10 07 2023

«Կարճ ասած»․ Իսկ Նիկոլի ինչի՞ն են պետք նիկոլականները



Հունվար ամսին, երբ ընդամենը մեկ ամիս էր, ինչ փակ էր Լաչինի միջանցքը, սոցոլոգիական հարցում է արվում Հայաստանում, թե ստեղծված իրավիճակի մեղավորը ովքեր են։ Մասնակցների 42,5 տոկոսը մեղադրում է ադրբեջանցիներին, 30 տոկոսը ռուսներին, 29 տոկոսը Հայաստանի իշխանություններին։ Այժմ՝ արգելափակումից 200 օր անց, նույն հարցումն անում են և Ադրբեջանին արդեն մեղադրում է 15 տոկոսով ավելի քիչ մարդ՝ ընդամենը 27,8 տոկոսը, ռուսներին՝ 25 տոկոսը, իսկ Հայաստանի իշխանություններին արդեն ավելի քան՝ 35 տոկոս։ Կարծում եմ, եթե այն ժամանակ դեռ կասկածներ կային, հիմա արդեն քաղաքացին հասկացել է, որ Ադրբեջանը ընդամենը օգտվել է Հայաստանի իշխանութան թուլությունից ու շարունակական սխալներից։ Հարցման արդյունքը մեզ համար կարող է և անակնկալ չէ, ինքս ամեն օր հանդիպում եմ քաղաքացիների և շատ լավ տեղյակ եմ հանրային գնահատականին։ Իսկ հարցին, թե որքանով եք հավանական համարում պատերազմը, 77 տոկոսը ասել է, որ հավանական է և ընդամենը 14 տոկոսն է ասել որ հավանական չէ։ Սա նշանակում է՝ քաղաքացին համարում է, որ Նիկոլը ոչ թե խաղաղություն է բերում, այլ՝ պատերազմ, այսինքն՝ խաբել է։

Բա որ հարց են տալիս, թե որքանո՞վ եք հավատում/վստահում 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում Փաշինյանի տված պատասխաններին ու տեղեկատվությանը։ Լիովին վստահել է դիտածների 15,4 տոկոսը, մասամբ վստահել է 13 տոկոսը։ Չի վստահում շուրջ 67 տոկոսը։ Ահռելի թիվ է։ Այսինքն, Փաշինյանին մարդիկ լսում են առանց հավատալու, գուցե սուտ բռնելու, հումոր անելու համար, նրա՝ սուտ խոսելն արդեն փաստ է։ Մեր գործընկերները զանազան հարցումներ են անում, քաղաքացիներն ասում են՝ չեմ վստահում, չեմ լսում, ով էլ լսում է, հարցնում են՝ ասածներից ի՞նչն եք հիշում, պարզվում է՝ ոչ մի բանը, տպավորիչ ոչինչ չկա։

Էս տոտալ անվստահությունը միանգամից չի եղել, քայլ առ քայլ։ Մի անգամ խաբել են, թե 15 մլրդ դոլարի ներդրում ենք բերելու մի նախագծի համար, մի անգամ Ավինյանն է խաբել 300 մլն դոլարի կարգի, մի քանի դարպասի մոտ լենտ են կտրել, թե սա գործարան է, գազ ու ջուր է խոստացել էժանացնել, ասել է, որ Արցախը կլինի Հայաստան, ամեն բան խաբել է, ու այլևս հավատ չի ներշնչում։ Անգամ երբ վաղն ասի հրաժարական եմ տալու, մեկ է՝ չեն հավատա։ Էն որ ստախոսի տունը պաժառ է ընկնում, ոչ մեկ չի հավատում, այ դա է։

Մեր ազգային ողբերգությունն էլ հենց դա է, որ երկիրը ղեկավարում է մարդ, որը չունի վարկանիշ, ունի մեծ հակավարկանիշ, բայց չգիտես ինչու՝ անդադար խոսում է ժողովրդի անունից։

Ասենք Հայաստանում ապրում է 2,5 միլիոն մարդ, ու նրանցից առանձին մեկ հոգի, որը ժողովրդի հետ ոչ մի կապ չունի․ ինքը իր համար իր կաբինետում նստած է ու ասենք տարբերություն չէր լինի, որ կառավարության շենքի փոխարեն Մրգաշեն գյուղում լիներ, կամ իր Երրորդ մասի տանից օնլայն աշխատեր․ ոչ էդ մեկ հոգուն է հետաքրքրում մարդկանց վիճակը, ոչ էլ նրանց է հետաքրքիր էդ մի հոգին, ու սպասելիք էլ չունեն։ Չենք տեսնում չէ՞, որ մարդիկ իրենց խնդիրների շուրջ գան կառավարության մոտ բողոքի ցույց անեն, հազարից մեկ է, միամիտներ գալիս են, էն էլ առանց հարց լուծելու հետ են գնում։ Առաջ լիքն էր․ այսօր, արդեն, բոլորը հույսը կտրել են նրանից։ Չէ՞ որ, նա մտածում է միայն իր՝ պաշտոնից բխող ապահովության, անվտանգության, բյուջեի ու այլ եղանակով ձեռք բերվող բարիքների մասին։ Չէ՞ որ այդ ամենը այդքան պարզ է։ Որովհետև, եթե այսքան աղետ բերելուց հետո, առնվազն այն ինչ կարող էր անել՝ հրաժարական տալն էր, դա էլ անգամ չի արել, էլ չասած՝ թասիբ ունեցողը մի 10 անգամ ինքնասպան էր եղել, բա էլ էդքանից հետո, դրա ինչի՞ն լսես, ո՞ր խոսքին հավատաս, հավատաս, թե նա մտածում է ժողովրդի մասի՞ն․․․ Ո՞ր ժողովրդի։ Չէ՞ որ մենք հայ ենք, հայերը տենց բաները կարող է և չգիտակցեն, անգամ, բայց ողնուղեղով զգում ենք, որ մի բան էն չի, չի կարող սենց լինել, սա նորմալ չէ։

Որ նոր էր իշխանությունը ստանձնել, տպավորություն էր ստեղծում, թե իր համար կարևոր է ամեն քաղաքացու վստահությունը․ ասաց՝ նախկինները ձեր պրոբլեմները չէին լուծում, հիմա մենք տարածքային կառավարման նախարարությանը կից կբացենք մի քանի հոգանոց խումբ, որ էլ կառավարության դիմաց չգաք բողոքի ցույց անեք, նրանք ձեր բոլոր խնդիրները կգրանցեն ու կլուծեն։ Մի եկեք արևի տակ կանգնեք, սիրելի ժողովուրդ։ Այդ հանձնաժողովը տապալվեց, քաղաքացին ահավոր զարմացած էր, շատ արագ անգամ թունդ նիկոլականները հասկացան, որ այդ մարդը հարց լուծող չէ և պաշտպանական բնազդով սկսեցին ասել՝ գիտե՞ք, չեն թողնում աշխատի․․․ Իսկ հիմա, դառնում է, էդ չեն թողնումը ձգվում ա 5 տարի։ 

Գաղտնիք չէ, Նիկոլը, որ էն ժամանակ մտածում էր իր ռեյտինգի մասին, ուզում էր, որ իրեն սիրեն, անգամ մի քանի լայքի համար հանք էր փակում, հիմա այդ ամենը չկա, ինչ էլ անում է՝ չկա, ու իր համար գլխավոր հարցը մնացել է իշխանություն պահելը։ Իրեն, փաստորեն, ժողովրդի վստահություն այլևս պետք չէ, իրեն պետք է ուժայինների հավատարմություն և մի քանի հավատարիմ, որ կաշխատեն առանցքային պաշտոններում։ Նրանք էլ, բնականաբար, հո Նիկոլի սիրուն աչքերի համար չեն աշխատում այդ պաշտոններում, այլ՝ պաշտոնի տված հնարավորությունների ու փողի։ Ջհանգիրյանին ինչի՞ էր տանում ԲԴԽ, արդարության վերականգնման համա՞ր։ Ոչ, իշխանություն պահելու և Քոչարյանին հանկարծ չհասնելու համար, ինչի՞ իր թերթի լրագրողին տարավ ԿԸՀ նախագահ, որովհետև էս ցածր ռեյտինգի պարագայում իրեն պետք է, որ չլինեն անակնկալներ։ Իսկ որ ցածր ռեյտինգ է, դա, իրենք էլ գիտեն, իրենք էլ են հարցումներ անում։ Ինչո՞ւ իր օգնականին տարավ գլխավոր դատախազ և այլն։ Նրանք իրենց համար որոշել են, որ իշխանություն կրողն ու փոխանցողը ժողովուրդը չէ, այլ այն մարդիկ են, որոնք պաշտոնը չարաշահելով պետք է իր իշխանությունը պահեն․ փաստաբանի ծեծեք, դատավորների հեռացրեք, քաղաքական գործիչների կալանավորեք և այլն։ Այսինքն խնդիրը հենց ու միայն իշխանությունը պահելն է։

Էնպես չէ, թե Փաշինյանն ընդհանրապես աջակից չունի․ գուցե մի 20, 50, տո 100 հազար մարդ կա, որոնք վստահ եմ՝ եղանակ չեն էլ փոխում․ նրանց հետ աշխատել անգամ պետք չէ․ նրանք այն մարդիկ են, որոնք ամեն մեկը անձնական պատճառներով աչքը կբացվի, երբ հենց իրեն հասնի այս իշխանության ավերիչ ձեռքը։ Դա իր շուկան է, ինքը էդտեղ իր մտքերն է ծախում ու բաժանում է իր կտերը, որոնք ուտվում են միայն այդտեղ, մարսվում են շատ արագ, առանց օգուտ տալու։ Մի խոսքով ֆասթ-ֆուդ են։ Քաղաքում կան չէ՞ մուրացկաններ, որոնք ունեն իրենց փող հավաքելու տեղը, կանգառներ, որոնք հենց միայն երթուղային տրանսպորտի համար է, Նիկոլն էլ հենց էդպես ունի իր կոնկրետ շուկան։ Բայց հարց՝ էդ մարդիկ, էդ պայմանական 100 հազարը, որոնք խոշոր հաշվով հարց չեն լուծում փոքրաթիվ լինելու պատճառով, արդյո՞ք նրանք Նիկոլին պետք են։ Անկեղծորեն ասում եմ, որ իմանաք, հարգելի նիկոլականներ․ ես վստահ եմ, որ դուք իրեն պետք չեք։ Իրեն պետք են արդեն թվարկածս մի քանի պաշտոնյաները․ իրեն պետք են ոստիկանները, որ լավ վարձատրվում են, թիկնազորը։ Իրեն անգամ իր թիմակիցները պետք չեն․ Ասենք Պապոյանը կամ Դավոյանը կամ Քերոբյանը Նիկոլի ինչի՞ն են պետք․ ուղղակի ինչ-որ մեկը պետք է զբաղեցնի էդ աթոռը, իրենք են զբաղեցնում, բայց հո Նիկոլը չի համարում, թե դրանք թանկ, թիմի մարդիկ են․ ով գիտի, ամեն անգամ իրենցել են ստուգում նոր մտցնում Նիկոլի մոտ։ Վաղը առանց աչք թարթելու կհանի ու կբերի ուրիշ ալեքսանյանվահագների։ Պարգևավճարին մունաթ։ Իր համար կարևորը իրեն շրջապատող ախռանան է, այսպես ասեմ՝ իր թիկունքը պահողը ուժայիններն են, պետք է պահեն որքան հնարավոր լինի։ Վատ օրինակ է, որի համար ներողություն եմ խնդրում քաղաքացիներից, բայց սա էն դեպքն է, երբ բժիշկները հույս չեն տալիս, ասում են տարեք տուն ինչքան Աստված կամեցավ՝ կապրի․ Նիկոլի մոտ էդ վիճակն է, նա չունի հանրային աջակցություն․ ու ինչքան ոստիկանությունը, ախռանան, ասպիրինը պահեց՝ պահեց։

Կարճ ասած՝ Հայաստանում ու ընդհանրապես, բոլոր տեղերում էլ կան այդպիսի ընտանքներ, որ մարդ ու կին մի տան մեջ են ապրում, բայց իրար հետ բառ չեն փոխանակում, համատեղ չեն զբաղվում երեխաների դաստիարակությամբ, անգամ իրար վրա չեն ջղայնանում, անտարբեր են, ուղղակի ապրում են նույն հասցեում։ Լավագույն լուծումը բոլորն էլ գիտեն, բաժանվելն է ու առանձնանալը։ Մեր երկիրը այ էդ ընտանքն է․ հիմա կա՛մ մեկը պետք է հասկանա, որ դա կյանք չէ կամ ընտանիքըմի բան անի, որ բաժանվեն։ Երկուսից մեկը պետք է արժանապատվության այդ քայլը անի։ Վիճակն ու պատկերը սա է։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ