոչ մեկը բացահայտված չէ։ 2019 թվականի հունիսի 7-ին կալանավորեցին ոստիկանության զորքերի նախկին շտաբի պետ, գնդապետ Գեղամ Պետրոսյանին՝ Զաքար Հովհաննիսյանի սպանությունը կատարելու կասկածանքով։ Իսկ սրանից երկու ամիս առաջ էլ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ բավարար ապացույցներ չլինելու հիմքով։ Այսինքն՝ բացահայտված է այնքանը, ինչքանը բացահայտվել էր մինչև 2018 թիվը, մեղավորներն էլ, այդ թվում՝ Փաշինյանը, դատապարտվել էին։ Ի դեպ, ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը լինելով վարչապետի պաշտոնում, արդարացվեց վճռաբեկ դատարանի կողմից՝ 2022 թվականին։ Իր՝ վարչապետի պաշտոնում գտնվելը այստեղ շատ կարևոր հանգամանք է։
Իհարկե՝ բոլոր խոստումներին անդրադառնալը ժամանակի առումով անհնար է, կարող եք մեր կայքում կարդալ, առանձին բաժնում դրված է։ https://yerevan.today/eterum/teghekanq Այս շաբաթ անդրադարձել ենք գիշերօթիկի ու մանկատան սաների, շրջակա միջավայրի, աղբահանության, քաղբանտարկյալների, Սփյուռքահայերի, համահայկական հիմնադրամի, ուսուցիչների աշխատավարձի, զինվորականների ապրելակերպի ու շատ ու շատ չկատարած խոստումների։
Ուշագրավը գիտե՞ք որն է, որ այս խոստումները տված ու տապալած անձը անգամ 30 տարվա կտրվածքով է խոստումներ տվել։ Պաշտոնական տվյալներով բնակչության թիվը նվազել է 86 հազարով, նա խոստանում է դարձնել 5 միլիոն։ Բանակի հերն անիծել է, բայց խոստանում է դարձնել աշխարհի 20 ամենահզորներից մեկը։ Բայց դրանք, արդեն, մի 25 տարի հետո։
Կարճ ասած՝ Հայաստանում չես գտնի որևէ շերտում աշխատող մարդ, որևէ խավ, որին Նիկոլ Փաշինյանը խոստումներ չի տվել։ Մեր երկրում հաճախ են լինում բողոքի ակցիաներ, որոնց ժամանակ մարդիկ հիշեցնում են, որ Նիկոլ Փաշինյանը լրիվ հակառակ բաներն է անում, քան խոստացել էր։ Նրա խոստումներն ամեն ինչի մասին են, բոլորին ուրախացրել է իր ոսկե սարերով, հետո հիասթափեցրել, արել է այն, ինչ ձեռնտու է իրեն ու իր թիմին։ Ի միջի այլոց, այդ մասով էլ է խոստումները տապալել, որովհետև այստեղ էլ իրենց համար արել է այն, ինչը չէր խոստացել։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը