Այսօր տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի հերթական նիստ-շոուն, որին մասնակցում էր պատերազմի ու պարտության գլխավոր դերակատարերից Դավիթ Տոնոյանը։ Նա հեղափոխությունից ի վեր ՀՀ պաշտպանության նախարարն էր, մինչև պատերազմի ավարտը և ևս մի կարճ ժամանակ դրանից հետո։ Հիմա մեղադրյալի կարգավիճակում է և պահվում է կալանքի տակ։ Փաստաբաններն ասում են՝ առանց հիմքի։
Նախ ուշագրավ էր, որ Տոնոյանը թեև ինքն էր պնդում, որ հարցաքննությունը լինի հրապարակային, ուղիղ եթերում, ինչպես Նիկոլ Փաշինյանի պարագայում էր, սակայն հարցերի ճնշող մեծամասնությանը, հանրությանը հետաքրքրող հիմնական հարցերին ասում էր կանդրադառնամ փակ-գաղտնի ռեժիմում և ստացվում է, որ այն հարցերը, որոնք հետաքրքրում են բոլորիս, պետք է դրանց տեղեկանան մենակ հաշված թվով մարդիկ, այն էլ՝ ՔՊ-ականներ, իսկ հետո Անդրանիկ Քոչարյանը դա կներկայացնի ինչպես ձեռք է տալիս և այդքանով կսահմանափակվեն։
Այսօրվա, Տոնոյան Դավիթի պատասխանները կբաժանեմ երկու մասի, որոնք կարելի է բնորոշել՝ հերքումներ, իշխանություններին և իրեն արդարացում։
Նախ՝ պատերազմի հավանականության մասին․ Դավիթ Տոնոյանն ասում է՝ լարվածություն կար, բայց ռազմական գործողությունների սկսման օրը որևէ մեկին հայտնի չի եղել։ Տոնոյանի անմիջական ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանը, այս հարցում շատ խառնիխուռն պատասխաններ է միշտ տվել, մեկ ասում է օրը չգիտեինք, մեկ ասում է՝ հավանականությունը գնահատվում էր ցածր, մեկ ասում է՝ ժամը չգիտեինք միայն և այլն։ Էն իրանց ՔՊ ֆրակցիայի անդամ Գագիկ Մելքոնյանն ասում էր, պատերազմից 3 օր առաջ, գիտեինք, որ սկսելու էր։
Մեկ այլ հարցի, որը վերաբերում էր պատերազմին Թուրքիայի մասնակցությանը, ասաց, թե մենք չէինք հաշվարկել, որ Թուրքիան կմասնակցի, այն էլ՝ անմիջական։ Սրանց խմբակցության ղեկավարն ասում էր՝ Թուրքիան ոչ մի ձևով չի միջամտի, եթե պատերազմ լինի․ հիմա այդ կինը ԱՄՆ-ում դեսպան է։ Թուրքիան միշտ հայտարարել է Ադրբեջանին սատարելու մասին, և եթե Հայաստանի հրամանատարությունը չի ենթադրել, չի վերլուծել ու չի իմացել, որ մասնակցելու է, դա վատ բան է նշանակում կոմպետենտության մասին։
ՔՊ-ականների կողմից բազմիցս շահարկվել է հարցը, թե մեր բանակը թույլ էր, քանդված էր, թե խի՞ էր քանդված՝ մարդ չի հասկանում․ լավ բանակ ունեինք, այ սրիկաներ, տարաք գյոռիք։ Բա որ Նիկոլն էլ ասում էր՝ սխալ են արել, որ բանակին վստահել են, թալանված էր և այլն։ Ըստ երևույթին՝ իրենց ասածները հիմնավորելու համար Տոնոյանին հարց ուղղեցին, թե «Պաշտոնի նշանակվելիս ի՞նչ վիճակում եք ընդունել պաշտպանության նախարարությունը և զինված ուժերը, իչքանո՞վ էր մեր բանակը պատրաստ պատերազմին՝ պահեստներից սկսած, կառավարմամբ ավարտած»։ Դավիթ Տոնոյանի պատասխանը վերլուծության առիթ պետք է դառնա շատերին, այդ թվում՝ դատախազությանը։ Ասաց՝ զինված ուժերի մակարդակը գնահատվում էր բավարար՝ Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման առումով։ Զինված ուժերը պատրաստ էին իրենցից 2-3 անգամ գերազանցող ուժի դիմակայելու՝ հաշվի առնելով պատրաստությունը, աշխարհագրությունը և այն բնագծերը, որ մեր զինված ուժերը գտնվում էին։ Դա իմ գնահատականը չէ, հաշվարկված, փաստարկված տեղեկատվություն է, ասում է Տոնոյանը։ Դավիթ Տոնոյանը հենց այն պաշտոնյան էր, որը կարող էր լիարժեք գնահատել, ավելին ասեմ, նա պատերազմում պարտությունից հետո էլ լիքը ժամանակ ուներ գնահատելու բանակի վիճակը և այդ ամենով հանդերձ ասում է, որ ինքը բանակը ընդունել է այ էդ վիճակում։ Բա, այդ դեպքում, հարց է առաջանում, որը իհարկե չտրվեց, բա, էդ ի՞նչ արեցիք հայոց բանակի հետ, էն բանակի, որը կարող էր իրենից 3 անգամ մեծ ու զինված բանակներին հաղթել, բայց պարտվեց։
Եվս մեկ հարցի պատասխանից պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը երբեմն ցուցումներ է տվել Դավիթ Տոնոյանին՝ առանց պատճառաբանելու․ ասում է՝ պատերազմի թեժ ժամանակ՝ հոկտեմբերի 21-29-ը կամ 30-ը, վարչապետն ուղարկել է Մեղրի և չի ասել ինչու․ ասում է՝ քննարկումների ժամանակ ինձ համար հասկանալի դարձավ, թե ինչու եմ գնում․ ընդ որում՝ իր վերլուծությունների արդյունքում։ Այսինքն, Պաշտպանության նախարարը, պատերազմի թեժ պահին՝ 10 օր Նիկոլ Փաշինյանի կողմից գործուղվել է Մեղրի ու չի ասել ինչի համար է գործողւում, պետք է ստեղից-ընդեղից լսեր ու կռահե՞ր։
Իհարկե՝ աբսուրդային հարցեր էլ հնչեցին․ ՔՊ-ականները հարցնում էին, թե ինչ էր անում Մովսես Հակոբյանը Արցախում, հրամանատարական կետում։ Նիկոլ Փաշինյանին հարցնում էին ինչու է կինդ գնացել հրամանատարական կետ, ասում էր՝ որ ուրախացնի մարդկանց, տրամադրությունները փոխի․ պարզվում է՝ նա կարող էր գնալ, բայց Մովսես Հակոբյանը, որ գեներալ-գնդապետ է, Արցախի պաշտպանության բանակի հրամանատար է եղել, չէր կարող։
Դավիթ Տոնոյանը հստակ արձագանքեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե՝ մեզ զենք չէին ծախում, քանի որ ՀԱՊԿ անդամ ենք։ Այս հայտարարությունը Փաշինյանը անում էր՝ հիմնավորելու համար զենք ձեռք բերելու իր անկարողությունը։ Այնինչ Փաշինյանի պաշտպանության նախարարն անգամ հերքեց ու ասաց, որ մեզ միշտ էլ զենք ծախել են, այդ թվում ՆԱՏՕ անդամ երկրներ ու պատերազմի հենց նախորդ օրն էլ գնացել էր ՆԱՏՕ-ի անդամ երկրից զենքի շուրջ աբանակցությունների։ ՀԱՊԿ անդամակցությունը չի խոչընդոտում։
Դավիթ Տոնոյանին տրված շուրջ 70 հարցերից բազմաթիվները նա օգտագործեց իր, Փաշինյանի և ընդհանրապես՝ պատերազմի ժամանակ ու դրանից առաջ իշխանության սխալները վերացնելու համար։ Փաշինյանը ուղիղ եթերում բոլորին հրավիրում էր պատերազմ՝ անախ նրանից՝ զենք բռնել գիտեն, թե չէ, առանց օդը փակելու․ հազարները գնացին կոտորվեցին, ու Տոնոյանն ասում է՝ դե 44 օրը քիչ է պահեստազորայիններին պատերազմի պատրաստելու համար։ Բա ինչի՞ էիք լցնում ավտոբուսներն ու տանում։ Հարց են տալիս՝ ինչու է պատերազմի երրորդ օրը համալրումը դադարեցվել, պատասխանում է՝ սուտ է, ընդհակառակը, զորքի թիվը կրկնապատկվել է։ Բա որ զորքի թիվը կրկնապատկվել է, Փաշինյանը ինչո՞ւ էր ասում կապիտուլյացիա ստորագրեցի, որ փրկեմ 25 հազար զինվորի կյանք։ Էդ կրկնապատկումը 25 հազարն է՞ր։
Անգամ արդարացրեց պատերազմում պարտությունը՝ ամեն ինչ ճիշտ է արվել, լավ է արվել, պատերազմը անհնար էր կանգնեցնելը փաստաթղթերով, արտաքին գործերի նախարարությունը լավ է աշխատել, ԱԱԾ-ն լավ է աշխատել, Փաշինյանն էլ արժանի է անգամ խաղաղ ժամանակ գերագույն հրամանատար դառնալուն։ Սա աբսուրդ է, որովհետև եթե բանակը 3 անգամ ուժեղ բանակի կարող էր հաղթել, էդ սաղով իրենց գործը լավ են արել, բա ինչո՞ւ հասանք կապիտուլյացիայի։ Պատերազմն ու էս արդյունքը նրանց վատ աշխատելու պատճառով է։
ՔՊ-րից մեկը, հարցնում է՝ ինչպիսի՞ գերագույն հրամանատար էր Նիկոլը։ Սա ամենաաբսուրդ հարցն էր՝ Նիկոլ Փա՛շինյանը պատերազմ է պարտվել, կապիտուլյացիա է ստորագրել։ Ինչպիսի՞ գերագույն հրամնատար է կապիտուլյացիա ստորագրողը։
Դավիթ Տոնոյանն ասում է՝ ես գիտեմ ինչի համար եմ գտնվում բանտում, պատճառը, ասում է, պատերզմի արդյունքն է։ Բնականաբար՝ պարտվել եք, մեղավորների փնտրտուք է, կանգնել են նաև ձեր վրա։ Բայց հետաքրքիր է՝ Դավիթ Տոնոյանի մտքով անցնո՞ւմ է՝ եթե պատերազմում պարտության պատճառով ինքը պետք է հայտնվեր բանտում, բա ո՞ւր պետք է հայտնվեր իրեն հրամաններ տվող գերագույն գլխավորը, մնար վարչապետի աթոռի՞ն։
Դավիթ Տոնոյանն ինքն էլ, կարծում եմ, հասկանում էր, որ իր ելույթը ավելի շատ գործարքի էր նման, դրա համար էլ շեշտում էր, որ իրեն լսողները չմտածեն, թե գործարք է։ Չստացվեց։ Տոնոյանը, կարծում ենք, այս շուտով վաստակեց բանտից դուրս գալու իրավունքը։
Կարճ ասած՝ շուտով ավարտվելու է պատերազմի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը։ Այո, ինչ-որ փաստաթուղթ կպատրաստեն, արդյունք ցույց կտան, բայց դա չի լինի արդար, օբյեկտիվ քննության արդյունքում փաստաթուղթ, որովհետև այդ հանձաժողովի անդամների ղեկավարած քաղաքական ուժի պատճառով տեղի է ունեցել պատերազմ, այն չի կասեցվել, տեղի է ունեցել պարտություն, մեր տղերքից 5 հազարը զոհվել են, տասնյակ հազարը կորցրել է առողջությունը, տասնյակ հազար ընտանիքներ՝ տները։ Այն, ինչ եղել է պատերազմից հետո՝ էլ ավելի վատն էր, որովհետև կորցնում ենք Արցախն ամբողջությամբ, Հայաստանից կորցրել ենք ու կորցնում ենք տարածքներ։ Այդ հանձնաժողովը չի կարող հասնել արդարությանը, որովհետև հենց այս հանձնաժողովում ներգրաված մարդիկ նախ պետք է պատասխան տան։ Պարզապես հիմա դրել են լվացքի մեքենան ու պատերազմ բերած, մեր տղերքի արյունով թաթախված մարդկանց լվացում ու պարզաջրում են։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը