Ընդդիմադիր պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից քաղաքացիների սպասելիքները ոչ թե չեն բավարարվել, այլև տապալվել են։ Իսկ քաղաքացու արձագանքը ո՞րն է․ ոչ թե պահանջատեր է իր մասնակցած հեղափոխության ժամանակ իրեն տրված խոստումների կատարման հարցում, այլ ընտրել է ամենահեշտ ճանապարհը՝ մերժում է իր մասնակցությունը։ Էս թեմային էլի եմ անդրադարձել․ մարդիկ, որ առաջ հպարտորեն ասում էին, որ իրենք մասնակցել են հեղափոխությանը, հետո, երբ սպասելիքները չարդարացան, տարբեր օղակներ սկսեցին նեղություն տալ իրենց, սկսեցին արդեն որպես դժգոհություն ասել՝ Նիկոլի համար ճանապարհ ենք փակել, Նիկոլին իշխանություն ենք բերել, որովհետև հասկացան, որ այն, ինչ արել են, իրենց համար չեն արել։ Մարդկանց էին տնից հանում, բերքն էր փչանում, պաշտոնյան խուլիգանություն էր արել, ասում էին՝ բա հեղափոխության ժամանակ․․․ Այսօր քաղաքացիները ժխտում են, թե մասնակցել են հեղափոխության, ովքեր էլ ընդունում են, այն իմաստով, որ խաբվել են։ «Ասենք մի հատ եկանք հրապարակ, հավեսի համար, հո մենք հեղափոխություն չարի՞նք, սարքած էր»։ Օրերս հրապարակվեց հարցում, որը լրիվ ապացուցում է դա։
2018 թվականի հեղափոխությունից հետո «Գելափը» քաղաքացիներին հարց է տալիս՝ մասնակցե՞լ եք հեղափոխությանը։ 91 տոկոսը ասում է այո։ Իհարկե՝ 91 տոկոսն էլ չէր կարող մասնակցել հեղափոխությանը, փողոցում 2 միլիոնից ավելի մարդ չկար․ ուզում էին ասել՝ իրենց սրտով էր հեղափոխությունը։ 5 տարի անց նույն հարցով դիմում են հանրությանը, ու եթե էն ժամանակ 91 տոկոսը ասել էր այո, հիմա շուրջ 63 տոկոսը պատասխանել է՝ ոչ։ Հարց են տվել՝ 5 տարի անց որքանո՞վ են անձամբ ձեր սպասելիքներն արդարացել․ ընդամենը 3,8 տոկոսն է ասել, որ իրենց սպասելիքներն արդարացվել են ամբողջությամբ, իսկ 70 տոկոսի համար չեն արդարացել։ Մենք էլ բազմիցս հարցումներ ենք արել, քաղաքացիներն ասում են, որ անձամբ իրենց կյանքում բան չի փոխվել, բայց լսել են, որ կան մարդիկ, որոնք գոհ են։
Հարցումից հարցում քաղաքացիների դժգոհությունը աճում է․ մի դեպքում բողոքում են գնաճից, հաջորդ հարցման մեջ՝ ամենաթողությունից, զոհերի հարազատներին քաշքշելուց, Թուրքիայի հետ մերձենալուց, Արցախը հանձնելուց, անվտանգային խնդիրներից, բանակի կառավարումից, կոռուպցիայից ու ի վերջո՝ Փաշինյանի կառավարումից։ 2019 թվականին ՀՀ քաղաքացու համար թիվ մեկ խնդիրը գործազրկությունն էր, երկրորդ տեղում տնտեսական վիճակն էր, երրորդում թոշակներն էին, հետո նոր Լեռնայն Ղարաբաղի հարցն էր․ էսօր էդ բոլոր խնդիրները կան, բայց ցանկում չեղած անվտանգությունը եկել է առաջին տեղ։ Էն դեպքում, երբ հիմա սոցիալականն ավելի վատ է, քան 2018-ին։ Սա Նիկոլ Փաշինյանի շնորհքն է։ Քաղաքացին այլևս գոհ չէ պետական և ոչ մի կառույցից, իսկ 70 տոկոսը և ավելին Նիկոլ Փաշինյանի գործելաոճը առհասարակ բացասական է համարում։ Մեր երկրում տեղի են ունենում լուրջ գործընթացներ, հանձնումներ, ստորագրումներ, ու այն իրականացնողը չունի վստահություն։ Նիկոլը ստորագրում է Արցախը հանձնելու թուղթը, բայց հարցվածների 82 տոկոսը դեմ է։ Այսինքն՝ լեգիտիմ գործընթաց չէ՞։
Ի՞նչ է այս ամենը նշանակում․ սա նշանակում է, որ իշխանությունը կապ չունի ժողովրդի հետ, ժողովուրդը՝ իշխանության․ իշխանությունն իր համար առանձին ապրում է, վայելում է պետական բյուջեն ու պաշտոնի տված հնարավորությունները։ Իսկ հանրության որևէ խնդիր միայն հանրության խնդիրն է, այդ թվում՝ թե՛ անձնական, թե՛ հավաքական ու ազգային նպատակները։ Ժողովրդի ազգային նպատակը Ղարաբաղը հանձնելը չէր, չէ՞, բայց իշխանությանը, պարզվեց, դա էր, հանձնելն էր, հիմա էլ հանձնում է, բա դրա ի՞նչն է լեգիտիմ։
Մեր երկրում իշանափոխության սկզբից մինչև այսօր ամեն ինչ արագ ընթացավ․ նախ հեղափոխական էյֆորիան էր, դրանից դեռ դուրս չեկած՝ Քովիդն էր, անմիջապես՝ պատերազմ։ Պատերազմի ելքը շոկային էր բոլորիս համար․ մեզ ասում էին հաղթում ենք, ու չգիտես որտեղից, անմիջապես կապիտուլյացիա տեսանք։ Դեռ էդ շոկից դուրս չեկած՝ տեղի ունեցան ներքաղաքական ընդվզումներ, այնուհետ արտահերթ ընտրություններ։ Բոլորը սպասում էին, որ Փաշինյանը հեսա-հեսա կհեռանա, բայց Փաշինյանը հերիք չէ հայտարարեց որ մասնակցելու է ընտրություններին, մի բան էլ մնաց որպես վարչապետի ժպ, անցնեմ քարոզարշավին։ Իշխանության մասով, դրանք խաղաղության մասին էին, ապագա լինելու մասին էին։ Ժողովուրդը երևի թե հասկանում էր, որ նա չի կարող խաղաղություն բերել ու թե տրամաբանությունը, թե հանրության տրամադրությունները Փաշինյանի հեռանալու մասին էին։ Նախ ինչ ասել ես, սուտ է եղել, սուտ ասելով բերել ես պատերազմ, տարել ես պարտության, ազգային իղձերը ոտատակ ես տվել, տնտեսության հերն անիծել ես, ո՞նց ես ընտրվելու։ Ու նոր շոկ ապրեց հանրությունը, ի զարմանս բոլորի՝ կարողացավ մնալ։
Որոշները ասեցին, որ նրան պահում են, որ սաղ հանձնի, որոշները ապացութցում էին, որ ժողովուրդը նրան միևնույն է թաքուն, բայց աջակցում է, որոշները ասում էին, որ վախենում է իր անվտանգության համար, ամեն բան արել է, կեղծիք-բան, որ մնա, բայց միևնույն է՝ իշխանությունը բոլորից լավ գիտի հանրության էս վատ տրամադրությունները իր նկատմամբ ու լավ գիտի, որ դա, այլևս չի կարող փոխվել։ Չի կարող բանակը կարգի բերել, չի կարող զինել, չի կարող պահել Արցախը, չի կարող պատժել իրեն աջակցող կոռուպցիոներներին ու թալանչիներին, չի կարող չհովանավորել կոռուպցիան, որովհետև դա է իր հենարանը, չի կարող բարեկամ պետություն ձեռք բերել, չի կարող օգուտով դուրս գալ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ սկսածից։ Ու ինչ է անում․ քանի որ որևէ ձևով վերականգնել չի լինում 2018-ի վիճակը, սկսել են թքած ունենալ ամեն ինչի վրա ու կպել են վայելքներին։ Ամեն օր քեֆերի մեջ են, հարսանիքների մեջ են, գործուղումները վերածել են ընտանեկան շրջագայությունների, առիթ են ման գալիս այլ երկրներ այցելելու համար, անգամ ամենաստից կոնֆերանսը դարձնում են մեծ դելեգացիայով, ընտանիքով- բանով շրջագայելու առիթ, պետբյուջեի փողերը ուղղակի ցփնում են տենց բաների վրա, քանի կարող են։
Իրենց, մի պահ թվացել էր, թե որ պատերազմը սղացրեցին, վերջ, իրենք կարող են մնալ։ Բայց, վստահ եմ հասկացել են, որ չի լինում սղացնել, տոննաներով արյուն է թափվել, դրան պատասխան պետք է տրվի, դրա համար իրենք իրենց անջատել են, տրվել են վայելքների, մեկ է՝ էլ բան փոխել չի լինի։ Գումարած դրան՝ ժողովուրդը արդեն ամեն առիթով է հասկանում, որ իր ղեկավարությունը սուտասան է, նրանից լավ բան սպասել պետք չի, միևնույն է՝ սխալ ուղղությամբ ենք գնում։ Իսկ դա նշանակում է, որ մի օր էս ամենին վերջ կգա։ Ինչքան ուշ, այնքան հեշտ գնալու, խաղաղ գնալու, գնալուց հետո իրենց խաղաղ գոյությունը պահպանելու շանսերն են քչանում։ Վստահ եմ նրանք էլ գիտեն, բայց դե նրանց մոտ էլ, հույս կա, որ մի բան կփոխվի, չգիտեմ՝ համաշխարհային պատերազմ կսկսի, ատոմային ռումբեր կգցենք իրար վրա, մի լույս կբացվի, մտածում են հայրենի չակերտներում՝ «խելոքները»։
Քաղաքացիներից մեկը փողոցում մոտեցել ու ասում է՝ Նիկոլ Փաշինյանի օգտակարությունը հայ ազգին եղել է ընդամենը 1 օր՝ 2018 թվականի ապրիլի 23-ին։ Իշխանությունը երբ վերցրեց, այդտեղից սկսեցին նրանից վնասները։ Օգուտի մասով՝ վիճելի է, բայց մնացյալի հետ ինչպե՞ս չհամաձայնել։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի ժամանակն անցել է։ Լեգիտիմորեն իշխանության մնալու բոլոր ռեսուրսները մաշել են, հիմա իրենց պաշտոնավարումը հակաօրինական, հակաիրավական, հակասահմանադրական ու հակաժողովրդական մի բան է։ Կարծես իներցիայի մեջ է ժողովուրդը, նույնը իշխանության հետ է․ մնում են, ինչքան մնացին՝ մնացին։ Եթե քեզ հասարակության մեծամասնությունը դեմ է, քո որոշումներին դաբրո չի տալիս, քո որոշումները ի հեճուկս քո ժողովրդի են, դու առանց աջակցության, առանց հեղինակության ուղղակի մնում ես՝ միայն ու միայն զենքով պաշտպանություն ունենալու շնորհիվ։ Իսկ պատմությունը, այն էլ ժամանակակից պատմությունը շատ ցավոտ օրինակներ ունի զենքով իշխանության մնացողների ճակատագրի մասին։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը