27 11 2023

«Կարճ ասած»․ Ո՞վ կհիշեցնի՝ ինչ է ասել Փաշինյանը ընդամենը երկու օր առաջ



 

Երբեմն կարդում ենք, որ այսինչ երկրի նախագահի ասուլիսից կամ հարցազրույցից հետո բորսաներում խառնաշփոթ է, նավթի գինը ընկել է, պղնձի գինը աճել է, դոլարը ընկել է, ռուբլին, յուանը, այսինչ երկիրը բողոքի նոտա է հղել, կամ ինչ-որ խոշոր ընկերության ղեկավարի խոսքից հետո բաժնետոմսեր են աճում կամ ընկնում։ Շատ են դեպքերը, երբ երկրի ղեկավարի հրապարակային խոսքերից հետո սկսում են ակցիաներ և այլն։ Եթե էս իրավիճակները բացառենք, միևնույն է՝ աշխարհում չկա ղեկավար, որ ասուլիս տա ու իր երկրում դա իրադարձություն չհամարվի, բացի մեկից։ Այդ մեկը ուրբաթ օրը 8 ժամանոց ասուլիս է տալիս, շաբաթ օրը դրա մասին ոչ ոք չի հիշում․ եթե որևէ մեկին հարցնես՝ ինչի՞ մասին էր Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 24-ի ասուլիսը, գեթ մեկ բան դժվար թե հիշի։ Որովհետև նորմալ բան չկար․ ոչ մի նորմալ պատասխան ու բնականաբար՝ ոչ մի հետաքրքրություն։ Որ սարքած հարցեր էին, ընդամենը շոուի համար, հենց սկզբից էլ երևաց, բայց ասելիք էլ չունե՞ր։ Հետաքրքիր է, որ նա լրագրող է աշխատել, սուր հարցադրումներ արել, բայց հերիք չէ՝ իր պատասխանի համար ընտրել է անիմաստ թատրոն ֆորմատը, մի բան էլ, պարզվում է, ասելիք էլ չկար։

Անկախ քո երկրի վարչապետի նկատմամբ քո վերաբերմունքից, երբ ասուլիս է տալիս, մտածում ես՝ ասելու բան ունի։ Բա լավ, 8 ժամ խոսի, 1 կարևոր միտք չհանե՞ս, 8 ժամ խոսի, չհասկանա՞ս երկիրը ուր ա գնում։ Ակադեմիական քաղաք, խաղաղության խաչմերուկ, մեկը մեկից «Նյու Վասյուկի»։ Ինքը խոսում է բաների մասին, որոնք չկան, չունեն հեռանկար և չունեն աջակցություն։ Մեռավ գովազդելով խաղաղության խաչմերուկ անունը ստացած քարտեզ-գաղափարը․ մի բան, որը ոչ մի կողմից չունի դրական արձագանք։ Մեկ երկրի անուն ասեք, որ հետաքրքրված է իր հորինած խաղաղության խաչմերուկով։ Խաղաղության պայմանագիր ասելով գիշեր-ցերեկն անցկացնում են, մեկ երկիր ասեք, որ խաղաղության պայմանագրի ձեր տարբերակներին դրական է արձագանքել։ Դու առաջարկ ես անում, դա ներկայացնում ես դրոշակ, աննախադեպ ծրագիր ու ոչ մի տեղից չունես հավանություն, քո առաջարկները չծնված-վերջացած բաներ են։ Ում հետ պետք է բանակցես, թղթերը ինչ-որ ոչ ուղիղ ճանապարհներով ես փոխանցում, անգամ հետդ հանդիպել չեն ուզում։ Ուրիշ ժամանակ ելույթներին գոնե Ադրբեջանն արձագանքում էր, էս անգամ նրանք էլ անտեսեցին։

Մենք ունենք մի պարագա, երբ Հայաստանում ղեկավար է մարդ, որից այլևս ոչինչ կախված չէ՝ ո՛չ մեր երկրում, ո՛չ մեր տարածաշրջանում, ինքը ոչինչ չի որոշում, ինքը չի որոշում անգամ իր հրաժարականը։ Ինձ համար երբեմն զավեշտալի է, որ լուրջ-լուրջ դնում քննարկում ենք, թե Նիկոլը դեմարշ է անում, չի գնում ՀԱՊԿ նիստին, ԱՊՀ նիստին։ Բայց ես անգամ չգիտեմ՝ ինքը չի գնո՞ւմ, թե՞ հասկացնում են որ իրեն հետ թեմա էլ չկա, պարտված, վերջացած մարդ է, ի՞նչ խոսեն հետը։ Որովհետև կարո՞ղ եք ասել, թե ո՞ւմ է պետք Նիկոլ Փաշինյան վարչապետը և իր ղեկավարման պարագայում՝ մենք՝ Հայաստանն ու հայ  ժողովուրդը։ Մի հատ հարցրեք Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներին, ասեք ձեզ ո՞նց եք զգում հատկապես 2020 թվականի պատերազմից հետո մինչ օրս ու ո՞նց էիք զգում դրանից առաջ։ Տեսեք, ասում ենք, ամբողջ ՀԱՊԿ-ը ընկած ա Նիկոլի հետևից, տպավորություն ա, որ խնդրում ա մասնակցել նիստին։ Վստահ ե՞ք։ Բայց ուզում եմ պատկերացնեմ, էլի, ուրեմն Պուտինը, Տոկաևը, Լուկաշենկոն չեն քնում, որովհետև Նիկոլը ՀԱՊԿ միջոցառմանը չի գնո՞ւմ, դեմարշ է անու՞մ։ Ինձ թվում ա, ուղղակի դիվնագիտական պաշտոնական լեզուն, հրապարակային խոսքը լիքը բաներ է թաքցնում, իրական վերաբերմունքը, կարծում եմ, այլ է։

Օրինակ՝ մենք կարդում ենք, որ Ռուսստանը ափսոսանք է հայտնել, որ Նիկոլը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին և հույս է հայտնել, որ առաջիկայում մասնակցություն կունենա։ Դիվանագիտական տողի հետևում ի՞նչ կա թաքնված, գիտե՞ք, ոչ հրապարակային ի՞նչ են ասում։ Հլը մի հատ պատկերացրեք, ֆանտազիաներդ աշխատացրեք․ ասենք Նիկոլ Փաշինյանը ասում է զանգեք, ասեք, որ ես ՀԱՊԿ միջոցառմանը չեմ գալու, հենց տենց, ի՞նչ է մտածում կամ պատասխանում Պուտինը, որ իրեն այդ լուրն են ասում, ձեր կարծիքով։ Այո, ճիշտ մտածեցիք, հենց տենց չոր էլ, իմ կարծիքով պատասխանում է․ այլ հարց է, որ հրապարակային ուրիշ տոնայնության մեջ են ներկայացնում։

Որովհետև, կրկնում եմ, նա իրականում, այլևս ոչ մեկին պետք չէ ու քանի դեռ ինքն է՝ նաև մենք ոչ մեկին պետք չենք։ Բացում ես քո երկրի վարչապետի ասուլիսը, որ հասկանաս՝ երկրի հետ հույս կապես թե չէ, ամուսնանաս, թե չէ, արտագաղթես, թե մնաս, պատրաստվես պատերազմի, թե խաղաղության, ի՞նչ անես, չես հասկանում, 8 ժամ՝ անիմաստ խոսք, ձանձրալի, անիմաստ մտավարժանքներ, պարապ ժամանակի սպանում։  

Նախորդ հաղորդման մեջ արդեն արձանագրեցինք, որ Փաշինյանը վերջացած գործիչ է։ Ու ամեն անգամ դա ապացուցվում է։ Սպառված լինելու ապացույցներից է «Հայաստան» համահայկական հիմնադրամի վերջին դրամահավաքը։ Երրորդ հանրապետության պատմության մեջ սա առաջին դեպքն է, հայ ժողովուրդն այսքան շատ է անհանգստացած մեր երկրի ապագայով, որովհետև տեսնում են՝ մազից է կախված պետությունն ու պետականությունը։ Մեր երկիրը երբևէ այսքան պրոբլեմ չի ունեցել, այսքան աջակցության կարիք չի ունեցել, քան հիմա։ Այս ֆոնին անցկացվում է համահայկական դրամահավաք և վերջին շատ երկար ժամանակվա ամենացածր թիվն է արձանագրվում՝ ընդամենը 8,4 մլն դոլարի խոստում։ Կրկնում եմ՝ ոչ թե 8 մլն դոլար, այլ այդքանի խոստում, որովհետև մենք ունեցել ենք անգամ տարի, երբ խոտացածից 5 մլն դոլար քիչ են տվել։

Հարց՝ ո՞նց կարող է ամբողջ աշխարհում հայերը անհանգստանան երկրի անվտանգային վիճակով, բռնագաղթած 120 հազար արցախցիներով, պետությունը դրամահավաք անի արցախցիներին օգնելու անվան տակ, հավաքվի նախորդների համեմատությամբ՝ չնչին գումար։ Եթե նորմալ պետություն լինեինք, կառավարությունը ամբողջ հայությանը կմիավորեր ու մեկընդմիշտ կլուծեր մեր քույր ու եղբայրների կարիքները։ Աշխարհում 10 մլն հայ է ապրում, վստահ եղեք, որ նրանք մեծ սիրով գումար կհավաքեին 30 հազար ընտանիքի տուն սարքելու ու գնելու համար։ Բայց ինչո՞ւ չեն համախմբվում այս հարցում․ որովհետև իշխանությունը վստահություն չի ներշնչում։ Որովհետև մարդիկ փող են ուղարկում, որ Արցախին օգնեն, Փաշինյանը 107 մլն դոլար մտցնում է բյուջե ու իր թիմին, ոստիկանությանը պարգևավճար տալիս, որովհետև միայն հանգանակությունների մոտավորապես այս տարվա գումարի չափ տալիս են մի ռեփ երգչի համերգի, որովհետև փողերը քոռ ու փուչ են անում, որովհետև բարերարից գումար են վերցնում մանկապարտեզ սարքում, հետո ասում են՝ պետք է քանդենք, որովհետև սխալ ենք սարքել։ Որովհետև, Հայաստանն ամուր էր Արցախով ու Սփյուռքով, իսկ նրանք Արցախը հանձնել են, սփյուռքահայերի մուտքն էլ արգելում են։ Նիկոլն ասում էր՝ Սփյուռքի հետ հարաբերությունները որակական նոր մակարդակի են․ սա՛ է էդ նոր մակարդակը։

Սփյուռքահայերն ասում են՝ համայնքով միացել ենք, գումար ենք հավաքել, 10 արցախցու հնարավոր է տուն գնել, բայց չենք ուզում կառավարությանը տալ։ Խորհուրդ տվեցի անձամբ գան, հանդիպեն ծանր վիճակում աապրող արցախցիներին և նրանց հետ միասին գնեն էդ տները։ Նիդերլանդներից զանգել է մի մեծահասակ հայրենասեր մարդ, ասում է՝ Երևանում տուն ուներ, պատերազմի ժամանակ է ծախել, գումարը նվիրել Արցախում պատերազմի կարիքներին, հետո իմացել է, որ հանգանակությունները մտել են բյուջե։ Ասում է՝ Հոլանդիայում տուն ունի, որն իրեն պետք չէ, մեծ մարդ է, ուզում է օգնել արցախցիներին, բայց վախենում է ծախել՝ գումարը ղրկել կառավարություն, որովհետև ամեն օր կարդում-իմանում ա, թե ինչ վայելքների մեջ է կառավարությունը։ Ասում է ժողովրդի համար բան չեմ խնայի, բայց ստացվում ա՝ ՔՊ-ականների համար չեմ խնայում։ Վստահության դեֆիցիտը ամենածանր բաներից մեկն է, որը դժվար վերականգնելի կորուստ է, իսկ այս դեպքում՝ անհնար։

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, մեր վիճակը ինչո՞ւ է էսքան վատ․ որովհետև սենց էլ, պետք ա լիներ․ բա իրեն սպառած իշխանություն է․ նրա հետ ամբողջ աշխարհը հաշվիվները մաքրել-դուրս է գրել, ԵՄ-ն դուրս է գրել, Ամերիկան դուրս է գրել, Ռուսաստանը դուրս է գրել, Սփյուռքը դուրս է գրել․ Հայաստանի ժողովուրդն էլ դուրս է գրել, բայց շարունակում են մնալ ու փչացնել օդը։ Բոլորն են հասկանում, կարծում եմ, որ նրա հետ որևէ պայմանավորվածություն չի լինելու ու չի լինելու նաև հեռանկար։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ