Տոնական տրամադրությունը անտարբեր հանրության մոտ երևի դեռ երկար կտևեր, եթե ասուլիսով հանդես չգար Փաշինյան-Ալիև զույգը ու դարձյալ «չփչացներ» ամեն ինչ։ Իհարկե՝ չփչացնելը չակերտում, որովհետև ամեն ինչ վաղուց արդեն փչացրել են մեր կյանքում։ Խոշոր հաշվով, ՀՀ քաղաքացիները Նիկոլ Փաշինյանի ասուլիսից ունեին նույն սպասելիքները, որ դեմագոգիայի, պոպուլիզմի, ֆռացնելու, ատելության մեծ չափաբաժին են ստանալու, ու նրանց սպասելիքներն իրականացան․ ուղղակի այս անգամ դա տեղի ունեցավ առանց լարվելու, առանց հոգեկան բռնկումների։ Անսպասելի հանգիստ տոնի պատճառը գուցե այն է, որ ոչ բոլոր լրատվամիջոցներին էին հրավիրվել։ Նաև մեկնաբանությունների տեղն էին փակել, որովհետև վաղուց է, որ այդ մեկնաբանությունները 90 և ավելի տոկոսով հայհոյանք են պարունակում առ երկրի փաստացի ղեկավար։ Այդ ասուլիսում արդեն թվարկածս պոպուլիզմ-ֆռացնելու հետ մեկտեղ կային տարօրինակություններ, խոր հակասություններ, նմանություններ Իլհամ Ալիևի՝ զուգահեռ ընթացող ասուլիսին․ կար ամեն ինչ, բայց չկար պատասխանատու ղեկավարի խոսք։ Կողքից դիտող վերլուծաբանի խոսք էր։ Բայցև լի էր վտանգներով։ Նաև տպավորություն ստացա, որ Նիկոլն ու Ալիևը ոչ միայն ասուլիսների օրն էին համաձայնեցրել, այլև թեմաները։
Իլհամ Ալիևն ասում է, թե արևմտյան ադրբեջանցիները պետք է վերադառնան «իրենց նախնիների հողերը»՝ նկատի ունենալով խորհրդային տարիներին Հայաստանում ապրած ադրբեջանցիներին։ Ու ասում է, որ ամեն ինչ կանեն դրա համար։ Ի՞նչ է զուգահեռաբար ասում Նիկոլ Փաշինյանը․ ասում է՝ Ադրբեջանը կարող է բարձրացնել Հայաստանում ադրբեջանցիների այսպես ասած՝ «վերադարձի» հարցը: Հիմա սա ի՞նչ պայմանավորվածություն է, կարող է՞ գրավոր կամ բանավոր համաձայնություն ունեին զուգահեռ խոսելու նույնի մասին։ Ալիևը ասուլիսում ասում է՝ սահմանն անցնելու է այնտեղով, որտեղով մենք հարմար ենք գտնում, մենք ենք որոշելու։ Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը նույն ժամանակ, ասում է՝ ես պատրաստ եմ եղել ու հիմա էլ պատրաստ եմ զիջման, ուղղակի չունեմ գծեր, չափը չգիտեմ, չգիտեմ ինչքան զիջեմ, որ խաղաղություն լինի։ Սա փաստացի ասում է, որ Ադրբեջանն է որոշում ինչքան պետք է զիջի Նիկոլը ու ինչքան էլ զիջի՝ խաղաղություն կարող է չլինել, որովհետև էդ խաղաղության պայմանագիրը որ ստորագրենք, կարող է հենց հաջորդ օրն էլ պատերազմ սկսի։ Միանգամից հարց է առաջանում․ իսկ դու ո՞վ ես, որ որոշես զիջես, կամ որքան զիջես։ Քո պես խոսացող ղեկավարը, պետք է վաղուց հրաժարական տված լիներ, հեռացված լիներ, դատված լիներ, հերիք չէ մնացել ես ու էսքանից հետո դեռ խոսում ես զիջելու մասին։ Ո՞վ է քեզ իրավունք տվել զիջելու, որ մի հատ էլ գցում-բռնում ես թե երբ, ինչքանը զիջես։ Ու այստեղ, քանի որ չգիտի այդ զիջման չափը, Ալիևն է օգնության հասնում, ասում է՝ ես կորոշեմ ինչքան զիջես, սահմանը ես եմ որոշելու։ Որ էսքան ժամանակ ասում են պետք է Հայաստանն ունենա նոր ղեկավար, բանակցող, այսպիսի զիջման պատրաստ մարդու փոխարեն ունենայինք ամեն մետրի համար կռիվ տվող բանակցող-ղեկավար, դրա համար էինք ասում։ Ալիևն ասում է՝ Զանգեզուրի միջանցք տերմինը չկա նոյեմբերի 9-ի թղթում, դա ես հետո եմ ավելացրել։ Ո՞նց է ավելացրել, այ հենց տենց, որովհետև իր դիմաց Նիկոլն է, ում նա ծաղրում էր պատերազմի օրերին և դրանից հետո։ Մենք տարին սկսել ենք պետության փաստացի ղեկավարողի հայտարարությամբ, որ պատրաստ է ստորագրել, զիջել, հանձնել։ Պաշտո՞նը․․․ Ո՛չ, դա չի զիջի, աթոռը չի զիջի, կառավարական ամառանոցները չի զիջի, պադավատն ու շքեղ կյանքը չի զիջի, դրան պատրաստ չէ, պատրաստ է զիջել հայրենիքը, մե՛ր հայրենիքը, որովհետև չեմ հասկանում, թե իր հայրենիքը որն է։ Ընդ որում, խոստովանում է, որ այդ խաղաղության պայմանագիր կոչվածը, ոչ մի արժեք չունեցող փաստաթուղթ է, որևէ դեպքում դա խաղաղությունը չի երաշխավորում։
Մյուս թեման, որ մտավախություն ունեմ՝ էլի Ադրբեջանի հետ պայմանավորված էր, Հայաստանի բանակի քարկոծումն էր։ Քարկոծում էր այն բանակը, որը քանդել է ուժերի ներածին չափով։ Ասում է՝ գիտեր, թե ուժեղ բանակ ունենք, պարզվեց այդպես չէ։ Մենք ապրել ենք անկախ Հայաստանում անվտանգ՝ 25 տարի, էդ անվտագության երաշխավորը եղել է մեր բանակը։ Նույն բանակը իր ողջ ռեսուրսներով, հանձնել ենք այսօրվա իշխանությանը, ու նա ոչինչ չի թողել բանակից․ հիմա ասում է՝ ուժեղ չէր։ Գեներալներին վարկաբեկել ես, վատագույն կադրերին հրամանատար ես նշանակել, սխալ բանակցել ես, տարել ես պատերազմի, պատերազմի ժամանակ ոչ երկինքն ես ապահով դարձրել, ոչ թիկունքը, ոչ նորմալ զենք ես տվել, ոչ զինվորների փոխարինումներ ես արել, էլի խաբել, ֆռացրել ես, վերջում ստորագրել ես կապիտուլյացիա, մեղքը բարդել ես էլի բանակի վրա․ մի մասին տարել ես մահվան, մի մասին կալանավորել ես, բոլորին վարկաբեկել ես, հիմա ասում ես մենք չենք ունեցել մարտունակ բանա՞կ։ Հասարակությանը հայտնի չէ մի դեպք, որ զինվորները փախել են, բայց հայտնի են դեպքեր, որ զենք չեն ունեցել, գերի են ընկել, նահանջի հրաման են ստացել, արյունով պահածը հանձնել են ձեր հրամանով։ Ընդ որում, էդ նահանջի, պարտության հրամանը բանակը ստացել է հենց առաջին օրը, «գերագույնի» շուրթերից, էն որ ասում էր՝ ինչ էլ լինի մենք մեզ պարտված չենք համարի։ Բանակը դիմադրել է, մինչև վերջ կռվել է՝ ի հեճուկս Նիկոլի, որը, ինչպես ասում է, հենց սկզբից պատրաստ է եղել զիջման, ուղղակի չգիտեր ինչքան։
Ինչպես կարելի էր հասկանալ, Նիկոլ Փաշինյանի գլխավոր ասելիքը այս ամենը չէր, այլ՝ ռուսներին մեղադրելը։ Ընդ որում, դա ևս մտնում էր Ալիևի հետ պայմանավորվածությունների տրամաբանության մեջ և դա էլ արեց խիստ հակասություններով։ Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը․ ասում է՝ Հայաստանը չի կարողանում իր անվտանգությունը ապահովել, Հայաստանի անվտանգության երաշխավորողը ռուսներն են, իսկ ռուսական զորքը, ստացվում է, սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը։ Հիմա դու ո՞նց ես սպառնալիք համարում մեկին, որին ասում ես, որ քո երկրի անվտանգության երաշխավորն է։ Նախ, ես առաջին անգամ էի լսում, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, ես միշտ իմացել եմ, որ մեր անվտանգության երաշխավորը Հայկական զինված ուժերն են, մենք էլ անկախ պետություն ենք։ Սենց որ գնա, մի օր էլ նույն հանգիստ տոնով կարո՞ղ է ասել՝ խի մենք ե՞րբ ենք անկախ եղել որ։ Ցանկացած պետության ղեկավարի թիվ մեկ անելիքը, թիվ մեկ պարտավորությունը երկրի տարածքայի ամբողջության ապահովումն է ու ժողովրդի անվտանգության ապահովումը։ Հիմա նա, որ ի պաշտոնե պարտավոր է այդ ամենը անել, ասում է ժողովուրդ, ես չկամ, իմ հույսը ռուսներն են ու նրանց էլ խփում է։ Ընդ որում, Նիկոլը մերժում է ՀԱՊԿ զորավարժությունը Հայաստանում անցկացնելու որոշումը՝ նախապես իմանալով, որ այդ զորավարժության ժամանակ բազմաթիվ սպառազինություն էր մտնելու Հայաստան ու հնարավոր է՝ մնար այստեղ։ Դրանից առաջ մերժել էր ՀԱՊԿ ռազմատխնիկական աջակցությունը։ Ու միաժամանակ դրական է գնահատում Թուրքիայի հետ հարաբերությունները խորացնելը։ Ինքներդ մեկնաբանեք։
Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը ասուլիս տվեց երեք բանի համար․ առաջին՝ ռուսների վրա քար գցելու, երկրորդ, ասելու որ իր վրա ոչ ոք հույս չդնի․ ասում է՝ ես ոչինչ չեմ որոշում, ո՛չ Հայաստանի մասով, ո՛չ Արցախի մասով, ես ընդամենը կարող եմ պատմել, թե ինչ է տեղի ունենում և որտեղ ովքեր են մեղավոր ու պատասխանատու, բացի ինձանից։ Եվ վերջապես երրորդը՝ ասուլիս արեց ցույց տալու համար, որ տեսեք ժողովուրդ, ասում էիք վախենում է փողոց դուրս գալ, փողոց դուրս եկա, ասում էիք ասուլիս չի տալիս, դա էլ տվեցի։
Այս մարդը իր վերջին հարցազրույցում ասել է՝ մենք մի գնացքում ենք, որը գնում դեպի անդունդ ու ես չեմ կարողանում կանգնեցնել։ Սա իր ամենաանկեղծ պատասխանն է եղել։ Հա՛, Հայաստանն այսօր այդ ավտոբուսն է, բայց, ցավոք, ինքն էլ մեքենավարն է, որը շանս չի թողնում։
Սևակ Հակոբյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը