14 11 2023

«Կարճ ասած»․ Բա վերջը՞․ ավելի շատ հակառակորդ են ձեռք բերում, քան զենք



 

2019 թվականի դեկտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում տեղադրում է նոր ձեռք բերված Су-30 ինքնաթիռի նկարը ու գրում՝ «Ես եմ լինելու այս օդանավի առաջին ուղևորը»: Գերժամանակակից այդ ինքնաթիռը, սակայն, դարձավ ՀՀ զինանոցի ամենաանպիտան գործիքը։ Ուղղակի չօգտագործվեց, չկար հռթիռ։ Եթե լիներ էլ, դժվար օգտագործվեր, որովհետև Հայաստանի ղեկավարության նպատակը, ինչպես նշում են, հեչ էլ հարձակվելը չէր։ Նույն օրը՝ ամանորից 4 օր առաջ, որպես հայ ժողովրդին մեծագույն նվեր, տեղադրեց 1970-80-ականների արտադրության հակաօդային պաշտպանության «Օսա ԱԿ» համալիրներ ու հայտարարեց՝ մեր օդային սահմաններն այլևս անխոցելի են։ Երևի սրա հույսով էլ Արցախի Նիկոլը (դե հասկացաք, Արայիկը), հայտարարեց, թե ապրիլյան պատերազմի ժամանակ մենք անպաշտպան էինք, իսկ հիմա Ստեփանակերտի օդը փակ է ավելի, քան երբևէ, մեզ թշնամին չի սպառնում և այլն։ Թե ինչ եղավ հետո օդի հետ ու ինչպես թշնամու բեսպիլոտնիկը մինչև Երևան հասավ, չպատմեմ, գիտեք։ Այ սրա համար էլ անլուրջ եմ վերաբերում զինվելու մասին սրանց ելույթներին ու ձեզ էլ եմ հորդորում, լուրջ չընդունել։ Մեր տունը քանդեց հենց այսպիսի լոպազությունը։ 

Աշխարհի ոչ մի բանակ սենց չի զինվում, ժողովուրդ ջան, մի հատ ռագատկա են առնում, մի ամիս խոսում են դրանից։ Սրանք արդեն, անտանելի ուժեղ աղմուկով են զինվում։ Ադրբեջանը միլիարդների զեք է առնում, ձեն չի հանում, սրանք երկու ավտոմատից էլ աղմուկ են հանում, որ կթվա՝ աշխարհի գործարանները չեն հասցնում զենք մատակարարել Նիկոլին։ Սրանք ասում էին որ ամեն մանրուք պետք է ժողովրդին հայտնենք, հիմա ամեն հատիկ ավտոմատի ձեռք բերումը ժողովրդին հայտնում են, բայց որ բանակցում-հանձնում են, իմանում ենք ուրիշ տեղերից։

Ընդ որում, դուք գիտեն, որ թշնամու ձեռքերը հասնում են ամենուր ու կարող է խոչընդոտ հանդիսանալ, մանավանդ որ Ֆրանսիայի հետ լավ բիզնես կապեր ունի։ Սրանք էնքան են թույլ տվել, որ հա՛մ Ադրբեջանը ինտենսիվորեն զինվում է, հա՛մ մեղադրում է Հայաստանին զինվելու համար, հա՛մ էլ հաթաթա տալիս Հայաստանին զենք ծախողներին՝, թե՝ այ, զենք չտաք, թե չէ պատերազմ կլինի։ Նոր անօդաչու թռչող սարքեր, հեռահար հրթիռներ՝ բարձր ճշգրտության, ամենշաբաթյան թռիչքները իսրայելական ռազմական բազաներ, Թուրքիայից 5-րդ սերնդի կործանիչներ: Թշնամին ծայրաստիճան ռազմականացվել է։ Իսկ Հայաստանի իշխանության համար կարևորը ֆոն ստեղծելն է, թե զինվում է, իմիտացիա անելն է։ Դրա համար էլ մի հատ զենք են առնում, սկսում են համեմատվել ոչ թե թշնամու՝ Ադրբեջանի հետ, այլ նախկին ժամանակների հետ։

Նիկոլն ասում ա՝ Հայաստանը 2018-20թթ. ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան նախորդ տասը տարին։ Ու հարց է առաջանում՝ բա որ էդքան առել էիք, ինչի՞ տենց արագ ու խայտառակ պարտվեցիք։ Բա որ էդքան զենք եք առել, բա ո՞նց Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին մեկ օրում 100 քառակուսի կիլոմետր գրավեց։ Կամ՝ բա որ էդքան զինվել եք, ինչի՞ եք ասում՝ Ռուսաստանը զենք չի տալիս, իսկ մյուս երկրներն էլ չեն տալիս, քանի որ ՀԱՊԿ անդամ ենք։ Չէ՞ որ, փաստացի՝ զինվել ես լինելով հենց ՀԱՊԿ անդամ։ Հենա, վերջին տեղեկությունը, նոր տեսա․ ասում ա, Ադրբեջանը 1,2 մլրդ դոլարի գործարքի շրջանակներում Իսրայելից ձեռք կբերի Barak MX լրացուցիչ ՀՕՊ համակարգեր, իսկ Փաշինյանը, որը կարող էր դրա համարժեքը գնել ՀԱՊԿ-ից, այսօր հայտարարեց որ ՀԱՊԿ գագաթաժողովին չի մասնակցի՝ հուսալով որ ըմբռնումով կընդունեն այդ պետությունների ղեկավարները: Պատկերացնու՞մ եք, ինչ է կատարվում․ սրանք 4 հատ Վիլիս են առնում, աշխարհով մեկ շուխուռ են անում, Հ1-ը ադեն 5-րդ ռեպորտաժն ա ցույց տալիս, թշնամին դրա համեմատ մենակ Իսրայելից 1,2 միլիարդի ՀՕՊ ա առնում, սա չի գնում ՀԱՊԿ, որովհետև․․․ Եսիմ․․․ Երևի մտածում ա, որ Ռուսաստան-բան իրենք պտի իրա հետևից վազեն, որ մեզ զենք տան․․․ Ասում ա, հուսով ենք ըմբռնումով կընդունեք։

Հակասություն հակասության հետևից, վտանգավոր արկածախնդրություն, մեկ այլ՝ արդեն չգիտեմ ինչ անվանեմ, ինչի հետևից․․․ Իրենց թվում է, որ ընդամենը զինվելու տպավորություն ստեղծելով, ամեն մի բան առնելիս ֆեյսբուքով գովազդելով, կկարողանան թշնամուն էլ մոլորեցնել, երևի հաշվարկները դա է․ ի՞նչ ասեմ, սենց կրա՞կը կլինի, որ մենք ենք ընկել ազգովի։

Միջազգային զեկույց կա էն մասին, որ Հայաստանի սպառազինությունը 2020 թվայանին նվազել է 2,6 տոկոսով․ Ադրեջանինը աճել է 17 տոկոսով․ բա էդ ո՞նց ես տենց շատ զինվել։ Կամ հիմա, ի՞նչ ես առել․ մի տարի ա ասում են զինվում ենք, զինվում ենք, էս տարվա հոկտեմբերին իմացանք, որ մի խմբաքանակ զենք են բերել Հնդկաստանից, մեկ էլ ինչոր Ֆրանսիայից ռազմական տրանսպորտային միջոցներ են բերում։ Էդ ա սաղ պատմությունը։ Ֆրանսիան Ուկրաինային մի քանի միլիարդի զենք ա նվիրում, իսկ քո վրա վաճառում ա, ըստ երևույթին անգամ ոչ թե զենքը, այլ ինչ-որ մեքենաներ, էն էլ տալիս է Արցախը վերջնականապես հանձնելուց, ու հայաթափվելուց հետո։

ՊՆ գույքը հանել եք վաճառքի, որ զենք առնեք։ Էս չե՞ք։ Արտաքին պարտք ես վերցնում, պարգևավճար տալիս, բայց զենք առնելու համար գույք ես ծախում։ Էնպես որ, զինվելու հարցում էլ, ինչպես մյուս հարցերում, անգամ նախկինի հետ համեմատությունը բոլորովին քո շահերից չի բխում։ Ի վերջո, կարևորն այն չէ, թե ում օրոք որքան զենք ենք բերել, այլ՝ ում օրոք ինչ արդյունք ունենք։

Զինվորին շշով ջուր չէին տալիս, կլուբնիկ չէին տալիս, բայց ապահովում էին խաղաղ երկինք, արժանապատիվ ծառայություն, խրճիթում չէին պահում, սահմանս էլ պաշտպանված էր, ոչ թե հիմիկվա պես։ Մի քանի տարի պահանջվեց, որ մարդիկ հասկանան, որ կյանքը, հայրենիքն ու գաղափարը սնունդից թանկ ա։ Մենք քննադատում ենք Շիշ բռնողին իր նոր նախագծի համար՝ վճարեք գումար, ազատվեք ծառայությունից․ բայց սա ի՞նչ օրից ա․ արդյո՞ք նրանից չէ, որ սրանք էլ են հասկացել՝ ծնողները գերադասում են տունը ծախել, զավակին բանակից ազատել, որովհետև 5 տարում 3 պատերազմ եք բերել։ Ի դեպ, էսօրվա ասուլիսում ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը պետական գաղտնիք է բացահայտել․ չե՞ն ուզում Քննչականը, ԱԱԾ-ն, դատախազը կամ էլ ով ունեք, գնան հետևից։ Քո ունեցած զինվորների թիվը հայտարարելը հանցագործություն չէ՞։ Չնայած՝ ինչի՞ եմ զարմանում, իր ղեկավարն էլ պատերազմի ժամանակ Ադրբեջանին հայտնում էր զինվորների հավաքակայանի հասցեն, թե որտեղ են հավաքվեքվելու, որ ժամին կլինի կուտակված։

Ես չեմ հիշում, երբեք ժողովուրդը չի անհանգստացել զենք ունենալ-չունենալու հարցով, սահմանի հարցով․ հիմա անհանգստանում է։ Որովհետև սրանք էնքան են սխալ անում, որ սովորական մարդուն այդ բոլոր պրոբլեմներին մասնակից են դարձրել։ Ի վերջո, ի պաշտոնե պարտավոր են մեր սպառազինության հարցը լուծել, իրենք լուծեն, ոչ թե սրա-նրա վրա գցեն, ու անդադար նախկինի հետ համեմատեն, իբր իրենց լավ զգան։ Էնքան անբաշար են, որ հազիվ կարողանում են մեկ-երկու բան առնել, ու ժողովրդին էլ գիժ են դարձնում իրենց քննարկումների պատճառվ։ Օրինակ ես, ՀՀ քաղաքացիս, ինչի՞ պետք է իմանամ, որ Հնդկաստանից զենքը Իրանով են բերել, թե որտեղով, մեծ խնդիրների արդյունքում, ինչի՞ պետք է իմանամ, որ Վրաստանը թույլ ա տվել, թե չի տվել Ֆրանսիայից տեխնիկան իր տարծքով անցկացնել։ Ոնց ուզում եք՝ բերեք, իմ ի՞նչ գործը պետքա լինի։ Բոլոր ժամանակներում էլ, սահմանների պաշտպանությունը պետության, իշխանության խնդիրն է, հանրությունը պահում էր թիկունքը, բայց հիմա դարձավ ամեն հայի խնդիրը, ամեն մեկը մտածում է սահմանի մասին։ Որովհետև տեսնում է՝ իշխանությունը հակառակորդներ ավելի արագ է ձեռք բերում, քան զենք․ մնացածը էլ չասեմ։

Իհարկե՝ բանակի զինումը պետության թիվ մեկ պարտականություններից է, արտաքին անվտագության ապահովում։ Բայց, ժողովուրդ ջան, մենք որ էսքան քննարկում ենք հատկապես Ֆրանսիայից մի քանի բան առնելու թեման, մի կարևոր բանի մասին մոռանում ենք հարցնել՝ բա դու խաղաղության դարաշրջան էիր բացում, բանակի թիվ էիր կրճատում, էդ ինչի՞ ա Ադրբեջանը միլիարդների զենք առնում, ինչո՞ւ ես դու վիզ դնում զենք առնես, էդ էլ չես կարողանում․ չլինի՞ դու էլ չես հավատում խաղաղությանը։ Բա ո՞ւր ա քո խաղաղությունը, քո բացած սահմանները, քո ապագան։ Դուք էլ գիտեք, որ էս ամենը գնում ա դեպի պատերազմ․ բայց հարց է՝ նորմալ պատրաստվո՞ւմ ես, թե չէ։

Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանին կառուցել է 20 զորամաս, 150 մարտական կետ՝ 2020 թվականից հետո, զինված ուժերի թվաքանակ է մեծացրել, ստորաբաժանումներ է ավելացրել․ դո՞ւ ինչ ես արել։ Երկու հատ ռադար առար, հետո՞։ Խաղաղության գնացողը քո սահմանին լիքը զորամասեր ա սարքո՞ւմ, փոխանակ Մեհրիբանն ու Ալիևը աղունիկներ թռցնեն։

Կարճ ասած՝ ինչպես բոլոր ոլորտներում է, պաշտպանությունում ևս զենքի ձեռքբերումը, կարծում եմ, ուղղակի ձեզ խաբելու համար է։ Ֆրանսիական զենքը օդ փակելու համար չէ, այլ ավելի շատ՝ ժողովրդի աչքերն ու բերանը փակելու, իբր զինվում են։ Բյուջեի էս ահռելի թալանի ֆոնին ինչ-որ բան էլ առնում են ժողովրդին ցույց տալու համար, թե՝ ո՞ւր ա, որ հարստանում ենք, բանակ ենք զինում։ Բանակը առյուծից դարձրեցին փախչելու, հանձնվելու, գերի ընկնելու ու խղճալու մատերիալ ու դեռ խոսում են, չեն հանձնվում։ Ավելի լավ չէ՞ ՔՊ-ն հանձնվի, Փաշինյանը հանձնվի, քան հայկական բանակը, քան Հայաստանը։ Եսիմ, մտածեք։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ