Մի քանի օր է՝ ԱՄՆ-ում բանակցում են Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։ Բանակցությունները դադար չտվեցին անգամ երբ Ադրբեջանը սպանեց մեր տղերքին։ Բանակցում են կրակի ու հեսահեսա պատերազմի սպառնալիքի տակ։ Հայաստանի ներկայացուցիչը կարծես պատանդի կարգավիճակում է, չնայած որ ժպիտը դեմքից չի իջնում։ Հայաստանի իշխանությունն ասում է՝ թող Արցախն ու Ադրբեջանը երկխոսեն, բայց հիմա իրենք ի հեճուկս Արցախի, նրան ճանաչում են Ադրբեջան։ Բա էլ ի՞նչ երկխոսեն։
Կարծում եմ՝ կարիք չկա հանրությանը բացատրել ինչ է կատարվում, նրանք գիտեն, ամենուր դա են խոսում ու արդեն հակադրվում են իշխանության տեսակետին։ Շատ հետաքրքիր մի բան եմ նկատել․ երբ որևէ տեղ որևէ մեկը մի բան ավերում է, ասում են ոնցոր Փաշինյանը լինես։ Խոսքս անգամ սովորական կենցաղային հարցերի մասին է․ Լողավազանում ջուրը պղտորվել էր, օգտվողներն ասում էին՝ ոնցոր Նիկոլն արած լինի, մեքենա է շուռ եկել, մարդիկ են վիրավորվել, տակը գրում են հո վարորդը Նիկոլը չէ։ Քաղաքացին անունը արդեն կնքել է «Նիկոլ ավերիչ»։
Հերքում չունի այն, որ հատկապես ազգային հարցերում հանրությունը հականիկոլ է։ Շատ քաղաքացիներ սթափ վերլուծում են, ու տիրապետող կարծիք է այն, որ Արցախի վերաբերյալ բոլոր խնդիրները գալիս են նրանից, որ Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի մաս, որից հետո տեղի է ունեցել շրջափակում։ Ադրբեջանին ասել է՝ Արցախը քոնն է, տես թե ոնց կարող ես հնազանդեցնել, նա էլ շրջափակեց, տեսավ չի ստացվում, անցավ սպանություններին։ Ու դարձյալ քաղաքացինրին երբ հարցնում ես՝ Հայաստանը ի՞նչ պետք է անի, առաջին պատասխանն է, թող հրաժարվի Նիկոլից, մնացածը կլինի։
Որ Հայաստանի ղեկավարությունը ահավոր թույլ է, այդ մասին միայն մենք չենք ասում։ Այսօր տարածվեց հաղորդագրություն, որ Ֆրանսիայի նախագահը այնտեղի հայերին ասել է՝ «Ես Ալիևի վրա ավելի շատ եմ ճնշում բանեցրել և բանեցնում, քան Փաշինյանը: Հարցը Փաշինյանն է»։ Վերջերս Թուրքիայի նախագահն ասում էր՝ «Զանգեզուրի միջանցքի հարցում խնդիրը Հայաստանը չէ, խնդիրը Իրանն է»։ Ռուսաստանն ասում է՝ «Մենք խնդիր ունենք հասկանալու Հայաստանի հստակ դիրքորոշումը»։ Հայաստանի ղեկավարը բոլոր գծերից ու չափանիշներից է դուրս թռել։ Մակրոնը ասում է՝ ես հայ ժողովրդի կողքին եմ, բայց իրենց ղեկավարին չեմ հասկանում, Թուրքիան ասում է՝ ես հայերի թշնամին եմ ու իրենց ղեկավարին հասկացել եմ, պրոբլեմ չէ։ Ողնաշար ունեցող ոչ միայն գործչի, այլև մարդու պահվածք չէ։ Մենք ամեն մեկս մեր շրջապատում քա՞նի հոգի կա, որ հետները չենք խոսում, որովհետև մեզ վատություն է արել, խռով ենք, լիքը կան։ Թուրքիայի նախագահը որպես պաշտոնակից, Նիկոլին վատություն է արել։ Ղարաբաղում ունենք զոհեր, ունենք սոված քնող երեխաներ, Փաշինյանը Ալիևից շուտ անգամ, զանգում է Էրդողանին կուրբան Բայրամ շնորհավորում։ Ու էն տրամաբանությամբ, որ՝ ջհանդամը թե Լաչինի կյանքի միջանցքը 7 ամիս է փակ չէ, դու արի ինձ հետ խոսա էլի, մարդատեղ դիր։ Ժամը 2-ին թվիթերում գրում է այ միջազգային հանրություն, մի բան արա Ղարաբաղի ժողովրդի համար, ժամը 3-ին հաղորդագրություն է տարածում, թե՝ զանգել եմ Էրդողանի ու մի տող չկա Ղարաբաղի մասին, իսկ Ղարաբաղը շրջափակողներից մեկն էլ Էրդողանն է։ Այսինքն ի՞նչ, կասեք, նա աշխատում է թշնամու ճամբարի՞ց․․․ Լավ, եկեք հասկանանք։ Մի հատ նայեք Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հայտարարությունը․ ինչ է ասում մարդը, վերևում նշեցի, բայց մի քիչ էլ բացենք, ասում է՝ Ես հաստատակամ եմ Արցախի հարցով, ասում է՝ Ես Ալիևի վրա ավելի շատ ճնշում եմ բանեցրել և կբանեցնեմ, քան Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է։ Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք և պատգամ ունեմ։
Պատկերացրեցի՞ք չէ, սա այն երկրի ղեկավարն է, որը միջնորդ երկիր է եղել Արցախյան հարցով, գրեթե 30 տարի, մարդը ասում է՝ պատրաստ եմ ամեն բան անել արցախցու՝ իր հողի վրա ազատ ապրելու իրավունքի համար, բայց այ ձեր Փաշինյանը բան չի անում, հարցը իր մեջ է, այ իմ շատ սիրելի հայ ժողովուրդ։ Հիմա տեսեք Ադրբեջանը ինչպես է արձագանում Մակրոնին։ Ասում են, «Անընդունելի են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արած հակաադրբեջանական արտահայտությունները, որոնցում արտացոլված է Հայաստանի միակողմանի աջակցությունը»։
Հաթաթա են տալիս, հետո դասեր տալիս Մակրոնին, թե ով ով է, ու այստեղ ամենից ցավալին է գալիս, չնայած որ ճշմարտություն է։ Ասում են՝ «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և Ղարաբաղյան տարածաշրջանը Ադրբեջանի բաղկացուցիչ մաս ճանաչելու ֆոնին նախագահ Մակրոնի նման կանխակալ հայտարարությունները ոչ միայն խոչընդոտում են տարածաշրջանում խաղաղության և հանգստության հաստատմանը, այլև նպաստում են անջատողականությունն ու ահաբեկչությունը խրախուսողների և աջակցողների ապակառուցողական գործունեության հետագա ընդլայնմանը»։ Հասկացա՞ք ինչ է կատարվում․ ասում են՝ այ Մակրոն, Հայաստանը, ի դեմս Փաշինյանի, ճանաչել է Արցախը Ադրբեջան, ձեռք է քաշել նրանցից, որը այլևս մեր գործն է, իսկ դու կանգնել՝ փորձում ես բացատրություններ տալ, այն ծայրահեղականներից մեկին, ում դեմ անգամ Հայաստանը մուտքի արգելք է սահմանել։ Խոսքը՝ Մուրադ Փափազյանի մասին է։ Լուրջ եմ ասում, ուղեղս եռում է։ Չեմ հաշտվում այն մտքի հետ, որ այս ամենը մեզ հետ է տեղի ունենում։ Ադրբեջանն ասում է՝ հա ոչինչ, լավ եմ անում որ 7 ամիս է փոքրիկ Արցախի ճանապարհ եմ փակել, անգամ ալյուր չեմ թողնում հասնի որ երեխեքը, հղիներն ու ծերերը մի բան ուտեն, էդ սաղ ոչինչ, էդ մենք տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն ենք հաստատում, Փաշինն էլ է մեզ հետ, մարդը ընդունել է, որ մեր հողն է․ այսինքն՝ վրայի ապրողներն էլ են իմը, ինչ ուզեմ կանեմ, իսկ դրա դեմ պայքարողներին, էդ ձեր Սփյուռքում, Մակրոն-բան խառնողներին, անգամ Հայաստան չեն թողնում․ ի՞նչ եք կանգնում դրանց լսում, մի հատ էլ բացատրություններ տալիս։
Ադրբեջանը, ըստ էության, պատասխանում է՝ Նիկոլին վկայակոչելով, Մակրոնին ասում է հայկական Սփյուռքի հետ էլ մի շփվիր, դրանց իսկի Հայաստան մուտքն արգելված է, մնում էր ասեր՝ խելոք չպահես, կասենք քո մուտքն էլ կարգելեն Նիկոլենք։ Դե հիմա ինձ ասեք՝ մեր երկրի իշխանությունը, ի՞նչ է, աշխատում է թշնամու ճամբարի՞ց, ես ի՞նչ մտածեմ։ Լավ ես չեմ դուք եք, ի՞նչ եք մտածում։
Չէ՞ որ, մեր իշխանությունը, միայն մեկ բան է անում, ուր նստում է՝ հայտարարում է այն, ինչ սաղ կյանք երազել են հայր և որդի Ալիևները, բայց հետո, իբր մտահոգված արցախցիների իրավունքներով, ասում է՝ այ միջազգային հանրություն, այ խաղաղապահներ, տեսեք ինչ եք անում, մի բան արեք։ Լավ իմանալով, որ այդ ամորֆ միջազգային հանրությունը ասում է դու ճանաչել ես Ղարաբաղն Ադրբեջանի կազմում, ոչինչ չես անում, ինչ ուզում են տալիս ես, ինչ ուզում են ասում ես, հիմա եկել մեզանի՞ց ի՞նչ ես ուզում։
Կարճ ասած՝ Ադբեջանը ի դեմս Փաշինյանի ունի նվիրված ու շատ վստահելի դաշնակից արցախյան հարցը վերջնականապես լուծելու համար, դա այլևս ակնհայտ է։ Հետևաբար, անմիտ են սպասումները որ ինչոր բարի Մակրոն կամ Պուտին, մի օր կջղայնանան ու Ալիևին հայանպաստ ճնշումներ կգործադրեն։ Այդ ամենը հնարավոր կլիներ, եթե Մակրոնի դիմաց կանգնած լինեին, ոչ թե Հայաստան մուտքը փակած Մուրադը, այլ հենց Հայաստանի իշխանությունը։ Հետևաբար՝ մեր մեջի հարցն է մնում լուծել, իշխանություն փոխվի, որ հնարավոր լինի դրսի հզորներին ներգրավվել այս պրոցեսներում։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը