21 02 2023

«Կարճ ասած»․ Հաղթածները պետք է դատվեն, պարտություն բերածները՝ վայելեն



 

Կոռուպցիայից հետո հաջորդ անխափան աշխատող ինստիտուտը այս իշխանության մեջ ռեպրեսիոն համակարգն է։ Աշխատում է կատարյալ․ երբ պետք է զինվորին կացարան տալ, պարզվում է՝ չեն հասցրել երկու տարվա ընթացքում մոդուլային մեկ կացարան բերել, չեն հասցրել ժամանակին դպրոցը վերանորոգել, ցելոֆանած ապակիներով դպրոցում դաս են անում, չեն հասցրել փախստակկաններին տուն տալ, փոխհատուցում տալ, չեն հասցնում թոշակ բարձրացնել, չեն հասցնում Սու 30-ի հրթիռ բերել, չեն հասցրել Լաջինի միջանցքի այլընտրանքային ճանապարհը ու կոմունիկացիաները գցել․ չեն հասցրել, բայց հենց խոսքը վերաբերում է այլախոհներին բռնելուն, մարդկանց գլխին սարքելուն այ դա, հասցնում են ճիշտ պահին։

Պատմությունն ասում է՝ ամենավտանգավոր բաներից մեկը վախկոտի իշխանությունն է։ Երբ վախկոտներն ունենում են իշխանություն, որոշումներ կայացնելու հնարավորություն, ուժային լծակներ, հենց այդ վախերի դրդմամբ իրենց ճանապարհը մաքրում են և տանում պարտադիր կործանման, թե՛ իրենց, թե՛ երկիրը։ Ի՞նչ եք կարծում, երբ որևէ երկրի գլխավոր դատախազը զեկուցում է վարչապետին բոլոր քրեական գործերով և ցուցումներ ստանում, դա դատախազի ծառայամտության մասի՞ն է խոսում, թե՞ վարչապետի վախերի։

Գեներալ Գրիգորի Խաչատուրովին ձերբակալել էին, տարել կալանքի։ Լիովին անիմաստ եմ համարում հարցադրումները՝ ինչո՞ւ ձերբակալվեց, ի՞նչ մեղադրանք է, վաղեմության ժամկետն անցած էր, հորինվա՞ծ գործով է, թե ինչ, ինչո՞ւ է ձերբակալվել, եթե դրա հիմքերը բացակայում են և այլն։ Բացարձակ կարևոր չէ, թե ինչի համար են մեղադրում Գրիգորի Խաչատուրովին։ Եթե իշխանությունը ուզում է մեկին քրեկան հետապնդման ենթարկել, նա անպայման դա կանի։ Մանավանդ եթե այդ մեկը Նիկոլի հրաժարական է պահանջել, արդեն ամեն բան պարզ է։ Գրիգորի Խաչատուրովը հերիք չի գեներալ է, մի հատ էլ հաղթած գեներալ է, էն նահաջածներից չէ, Փաշինյանին պարտությունից հետո չեստ տված չէ, էդ ա էլի։ Եվ ուրեմն պետք է նրան պատժել։ Բա մի հատ էլ, որ հայրը փառավուր ուղով անցած-գեներալ գնդապետ է, ԳՇ և ՀԱՊԿ ղեկավարած է, Քելբաջար ազատագրող հրամանատար է եղել․․․ Էլ ի՞նչ եք ուզում, ուզում եք թողնեն, մնա հերո՞ս։

Հատուկ ուշադրություն ենք դարձնում այն հանգամանքին, որ Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվեց Արցախյան շարժման 35-ամյակին։ Գիտե՞ք, նկատած կլինեք, շատերն են այն կարծիքին, որ սա տեղի է ունենում թշնամու ցուցումով։ Մեր թշնամիների մոտ սիմվոլիզմը շատ կարևոր է, նրանք ուզում են Ադրբեջանի դրոշի օրը նվեր ստանալ Հայաստանից, Մեհրիբանի ծննդյան օրը ստանալ, անկախության օրը ստանալ ու ամեն անգամ մի նվեր ստանում են՝ տարածքի տեսքով, փաստաթղթի տեսքով, Հայաստանում հերոս գեներալի դատելու տեսքով։ Էն որ ասում էին Շուշիի ազատագրման օրը դատում են Շուշին ազատագրողներին՝ նկատի ունենալով Ռոբերտ Քոչարյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին, դա ուղղակի նախադասություն չէր․ իշխանությունը ըստ երևույթի համագործակցում է Ադրբեջանի հետ նաև այս հարցերով, մշտապես կամ հաճախ բավարարելով ցանկությունները։ Այնպիսի տպավորություն է, որ Բաքուն ումից նեղացած է եղել, ո՞վ է պոչը երբևէ տրորել, այդ բոլորի հետևից այս իշխանությունը գնում է։

Տեսեք՝ 2018-ից սկսած Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրգործ հարուցեցին, ՀԱՊԿ-ից հանեցին, ի՞նչ եղավ հետո․ պարզվեց ջուր է, թեմա չկա, պարզվեց անգամ հակասահմանադրական էր։ Բայց ինչ մնաց․ մնաց վատ հետքը, մեր երկրի պախարակված դեմքը ու ՀԱՊԿ-ի հետ քանդված հարաբերությունները, որ մինչև հիմա վատ է, սառն է, զուտ ֆորմալ։ Սեյրան Օհանյանի դեմ քրգործ հարուցեցին, ի՞նչ եղավ, էլի քանդվեց։ Չբավարարվեցին, էլի հարուցեցին։ Կարո՞ղ եք ասել մի գործ, որ բացել են, դատել են, մեղավոր են հանել․ անգամ ձեր ժամանակվա պաշտպանության նախարարը, որ հստակ գիտեք ինչ եք արել միասին, ոնց եք արել, ոնց եք հանձնել, ինչն եք պռավալ տվել, անգամ Դավիթ Տոնոյանի դեպքով չեք կարողանում լուծում գտնել։ Բայց դա էլ հեչ, որ գործերը անհիմն եք հարուցում, դուք եք խայտառակվում, այս ամենով ամեն անգամ բանակի հեղինակությունն էլ հետն եք սպանում, այ դա է ամենից մեծ վնասը։ 

Եվ ինչպես Ղարաբաղը հանձնելու առաջին փուլում էր պետք բանակը հեղինակազրկել, հերոսների հետևից ընկնել, այնպես էլ հիմա է պետք՝ վերջնական հանձնման փուլում, որ քաղաքացու մտքով չանցնի, թե հնարավոր էր չտալ-չհանձնելը։ Երբ պատերազմող երկրում դատում ես գեներալի, որը ծառայել է բծախնդրորեն, իսկ նահաջած, հանձնած գեներալին, տանում կոչում ես բարձրացնում, մեդալ ու պագոն տալիս, դրանով ուղղակի քանդում ես հասարակության վերաբերմունքը բանակի նկատմամբ։ Մարդու ուղեղում չի տեղավորվում, թե այդ ինչպիսի ձգտում է ամբողջ բանակի հրամանատարությանը քրեական հանցագործ ներկայացնելու։ Կարո՞ղ եք ասել, էսօր կա՞ մեկը, որ գնում է բանակ հպարտությամբ․ կա՞ ընդհանրապես մեկը, որ ուզում է գնալ բանակ։ Կա՞ մեկը, որ կուզենա դառնալ զինվորական, նմանվել այսինչ հրամանատարին, երբ պետությանը ծառայություն մատուցած գեներալները բոլորը անցնում են քրեական գործով։ Տնտեսությունը քանդել էիք, պետական ինստիտուտների հերն անիծել էիք, դատարանները ձեզանով էիք արել, եթե մի այսքան այս երկրի մասին մտածող լինեիք, բանակը էն ինստիտուտն էր, որ պետք է մատով չկպնեիք։ Այսօրվա իշխանության մեջ գտնվող մի շարք դեմքեր, ՀԿ ներկայացուցիչներ մինչ 2018 թվականը ամեն հնարավոր ձևով պախարակել են բանակը, ինչ եղել է բանակում, մանիպուլացրել, հետևողականորեն աշխատել են ընդդեմ բանակի, ոչ թե նրա ներսում գոյություն ունեցող երևույթների, բայց այն ժամանակ հեռու են եղել բանակից, ձեռքները չի հասել։ Այն ժամանակ, երբ ձեռքները հասավ բանակին, սկսեցին քանդել արդեն ուղիղ։ Բոլոր մյուս ոլորտների պես քանդեցին ու ասացին չենք ունեցել։ Այս ՔՊ-ն անում է ամեն ինչ, որ բանակի հերոս դառնա միայն Սասուն Միքայելյանը, Էրատո ջոկատը, երկիր հանձնած Նիկոլը։ Առաջ որ հարցնում էինք ինչու ՔՊ-ականները չեն ծառայել, ասում էին՝ Սասունը բոլորի տեղը ծառայել է․ իսկ Սասունը գոնե իր տեղը ծառայել է՞։ Մարդ է, որը ղարաբաղյան առաջին պատերազմից հետո լիուլի օգտվել  է, շահարկել է ոնց կարողացել է ու փող է աշխատել։ Ու հիմա նույն մարդը բանակը քանդողների առաջին շարքերում է։ Էս պահին քանդում է իր ելույթներով, իսկ թե գործողություններով ինչ է անում, դա հուսամ կպարզի դատախազությունը իշխանափոխությունից հետո։

«Հայաստանը բանակ չի ունեցել, գեներալները թալանչի են, հանցագործ են»․ դա այն է, ինչ ասում են Ալիևը, Նիկոլը, Սասուն Մքայելյանը ու ևս մի քանի մանր-մունր ՔՊ-ականներ։ Ով բանակից թռել ա, խոսում է բանակից ու վարկաբեկում, ում Վազգեն Սարգսյանը ատում էր ու ուզում էր գնդակահարել, ամեն օր Վազգենի անունն ա տալիս․ այ էդպես ամեն ինչ աղավաղվել է։ Ունեինք բանակ, մեզ զգում էինք ապահով, հզոր, ունեինք կադրային գեներալ գնդապետներ՝ Միքայել Հարությունյան, Սեյրան Օհանյան, Յուրի Խաչատուրով: Արդյո՞ք շռայլություն, իսկ ավելի ճիշտ՝ խայտառակություն չէր, հանցագործություն չէր պատերազմի պայմաններում նրանց քրեական գործերի տակ մտցնելը։ Էդ մարդիկ քայլող էնցիկլոպեդիաներ են, ռազմական գործի թե՛ տեսական, թե՛ գործնական վարպետներ են․ նրանց մեկուսացրեցիք, թողեցիք ու՞մ․ կաբինետային գործիչ Տոնոյան Դավի՞թ, պագոնները պոկած Վաղարշակ Հարությունյան, քառորյաից հետո հեռացված և Քոչարյանի դեմ ցուցմունքով պաշտոնի նշանակված Արշակ Կարապետյան, պատմության դասատու Սուրեն Պապիկյան ու Միքայելյան Սասունի՞ն։ Դե էլ գերագույն գլխավորին չեմ ասում, էն իր Արծրունի հետ։ Էս սաստավով էինք ուզում նոր Սարդարապատ պահե՞լ։ Լու՞րջ։ Դեռ այն օրերին էր հանրության հասկացող մասը աղերսում, ասում էր, հեռացեք, ձեռքներներդ քաշեք բանակից, թող գիտակները գան կառավարեն, տենսենք ոնց է հնարավոր բեկում մտցնել, տակից դուրս գալ։ Արեցիք հակառակը, Արարատ Միրզոյանի ու Ավինյանի պեսների հետ գնում-մտնում էիք բունկերը, ձեզ Ռակասովսկի զգում, խորհուրդներ տալիս, ձեզ թվում էր համակարգչային խաղ է, առանց հետևանքների․․․

Հիմա էլ, էլ ավելի բանակ չեք թողել, դրա համար էլ ձեր պահած բանակում ամեն շաբաթ լսում ենք մահերի, զոհերի մասին․ երեխեքին քնած տեղը խաշում եք:

Գրիգորի Խաչատուրովը փայլուն զինվորական է, լավագույն հրամանատարներից, վստահ եմ՝ դեռ շատ անելիքներ է ունենալու, բանակը վերականգնելու գործում․ դո՞ւք ով եք։ Ձեզ թվում է՝ եթե սաղին ձերբակալեցիք, կարողանալու եք հերոսներին էլ նշանակել ձեր օգնական-ծառայողների՞ց։ Գրիգորի Խաչատուրովին վարկաբեկեք, նստացրիք, Սասուն Միքայելյանին նշանակելու եք տեղը լեգենդար հրամանատա՞ր։ Հերոսը նշանակելով չի, չէ՞։

Կարճ ասած՝ այս իշխանությունը առաջին իսկ օրից է որդեգրել հետևյալ սկզբունքը․ Հաղթածները պետք է դատվեն, պարտություն բերածները՝ վայելեն իշխանություն, առանց պատասխանատվություն կրելու։ Քոչարյանը, Խաչատուրովները, Օհանյանը, Հարությունյանը, Սարգսյանը, էլի շատ- շատերը պետաք է դատվեն, վարկաբեկվեն, որովհետև Արցախյան առաջին պատերազմ են հաղթել, իսկ այ պարտություն բերածները՝ Փաշինյանը, Սասունը, Պապիկյանը, Ալենը, Արարատն ու մյուսները, որ պարտության խորհրդանիշներն են, տներ ու դղյակներ են սարքում, ավտոպարկն են թարմացնում․ մի խոսքով ճոխ կյանք․․․ Էնպես որ՝ շատ էլ օրինաչափ է Խաչատուրովի հետևից ընկնելը։ 

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ