14 06 2023

«Կարճ ասած»․ Հեղափոխական միլիոնատերերը



2013 թվականին պաշտոնից հեռացվեց Լեհաստանի տրանսպորտի և ջրային տնտեսության նախարար Սլավոմիր Նովակը։ Պատճառն այն էր, որ հերիք չէ 6 հազար դոլարանոց ժամացույց է նվեր ստացել, դեռ դա էլ չէր հայտարարգրել։ Դեպուտատներից մեկը նիստի ժամանակ տեսել էր ձեռքին թանկարժեք ժամացույց կա, դիմել էր դատախազություն, թե որտեղից է իրեն թույլ տվել, պարզվել էր նվեր է։ Դե արի էս մարդուն բացատրի, որ մեզ մոտ պաշտպանության նախարարը նվեր է ստանում ոչ միայն առարկա, այլև փող և՝ բազմաթիվ արժույթներով։ Մարդը մի տարում ստացել է նվեր 19 միլիոն 750 հազար դրամ, 22 հազար դոլար և 13 հազար 400 եվրո։ Դե ենթադրվում է, որ այս ամենը նվեր է ստացել իր հարսանիքին որպես նորստեղծ ընտանիք, բայց դե միևնույն է՝ նվիրատվության չափը խոշոր է, կարող է և այլ բանի մասին վկայել։ Ճապոնացի մի նախարար էլ հրաժարական տվեց նրա համար, որ ուրիշի հաշվին ուղղաթիռով թռչել էր․ ասում էին ինչի՞ պետք է մի հատ գործարար քեզ տենց նվեր անի, ի՞նչ ակնկալիք ունի, ի՞նչի դիմաց, կոռուպցիա է։ Դե արի բացատրի ճապոնացիներին, որ մեր պաշտպանության նախարարը Երևանի կենտրոնոմ տուն է առնում, 412 հազար դոլարանոցը՝ 168 հազար դոլարով ու ոչինչ, նորմալ է։ Բայց հետո, պարզվում է էդ կառուցապատողի տղու՝ բանակից ազատվելու գործը ջրվում է ու էլի, ոչինչ, նորմալ է։ Պատկերացնում եք չէ՞։ Պաշտպանության նախարարին էժանով տալիս են թանկ տունը, բանակում չծառայելու գործը ջրվում է, ու մեզ ասում են կոռուպցիա չկա, ամեն ինչ արդար է, մենք էլ, իհարկե, հավատում ենք։ Բայց մի րոպե, հետո էլ տեսնում ենք, որ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն էլ է էժանով տուն ստացել նույն տեղից։ Չէ է, ի՞նչ կոռուպցիա, դա նախկիններն էին անում։ 

Սուրեն Պապիկյանը իրականում իշխանության երբ եկել է, ընդամենը եղել է պատմության դասատու՝ ուսուցիչ․ իսկ դասատուներին, ըստ Նիկոլենց իշխանության, Սերժի իշխանությունը փող չէր տալիս։ Հիմա էլ ուսուցիչ չէ, նախարար է, բայց շատ արագ դառել է միգուցե դրամային, բայց միլիոնատեր, մարդը նորակառույց շենքերում էլ երկու տուն է գնել ու այդ բոլորը հեղափոխությունից հետո, երբ անցել է բարձր իշխանական գործերի։ Բոլորին հետաքրքրում է, թե այդ նվերները, այդ թվում դրամական, ենթադրյալ հարսանիքին, արդյո՞ք կստանար Սուրենը, եթե մնացած լիներ ընդամենը պատմության ուսուցիչ։

Վերցնենք ուրիշ երկիր, որը Հայաստանի հետ կապ չունի։ Մենք կողքից դիտորդի աչքերով վերլուծենք։ Ինչ-որ երկրում թշնամին հարձակվում է, 225 զոհ է պատճառում, հետո շատ ու շատ կասկածելի հրդեհ է լինում՝ թշնամուն սահմանամերձ շրջանում, զոհվում է 15 զինվոր, հետո թշնամին դիվերսանտներ է ուղարկում, մեկը բռնվում է, մյուսը բռնվում է սպանություն կատարելուց հետո, էդ թշնամին ասում է՝ տուր զինվորներիս, էդ երկիրը չի տալիս, ու թշնամին էլի մտնում է ու էլի տարածքից զինվորներ է գողանում։ Թշնամին բացի այդ, 150 քառակուսի կիլոմետր տարածք է զավթում ու ասում ա՝ որ դեռ էլի պետք է գա առաջ, էս անգամ՝ թղթով։ Ու էդ x երկրի պաշտպանության նախարարին, ոչ թե գործից հանում են, ամոթանք են տալիս, կամ պատասխանատվության ենթարկում ոչ կոմպետենտության համար, այլ ուղարկում են նվերներ 22 հազար դոլար, 13 հազար եվրո, 20 մլն փող էլ՝ էդ երկրի արժույթով ու չեն բացահայտում, թե որտեղից է։ Ի՞նչ կմտածեք։ Ես, օրինակ, ի՞նչ անեմ, մտածեմ, որ հենց այդ թշնամի երկրից են ուղարկե՞լ նվերը՝ որպես շնորհակալություն, որ էդ ամենը հանուրժել է։

Երկիրը կորցրել է 150 քառակուսի կիլոմետր տարածք, էս մարդը ամեն կես քառակուսի կիլոմետրի համար ստացել է 1000 դոլար նվեր։ Ամեն զոհված զինվորի հաշվով հազար դոլար նվեր է ստացել։ Հարց, որքա՞ն նվեր կստանա x երկրի պաշտպանության նախարարը էն բանից հետո, երբ կորցնի 500 զինվոր, 300 քառակուսի կիլոմետր տարածք ու ևս 2000 քառակուսի կիլոմետր իր հայրենիքից ճանաչի թշնամու կազմում։ Մաթեմատկիկական խնդիր է, գնանք հաշվարկենք։

Կարո՞ղ եք ասել, թե ինչ իրավունք ունի էս կարգի ցուցանիշ ապահոված պաշտպանության նախարարը աշխատավարձ ստանա, էլ չեմ ասում՝ նվեր։ Աշխատավարձը էդ մարդու աշխատանքի փողային գնահատականն է։ Սուրեն Պապիկյանը ի՞նչ է արել, որ փողային գնահատական ստանա, ընդհակառակը, պետությունը ամեն ամիս պետք է նրա բանկային քարտից հետ քաշեր գումարները։ Թշնամին արդեն զբոսաշրջիկների վրա է կրակում-վիրավորում Հայաստանում, ի՞նչ է անում Պապիկյանը։

Պապիկյանը որպես հարստանալու սիմվոլներից մեկն եմ դիտարկում, բայց բնականաբար՝ միակը չէ։ Օրինակ ինչո՞ւ է գյուղատնտեսության նախարարՎահան Քերոբյանը ստանում աշխատավարձ, եթե գյուղատնտեսությունը որերորդ տարին անընդմեջ մինուս է գնում։ Նա ամեն ամիս դրամապանակը հաստացնում է՝ գյուղատնտեսության հերն անծվելուն զուգահեռ ու տպավորություն է, որ հենց դրա համար։

Կարդում ես՝ Տիգրան Ավինյանը 50 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենա է նվեր ստացել։ Էդ ո՞նց, բա ինչի՞ առաջ չէր ստանում։ Ես չեմ պնդում, թե դա կոռուպցիայի արդյունք է, ես ասում եմ՝ ինչո՞ւ առաջ չէր ստանում ու ինչու իրեն նվիրողը առաջ չէր նվիրում։ Շատ պարզ օրինակ եմ բերում․ Գևորգ Պապոյանը, որ նախկինում ՀՀԿ էր, էսօր ՔՊ փոխնախագահ և դեպուտատ, նախկինում, երբ ՀՀԿ-ական էր, ոչինչ չուներ, հիմա հայտարարագրով միլիոնների եկամուտ ունի, տուն ու ավտոմեքենա է առել՝ լինելով ընդամենը պատգամավոր ու ասում է՝ առաջ թալանում էին, հիմա չեն թալանում։ Դե էդ հանելուկը լուծեք։ Իր խոսքերով ասած՝ թալանող թիմի անդամ էր, բան չուներ, հիմա չթալանող թիմի անդամ է, հիմա ունի ամեն ինչ․ ժողովուրդը՝ դե ոնց եղել, այնպես էլ մնացել է, էդ հեչ։

Ալեն Սիմոնյանը աչքը փակում ա ու մատը պարզում քարտեզին, որտեղ կպավ գնում է գործուղման՝ լինի ցամաք, թե օվկիանոս, տարվա կեսը գործուղման մեջ է, հետո ասում է՝ ես սաղ կյանքս գնացել եմ, ուղղակի հիմա պաշտոնի եմ, քիչ եմ գնում։ Տո ստի՞։ Բացում ես հայտարարագիրը՝ 2018 թվականին, որ եկել էր իշխանության, հայտարարագրել էր 560 հազար դրամ աշխատավարձ, կինը՝ տարեկան 1,5 միլիոն դրամ եկամուտ, տարեկան։ Հիմա, իշխանութունից 5 տարվա ընթացքում, արդեն մարդ ու կին առանձին առանձին մի քանի տասնյակ միլիոնավոր դրամների եկամուտ ունեն։ Կենտրոնում էլ արդեն հայտարարագրել է հա՛մ բնակարան, հա՛մ առանձնատուն։

Արարատ Միրզոյանի բանակցությունների արդյունքում Հայաստանը կորցնում է տարածքներ, հանձնում է Ղարաբաղը․ էդ բանակցությունների ընթացքում մինչ երկիրը կորցնում է, ինքը ձեռք է բերում առանձնատուն։ Էդ ո՞րտեից, առատ վարձատրությունը հանձնումների համար է՞։ Կարդում ես՝ տաքսու վարորդ աշխատած ՔՊ-ական պատգամավորը 150 հազար դոլար է հայտարարագրել, էն մի ՔՊ-ական պատգամավորը դարձել է հայտնի խանութների ցանցի բաժնետեր։

Ու մարդ մտածում է՝ բա որ էսքանը հայտարարագրել եք, բա դեռ ինչքանը կա, որ թաքցրել եք։ Դատախազությունը հայտնում է, որ գույքի և եկամուտների հայտարարագիր չներկայացնելու կամ հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու վերաբերյալ դատարան ուղարկված քրեական գործերը բազմապատկվել են։ Հասկանում եմ՝ պաշտոն, պետական բյուջե, անտեր վիճակ, վայելքներ, դուք էլ չտես մարդիկ․ բայց հարցն այն է, որ ասում էին ժողովուրդ, մենք ձեր համար մեռնում ենք, մենք ջհանդամը, միայն ձեզ համար ենք գալիս։

Կարճ ասած՝ Նիկոլի Հայաստանում, փաստորեն, պաշտոն ունենալը հավասարազոր է խոշոր ու երաշխավորված հաջողակ բիզնես ունենալուն։ Բայց միևնույն ժամանակ, ժողովուրդ ջան, ձեր բերած կառավարությունը ձեր վզից կախվում է հազար ու մի հարկերով, տուրքերով ու տուգանքներով։ Ինչ ասեմ, ծափ տանք, երևի։ 

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ