05 09 2023

«Կարճ ասած»․ Արայիկը գնաց, իսկ ի՞նչ է սպասվում Նիկոլին



Մի քանի օրից՝ սեպտեմբերի 9-ին, Արցախի Հանրապետության խորհրդարանը նախագահ կընտրի։ Արցախի Հանրապետությունն իրեն թափ տալու նշաններ է անում Արայիկ Հարությունյանի հեռանալուց հետո։ Ի տարբերություն Հայաստանի ժողովրդի, արցախցին, առնվազն, իր աչքի առաջ այլևս ամեն օր չի ունենա իր պարտության սիմվոլին։ Զուտ հոգեբանական առումով դա արդեն մեծ առաջընթաց է։ 

Արայիկ Հարությունյանի հրաժարականին անդրադարձել եմ գրառմամբ, սակայն հաշվի առնելով հարցի կարևորությունը և հաղորդման ֆորմատը, կցանականամ այստեղ ևս անդրադառնալ թեմային։ Նիկոլի, Արայիկ Հարությունյանի հրաժարականների մասին շատ է խոսվել։ 2020 թվականի պատերազմում պարտությունից հետո դա, ինչպես շատ-շատերն էին պնդում, անհրաժեշտ էր։ Ես նույնպես այդ կարծիքին էի և հիմա էլ, կարծում եմ, որ մարդիկ, ովքեր այդ ամենը բերեցին մեր ժողովրդի գլխին, առնվազն պարտավոր էին հրաժարական տալ։ Արայիկը, Նիկոլ Փաշինյանի ձեռքը բռնած, Արցախին պարտություն է բերել, աղետ, ու պաշտոնավարման շարունակումը անտրամաբանական էր։ Մանավանդ որ պատերազմից հետո նրա մնալով բզկտված Արցախը ոչ մի օգուտ չստացավ, իսկ հատկապես վերջին ամիսներն ապացուցեց, որ որևէ հարց լուծելու անընդունակ է։ Բայց Արայիկ Հարությունյանն օգնեց Փաշինյանին Հայաստան-Արցախ կապը խզել։

Վստահ եմ՝ եթե Արայիկը, գոնե հրաժարական տար պատերազմից անմիջապես հետո, էս վիճակին չէր հասնի երկիրը, վիճակը կլիներ շատ ավելի բարվոք, գործընթացները՝ դրական իմաստով հեռանկարային կլինեին․ այդ թվում՝ Հայաստանում։ Դա լուրջ ազդեցություն կունենար Հայաստանում գործընթացների վրա, շանս կտար խուսափելու այն ամենից, ինչի ականատեսն ենք։

Ինչո՞ւ Արայիկ Հարությունյանն ավելի վաղ հրաժարական չէր տալիս։ Իմ կարծիքով՝ իր անվտանգության հարցն էր լուծում։ Ինչ-ինչ պատճառներ էին բերում՝ եթե հրաժարական տա, լեգիտիմության հարց կլինի, անկայունություն, Ադրբեջանը ամեն բան կանի, որ նոր ընտրություն չլինի և այլն։ Ինքն էլ երկու օր առաջ ֆեյսբուքում գրել էր՝ եթե հրաժարական տայի, պետք է սահմանադրությամբ այսպես լիներ, այնպես լիներ, մշուշոտ հեռանկարներ, ճգնաժամ, աշխարհաքաղաքական խնդիրներ և այլն։ Լոլոներ։ Արցախի սահմանադրությամբ Արցախի տարածքների 80 տոկոսը ընկերոջդ հետ հանձնել ես, դրանից հետո էլ ի՞նչ թազա  ճգնաժամ։ Արցախի սահմանադրությունը վաղուց խախտել եք, երբ Փաշինյանը, չգիտես ոնց թուղթ էր ստորագրում ու հողեր հանձնում Ալիևին։ Այ էd ժամանակ խոսեիք սահմանադրությունից, ոչ թե երբ խոսքը ձեր պաշտոնի մասին է։ Էլ չեմ ասում, որ պատերազմից հետո 3 տարի մնալով ոչ մի օգուտ, բացի վնասից չես տվել։ Դու ու Նիկոլը, իրար ձեռք բռնած, հանձնում էիք Լաչինի միջանցքը, լավ իմանալով, որ ամեն պահի կարող է Ադրբեջանը փակել մնացած ճանապարհը, մի ալտերնատիվ ճամփա չսարqեցիք` ունենալով բավարար ժամանակ՝ գրեթե 2 տարի։ Էլ չեմ ասում, որ փոխանակ մի քանի տարվա պաշար կուտակեիր, անհասկանալի բաներով ես զբաղված եղել, քաղաքական խաղերով. ու հիմա, երբ ժողովրդին հասցրել ես սովի, անգամ մի կտոր հացից զրկված, ուզած-չուզած կամ պարտադրված հրաժարական ես տալիս։ Երևի ստացել ես անձնական անվտանգության երաշխիքները, որը վստահ եմ` քեզ համար ամենակարևորն է։

Արայիկը, իհարկե, հեշտ չգնաց, 3 տարի մեռավ իր հրաժարականը ծախելով, ամեն խարդավանքի գնաց, էլ ներքին խժդժություններ, էլ ինչ-որ աշխարհազորի հրամանատարի անհասկանալի ու անմիտ քայլեր, էստեղից սորոսական շրջանակները հրաժարականի օրն էլ մինչև քեզ էին, պաշտպանում։ Մինչև վերջ քամեց իր ռեսուրսները և գնաց՝ սուլոցների տակ։

Ամեն մեկը կարող է մի ձև վերաբերել Արայիկ Հարությունյանին։ Բայց հնարավոր չէ ժխտել, որ նա այս ամենի գլխավոր մեղավորներից է՝ թե՛ իր տեսակով, թե՛ վարած քաղաքականությամբ, արժեհամակարգով, պոպուլիզմով, եթե կուզեք՝ կապիկություններով. պարտության սիմվոլ։ Եվ իզուր չէ, որ ստացել է «Արցախի Նիկոլ» անունը։ Նա էր ասում չէ՞, ով Նիկոլին դեմ ա, նրա հետ չեմ համագործակցի։ Պատկերացրու, Ալիևն էլ ա դա ասում՝ ուրիշ ոչ մեկի հետ չի ուզում խոսի հայերից, միայն Նիկոլի։

Մի խոսքով, նա Արցախի համար այլևս անցյալ է, կործանիչ անցյալ։ Արայիկ Հարությունյանի հրաժարականով դժվար թե բլոկադան վերանա, բայց նրա քայլը արցախցիների, Արցախի ցավով ապրողների մոտ հույս է արթնացրել, որ դրական գործընթացներ կլինեն։ Այդ պերսոնաժը քանիցս կանխարգելել է Արցախում կարևոր գործընթացները, որոնք կարող էին իրավիճակ բարեփոխել, էս պարտվողական խայտառակ քաղաքական կուրսը փոխել։ Ու պատկերացրեք, շատերի համար անգամ կարևոր էլ չէ, թե ով է հաջորդելու նրան, որովհետև մտայնություն է, որ ով էլ լինի, պարտության սիմվոլ գոնե չի լինի։ Ի դեպ, այդ վստահությունը կա նաև Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ՝ ով էլ հաջորդի նրան, ավելի վատը ուղղակի չի կարող լինել, քանի որ պարտության սիմվոլները երկուսն են՝ Հայաստանում՝ Նիկոլը, Արցախում՝ Արայիկը։ Նրանք մարդկային նույն տեսակն ու որակն են․ ու վստահաբար, Հայաստանի փրկությունն էլ այսօր կախված է Փաշինյանի հեռանալուց․ դա կարող է վերջակետ դնել Հայաստան-Արցախ-Սփյուռք պառակտմանը, կարող է դրական գործընթացների մեկնարկ լինել, շանս լինել վերածնվելու։ Անկեղծ լինենք, ինչ խնդիր էլ նախկինում եղած լինեին այս եռամիասնության մեջ, այն, միևնույն է, ամուր էր, իսկ հիմա կապը գրեթե չկա, Արցախցը, ասում է, Ադրբեջան է, իրենց մասին չեմ բանակցելու, Սփյուռքի ազդեցիկ գործիչների մուտքը արգելում են Հայաստան, հայերի այլազգի բարեկամներինը՝ ևս։

Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է, որ նրանք, ովքեր դեմ են եղել Արցախում Արայիկի, Հայաստանում Նիկոլի փոփոխմանը, հասկանան, որ այդ երկուսի հեռանալը ծայրաստիճան անհրաժեշտ է, եթե ուզում ենք պետություն մնա և լինեն դրական փոփոխություններ։ Շատերի կարծիքն է, որ Փաշինյանը պետք է հեռանա կամ հեռացվի, որ մեր պետությունը ապրելու հնարավորություն ունենա։

Տեղին է կրկին հիշելը դեռ 2009 թվականին փախուստի մեջ գտնվող Փաշինյանի նամակը Միխեիլ Սաակաշվիլուն, որտեղ անդրադառնալով ռուս-վրացական պատերազմում պարտությանը, գրում էր, որ Վրաստանի իշխանությունը պետք է ունենա պետականասիրություն և հենց իրեն պարտված ճանաչի՝ երկիրը պարտվածի պիտակից փրկելու համար, մանավանդ որ հենց իշխանությունն է պարտության թիվ մեկ պատասխանատուն։ Այդտեղ նա պնդում էր, որ եթե Սահակաշվիլին մնա իշխանության ղեկին, պատերազմի պարտությունը ու դրա բարոյահոգեբանական հետևանքները ծանրանալու են Վրաստանի վրա, իսկ եթե Սահակաշվիլին հեռանա, այդ պարտությունը կծանրանա ընդամենը նրա անձի, նրա թիմի վրա, բայց երկիրը կազատվի այդ մղձավանջային զգացողություններից. նոր կյանք սկսելու հնարավորություն կստանա։ Այլապես՝ ամեն անգամ վրաց ժողովուրդը նրան տեսնելիս հիշելու է մղձավանջային պարտությունը, ստորացումը, ու մարդիկ չեն կարողանալու առաջ նայել։ Մեկին մեկ իր մասին է գրել Նիկոլը, դեռ 2009 թվականին՝ հասցեագրելով Սահակաշվիլուն։ Իր վիճակը, և իր բերած վիճակը շատ ավելի ծանր է, քան Սահակաշվիլուն 2009-ին։

Ոչ մեկ ու ոչ մի բան հավերժ չէ․ Արայիկ Հարությունյանը վերջը գնաց, չմնաց, չէ՞, իսկ հաջորդին ի՞նչ է թողնում․ սա է հարցը։ Օրինակ, Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանից ստացել է անկախ Արցախ, 12 հազար քառակուսի կիլոմետրով ու այն փոխանցել է Բակո Սահակյանին, Բակո Սահակյանը նույնությամբ փոխանցել է Արայիկ Հարությունյանին։ Իսկ ի՞նչ է Արայիկ Հարությունյանը փոխանցում իր հաջորդին՝ միայն պրոբլեմներ ու կասկածելի ապագա, Ադրբեջանի աքցանի մեջ ապրող երկիր ու լիարժեք ձախողվելու լայն հնարավորություններ։ Նույնը և Հայաստանում․ Նիկոլ Փաշինյանը ստացել է ամուր, անխախտ սահմաններով Հայաստան և Արցախ, կայուն խաղաղություն և բանակցություններով հարցը լուծելու հնարավորություն։ Նրան թողել են երկու հանրապետություն։ Իսկ ի՞նչ է նա թողնում հաջորդին։ Ապշելու է, բայց նա կարծես անում է  ամեն ինչ, որ հաջորդ չլինի։

Կարճ ասած՝ չգիտեմ՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը եղել է ինքնակամ, թե պարտադրանքով, բայց այն շատ ուշացած քայլ է։ Նման մարդիկ, թեպետ, ինքնակամ գնացողը չեն։ Թեև ուշացումով, նա արեց իր քայլը։ Հերթը Նիկոլ Փաշինյանինն է։ Աշխարհում չկա բռնապետ, որ իր կամքով գնա, նրանց հեռացնում են, որոշներին շատ դաժան, որոշներին՝ իրենց համար անդառնալի կորստով։ Չգիտեմ՝ Փաշինյանը որ ճանապարհով կգնա, բայց վստահ եմ՝ ոչ ինքնակամ, մտածելու է, որ միայն հրաժարականով անհնար կլինի գլուխն ազատել։ Այնուամենայնիվ, Նիկոլը պարտավոր է գնալ, որ երկիրը շանս ունենա առաջ ընթանալու։

 

Սևակ Հակոբյան

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ