28 03 2023

«Կարճ ասած»․ Ամենախելացի ազգերը ո՞րոնք են, իհարկե՝ Հայաստանից հետո



Մենք՝ հայերս ամենաշատը ո՞ր ազգի հետ ենք համեմատվում: Հրեաների։ Ընունված է ասել, չէ՞, որ աշխարհի ամենախելացին մենք ենք, հետո՝ հրեաները։ Դե իրենք մեր նման խելացի չեն, ուղղակի մի քիչ ավելի աֆերիստ են։ Համենայն դեպս, մենք այդպես էինք կարծում, մինչ վերջերս։ Այնումենայնիվ, պետության կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ պատկերացումները ներկայացնելու համար մեզ մոտ հաճախ են համեմատություն անցկացնում Իսրայելի հետ, կազմակերպվածության առումով, զարգացվածության առումով, կարճ ժամանակում արդյունքի հասնելու առումով․ այ տեսեք՝ Իսրայելում բանակը էսպիսին է, ներգաղթի քաղաքականությունն այպիսին է, տնտեսությունը և այլն։ Բայց հարցն այն է, որ ո՛չ իշխանությունը, կառավարությունն են իրենց պահում այնպես, որ գոնե մի քիչ նմանություն գտնես Իսրայելի հետ, ո՛չ էլ հասարակությունը՝ ժողովուրդը։

Չպատմեմ, թե իրականում ինչպիսին է այդ պետությունը, ինչպես է այդ ժողովուրդը պահում-պահպանում ու հզորացնում, անդրադառնամ ընդամենը մի դրվագի, բավականին ուշագրավ կլինի համեմատությունը մեզ հետ։ Վերցնենք վերջին իրադարձությունները։ Իսրայելում տեղի ունեցան բողոքի ցույցեր, որոնց մինչև 600 հազար մարդ էր մասնակցում, երկրի սովորական քաղաքացիներ։ Իսրայելը Իրանի հետ պատերազմի շեմին է, արդեն հայտարավել է, որ շուտով լինելու է, մարդիկ, սակայն, դուրս են եկել փողոց ընդդեմ դատական փոփոխությունների, որի անունը իրենց երկրի իշխանությունը դրել է բարեփոխում։ Ի՞նչ էր առաջարկում Իսրայելի նորընտիր վարչապետ Բենիամին Նեթանյահուն․ առաջարկում էր, որ կառավարությունը ինքը վերահսկի Գերագույն դատարանի դատավորների նշանակումը, ասել է, թե գործընթացը ինքն իրականացնի և արգելում է գերագույն դատարանին չեղարկել կառավարության որոշումները, խորհրդարանի օրենքները։ Ժողովուրդը ոտքի կանգնեց 100 հազարներով, ասաց մենք թույլ չենք տա ունենալ կառավարելի, այսպես ասած՝ վնգստացող դատական համակարգ։ Ի վերջո, օրենքի նախագիծը հետ կանչվեց, որքան էլ որ ցանկությունը մեծ էր հակառակն անելու։ Տեսեք մարդիկ ինչքան առաջ են մեզանից, որ բողոքի ցույց են անում դատական փոփոխությունների դեմ։ Իսրայելի հետ համեմատվող Հայաստանում լրիվ հակառակ բանը տեղի ունեցավ, ընդամենը մի քանի տարի առաջ․ վարչապետի հրահանգով իր թիմակիցների և աջակիցների կողմից շրջափակվեցին դատարանների դռները՝ պահանջելով, որ այդ համակարգում այլևս լինեն Նիկոլի ձևակերպմամբ՝ վնգստացող դատավորներ։ Ասում էին դատարանը ո՞վ ա, որ որոշի, որ նախագահ Քոչարյանը ապօրինի կալանքից ազատ արձակվի, եթե որոշողը մեր երկրում Նիկոլն ա։ Հիշեցի՞ք, դա 2019 թվականն էր։

Դե հիմա դուք պատկերացրեք, որ Իսրայելի վարչապետը հայտարարեր՝ կա՞ տենց մի դատավոր, որ իմ ասածը չանի․ ի՞նչ կլիներ իր հետ։ Հարցս ուղղում եմ աշխարհի ամենախելացի ազգին։ Իսրայելի ժողովուրդը ի՞նչ գիտեր, որ օրենքը, արդարությունը, արդարադատությունը առանցքային է, պետությունը պահել պահպանելու գործում։ Ի՞սկ մենք, մենք արդյո՞ք գիտենք։ Արդյո՞ք մենք դասեր քաղել ենք, այսքանից հետո։

Աշխարհի տարբեր երկրներում բողոքի ցույցեր են լինում մշտական՝ բազմաթիվ թեմաներով, օրենքների, որոշումների, ղեկավարության անհաջող ելույթների դեմ, գործադուլներ, խաղաղ երթեր կամ անկարգություններ․ մեզ մոտ 1000 հատ հակապետական, հակաժողովրդական ու հակաժողովրդավարական օրենք է ընդունվել ու որոշումներ, ո՞ւմ պետքն է։ Ֆրանսիայում կենսաթոշակային տարիքը երկու տարով բարձրացրել են, 63-ը 65 են սարքել, 500 հազար մարդ փողոց է դուրս եկել, զանգվածային անկարգություններ են, ու տարեցներից շատ՝ երիտասարդներն են մասնակցում։ Հայաստանում հայտարարում են, որ կենսաթոշակային անհատական հաշիվներից գումարները պակասում են, քաղքացիների պետքն էլ չէ։ Կառավարությունը թոշակը պարտքով ա տալիս, ո՞վ չգիտի․ այսինքն մի օր կարող է և հասնեն նրան, որ մեզ մոտ էլ ասեն թոշակի տարիքը բարձրացնում ենք․ ու եթե անգամ Հայաստանում թոշակի տարիքը հասցնեն 70-ի, մարդ դուրս կգա՞ փողոց։ Կասկածում եմ։ Շինթույլտվության տուրքերը բարձրացրին 10 անգամ, բնակարանի վարձակալման համար տուրքեր սահմանեցին 10 տոկոս, ամեն երեք շաբաթը մեկ ԱԺ քառօրյա է մի օրում 25 հատ օրենք են սղացնում, կառավարության ամեն նիստում առանց զեկուցելու մինչև 50 հատ որոշում ու օրենք է սղացնում, ո՞ր մեկի համար եք փողոց դուրս գալիս։ Պատերազմի շեմին գտնվող Հայաստանում զորամասը հանել են վաճառքի, որ տեղը էլիտար շենք սարքեն․ ո՞ր մեկիդ պետքն է։ Իսրայելում 500 հազար մարդ փողոց դուրս կգար։ Որ օրենքը, որ որոշումները դուրները չի գալիս, քաղաքակիրթ երկրներում մարդիկ դուրս են գալիս փողոց և անքաղաքակիրթ բաներ անում՝ արցունքաբեր գազ, փշալարեր և այլն, մեզ մոտ ինչ վատ օրենք ընդունում են, հասարակության արձագանքը լինում է այսպիսին․ «վայ ես ձեր․․․ սրիկաներ, էդ էլ անցկացրի՞ք, հաջո՞րդը որն է»։ Հլը պատկերացրեք Երուսաղեմում 20 տարվա ծառը կտրեին, տեղը ինչ-որ մի բան տնկեին, թեկուզ՝ լավ ծառ, քա՞նի րոպե հետո հրաժարական կտար քաղաքապետը։

Ընդ որում․ ամենակարևորը՝ այլ երկրներում քաղաքացին ոտքի է կանգնում՝ անկախ այն բանիցъ այդ որոշումը հենց իր կամ իր ընտանիքի վրա ոնց է ազդում։ Չի ասում՝ փաստաբանի գլխին սարքել-կալանավորե՞լ են, թող փաստաբանները մտածեն, դատավորի՞ են հեռացրել, թող իրա տնեցիք կամ թող դատավորները ոտքի կանգնեն, ազատամարտիկի՞ են բռնել, թող իր մարտական ընկերները ոտքի կանգնեն, կացարաններից վտարե՞լ են անօթևան 100 ընտանիքի, թող իրենք իրենց գլխի ճարը տեսնեն, Արցախը հանձնե՞լ են, արցախցիների խնդիրն է, Սյունիքը՝ Սյունեցիների խնդիրն է։ Ոչ, խնդիրը բոլորի խնդիրն է, բոլորը ոտքի են կանգնում ու լուծում այն։ Իսրայելում բժիշկները գործադուլ արեցին ու ասացին չենք վերադառնա աշխատանքի, քանի դատական բարեփոխումները հետ չեն կանչվել։ Բժիշկները։

Հլը պատկերացրեք Բենիամին Նեթանյահուն որոշում կայացնի, զորքերը հետ քաշի ու պաղեստինցիները 100 կիլոմետր առաջ գան։ Ի՞նչ կլինի նրա հետ։  

Ես հիմա համեմատում եմ Իսրայելի հետ, բայց իրականում աշխարհի ոչ մի երկրում չեն հանդուրժի այն, ինչը հանդուրժում են Հայաստանում։

Խոսքը քաղաքացիական կեցվածքի մասին է, որը բացակայում է Հայաստանում․ կրողներ կան, բայց՝ փոքրաթիվ։ Ու քաղաքացիական կեցվածքով՝ Իսրայելում, Ֆրանսիայում, Անգլիայում իրենց պետությունը, պետականությունը ամրացնում են ամեն օր, մեզ մոտ՝ կազմաքանդում։

Էն քաղաքականությունը, որը բերեց պատերազմի, էն քաղաքականությունը, որ բերեց պարտության, էն քաղաքականությունը, որը Հայաստանում փակեց նախարարություններ, լուծարեց գործող հիմնարկները, քանդեց գոյություն ունեցող համակարգերը, շարունակվում է նաև հիմա․ դա բերելու է նոր աղետների։ Այլ ժողովուրդներ պահպանում են իրենց՝ լավից-վատից կառուցած պետությունը, զարգացնում են եղածը, մենք՝ քանդում։ Մենք անգամ մեր բազմամյա ծարերն ենք կտրում, իբր նորը տնկում․․․ Չենք ջրում, չենք խնամում, կտրում ենք։

Կարճ ասած՝ Հաաստանը համեմատելի չէ որևէ երկրի հետ, որովհետև թե՛ կենդանական, թե՛ բուսական աշխարհում, թե՛ մարդկության մեջ հայտնի է ինքնապաշտպանական, ինքնապահպանման բնազդի մասին, իսկ Հայաստանում այդ բնազդը ի սպառ վերացած է։ Գիտեմ ցավալի բան եմ ասում, բայց քանի մենք մեզ չենք ախտորոշել թե ինչ հիվանդ ենք, բուժումը չենք կարող ընդունել։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ