Երեկ երեկոյան երկու լուր կարդացի, որոնք ամբողջությամբ բնորոշում են այսօրվա Հայաստանի ինքնիշխան ու անվտանգային վիճակը։ Տարածքային կառավարման նախարարը հայտնեց, որ ուզում են վերանորոգել Գորիսի օդանավակայանը․ Կապանում չվերթները հաճախ են չեղարկվում, իջնելու տեղ չկա, վերադառնում են Երևան։ Նա ասաց, թե 4 չվերթ այդ բախտին է արժանացել, պատճառը եղանակն է։ Սանոսյանը ճշմարտությունն ամբողջությամբ, կարծում եմ, չասաց։ Գիտենք, որ Ադրբեջանը պարբերաբար կրակում է Կապանի օդանավակայանի վրա։ Վերջերս լուր հրապարակվեց, որ չվերթները չեն կայանում, որովհետև քաղաքացիները անվտանգության կասկածներ ունեն և տոմսերը հետ են տալիս։ Ուզում եմ հիշեցնել, որ Նիկոլի՝ Սյունիք թռչելուց հետո ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, որ անհայտ ադրբեջանցին մոտեցել է օդանավակայնին, կրակել ու փախել․ Ադրբեջանին առաջարկեց, թե եկեք միասին հետաքննենք։ Հըն, հետաքննեցի՞ր, Աբազյան, ի՞նչ պարզվեց։
Մեր երկում օդանավակայան ենք սարքել, բայց շահագործել թշնամին չի թողնում, որովհետև այդ թշնամուն այս իշխանությունը հասցրել է մինչև մարզկենտրոն։ Առաջ Հայաստանից Արցախ ուղղաթիռով գնում էին, այդ թվում՝ Փաշինյանը, հիմա ինքը ինքնաթիռով թռչումէ Կապան, կրակում են օդանավակայանի վրա, ավտոմեքենայով հետ է գալիս։ Էդ աէրոպորտը ոնցոր նման լինի Սու 30-ներին․ հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսեցին, որ Նիկոլը սելֆի անի։ Էս օդանավակայանն էլ մենակ Նիկոլի, իր ԱԽ քարտուղարի ու աշխատակազմի ղեկավարի պաշտոնական լուսանկարի համար էր կարծես։
Երեկվա մյուս լուրը․ ԵՄ դիտորդական առաքելությունը հայտնել է, որ պարեկություն են անում, որ Երասխում ամերիկյան մետալուրգիական գործարանի քանդումը անվտանգ կատարվի։ Էն որ Շորժայում կրակում-սպանում են քաղաքացիներին, ԵՄ- դիտորդները չկան, բայց այ հսկում են, որ ամերիկյան ներդրումները լինեն ապահով։ Հունիս ամսից Ադրբեջանը կրակում է ու չի թողնում այդ գործարանը կառուցել։ Նախ կրակեց ու վիրավորեց երկու աշխատողի, հետո սրանք որոշեցին ԱՄՆ դրոշ տեղադրել գործարանի ճակատին։ Մի հատ մարդ կա՝ Վազգեն Սարգսյանի եղբայր անունով, էն որ հենց մի բան լինում է, արևմտյան ֆինանսավորմամբ ու կողմնորոշմամբ լրատվամիջոցներին մի րոպե հետո հարցազրույց է տալիս ու անում կանխատեսումներ, որոնք երբեք չեն իրականանում․ այ նա ասաց, որ եթե ամերիկայի դրոշն է, ուրեմն Ադրբեջանը այլևս չի կարող կրակել։ Անգամ դրոշը տեղադրելու ժամանակ կրակեցին։ Արդեն երկու ամիս է՝ խոսակցություններ են մամուլում հայտնվում գործարանի տեղափոխման մասին։ Ադրբեջանն ինչ-որ պատճառներ է բերում, թե՝ իր Հեյդարաբադ գյուղին վնաս է, բնապահպանական խնդիրներ է ստեղծում։ Հայաստանն էլ փոխանակ կոշտ արձագանքի, սկսում ա հաշվետվություն տալ։ Բացատրում է՝ ինչ գործարան է, ինչ է արտադրելու, Սիմիդյանի նախարարությունը եքա լավաշ բացատրություն է գրում հայկական գետերի ջրի որակի, մթնոլորտային օդի մասին, պատմում, թե Կոտայքում ինչ հանք կա կամ չկա, Գեղարքունիքում էլ։ Թշնամու քիթը մտցնում են մեր տնտեսական կյանք։
Ներդնողը փող է դնում, որ օդանավակայան բացի, գործարան բացի, ռեստորան բացի, պետք է մի հատ էլ Ադրբեջանից թույլտվություն ստանա, հակառակ դեպքում իր սարքածը քանդել-տանելու է ուրիշ տեղ։ Նիկոլն ասում է՝ Ադրբեջանի հարձակումները մեր տնտեսության առաջընթացը կասեցնելու համար են։ Բայց Ադրբեջանը 2020 թվականին է առաջացե՞լ․ նախկինում տնտեսության երկնիշ աճ չկա՞ր, թե՞ Ադրբեջան չկար, որ չէր խանգարում էդ աճին։ Ասինք նոր երկիր է դա, բայց ամեն դեպքում՝ ՔՊ-ից նոր չէ։ Ուղղակի էն ժամանակ մռութներին կուտեր նման պահվածքի համար։
Դուք թույլ եք տվել, որ էսօր Ադրբեջանն ասի՝ Երասխի գործարանը փակեք, հանքեր փակեք, մեր երկրի մեջ օդանավակայնի սարքելը համարում են սադրանք։ Ո՜ւր ենք հասել։ Օդանավակայանը ռազմավարական կառույց է, ռադիոյի պես, էն որ դուռը ջարդեցիք՝ մտաք ներս ու հեղափոխություն արեցիք։ Մի հատ ուկրաինական անօդաչու է անցնում Մոսկվայի օդանավակայանի մոտով, որպես պատասխան ռուսներն էնքան անօդաչու են ուղարկում Կիև, որ մի ամբողջ օր օդային տագնապ է լինում։ Բա թուրքը գալիս ա օդանավակայանից մի քանի մետր հեռու կրակում-գնում ա, սրանք պատասխանելու փոխարեն ասում են՝ դե մենք էլ Գորիսում կբացենք օդանավակայան։ Էդքան հեշտ ա՞ փողերը քամուն տալը։ Ահա այն, ինչ պետք է իմանալ Հայաստանի ինքնիշխանության մասին։ Վաղը Ադրբեջանն է որոշելու սրանց փոխարեն, թե ինչ դնեն իրենց էրեխեքի անունները, ինչ ուտեն, ԱԺ քանի պատգամավոր ունենա, քանի նախարար ունենանա։ Էսպես գնա՝ վաղը մեր մարզեր այցելելու համար Նիկոլը թույլտվություններ է ստանալու Ալիևից։
Ասում է՝ Ադրբեջանը կրակել ա, ճնել ա, Ղարաբաղը ճանաչել եմ իր կազմում․ վաղը կարող է՞՝ կրակի, ճնշի, ճանաչես իր կազմում Սյունիքը, ճնշի՝ միջանցք տաս։ Նիկոլ Փաշինյանը մեր երկրում ամենաշտն է խոսել ինքիշխանությունից, հետո ասում է՝ որ Ադրբեջանը կրակում է, դաշնակիցները ձայն չեն հանում, Ղարաբաղը տալիս եմ։ Դաշնակիցները չեն օգնում՝ գործարանը տեղափոխում եմ, Կապանի օդանավակայանը չեմ շահագործում։ Բա էլ ի՞նչ ինքնիշխանություն, եթե ամեն ինչ խալխի հույսին է։ Դու խոստացել ես խաղաղության դարաշրջան, քո ծրագրում չես գրել դաշնակիցները կպահեն, գրել ես՝ ես կպահեմ։ Սա երկիր պահել ա՞։ Ուղիղ մեկ տարին լրացել է նրանից, որ 200 զոհ տվեցիր ու 150 քառակուսի կիլոմետր տարածք կորցրիր։ Մինչև հիմա մեր զինվորի դին դեռ էդ հատվածում է, մեկ տարի անց։ Իսկ թշնամու ներկայությունը արդեն սովորական անհանգստություն է դարձել։ Հայաստանի սահմանամերձ շրջաններից Ադրբեջանի դրոշն ավելի շատ է երևում, քան Հայաստանինը։ Առաջ կիլոմետրերով հեռու էր։
ԱԱԾ-ն ասում է՝ Ադրբեջանից անհայտ անձը կրակում է օդանավակայանի վրա։ Իսկ հայտնի ու անհայտ տեղերից կառավարվող շատ հայտնի անձը հերն անիծել է ՀՀ ինքնիշխանության ու անվտանգության։ Հենց սա իշխանության բացակայության մասին է, անիշխանության։ Հայաստանում կան պետական շենքեր, նրանցում նստած հիմնականում թրաշով, գալստուկավոր ու արագ հարստացող լիքը մարդիկ, խոսում են, գնում-գալիս են, իրենց հոգնած մամիններն են ախրանաներով, միգալկաներով տեղափոխում, բայց մեկ է՝ իշխանություն գոյություն չունի։ Իշխանավորի արժանապատվություն էլ չկա։ Գտել են իրենց երազանքների պաշտոնները ու մենակ դրա մասին են մտածում։ Սրանց համար կարորը էդ անտեր պաշտոններն են, փողն է, որ չկտրվի հանկարծ։ Ասում են՝ հարգելի նիստը նախագահող, արձագանքում ա՝ ես նախագահող չեմ, ես ԱԺ նախագահն եմ․ բա, կարևորը իրենց պաշտոնի անունն է։ Կապ չունի, թե էդտեղ ինչ է անում։
Կարճ ասած՝ Ժողովուրդ ջան, Էսօր Հայաստանի ինքնիշխանության սպառնալիքը ավելի շատ ո՛չ Ադրբեջանն է, ո՛չ Թուրքիան․ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ական իշխանությունն է։ Հայաստանն ուժեղ պետություն սարքելուն խանգարում են իրենք։ Ինքը, իր ԱԺ նախագահը, իր դեպուտատները, նախարարները, իր կաբինետն ամբողջությամբ, իր մարզպետները, իր քաղաքապետ-գյուղապետերը։ Ադրբեջանի առաջընթացը շարունակվելու է, քանի դեռ իշխանության են իրենք։ Սա նորություն չէ, դուք էլ գիտեք, որ այդպես է, իրենք էլ գիտեն, որ այդպես է, թշնամին էլ դա գիտի։ Դրա համար արագ-արագ իր գործերն առաջ է տանում, քանի կարող է։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը