15 02 2023

«Կարճ ասած»․ Ինչո՞ւ Անկարա գնացին Թուրքիայում աշխատած հայ պաշտոնյաները



 

Արարատ Միրզոյանը Հայաստանի արտաքին գործերի նախարարն է 2021 թվականի օգոստոսի 19-ից, ուղիղ մեկուկես տարի։ Կարո՞ղ եք հիշել, թե այդ մեկուկես տարվա ընթացքում քանի անգամ է այցելել երկրորդ հայկական պետություն Արցախ։ Հայաստանը, անգամ այս կառավարությունը հանդիսանում են Արցախ պետության և ժողովրդի անվտանգության և այլ երաշխավորը։ Ոչ մի անգամ չի այցելել։ Իսկ քա՞նի անգամ է այցելել Թուրքիա, որը Արցախի դե ֆակտո շրջափակողն է։ Մի անգամ այցելել է 2022 թվականի մարտին Անթալիա, մի անգամ այսօր, մի անգամ այցելելու է այս մարտին, էլի Անթալիա, մի հատ էլ պետք է հայ-թուրքական ֆուտբոլային որակավորման խաղ կա, էդ դիվանագիտության շրջանակներում կգնա, եթե մնա որպես նախարար։ Հլը սա՝ արտգործնախարարի կարգավիճակով, թե դրանից առաջ, հատկապես օդում կախված և չհերքված տեղեկությունների համաձայն՝ գործակալ եղած ժամանակ էլ քանի անգամ է գնացել, տեղյակ չենք։

Եթե հիմա Հայաստանի արտաքին գործերի նախարարը իր մեքենայով գնա Լաչինի միջանցքն անցնելու, Սպայկայի ֆուռերով էլ մի 100 տոննա օգնություն տանի, ի՞նչ եք կարծում որևէ այսպես կոչված՝ բնապահպան, ռուս խաղաղապահ նրա մուտքը կարգելի՞։ Եթե Թուրքիայի սահմանը 30 տարի փակ էր, ու կարողացան հումանիտար օգնություն տան էլ, այն էլ երկու անգամ, Արցախինը փակ է ընդամենը 2 ամիս, հաստատ կկարողանա։ Ի՞նչ է, Արցախում հումանիտար օգնության կարիք չկա՞։ Իհարկե՝ կա։ Չի գնում։

Երեկ լուր տարածվեց, թե Հայաստանի արտաքին գործերի նախարարը գնալու է Թուրքիա, առավոտ արդեն թիվ 1 բորտով թռավ, հետն էլ տարել էր հայկական բանագնաց Ռուբեն Ռուբինյանին, որը մինչև հեղափոխությունը ինչ-որ ժամանակ Ստամբուլում է ապրել-հետազոտություն արել և իր նոր տեղակալ Վահան Կոստանյանին։ Մեկնել էին՝ եղբայրական ժեստ անելով։ Եղբայրականը ընդգծում եմ, որովհետև երկուստեք եղբայրական օգնություն էր համարվում Հայաստանի արածը։

Հայտարարվել էր, թե գնացել է ցավակցելու, համերաշխություն հայտնելու և հանդիպելու Ադըյաման քաղաքում որոնողափրկարարական աշխատանքներ կատարող հայ փրկարարներին, վերջում էլ, ձեռի հետ, պետք է հանդիպեր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին։ Երկրաշարժի գոտի ինչո՞ւ էր գնացել տեղակալի ու ԱԺ փոխնախագահի հետ, չհասկացվեց։ Երևի իրենք էլ էին սգում կամ էլ՝ սամալյոտի մեջ տեղ կա՞, մենք էլ գանք տրամաբանությամբ։

Նախ հետաքրքիր է, որ հիմնականում համերաշխություն հայտնելու ու հայ փրկարարներին տեսնելու համար Թուրքիա մեկնող պատվիրակությունը նախ ունենում է գլխավոր հանդիպում-բանակցությունը Անկարայում, հետո նոր հանդիպում է փրկարարներին։ Անկարայում Միրզոյանը հիշում է Սպիտակի երկրաշարժը, բայց չի հիշում Հայոց ցեղասպանությունը, այն դեպքում, երբ Ադըյաման քաղաքը, որն ամենաշատն է տուժել երկրաշարժից, մինչ Հայոց Մեծ Եղեռն՝ Ցեղասպանությունը, գրեթե միայն հայեր էին ապրում։ Պատմաբան Միրզոյանը սա հաստատապես գիտեր։ Նա գնաց Հայոց ցեղասպանության իրականացված վայրերից մեկը՝ խոնարհվելու երկրաշարժից զոհված թուրքերի հիշատակի առաջ։

Թուրքիայում դեռ փլատակների մի մասն են մաքրել, որոնողափրկարարական աշխատանքները չեն դադարել, բայց այնտեղից գործը կիսատ թողնելով՝ արդեն տասնյակ երկրների փրկարարներ են հեռացել։ Մի շարք պատճառներ կան, դրանցից մեկն այն է, որ մարդկանց ողջ դուրս բերելու շանսերը զրոյացվում են, իսկ գլխավորներն այն են, որ զոհերի հարազատները սկսում են ատելությամբ լցվել փրկարարների նկատմամբ՝ նրանց մեղադրելով, որ ուշ են հանում իրենց հարազատներին, մահացած են հանում․ սկսվել է մեծ թալան, թուրքական իշխանությունը անտեր է թողել տարածքն ու ժողովրդին, արդյունքում սանիտարական ծայրահեղ վիճակ է, համաճարակաին բռնկում կարող է լինել։ Փրկարարներն իրենք ունեն անվտանգության խնդիր, չունեն տեխնիկա և այլն, դրա համար էլ ժամանակից շուտ ավարտում են ու հեռանում։ Ու այս պարագայում, երբ հեռանում են փրկարարները, Հայաստանի իշխանությունը որոշել է թուրքերից ավելի թուրք երևալ ու մի քիչ էլ երկարաձգել հայ փրկարարների գործը, մի ձեռ ավել էլ  օգնություն տրամադրել Թուրքիային։ Նշվեց, որ հայ փրկարարները նախ վերադառնալու հրահանգ են ստացել, բայց հետո ասել են՝ պետք է մնաք, որ Արարատ Միրզոյանի հետ լուսանկարվեք։ Արարատ Միրզոյանն էլ հանդիպում է Չավուշօղլուին ու շնորհակալություն հայտնում, որ մեր փրկարարների հասցեին գնահատանքի խոսքեր է ասել։ Ստացվում է՝ Ապրեք, որ տեղում չեք կոտորել մեր փրկարարներին։ Բա չի՞ ստացվու՞մ, որ ՔՊ-ական իշխանությունը որոշել է թուրքերից ավելի թրքասեր երևալ․ Թուրքերն ու ադրբեջանցիները պետական միջոցառում են անում՝ «Միասնական սիրտ» խորագրով, որի շրջանակներում պետք է ուղիղ եթերով հանգանակություն հավաքեն։ Եվ քանի որ ամենաշատը ողբացողներից մեկն էլ Փաշինյանի թիմն է, չի բացառվում Հայաստանից մեկնած պատվիրակությունը դրան էլ մասնակցի՝ թե՛ անձնապես, թե՛ դրամական փոխանցումներով։

Իմ կարծիքով, Հայաստանի իշխանության ժեստը հետևյալն է․ քանի որ Թուրքիան գտնվում է աղետալի երկրաշարժի մեջ, սրանք մտածել են, որ արդեն երկու անգամ էլ օգնություն ենք տվել, սիրտները շահել ենք, վռազ գնանք, փիարվենք ու հայ-թուրքական հարաբերությունները կարգավորենք, սահմանը բացենք։ Ձեր կարծիքով՝ հենց այդքան պարզունա՞կ ու միամի՞տ են մերոնք։ Արարատ Միրզոյանն էլ, որ գնացել էր ցավակցելու և համերաշխություն հայտնելու, խոսեց խաղաղություն կառուցելու, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, սահմանի ամբողջական բացման շուրջ պաշտոնական Երևանի ձգտման  մասին։ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն էլ գրում է, թե իրենք պայմանավորվել են արագացնել երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Հիմա կարող է էս երկու ելույթները վերցնեն ու ժողովրդի ականջներին էլի լապշա կախեն, քարոզեն, թե՝ այ տեսեք, գնացինք կարգավորեցինք, մալադեց մեզ։ Բայց իրականում արդյո՞ք այդպես է։ Թուրքերի ունեցած ամենակարևոր և ուժեղ բանը որն ունեն՝ դիվանագիտությունն է։ Թուրքիան ունի ազգային անվտանգության դարավոր ռազմավարություն, հռչակագրեր, Հայաստանի մասին դրույթներ․ էդ Հայատանում է, որ Նիկոլը կարող է հա՛մ անկախության հռչակագիրը խախտել, հա՛մ սահմանադրությունը, հա՛մ ռազմավարություներն ու օրենքները, իսկ այնտեղ մանրակրկիտ գրում, տասնամյակներով գնում դրան ու իրականացնում են։ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները չի կարգավորում, նախապայման է դնում Ղարաբաղի հարցի լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջության շրջանակներում։ Ու միշտ հայտարարել են՝ կբացվի, երբ հարցը լուծվի հօգուտ Ադրբեջանի։ Ու երբ Չավուշօղլուն ասում է՝ կարագացնենք հարաբերությունների կարգավորման գործընթացը, նշանակում է, որ պետք է արագացվի Ղարաբաղյան հարցի կարգավորումը իրենց սրտով։ Էնպես չէ, թե Միրզոյանը, Փաշինյանը Թուրքիայի հետ օպերատիվ շփում չունեն ու էնպես չէ, թե Փաշինյանը պարզապես ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե գնալու է ու ստորագրի Պրահայի փաստաթուղթը, որով Արցախը հանձնում է Ադրբեջանին։ Այսինքն՝ կարագացնեն այսպես կոչված խաղաղության պայմանագրի կնքումը, կհանձնենք Արցախը, դրա փոխարեն կբացենք Թուրքիայի ճանապարհը դեպի Հայաստան, իսկ Հայաստանի ճանապարհը՝ դեպի վտանգավոր անորոշություն։ Կարծում եմ, այլևս գաղտնի չէ, թե որտեղ է գտնվում Հայաստանի իշխանության ղեկավարման պուլտը 2018 թվականից սկսած։ Մի զարմացեք, բոլոր փաստերը դրա մասին են։

Կարճ ասած՝ ինչո՞ւ Հայաստանը հարյուր հազարավոր քառակուսի կիլոմետրից մնաց էս փոքր տարածքով, ու հիմա կռիվ է տալիս այդ 29,800 քառակուսի կիլոմետրը գոնե պահելու համար։ Ինչո՞ւ կորցրեցինք մեր պատմական հողերը․ որովհետև երբ մեր թշնամին մեզ կոտորելու համար մանրակրկիտ պատրաստվում էր, մենք մուրում էինք խաղաղություն, խաղաղության դարաշրջանի քարոզ անում։ Դա արվում էր նախորդ դարասկզբին։ Հիմա անում են լրիվ նույնը, իսկ թե ինչ կլինի դրանից հետո, արդեն վախենում եմ անգամ մտածել։ Մեկ անգամ արդեն տեսել ենք ու մինչ օրս սգում ենք։ Բայց խելք չհավաքեցինք։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ