Նիկոլ Փաշինյանի երեկվա այսպես կոչված ուղերձը նրա այն քիչ ելույթներից էր, որի տողատակը մարդիկ հասկացել են շատ ճիշտ, այնպես, ինչպես ուզում էր ասել։ Հայաստանի անկախությունը վտանգված է․ այո, վտանգված է․ Հայաստանից օկուպացված լիքը տարածքներ կան։ Եվ կա պատերազմի հավանականություն։ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ միացեք ինձ, որ անկախությունը պահեմ, տարածքային ամբողջականությունը պահեմ։ Իսկ ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը պատկերացնում այդ պահելը։ Նիկոլ Փաշինյանը և միջին վիճակագրական նիկոլականը տարածքային ամբողջականության համար պայքար ասելով ի՞նչ են հասկանում․ նրանք չեն հասկանում զենքը վերցնել-գնալ պահել, նրանք հասկանում են այսպես՝ զիջել մի տարածքը՝ մյուս տարածքը պահելու համար ու այդ ընթացքում չմոռանալ հայրենասիրական ճառեր ասել։ Այդպես են հասկանում։
Հարց եմ տալիս՝ իսկ մենք ինչի՞ ենք խոսում անկախությունը կորցնելու, ինքնիշխանությունը պահպանելու մասին։ Ես, սիրելի ժողովուրդ, ծառայել եմ Հայոց բանակում 2004-2006 թվականներին, այն ժամանկ, երբ անվտանգության տեսակետից համարյա տարբերություն չկար՝ զինվորը ծառայում է Երևանի մեջտեղը, նախիջանի սահմանին, թե Քարվաճառում ու Ստեփանակերտում․ անկեղծորեն անվտանգային առումով չկար տարբերություն․ կարող է ներսում բարքերը տարբեր էին, ներքին իրավիճակը, կարգ ու կանոնը, բայց արտաքին անվտանգության տեսակետից մեկ էր․ որքան անվտանգ էր Երևանը, նույնքան անվտանգ էր Ստեփանակերտը։ Էդ ժամանակ, երբ սահմանին խաղաղ էր, Հայաստանի անկախության ու ինքիշխանության համար չէի՞ն պայքարում։ Մեկ անգամ մեր հայրերն ու պապերը ոտքի են կանգնել, մեր անկախության համար պայքար մղել, սկզբում ցույցերով, հետո պատերազմով այդ անկախությունը պաշտպանել են, հետագա տարիներին էլ կոփել են անկախությունը՝ վստահ լինելով, որ ամեն հաջորդ ղեկավար զարգացնելու է։ Հետո եկան սրանք՝ ասացին՝ չէ, դա սխալ ա, էդ որ էդքան գեներալ ունենք, դրանք հերոս չեն, բանակից գողացող մկներ են, էդ որ լավ են հա՛մ ռուսների հետ, հա՛մ ամերիկացիքի, դա սխալ է, պետք է կա՛մ նրա հետ լավ լինես, կա՛մ նրա հետ լավ լինես, էդ որ ռազմավարական գործընկերներ են, դա սխալ է, դա վասալություն է, էդ որ ասում են թուրքը մեր թշնամին ա, սխալ ա։ Մի խոսքով՝ նախկին 25-30 տարին ինչ եղել է, սխալ է եղել, զրոյից ենք կառուցում․ ու մենք 5 տարում ստացանք էն, ինչ որ ստացանք։
Հիմա Նիկոլը Հայաստանի ինքնիշխանությունը դրել է զենքով պահելու հարցականի տակ, անկախությունը հանել է վաճառքի։ Ու ասում է՝ եկեք իմ իշխանությունը պահեք, թե չէ մեր անկախությունը կկորցնենք։ Այ ժողովուրդը, որ փողոցում ա, նրանք անկախությանը դեմ են։ Բայց մի րոպե՝ փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր մարդկանցից մեկին տեսել ե՞ք, որ ասի՝ Նիկոլին հանենք՝ միանանք Ռուսաստանին։ Էդ դուք եք էն ընտրության առաջ կանգնեցնում՝ զոհվել, ինտեգրվել, թե գաղթել, դուք եք նրան հասցնում, որ անկախ երկրի քաղաքացին մտածի ում միանամ Թուրքիային, թե Ռուսաստանին։ Էդ խի՞ եք որոշել որ Նիկոլն ու Հայաստանի անկախությունը նույն բանն են։ Ճիշտ հակառակը՝ Հայաստանի անկախություն նշանակում է, որ Նիկոլը պետք է չլինի Հայաստանում իշխանության։ Ասում է ինձ պահեք իշխանության, որ անկախությունը պահենք։ Բայց հենց քո օրոք է անախությունը կասկածի տակ դրվել։
Հիմա հետևեք բառապաշարին, նախ ասում էր՝ Արցախը Հայստան է և վերջ, հետո ասաց՝ Արցախը Ադրբեջան է և վերջ, պետք է հանձնենք, որ պահենք Հայաստանը, վաղն էլ կասի՝ Հայաստանն Արևմտյան Ադրբեջան է, այ Ալմաթիի հռչակագրում մի հատ թաքուն կետ կա․․․ Կրկնումեմ՝ մենք մեզ համար ապրում էինք։ Եկավ ասաց՝ կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա, հիմա տեքստը փոխվել է, հիմա ասում է՝ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը ես եմ՝ կա՛մ կմնամ վարչապետ կա՛մ Հայաստանն անկախ չի լինի։
Ես ուզում եմ, ժողովուրդ ջան, պաշտպանել մեր թե՛ անկախությունը, թե՛ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը․ բայց ես չեմ ուզում էդ բոլորը պահպանել Շորժայում, Գորիս-Տաթև ճանապարհին կամ Ջերմուկի դիրքերում զոհվելով․ ես ուզում եմ էդ անկախությունը գյուղացին պահի իր ծանր, բայց շատ օգտակար, ստեղծարար աշխատանքով՝ խաղող, ծիրան, կարտոֆիլ աճեցնելով, կոշկակարն ու ժամագործը՝ իրենց մասնագիտական գործով, ես իմ լրագրողական համակարգչի առաջ։ Ես ուզում եմ իմ երկրի անկախությունը պահեմ իմ կյանքով։ Բայց սրանք ասում են՝ չէ, պետք է գաս մեռես Նիկոլի իշխանության համար։ Ասում են՝ խաղաղության դարաշրջան ենք բերում, բերում են երեք պատերազմ, հետո ասում են՝ այ տես, պետք է գաս մեր հետևից, որ անկախությունը պահենք։ Մինչև ձեր գալը ամեն մեկս մեր գործով պահել ենք մեր երկրի անկախությունն ու տարածքայն ամբողջականությունը, ես իմ գործով, զինվորն իր գործով, իշխանությունը իր գործով։ Հո մարդիկ չէի՞ն անհանգստանում, վայ՝ Քոչարյանը հանդիպեց Ժակ Շիրակին, տեսնես Ֆրանսիան մեզ կօգնի՞։ Նման բան չէր կարող լինել, որովհետև անկախ, ինքնիշխան պետություն էիր։ Իսկ էսօր կարդում ենք՝ Ֆրանսիայի նախագահն ահազանգում է, որ Հայաստանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը վտանգված է։ Բայց ինչի՞ պետք է վտանգված լիներ։
Ուրեմն ի՞նչ է ստացվում՝ մեր անկախությունը առաջին հերթին պետք է պահել ձեզնից, դուք եք սպառնալիք դրան։ Որպեսզի Հայաստանը լինի անկախ, անվտանգ պետք է անկախությունը սպառնացող բուրգը փլվի՝ վերևից ներքև՝ բուրգի գագաթ Փաշինյանով, բուտաֆորիա նախագահ Վահագն Խաչատուրյանով, ԱԺ նախագահով, ֆրակցիայով։ Սա, կրկնում եմ, ինչ ասել է՝ հակառակն է եղել, ու հիմա ասում է՝ չի լինելու Հայաստանը ծայրագավառ․ դա նշանակում է, որ լինելու է թուրքական ծայրագավառ։ Ոնց որ պատերազմի երկրորդ օրից ասում էր չի լինելու կապիտուլյացիա ու եղավ հենց դա։ Ասում է՝ չի լինելու Զանգեզուրի միջանցք, բայց իր հեռուստաընկերության եթերում դա են քննարկում, թե ինչքան լավ կլինի, որ լինի։ Սա ասում էր Արցախը Հայաստան է, հետո ասաց՝ թող արցախցին ինտեգրվի Ադրբեջանին։ Բա վաղը մե՞զ ում ես ինտեգրելու, թուրքերի՞ն, արևմտյան ադրբեջանցիների՞ն։ Հեն ա՝ քննարկում եք Հայաստանն ադրբեջանցիներով վերաբնակեցնելու հարցը։
Ո՞վ էր սենց բան տեսել՝ պետք է հրաժարվենք մեր ռազմավարական գործընկերներից, որ անկախություն պահենք, պետք է հրաժարվենք Ցեղասպանության ճանաչումից, որ անկախություն պահենք, պետք է հանձնենք Ղարաբաղը, որ անկախություն պահենք, պետք է մետրոն փակենք, որ անկախություն պահենք․․․
Կարճ ասած՝ Նիկոլի ուղերձներն առաջ սկսում էին հպարտ քաղաքացիներով և ավարտվում էին այսպես՝ կեցցե Ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի Հանրապետությունը, կեցցե Հայոց բանակը, կեցցե Հայոց սփյուռքը, կեցցե Հայ ժողովուրդը և կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում, ազատ և երջանիկ Արցախում: Հիմա «հպարտ քաղաքացի» այլևս չկա, իսկ ուղերձներն ավարտվում են հետևյալ կերպ․ փառք նահատակներին, կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Այդքան կարճ։ Սրա հաջորդ ուղերձում մնալու են միայն նահատակները և ինքը։ Փառք նահատակներին, կեցցեմ ես։ Նրա ուղերձում արդեն դուք՝ հպարտ հայ ժողովուրդ, չկաք, կա ինքը։ Եվ ուրեմն՝ հիմա օրկարգում մեկ հարց պետք է լինի՝ այս՝ չգիտեմ որտեղից կառավարվող մարդու հեռացումը, որը հանձնել է Արցախը և կասկածի տակ է դնում Հայաստանի անկախությունը։ Կա՛մ ինքը, կա՛մ՝ Հայաստանը։ Չեմ ասում Արցախի մասին, այլևս սուտ է Արցախի հետ բերումը, գոնե տեսանելի ապագայում։ Արցախ կոչերն այլևս իմաստ չունեն։ Կա՛մ նա, կա՛մ Հայաստանը։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը