15 օր անցավ այն օրից, ինչ Արցախից սկսեց մեր ժողովրդի՝ մահվան սպառնալիքի տակ տեղահանումը։ Մեր հայրենակիցները ցրված են Հայաստանի Հանրապետությունով մեկ։ Մարդիկ կտրվել են տնից, հողից ու գոյատևում են։ Այն, ինչ անում է կառավարությունը ու անունը դրել է օգնություն, վատագույն ձևով, չկամությամբ կազմակերպված ինչ-որ բան է։ Մինչև հիմա կան ընտանիքներ, որ դուրսն են քնում՝ մեքենայի մեջ։ Հազարավոր ընտանիքներ շարունակում են գիշերել դպրոցների սպորտզալերում, այ էս պայմաններում։ Պետությունը չի կատարում իր պարտականությունները, նրա փոխարեն մեծամասամբ դա անում են անհատները, բարեգործական, հասարակական կազմակերպությունները, գործարարները, Սփյուռքը։ Դուրս է գալիս, որ մենք ու նրանք աշխատում ենք պետության փոխարեն։
Նախ, կարծում եմ, որ պետք է արցախցիներին տրվողից հանել «հումանիտար օգնություն» բառակապակցությունը։ Կառավարությունը պետք չէ օգնություն տար, որովհետև օգնություն տալ նշանակում է լավություն անել, որը կարող ես և չանել։ Այն, ինչ անում են ոչ պետական հիմնարկները, այո, օգնություն է, բայց կառավարությունը պարտավոր է փոխհատուցել։ Հայ մարդը իր տանը նստած է եղել Ստեփանակերտում, Մարտունիում, Ասկերանում, ինտեռնետից պատահաբար իմացել է, որ իրեն հանձնել ես, արդեն Ադրբեջանի տիրապետմանն ես հանձնել, դու, միայնակ։ Ամբողջ կյանքում տուն է սարքել, հողամաս է դրել, լավից վատից կուտակել է, քո մի՝ սուբյեկտիվ որոշմամբ, գուցե ինչ-որ բանի դիմաց հանձնել ես, իր կարծիքը չես հարցրել։ Բա ո՞վ պետք է փոխհատուցի։ Նա իր կամքով չի որոշել դուրս գա իր երկրից, գնա մյուս երկիր վարձով ապրելու, դու ու Ալիևը նրան վռնդել եք իր տնից։ Երբ որ մի քաղաքացին մյուսի տունը քանդում է, անգամ պատահաբար, նա ոչ թե ասում է լավ, կներես, առ էս 10 հազար դրամը 50 հատ հատաքար կառնես, մի բան կշարես, այլ վճարում է փոխհատուցում, ամբողջ աշխատանքների համար և բերելու համար առնվազն նախկին վիճակին։ Երբ որ խնդիրը դրվի այս տեսանկյունից, այդ ժամանակ պետությունը ստիպված կլինի քաղաքացուն տուն տալ, ինչպիսին որ եղել է։ Էլի կասեմ, առնվազն այն հարմարությունները, որը նա ունեցել է իր հայրենիքում։ Հենց այնպես, ինչպես մեռաք գովազդելով, թե Կապսի ջրամբարը որ սարքում եք, պետք է Ջրաձոր գյուղը տեղափոխեք, բնակիչներին թազա տներ սարքեք, հենց այնպես, ինչպես Շուռնուխի կեսը հանձնել եք ու բնակիչներ համար պարտավորվել եք տներ սարքել, նույն կերպ էլ պարտավոր եք տներ սարքել արցախցիների համար, բայց՝ ոչ Շուռնուխի պես, որ երեք տարի է՝ մենակ ասում եք «լուսամուտը դրիմ»։
Հարց եմ տալիս Նիկոլ Փաշինյանին․ ինչո՞ւ են մարդիկ դրսերը քնում։ Ինչո՞ւ են վարձով տուն փնտրում։ Հարց եմ տալիս, ինչո՞ւ եմ ես վարձով տուն ման գալիս իմ հայրենակիցների համար․ դա պետք է անեիր դու՝ էդ քո սաղ ձրիակեր աշխատողներով։ Էն օրը մի շատ թեթև ուսումնասիրությամբ պարզեցի, որ բազմաթիվ կազմակերպություններ իրենք են զբաղված մեր քույր ու եղբայրների ճակատագրով։ Էս մի բարեգործական հիմնադրամը 1500 արցախցի ընտանիքի ծախսերը իր վրա է վերցրել, էն մի օգնության միությունը 3000 ընտանիքի սնունդի արկղեր է ուղարկում։ Նիկոլն էլ իր պատճառով տեղահանվածներին օգնելու փոխարեն տասնյակ հազարավոր ոստիկաններին պարգևատրում է 150 հազար դրամով՝ ընդդիմության եռօրյա ցույցերի ժամանակ քաղաքացիներին ջարդելու համար։ Արցախցուն զրկել է տնից, տալիս է 100 հազար դրամ, նրա ամբողջ տառապանքը, տան կորուստը, հողի կորուստը գնահատել է ամեն հոգին 100 հազար դրամ, բայց Արցախի համար ոտքի ելած ցուցարարի ծեծող ոստիկանի մեկօրյա գործողությունը գնահատել է 150 հազար դրամ։
Ասում ես՝ տան վարձի համար կտանք 50 հազար դրամ։ Էն Քերոբյանդ էլ ասում է՝ 50 հազար փող ենք տալիս, 50 հազար հատ տուն կա, թող վարձակալեն․ ձեռք եք առնո՞ւմ։ Նախ 50 հազար չէ, 40 հազար է, 10 հազարը կոմունալի համար է, դա տան վարձի հետ կապ չունի։ 40 հազար դրամով ո՞վ կարող է տուն վարձակալել։ Նույն Վահան Քերոբյանը մի քանի ամիս առաջ կառավարության նիստում մղկտում էր, որ տանտերը եղբոր տան վարձը բարձրացրել ա, չի կարողանում մուծի։ Էն ձեր դեպուտատները, որ օրը երկու հատ տուն են առնում ու ձևակերպվում են որպես վարձով ապրող, որ պետությունից փող ստանան, նրանց անգամ ավելի շատ փող եք տալիս ամեն ամիս։ Բացի այդ՝ փողը դեռ չես էլ տվել․ 15 օր է՝ բռնագաղթել են, տան վարձի փողը դեռ չես տվել՝ լավ իմանալով, որ ցանկացած տուն վարձակալելիս, երկու ամսվա դեպոզիտ են ուզում։ Մի սրիկա էլ, իհարկե, էն մարդիկ են, որ հայրենակիցների դժբախտության վրա որոշել են փող աշխատել ու տները հոր գնին են դարձրել՝ փոխանակ ընդհակառակը, ասեին մի քանի ամիս վարձ չեք տա, մինչև պետությունը ձեր հարցերը կլուծի․ դրել՝ նիկոլություն են անում։ Բայց անգամ այդ պարագայում պետք է պետությունը փակեր էդ տան վարձերը, անկախ վճարի չափից։
10 հազար դրամ ասում ես կտամ կոմունալի համար։ Ձմեռ է մոտենում, 10 հազար դրամով լույս, ջուր, գազ, ո՞նց է մուծելու։ Կառավարական դաչաները, որտեղ մեր հաշվին ապրում ես, ամիսը 1 միլիոն դրամից ավել է ձմեռը կազմում կոմունալդ․ բա դրա 1 տոկոսն ես ընդամենը տալիս քո պատճառով տունուտեղից զրկվածների՞ն։
Մարդը սաղ կյանքը աշխատել, տուն ա սարքել, ձեռքի պայուսակով փախել ա, քո տված 100 հազար միանվագ օգնությունով ի՞նչ է անելու, ո՞ր մեկն է անելու, ո՞նց, ո՞նց եք տենց հաշվել, որ էդքանը նորմալ ա, բավարար ա։ Ի՞նչ է, փող չունե՞ք, լու՞րջ, փող չկա՞ բյուջեում․ ո՞նց չկա, տարին սկսել, չի սկսել աննախադեպ աճերից եք խոսում, բա հանեք տվեք էս խեղճ ժողովրդին, ով, հիշեցնեմ, երկրաշարժից չի տուժել, հենց ձե՛ր, հենց քո՛ որոշման արդյունքում ա դարձել անտուն ու աղքատ․ հանե՛ք ինչ ունեք-չունեք, մարդկանց նորմալ ապահովեք, հետո կխոսենք, ամո՛թ ձեզ, հազար ամոթ։
Բնական է, որ ձեր էս լկտի անտարբերության պատճառով մյուսներն են գործի անցնում, ՔՊ-ականներն էլ վռազ իրենց ֆեյք էջերով ժողովրդին խառնում են իրար՝ այսինչ ընդդիմադիրը թող իր գործարանում աշխատանքի տեղավորի, այսինչ ընդդիմադիրը իր տունը հատկացնի․ մի րոպե, բա պետությո՞ւնը ինչ անի։ Թվում էր, թե պետք է պետությունը ամենակազմակերպված կառույցը լիներ, բայց պետությունից շատ օժանդակություն մյուսների տվածն է։ Հարցը էն է, որ պետության հետ հավասար կամ նրանից ավելի բեռը վերցրել են իրենց վրա այն կազմակերպությունները, որոնք կոչ էին անում կամ պահանջում էին նիկոլին հեռանա, որ մեր արցախցի քույր-եղբայրները գաղթական չդառնան։
Օրինակ ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչու է եկեղեցին տանիքի հարց լուծում․ առաջին համազգային կառույցն է, որ Նիկոլի հրաժարականն է պահանջել հենց Արցախի հետ կապված որդեգրած քաղաքականության համար։ Ինչո՞ւ է, օրինակի համար, «Տաշիր» կազմակերպությունների խումբը ծածկով ու մնացած ամենինչով ապահովում, Սամվել Կարապետյանն է՞ նրանց անտուն թողել։ Ինչո՞ւ է բլոգեր Միկա Բադալյանը, «Երիտասարդի ձայնը» ՀԿ-ն իր ամբողջ կազմով, մյուսները զբաղվում օգնություն հավաքելով․ այս ընդդիմադիր ակտիվ կեցվածք ունեցող երիտասարդները օրեր շարունակ բուհերով ման էին գալիս, կռիվների մեջ ընկնում, ձերբակալվում, որ ուսանողությունը միանա, պայքարեն, որ Արցախը գաղթական չդառնա։ Իսկ նա, որ արցախցիներին թողել ա անտուն, անհայրենիք, ընտանյոք հանդերձ փարթիների մեջ է, հերիք չէ դա, մի հատ էլ գնում է արտասահմանյան այցերի, զելինսկի-տիխանովկայաներին փաթաթվում է՝ հստակ իմանալով, որ դրա արդյունքում էլ հարյուր հազարավոր հայեր գաղթական կարող են դառնալ արդեն Ռուսաստանից։ Թող գան, էլի Նիկոլը իր հակապետական գործն անի, մարդիկ հիմա էլ նրա՞նց ապահովեն տներով ու օգնություն հավաքեն։
Էս ընթացքում մի քանի տասնյակ միլիոն դոլար օգնություն է եկել Հայաստան․ ո՞ւր են էդ փողերը․ դրանով ե՞ք օգնությունը բաժանում․ էդ դեպքում ո՞ւր ա բյուջեի աննախադեպ փողերը։ Ոնց նայում եմ՝ ոչ պետական ռեսուրսով են մարդկանց տանիք տալիս, իսկ պետական ռեսուրսով տվածներն էլ էս ա, մանկապարտեզների սպորտզալերը։ Ձմռան շեմին մարդիկ ընկած՝ շորեր են փնտրում, աշխատանք փնտրելու փոխարեն զբաղված են ՀՕՄ-ից, Կարմիր Խաչից ու մյուսներից օգնություններ խնդրելով։ Լավ, ասենք 2 կիլո բրինձ վերցրեցին, 3 օր հետո պրծավ, հետո՞։ Իմ իմանալով, արցախցին երբեք աղքատ չի եղել, բերել ստեղ սարքել եք սրանից-նրանից կիլոյով օգնություն ստացող։
Կարճ ասած՝ ինչպես որ արցախցիներին մեղադրում էի, որ հանգիստ նստել էին տեղները, մինչև Նիկոլ-Արայիկ զույգը իրենց կործանում էր, այնպես էլ մեղադրում եմ, որ հիմա հանգիստ նստել են տեղները, մինչև իշխանությունը իրենց ողբերգության վրա փող է աշխատում։ Դուք ունեք ձեր պատգամավորները, ձեր նախարարները, որոնք հիմա Հայաստանում են, դուք պետք է դուրս գաք հենց ստեղի կառավարության դիմաց ու պահանջեք փոխհատուցում ձեր կրած տառապանքների համար։ Հայաստանը դեռևս ունի սահմանադրություն, որի 32-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք: Ձեր բնակարանները վերցրել են, նվիրել են, ծախել են՝ չգիտեմ, պահանջեք նորը։
Արցախի անձնագիրը հայկական անձնագիր է, ծննդվայրը գրած է Ստեփանակերտ, Շուշի, Բերձոր, թե Իջևան, պետության հովանավորության տակ են։ Պետությունը պարտավոր է, իր որոշումների արդյունքում տուժածներին փոխհատուցի ամեն ինչով․ ուղղակի պարտավոր է։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը