11 05 2023

«Կարճ ասած»․ Խաղաղության պայմանագիրը Փաշինյանին էլ ձեռք չի տալիս



Վաղ առավոտվանից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ էին բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Դա տևեց մի քանի ժամ։ Հետո դադարեց, ավելի ուշ վերսկսվեց։ Ըստ պաշտպանության նախարարության, հայկական կողմն ունի 4 վիրավոր։ Ադրբեջանը հայտնել է ոչ միայն վիրավորի, այլև զոհի մասին։ Սկզբից հանրությունը անհանգիստ էր մի քիչ, բայց հետո անհանգիստ մնացին Վարդենիսի շրջանի բնակիչները, իսկ հայաստանցիները անցան առօրյա հոգսերին։ Ընդ որում, կրակելու հետ մեկտեղ ադրբեջանը նաև տեղեկատվական գրոհ էր իրականացնում։ Հայկական կողմը պաշտպանվում է հա՛մ սահմանին, հա՛մ տեղեկատվությունները տրամադրելիս։ Թշնամին հարձակվել է, պետք է պաշտպանվել առնվազն․ կարդում եմ Պն հաղորդագրությունները, որոնք ևս պաշտպանական, հերքման, ինքնաարդարացման բնույթի են, ասում են՝ Ադրբեջանը հայտարարում է, թե մեր բանակը օգտագործում է իրանական անօդաչու։ Ասում են, չկա էդպիսի բան մեր բանակը իրանական անօդաչու չունի։ Էդ լավ չէ, մի հատ էլ հատ-հատ ասեք ինչ ունեք-չունեք։ Արդյո՞ք գլուխ գովելու բան է, որ հայկական բանակը չունի իրանական անօդաչու, մանավանդ որ որակյալ ռազմատեսակ է։ Մի ամիս է՝ Ադրբեջանը կուտակում ու կուտակում է սահմանի՝ Գեղարքունիքի ուղղությամբ․ պաշտպանության նախարարն ասում էր՝ ով այդ մասին հայտնում է, 5-րդ շարասյուն է, պիտակավորում էր ժողովրդին զգուշացնողներին։ Ես արդեն շատ անհանգստանում եմ մեր պաշտոնյաների անգամ տրամաբանության բացակայությունից, այսինքն՝ ստեղ մենք չասենք, որ ի՞նչ, որ ադրբեջանցիները չիմանան, որ կուտակվում են մեզ հետ սահմանի՞ն, թե՞ չիմանան որ մենք գիտենք, էդ խելքո՞վ եք նախարար աշխատու՞մ, էդ խելքով ու տրամաբանությա՞մբ եք, ժամանակին ուսուցիչ ու էլ եսիմինչ աշխատե՞լ։

Ադրբեջանի այս գործողությունները հազարերորդ անգամ գալիս են ցույց տալու նրա հետ խաղաղության պայմանագրի ու դարաշրջանի քարոզչության կեղծ լինելը։ Վաշինգտոնում անցկացրեցին բանակցության մի քանի օր, Ադրբեջանը հայտարարեց, որ մի քայլ առաջ էր իրենց համար։ Մի քանի օրից պետք է Բրյուսելում կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպում, հետո պետք է արտգործնախարարների, այնուհետև Փաշինյան-Ալիև հանդիպում լինի Մոսկվայում, մի հատ էլ քառակողմ պետք է լինի Քիշնևում, ու դրա ֆոնին Ադրբեջանը կրակում է ու պարտադրում իր լուծումները։ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարները էս կրակոցներով ձեզ տրամադրում են մշտական զիջումների, որ պատրաստվեք, ադապտացվեք։ Հայաստանը բանակցային զինանոցում չի թողել փոխզիջման գոնե մեկ հնարավորություն․ ինչ հնարավոր էր, մի քանի բան էլ ավելի զիջել է, ու նրանք անընդհատ թարմացված ցանկ են տալիս, թե ինչ են ուզում։ Փաշինյանը միանձնյա ճանաչել է Ադրբեջանի տրածքային ամբողջականությունը Արցախի նկատմամբ, ասում են քիչ ա, հիմա էլ ճանաչի Հայաստանի որոշ տարածքների նկատմամբ, վաղը կասեն ճանաչի, որ Արցախ եք շահագործել տարիներ շարունակ, դե էդ սաղ ստացած եկամուտը հաշվում ենք, կբերեք ազգովի կփոխհատուցեք։ Իսկ փողզիջու՞մ, դա Ադրբեջանը կարող է համարել Հայաստան մտած տարածքից մի քիչ հետ գնալը, կամ Թուրքիայի օդով Փաշինյանի օդանավի թռչելը։ Ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը ասում է՝ մինչ Նիկոլը շատ բարդ հարց է եղել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, որը նշանակում է ընդունել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Դրա համար չեն ճանաչել, այսօր Նիկոլով Հայաստանը ճանաչում է։ Բանակցությունների անմիջական մասնակիցը հերթական անգամ հերքում է Նիկոլի թեզը, թե նախկինները ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Հայաստանի իշխանություն կոչվածը հասկանում է ու արձանագրում, որ Ադրբեջանը պարտադրում է հավելյալ զիջումներ։ Ուղղակի չեն ասում, որ դրա գլխավոր պատճառն այն է, որ հենց ձեզ հետ են բանակցում։ Նիկոլն ինքը էսօր արձանագրում է, որ իր օրոք սահմանային մի լարվածություն ծածկվում է մեկ այլ լարվածությամբ․ հարձակվում են Վարդենիսում, որ մոռացության տան անցակետը, հարձակվում են Տեղում, որ մոռացության տան սեպտեմբերյան ագրեսիան։

Ուշագրավը գիտե՞ք որն է․ ճակատագրի հեգնանքով, այսօրվա բախումները տեղի ունեցան այնտեղ, որտեղ պետք է իբր թե հսկեին ԵՄ դիտորդները և տեղի ունեցան հենց Արևմուտքի միջնորդությամբ բանակցություններից հետո ու հաջորդ բանակցություններից առաջ։ Արցախում ու Լաչինում հենց մի կրակոց է լինում, թշնամու առաջխաղացում, բոլոր ՔՊ-ական իշխանավորները մեղադրում են ռուս խաղաղապահներին, թե կատարեք ձեր պարտականությունները․ էսօր որևէ իշխանավոր ԵՄ դիտորդներին չդիմեց։ Իհարկե աբսուրդ է, որ մեր երկրի տարածքը բաժանել ենք ռուսների, եվրոպացիների, ադրբեջանցիների, պարսիկների տերիտորիաների։ Բայց հարցն այն է, որ դիտոդներն ասում են մենք լուրերից ենք իմացել, որ կրակում են, մեր ԳՇ պետն ասում է՝ չէ է, դուք չգիտեք, դուք կանխում եք։ Պաշտպանության նախարար, վարչապետ, դեպուտատ, սաղ ասում էին՝ դիտորդները կանխում են Ադրբեջանի սադրանքները, զգոնություն են հաղորդում։ Բա ինչի՞ չկանխեցին։ Իսկ գուցե իրո՞ք նրանք ոչ թե կանխելու համար էին, այլ՝ լրտեսության, հետախուզության, տվյալների հավաքագրման ու փոխանցման՝ օրինակ, նույն թշնամուն։ Նիկոլն ինքն էր ասում ԵՄ դիտորդները գալիս են, որ հսկեն ռուսական զորքերի շարժը։ Ադրբեջանն այս կրակոցներով ձեռք է առնում Արևմուտքին, ում միջնորդությամբ բանակցություններ էին։

Ֆրանսիայի արտգործնախարարը գալիս է Հայաստան, հարցնում են ինչու սանկցիաներ չեք կիրառում Ադրբեջանի նկատմամբ, ասում է՝ ի՞նչ սանկցիա, մենք ողջունում ենք բանակցությունները։ Էստեղ դատապարտում է Բաքվի քայլերը, գնում է Բաքու հայտարարում է՝ Փարիզը ողջունում է Բաքվի խաղաղ նախաձեռնությունը։ Ու դուք հույսեր ունեք, թե Ֆրանսիան փրկելու է։ Ֆրանսիայի արտգործնախարարից միակ օգուտը էն եղավ, որ Մասիս սարի նկարը դրեց իր թվիթերի պատին։

Լավ, ի՞նչ են բանակցում, որ Ադրբեջանը կրակում է, ի՞նչ են պայմանավորվում, գուցե կրակոցները մտնում են պայմանավորվածությունների տրամաբանության մե՞ջ։ Չէ՞ որ էդ խաղաղության պայմանագիրն առաջին օրից զոհերով է սկսել։ «Ապագա»-ն մտել է Վարդենիս ու դուրս չի գալիս, որ էդ մարդիկ շունչ քաշեն։ Ասել է Նիկոլը՝ խաղաղության պայմանագիրը կարող է դուր չգալ հայ ժողովրդին։

Կարճ ասած՝ ամեն ինչից երևում է, որ այդ խաղաղություն կոչված պայմանագիրը չի լինելու։ Հնարավոր է և այն չստորագրվի։ Որովհետև դա ենթադրում է, որ սահմանային լարվածությանը կավելանա ներսում քաղաքական լարվածությունը։ Խաղաղության պայմանագիրը Փաշինյանին ձեռք չի տալիս։ Գուցե հենց դրանով էլ պայմանավորված են բախումները․ արի բան չստորագրենք, մտի վերցրու ինչ կարող ես։ Փաշինյանն ինքը իր ղեկավարմամբ, զիջելու իր պատրաստակամությամբ, իր նվաստանալով դրդում է բախումներ։ Եվ քանի որ իրեն չեք փոխում, ժողովուրդ ջան, ուրեմն սովորեք էս պայմաններում գոյատևելուն։ Էդ խաղաղություն բառը իշխանությունը պահելու համար է, «թողեք մնամ, որ խաղաղություն լինի»։ Սրանք ամենաշատն են խոսում խաղաղության մասին, բայց ամեն օր բերում են զոհ ու կորուստ, խաղաղություն բառը սեփականացրել են, բայց պատերազմն է իրենցը։ Խաղաղությունը էն ժամանակ էր, որ պարտադրում էին, Քոչարյանի ժամանակ, մի կրակոցին՝ 10-ով էին պատասխանում, սսկցնում, բայց օրը 10 անգամ չէին խոսում այդ մասին, գործով էին ցույց տալիս։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ