26 06 2023

«Կարճ ասած»․ Ռուսաստանում կատարվածը ի՞նչ վնաս տվեց Հայաստանին



Շաբաթ օրը՝ հունիսի 24-ին, Ռուսաստանում ստեղծվել էր բարդ իրավիճակ։ «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը զորքը Ուկրաինայի փոխարեն շրջել էր դեպի Մոսկվա՝ անվանելով այն արդարության երթ։ Շտապելով եզրակացություններ անել՝ շատերը սա բնորոշեցին Ռուսաստանում քաղաքացիական պատերազմի սկիզբ, իշխանափոխության սկիզբ, անգամ՝ կազմակերպված սցենար՝ Ուկրաինայում միջուկային զենք օգտագործելու համար և այլն։ Երեկոյան, բարեբախտաբար, ամեն ինչ խաղաղվեց, հայտարարվեց, որ Պրիգոժինն իր զորքերը հետ է ուղարկում դաշտային զորանոցներ, իսկ ինքն անձամբ կմեկնի Բելառուս։

Ի վերջո, ինչ էր կատարվում Ռուսաստանում, ինչու և ինչ հնարավոր հետևանքներ կունենա այդ երկրում, այդ հարցին չեմ անդրադառնա՝ դա թողնելով այդ հարցում գիտակներին, որոնց վերլուծությունները կարծում եմ շատ սպասեցնել չեն տա․ ինքս կսպասեմ, կուսումնասիրեմ, հետո կարծիք կասեմ։ Դեռ չեմ շտապի։ Բայց ուշագրավ է այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում այդ օրվա ընթացքում։ Ի դեպ, հիշենք, որ երբ ամեն ինչ ավարտվեց, այդ ժամանակ նոր միայն Նիկոլ Փաշինյանը զանգահարեց Վլադիմիր Պուտինին։ Ըստ երևույթին, այստեղ երկու տարբերակ կա․ մեկը, որը ամենից հավանականն է՝ Պուտինը ինքը չէր ցանկացել, մինչ հագուցալուծումը խոսել մեկի հետ, ով իր իսկ սեփական երկիրն է վարի տվել, մտածել է՝ թող սաղ հանգուցալուծվի, կխոսեմ էլի, վռազ բան չկա, մյուսը որ Փաշինյանն էր սպասում ելքերին, որպեսզի ճիշտ մարդու հետ խոսի։ Ինչ ասե՞մ, ամբողջ իշխանական գրչակները րոպեներ էին հաշվում, թե Պուտինը երբ հրաժարական կտա, կփախնի և այլն, ինչու՞ իրենց գաղափարական առաջնորդը այդպես չեր կարող մտածել։ Ինչևէ։

Հայաստանում իսկական քաոս էր համացանցում։ Մի մասը ծաղրում էր, մի մասը արդեն հասցրել էլ տապալել Պուտինին, արևմտամետներն արդեն Պուտինին փոխարինող էին ման գալիս, իսկ Ռուսաստանը «մասնատել» էին, մի մասը պարզապես անհանգստանում էր, թե ինչ կլինի Արցախում, Ադրբեջանը ինչպես կօգտվի Ռուսաստանում իրավիճակի լարումից։ Ֆեյսբուքից դուրս՝ ռեալ կյանքում, քաղաքացիների մեջ կար հիմնավոր ու արդարացված անհանգստություն։

Ես երբեք չեմ հասկացել Հայաստանում բնակվող քաղաքացիներին, որոնք իրենց համարում են ռուսամետ, արևմտամետ, ամերիկամետ և այլն։ Պետք է նախ հասկանալ մեր երկրի, պետության շահը, լինել հայկական շահերի կրող և ամեն իրադարձություն վերլուծել, թե ինչպես կազդի մեզ ու մեր երկրի վրա։ Դա վերաբերում է թե՛ Ռուսաստանում ապստամբության փորձին, թե՛ Թուրքիայում երկրաշարժին, թե՛ Ուկրաինայի դեմ պատերազմին և այլն։ Մենք ունենք այսպես կոչված փորձագետներ, որոնք փողկապը պատրաստ ծոցագրպանում ման են գալիս, որ հենց մի իրադարձություն լինի, անմիջապես կապեն, մտնեն արևմտյան շահերի սպասարկու ԶԼՄ ու հարցազրույց տան։ Մենք ունենք ծակ փորձագետներ, որոնք աշխարհում ինչ իրադարձություն կատարվում է, դա վերլուծում են էն տեսանկյունից, թե դա ինչ ազդեցություն կունենա Քոչարյանի վրա և ուրախ-ուրախ մտածում են, թե այդ ազդեցությունը վատ կլինի։ Այս դեպքում խոսքս առաջին հերթին ուղղված է եղբոր անվան ու արձանի շվաքի տակ 25 տարի գոյատևած և առաջին իսկ առիթի դեպքում եղբոր արձանն ուրացած էն մի հոգուն։

Շատ հետաքրքիր էր, որ դեռ Ռուսաստանում իրադարձությունները չեփված, երբ անգամ այդ երկրում բոլորը հետևում էին ընթացիքն՝ հրապարակային կարծիք չհայտնելով, Հայաստանում արդեն սաղ վերլուծել էին, եզրահանգումն իրականացրել, վճիռը կայացրել։ Ես չեմ հասկացել, չեմ հասկանում ու մեր Հայաստանյան էս իրավիճակում չեմ էլ հասկանալու Ռուսաստանում կատարվողի վրա չարախնդացողներին։ Ինչների՞դ վրա եք ուրախ։ Մենք պետք է անհամբեր սպասենք, որ շուտ իրավիճակը կայունանա, որովհետև մեր նաև ապագայում խնդիրների շատ ու քիչ լինելը կախված է հենց Ռուսական ճակատում իրավիճակի ստաբիլանալուց։ Կարո՞ղ եք հաշվել, թե քանի դաշնակից ունի Ադրբեջանը ու քանի դաշնակից ունենք մենք։ Ու նրանք ինչ վիճակում են։ Լավ-վատ՝ ունենք դաշնակից, որն էս պահին միակն է։ Արցախում բլոկադայի պայմաներում մեկամյա փոքրիկին տեղափոխեցին ռուս խաղաղապահների ուղղաթիռով։ Որևէ բան հայկական երկրորդ պետության տարածք մտնում-դուրս է գալիս այդ խաղաղապահների շնորհիվ։ Էն փոքրիկը Արցախահայության խորհրդանիշն է, նրանք էլ կարծես կպած լինեն շնչառական ապարատին։ Իշխանությունը խոսում է խաղաղության մասին Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, բայց 7 ամիս է՝ Արցախին բլոկադայի մեջ են պահում այդ նույն երկրները․ Ադրբեջանը փակել է, Թուրքիան սատարում է, միջազգային կառույցներն էլ կոչերից էն կողմ՝ բան չեն անում։ Այսինքն, էս պահին քո դաշնակիցը՝ լավ-վատ, մեկն է, ու ես չեմ հասկանում չարախնդալը, երբ այդ երկրում անկայուն իրավիճակ է։

Ես առնվազն 50 պատճառ կարող եմ թվարկել, մի էդքան ուղղություն բերել ռուսներին քննադատելու։ Բայց իմաստը։ Շարք կարող եմ թվարկել, թե ռուսը ինչ կարող էր անել կամ ինչ պետք է աներ իմ շահերից բխող․ բայց հասկանում եմ, որ մինչև իմ շահին հասնելը, իրենք ունեն իրենց շահը, առաջնահերթությունները։ Ու նաև հարց եմ տալիս՝ արդյո՞ք ես ինքս, իմ պետությունը ու իր ներկայացուցիչները, կարողանում ենք մեր շահը առաջ տանել, հետո արդյո՞ք կարողանում եմ իմ դաշնակցի մոտ նորմալ ներկայացնել, եթե պետք է համոզել, տամարը մտնել՝ ժողովրդական լեզվով ասած, հետո նոր ակնկալեմ աջակցություն։ Ամենապարզ օրինակը Արցախի վերաբերյալ բանակցություններն են, երբ քո դաշնակիցը կազմակերպում է, հետներդ խոսում քննարկում է, սպասում է, որ պետք է գնաս բանակցություն վարես, դու գնում ու ասում ես՝ մենք Ալիևի հետ պայմանավորվել ենք արդեն, մենք ճանաչում ենք Ադրբեջանը, Ղարաբաղն էլ մեջը։ Ադրբեջանն էլ ելնում-ասում է, այ տղերք ջան, դե որ իմ տարածքն ա, մեջիններն էլ իմ ժողովուրդն ա, չէ՞, ինչպես, լեզգիները, ավարներ ու թալիշները, է ես գիտեմ՝ ում, երբ ու ինչ կանեմ, ձեր ի՞նչ գործն ա։ Մենք, մեր ձեռքով մեր հայրենակիցներին գցել ենք գիշատչի վանդակը, ասում ենք ու՞ր ա է  էն ռուս խաղաղապահը, թող հլը գնա վանդակից հանի, տեր կանգնի։ Հիմա, իբր թե կատաղած ենք մեր դաշնակցի վրա, ու նստած ուրախանում ենք, թե ինչ լավ ա, հեսա իրանց մոտ էլ քաղաքացիական պատերազմ կսկսվի։ Բա գժանոց չի՞։ 120 հազար արցախցի հիմա բավարար սնունդ չունի, դեղ չունի, հումանիտար աղետի եզրին է, մենք նստենք խալխի դժբախտությունով ուրախանա՞նք, դրա ինչի՞ վրա ուրախանամ, կասե՞ք։

Էլի եմ ասում, լավ է, վատ է՝ միակն է, ով զինվոր է տարել կանգնացրել մերոնց ու թշնամու մեջտեղը։ Արցախը մեր ազգային գաղափարն է, մեր իշխանությունը հանձնում է Արցախը թշնամուն ու էս ֆոնին մենք չարախնդում ենք ռուսների վրա՞։ Դե երևի դրա համար էլ էս օրին ենք։

Հետո, էդ ինչ է, չգիտե՞նք, որ Ռուսաստանում ցանկացած սցենար անդրադառնալու է Հայաստանի վրա, էլ չեմ ասում՝ այդ երկրում բնակվող ազգությամբ հայերի ու ՀՀ քաղաքացիների, որոնց թիվը վաղուց գերազանցում է 3 մլնը։

Կարո՞ղ եք ասել՝ Ռուսաստանոմ կատարվածը ինչ ազդեցություն ունեցավ այդ երկրի վրա։ Արդյունքը գիտե՞ք։ Վստահ եմ՝ ոչ, ուղղակի մտավարժանքներ են։ Իսկ կարո՞ղ եք ասել ինչ կոնկրետ ազդեցություն ունեցավ Հայաստանի վրա։ Էդ ազդեցությունը շատ ուղղակի է։ Ու ֆեյսբուքից դուրս՝ շատ ավելի լայն մասսան անհանգստանում էր դրանով։ Բազմաթիվ հայ արտագնա աշխատանքի մեկնողներ, որ էնտեղ աշխատում էին, էստեղ ընտանիք էին պահում, կանգնել են փաստի առաջ, որովհետև ռուբլին իջել է 3-4 դրամի միջակայք։ Հուսով եմ կկարգավորվի, բայց եթե չկարգավորվի աննպատակահարմար կդառնա աշխատելը և փողը ուղարկելը։ Փաստի առաջ են կանգնելու՝ թողնել-գա՞լ, թե՞ ընտանիքն էլ տանել, որ գումարը երկու կես չանեն։ Դուք գիտե՞ք, որ Ռուսաստանում կատարվածը այսօր արդեն ուղիղ վնասեց հայ գյուղացուն։ Ծիրանի մթերման գինն մեկ օրում իջել է 150-200 դրամ։ Հարյուրավոր մթերողներ էլ դադարեցրել են մթերումը, ֆուռերը կանգնած են, որովհետև ռուբլու թուլացման հետևանքով լիքը խնդիրներ են առաջացել, էնտեղ իրենց վճարումը կատարվում է ռուբլով, ուղղակի ջրի գին է դառնում։ Ճանապարհները կիսափակ ռեժիմում են, ռուս-վրացական սահմանակետն էլ անվստահելի է, էլ տեղ չկա։ Ծիրանն էն միրգը չէ, որ ասես լավ ոչինչ, երկու շաբաթից կքաղեմ, հասնում ու փչանում է ժամ առ ժամ։ Կրկնում եմ՝ Պրիգոժինի զորքը թե ինչ վնաս տվեց Ռուսաստանին և դեռ ոնց կանդրադառնա մեզ վրա՝ ժամանակը ցույց կտա, բայց կոնկրետ հայ գյուղացին արդեն տուժել է։

Կարճ ասած՝ երբ որևէ երկրում, առավել ևս՝ մեր դաշնակից երկրում մի բան է տեղի ունենում, այդ պահին ոչ թե մտածեք մտավարժանքներ կատարել ձեզ աշխատավարձ տվող արևմտյան երկրի շահերի մասին, ձեր քաղաքական ճամբարի դիտանկյունից, այլ ձեր երկրի, ժողովրդի և ի վերջո հենց ձեր մասին։ Միայն այն, որ շատերդ ակնկալում եք, որ Արցախի էս վիճակի հետ կապված հանգուցալուծում տվողը Ռուսաստանն է, ուրեմն իմացեք, որ թույլ Հայաստանին թուլացող Ռուսաստանը ոչնչով չի կարող օգնել։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ