Քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը Alpha News-ի ուղիղ եթերում անդրադարձել է ՀՀ իշխանությունների՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություններին։
«Եթե տարածաշրջանի համար ճակատամարտը հաղթում է Ռուսաստանը և եթե այս տարածաշրջանը մնում է հետխորհրդային ռուսական գերտերության ազդեցության ներքո (իսկ դա արդեն գործնականում իրականություն է), կարող ենք արձանագրել հետևյալը․ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, բայց տարածաշրջանից դուրս գալ չի կարող։ Իսկ տարածաշրջանը մեզ նորից ստիպելու է վերադառնալ և՛ ՀԱՊԿ, և՛ ԵԱՏՄ։ Այս տեսանկյունից մենք հայտնվել ենք մի պարզ իրավիճակում՝ Վրաստանում էլ են դա հասկացել Ադրբեջանում էլ։ Մեզանով տեղի է ունենում մտավարժանք, թե «ՀԱՊԿ-ից դուրս կգանք»։ Ո՞ւր եք դուրս գալու»,- հարց է տվել Վիկտոր Սողոմոնյանը։
Նա նկատել է, որ եթե դուրս գանք տարածաշրջանից, այլևս վերադառնալ չենք կարող։
«Եթե դուրս գանք տարածաշրջանից, էլ չենք վերադառնա։ Ուղղակի ուրիշ երկրագունդ չկա, որ գնանք ու այնտեղ տեղավորվենք։ Այս տարածաշրջանը, անկախ ամեն ինչից, եթե մի փոքր առաջ ընկնենք ու արձանագրենք՝ Ռուսաստանը դիմակայեց ու կարողացավ ճակատամարտը հաղթել, ապա այս տարածաշրջանը շատ երկար լինելու է ռուսական գերտերության ազդեցության ներքո։ Կարծում եմ՝ այստեղ ուրիշ տարբերակներ չեն լինելու»,- ասել է Վիկտոր Սողոմոնյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը