13 10 2023

«Կարճ ասած»․ Ավինյանի երդման, «տրամվայի տակ ընկած 3-ի» ու Բաքվի բանտերի մասին



Այսօր կարևոր օր է մայաքաղաք Երևանի կյանքում․ ունի նոր քաղաքապետ։ Տիգրան Ավինյանը «համաձայնեց» ստանձնել քաղաքապետի պաշտոնը․ ստիպված, մի կերպ, որպեսզի քաղաքն առանց պետ չմնա։ Ուրիշ ցանկացող չկար, անգամ երևանցիները չէին ցանկանում քաղաքապետ ընտրել ու ընտրության չգնացին։ Սեպտեմբերի 17-ի ընտրություններում երևանցիների վերաբերմունքն այն էր, որ մեր քաղաքին քաղաքապետ պետք չէ, ավելի լավ է ինքն իրեն կառավարվի կամ չկառավարվի, քան լինի ՔՊ, որովհետև իրենք աթոռը ուրիշին չեն զիջում, բայց իրենք էլ որտեղ դիպչում են՝ ավերում են, հետո՝ հանձնում։ Ավինյանի նախընտրական կամպանիան շատ ավելի երկար տևեց, քան աշխարհում ամենաերկար ԱՄՆ նախագահական մրցավազքը։ Ավելի քան մեկուկես տարի այդ տղան փիարվում էր։ Հոկտեմբերի 10-ին Երևանի կողմից մերժված Ավինյանը զոռով-շառով ընտրվեց քաղաքապետ։ Նախ իրենց արբանյակ ուժին հաջողացրին քաղաքապետարան մտցնել, բայց դա բավարար չեղավ, շարունակեցին զբաղվել «անասնագողությամբ»․ շատ չխորանամ, թե ինչպես, պայմանավորվելով, ճնշելով, կալանավորումներով, բաց թողումներով, գուցե փողով, գուցե էն մյուս թեկնածուի հետ պայմանավորվելով, որ տապալի ընդդիմության միավորումը, հաջողացրին։

Ավինյանի քաղաքապետ ընտրվելը գիտե՞ք ինչ իրավիճակի եմ նմանեցնում․ բոլորիս դպրոցում ու համալսարանում տեսել ենք՝ էն ծույլիկ աշակերտ կա, որ հազիվ 2-ի է ձգում, բայց դասատուն ծանոթով, փողով, բաջանաղի խաթր կամ խղճահարությունից դրդված՝ մի կերպ 3 է նշանակում, որ դասարանի վրա չմնա ու չի մոռանում ասել, որ դա «տրամվայի տակ ընկած» 3 է։ Ավինյանը այդ տրամվայի տակ ընկած 3-ն էր։ Զոռով, շառով, կենդանական ու բուսական աշխարհի մականուններ ունեցող մարդկանց աջակցությամբ մի կերպ ստացավ այդ 3-ը։ Էսօր շնորհակալություն էր հայտնում վստահության համար․ բայց չհասկացա ումից, որովհետև նրան ոչ ոք ոչինչ էլ չէր վստահել, դատելով արդյունքներից։ 10 տոկոսի վստահությունը ո՞րն ա։ Գուցե նկատի ուներ Փաշինյանի՞ն, դե երևի։ Չէ՞ որ այդ 3-ն էլ ստացել է, աննախադեպ վարչական ռեսուրսի ներգրավմամբ, ինչ ունեին-չունեին, ում կարողացել էին, տարել-բերել-ընտրել էին տվել։ Ես, օրինակ, մարդ չէմ ճանաչում, որ սիմպատիայով կամ վստահելով գնացել Ավինյան է ընտրել․ իսկ դուք, ճանաչո՞ւմ եք էդպիսի մարդու։

Մի խոսքով, Արգիշտի I-ի վախտվանից մինչ այսօր Երևանի երևի ամենաոչ լեգիտիմ քաղաքապետը այսօր երդվեց։ Ինաուգուրացիայի միջոցառումը ուղղակի ծաղր էր։ Ճիշտն ասած՝ ես Հայաստանում մի հարկի տակ Հայաստանի հետ ոչ մի կապ չունեցող այդքան մարդ չէի տեսել։ Ուրիշ վախտ կասեին իշխանական ամբողջ էլիտան, աստղաբույլը, բայց էդտեղ ո՛չ էլիտա կար, ո՛չ Աստղաբույլ, ուղղակի իշխող խմբակն էր՝ իր ողջ թշվառությամբ։

Իրենց երեսից, երկիրը ուղղակի թաղված է պրոբլեմների մեջ․ Հայաստանը լի է 100 հազարից ավելի բռնագաղթածներով, արդեն Հայաստան են վերադառնում Ռուսաստանից դեպորտ արվածները, Բիշքեկում տեղի է ունենում ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպում, մեզանից մարդ չկա, անգամ մի հատ լուցկու չոփ չկա մեր երկիրը ներկայացնող, մեր մասին խոսում են էնտեղ, ու մենք չկանք, ունենք Գրանդայում ստորագրված դավաճանական թուղթ, երրորդ համաշխարհային է սկսում, մենք չունենք գոնե մեկ դաշնակից, ով էլ մի քիչ մեր օգտին ցանկություն կունենա հանդես գալ, ավելի շատ խղճահարությունից է․ սաղս սպասում ենք, որ հեսա մի բան կլինի․․․ Իշխող խմբակը շոու է անում, կարծես բան էլ չի եղել։ Իրենց համար տոն է։

Էլ շքերթ, էլ կարմիր գորգ, մի ժամ շարունակ ծառայողական ավտոմեքենաներ էին շվշվացնելով, ախռանիկներով գալիս-գնում։ Մի ախռանիկ գալիս բացում էր Ալենի ախռանիկի դուռը, որ նա իջնի, գնա բացի Ալենի դուռը, կադրը շատ չերկարացրեցին, թե չէ հնարավոր է՝ Ալենն էլ գնում էր Նիկոլի դուռը բացելու։ Երևանի քաղաքապետարանը գտնվում է Երևանի ամենակենտրոնում․ 200 մետր հեռու է նախարարությունների շենքից, 400 մետր՝ վարչապետի նստավայրից։ Էդ 200 մետրը եկել էին լիքը ծառայողականներով, ախռանիկներով։

Հյուրերի ցանկը նայելիս, բացի Վահագն Խաչատուրյանից ու Տիգրան Ավինյանից, մյուսների ներկայության իմաստը չէի հասկանում։ Դե Ավինյանը պետք է լիներ, իր առաջին զանգն էր, Վահագնը՝ ամենապարապ պաշտոնյան է մեր երկրի, ինչ-որ բան պետք է անի, որ արդարացնի ամսվա սկզբում միլիոն 600 հազար աշխատավարձը, դաշնամուրային մասն էլ կարող էր ապահովել․ բա մնացա՞ծը։

Օրինակ մարզպետները ինչի՞ էին եկել, ձեր մարզերում տասնյակ հազարավոր տնանկ արցախցիներ կան, բռնագաղթած, ո՞նց եք թողել նրանց հոգսը ու եկել էդ թատրոնին, ի՞նչ է, բոլոր հարցերը լուծել եք, հիմա էլ եկել եք տոնելո՞ւ։ Սանոսյան Գնել, 100 հազարից ավելի տեղահանված ունենք, առաջին օրվանից ոնց ափալ-թափալ տեղավորել եք, մինչ օրս էլ սպորտզալերում են քնում, ինչի՞ ես եկել, վսյո՞, էլ բան չկա՞ անելու։

Էս պահին Հայաստանում ավելի շատ տեղահանված հայ կա, քան Ավինյանի ստացած ձայներն են, անտուն, անշոր, անփող, անհագուստ․ նրանցով զբաղվեիր։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի ու նրա մերձավոր ընկեր Կարեն Անդրեասյանի ներկայության իմաստը ո՞րն էր․ բանտերում էնքան քաղբանտարկյալ եք լցրել, որ քնելու տեղ չկա, ի՞նչ երեսով եք փողոց դուրս գալիս։ Էս պահին ԱՊՀ խորհրդի նիստում Ադրբեջանը իր հարցերն ա լուծում, անվտանգության խորհրդի քարտուղարը, արտգործնախարարը չէի՞ն կարող գնալ, մեր անունից էլ խոսող լիներ․ թե՞ Ադրբեջանը իրենց փոխարեն էլ էր ներկա։ Դե Ալենի մասին չեմ խոսում, իր համար, ինչպես գերիները այլևս չկան, երևի տեղահանվածներն էլ չկան, ի՞նչ է եղել, որ, հեսա մի էկզոտիկ երկիր կգնա, պետության հաշվին շամպայն խմելու։ Պապիկյան Սուրենի պաշտպանության տակ գտնվող 150 քառակուսի կիլոմետր տարածք օկուպացված է թշնամու կողմից, եկել է Երևանի մեջտեղը ի՞նչ է անում։ Քո ցուցանիշներն ունեցած ցանկացած պաշտպանության նախարար կգնար իրեն ամենամոտիկ մոստը, չեմ չափազանցում, ինքնասպան կլիներ, մի քիչ թասիբ ունենար։ Բա գենշտաբի պետը․ հմայված նստել՝ թմբկահարին էր նայում․ տպավորություն էր, թե սաղ կյանքը մտածել ա թմբուկի մասին, մեկ էլ հանկարծ Նիկոլը կանչեց իրար հետևից տվեց նախ գեներալ մայորի, հետո լեյտենանտի կոչում, ասաց՝ դե գնա բանակը քանդելուն տիրություն արա։ Պարոն Ասրյան, ամեն շաբաթ զինվորներ են զոհվում բարդակից, ինչո՞վ ես դու զբաղված։ Ընդ որում, ծնունդով կարծեմ հենց Հադրութից ես, իր ու քո, մեր  Արցախը հանձնել եք, այո՛, դու էլ։ Ողբ է ու սուք շատերիս համար, պատառ հաց կուլ չի գնում, դու էդտեղ ի՞նչն ես տոնում, կասե՞ս։ Դուք էս ի՞նչ մարդիկ եք, անկեղծ, գլխիս մեջ չի տեղավորվում։

Ու էս ֆոնին հասկանալի է, չէ՞, թե ինչի ներս չէին թողնում լրագրողներին, որովհետև կարող էին գնալ ու հարցնել՝ դուք ինչ գործ ունեք էստեղ։

Կարճ ասած՝ այս ընթացքում, մինչ այս ձախողակների թիմը ֆուրշետ էր անում ու տոնում իրենց զոռով շառով ստացած մի կերպ 3-ը, Բաքվի դատարանում նստած լաց էր լինում Վագիֆ Խաչատրյանը, մենք՝ այստեղ՝ տեսնելով նրա լաց լինելը։ Նա հայտնվել է այդտեղ միմիայն մի պատճառով, որովհետև Փաշինյանը, մեկ տարի առաջ այս օրերին, ի հակառակ Արցախի ժողովրդի կամքի, ոչ մեկին ոչինչ չասած, Բրյուսելում Վագիֆի ու իր պես 120 հազար արցախցու հայրենիքը նվեր էր տալիս Ալիևին։ Այս նույն ընթացքում, Բաքվի բանտախցերում անմարդկային ապրումների մեջ, իրենց հերթին են սպասում մյուս առևանգված արցախցիները՝ Ռաշիդ Բեգլարյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Դավիթ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը, Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Իշխանյանը և մյուսները, Արայիկը անգամ Հարությունյան, որը մինչ պաշտոնավարման վերջին օրը, հլու հնազանդ Փաշինյանի ցուցումներն էր կատարում՝ հույս ունենալով, որ Նիկոլը նրան չի թողնի, կպլստա։ Բայց արժանացավ շատ ավելի նվաստացուցիչ ճակատագրի՝ ի տարբերություն Սամվել Բաբայանի։ Այդ ամենի ընթացքում 100 հազարից ավելի բռնի տեղահանված մեր հայրենակիցներ, տարական պայմաններ ու միջոցներ չունենալով, ամենքը մի հարց է լուծում, իր երեխայի, ծնողի ու առհասարակ գոյատևելու համար՝ չունենալով որևէ տեսանելի ապագա․․․

Ապագա կա՛ ՔՊ-ի համար, բայց ո՛չ Վագիֆի, Ռաշիդի, Ռուբենի, Արկադիի, կամ Տիգրանաշենի, Ոսկեպարի բնակչի համար։ Ապագան ՔՊ-ի՝ ամեն բան ձախողած չինովնիկի համար է, մնացածի համար՝ միայն շարունակվող աղետ, նվաստացում ու զրո պատկերացում որևէ դրական ելքի մասին։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ