30 12 2022

«Կարճ ասած»․ Ի՞նչ մաղթել, երբ ամեն ինչի պակասը կա



 

Տարին ամփոփելիս սովորաբար ի մի ենք բերում հաջողությունները, գրանցած ձեռքբերումները, ինչպես նաև բացթողումները, ձախողումները, վերլուծում, ինչը հիմք է դառնում հաջորդ տարիներին դրականը բազմապատկելու, սխալները չկրկնելու համար։ Եվ կախված նրանից, թե այդ տարի որքան են եղել քո հաջողությունները կամ հակառակը, նույն շուքով էլ դիմավորում ես նոր տարին՝ բարձր կամ ցածր տրամադրությամբ։ Եթե տոնական լույսերը հանենք, ապա տոնական տրամադրություն բացարձակ չկա ՀՀ քաղաքացու մոտ իրականում չկա, որովհետև չկան այդ ձեռքբերումները։ Ավելին, էն կարգի ծանր անվտանգային խնդիրներ ունենք, որ որևէ մեկի ընտանեկան, սոցիալական ձեռքբերումերը անգամ իր համար ուրախանալու մեծ առիթ չի կարող լինել: 

Իշխանությունը լիքը փող է ծախսել, կտրել է բոլորի բերանից (բացի իրենցից, իհարկե) ու ճոխ զարդարանքներով նշում է։ Բայց ի՞նչն ենք տոնում։ Լաչինի միջա՞նցքն եք բացել, թշնամո՞ւն եք վռնդել Հայաստանից խլած-օկուպացրած 130 քառակուսի կիլոմետրից, սահմաննե՞րն են խաղաղ, նոր պատերազմի հավանականությո՞ւնն եք քչացրել, գերիների?ն եք վերադարձրել, միջազգային արենայում մեր դիրքե՞րն եք ուժեղացրել, արժանապատիվ թոշա՞կ ենք սկսել տալ, գնա՞ճն եք կարգավորել, աղքատությո՞ւնն եք վերացրել, վարկե՞րն եք փակել։ Ի՞նչն եք տոնում, չգիտեմ։ Երբ, հեռու բոլորից, մի դժբախտություն է լինում ազգում, նոր տարի չեն նշում, ուրախ առիթները չեղարկում ու հետաձգում են, սեղան չեն փռում․ պետության մեջ դժբախտություն է եղել, դուք ընդամենը 3 ամիս առաջ 200-ից ավելի երիտասարդի տարաք գերեզման, ի՞նչն եք տոնում։ Թուրքիան խոշոր ձեռքբերումներ է ունեցել, կարող է հազար հատ տոն նշել, Ադրբեջանը տարածքային ու դիվանագիտական ձեռբերումներ է ունեցել, Ռուսաստանը տարածքային խոշոր ձեռքբերումներ է ունեցել, 5 հատ Հայաստանի չափ տարածք միացրել է իրեն, լիքը երկրներ ունեցել են հաջողություններ, դո՞ւ ինչ ես ունեցել։

Էնպես չէ, թե մեր երկրում ոչինչ տեղի չի ունեցել 2022-ին․ կառավարությունը իր մեջ ուժ գտավ պաշտոնյաների աշխատավարձը կտրուկ բարձրացնել հունվար ամսից, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան ավտոպարկը թարմացավ թանկարժեք ու շքեղ ավտոմեքենաներով, 3 հազար դրամով բարձրացել են թոշակները, նպաստառուների թիվը պակասել է, աղքատությունը մեծացել է, 3 անգամ փակվել է Լաչինի միջանցքը, երկրորդ անգամը չի բացվում, Լարսի անցակետն էլ փակվել է 3 անգամ, բազմաթիվ տնտեսվարողներ միլիոններ են կորցրել, մի մասը՝ սննկացել են դրա արդյունքում, ԱԺ նախագահը տասնյակ գործուղումների է մեկնել, նոր երկրներ տեսել, բյուջեից միլիոնավոր դրամներ են դուրս գրել, որովհետև պաշտոնյաների գործուղումների փողը վերջացել էր, Գորիս-Կապան շրջանցող ճանապարհը վերանորոգել են, քանի որ նորմալ ճանապարհը հանձնել էին թուրքին, իսկ նոր սարքածը փչացել էր, Սուրեն Պապիկյանն ու Տրդատ Սարգսյանը ամուսնացան, առանձին-առանձին, կին դատախազ ունենք, Տիգրան Մուկուչյանը էլ ԿԸՀ նախագահը չէ, բայց մի ոգևորվեք, Վահագն Հովակիմյանն է․ Իսկ Սահմանադրական դատարանի անդամ դարձավ Սեդա Սաֆարյանը․ օղորմի տվեցինք ընտրական օրենսգրքին, սահմանադրական դատարանին, Ազգայն ժողովին, դատարաններին, ԲԴԽ-ին ու բոլոր էն կառույցներին, որոնց կպավ ՔՊ-ի ավերիչ ձեռքը։ Է՞լ ինչ եղավ․ հա, Հրաժարվեցինք ՀԱՊԿ ռամատեխնիկական օգնությունից, Սուրմալոն պայթեց (որոշ օլիարխների աչքը լույս), Նիկոլը հնարավորություն ունեցավ անձամբ մասնակցելու բոլորի հարսանիքներին, քեֆերին, կնունքներին, մի լավ խմեց ու պարահրապարակից դուրս չեկավ․ Ավինյանը փայլուն նախընտրական քարոզարշավ արեց ընտրություններից մեկուկես տարի առաջ, անգամ՝ փլված շենքի ու զոհերի ֆոնին քարոզարշավ արեց։ Արայիկ Հարությունյանը նոր լիֆտ ունի, Պարեկները լիքը հպարտ քաղաքացիների ջարդեցին, մի մասը հիվանդանոցում կնշեն նոր տարին, ԱԺ բուֆետը թարմացավ, լիքը քաղբանտարկյալներ ունեցանք, Նիկոլը երեք անգամ գրավեց Եռաբլուրը, ՔՊ-ն վերջապես համագումար արեց, անասունների կերերի գործարան բացեց, Նիկոլի ախպերը մի քանի տեղ տնօրեն դարձավ, Ալենի ախպերը ասֆալտի լիքը մրցույթներ շահեց, մի 30 ՔՊ-ական դեպուտատ հիփոթեքով տուն առավ, խաղողագործները խաղողն ինքնարժեքով հանձնեցին ու փողը չստացան, կոկորդիլոսագետն ընտրվեց գյուղապետ, խլեցին նաև Վանաձորը, Սիսիանը, Թալինը։ Վերջինիս քաղաքապետն էլ որպես իրեն նոր տարվա նվեր համայնքի բյուջեով լավ ավտո առավ։ Պատերազմի արդյունքում վիրավորների մի մասին զրկեցին թոշակից, 130 քառակուսի կիլոմետր տարածք կորցրեցինք։ Ջերմուկում արդեն խրամատ են փորել։ Հայաստանում կայացած եվրատեսիլը ունեցավ 33 մլն դիտում, Աննա Հակոբյանը 30 հազար դոլարանոց ժամացույցի տեր դարձավ․ արգելեցին սեղանին դնել աղամանը, արգելեցին տոպրակները, բայց հետո պարզվեց, որ դա ընդամենը թանկացնելու համար էր։ Է՞լ ինչեր եղան․ հա, Էդմոնը դարձավ հատուկ դեսպան ու հիմա իր՝ ոչ մի օգուտ չտվող, անհասկանալի ու շատ հաճախ՝ անիմաստ գրառումներն արդեն պաշտոնական են, 1 մլրդ դոլարով ավելացավ պետական պարտքը, մի քանի տեսակ տուգանքներ ավելացրեցին հպարտ քաղաքացիների ուսերին։ Բավականին լարվեցին հրաբերությունները մեր ռազմավարական դաշնակցի հետ։ Չէ, ոնց նայում եմ՝ ահագին իրադարձություն է կատարվել։

Ամենացավալի բանը տեղի ունեցավ բանակի հետ․ քանդված, քայքայված բանակը որևէ միլիմետրով չբարձրացրեց իր հեղինակությունը․ տարին 12 ամիս իշխանությունը քլնգեց բանակին, քանդեց, ավերեց, սահման ու դիրք չկահավորեց, իսկ տարեվերջում իշխանականները հագան կամուֆլյաժները ու ժելեյած մազերով գնացին զինվորի կենացը խմելու․ դուք էլ եք վաղը էդ կենացը խմելու, ժողովուրդ ջան, բոլորդ էլ խմելու եք նոր տարվա սեղաններին, իսկ ամեն մեկդ ի՞նչ արեցիք, որ զինվորն իրեն ամուր թիկունք ունենա, չգիտեմ։ Պաշտպանության նախարարը շնորհավորում է ամանորը ու մաղթում է երջանկություն, անվտանգություն էլ չէ, երջանկություն․ որովհետև գիտի՝ ով ով, բայց իրենք անվտանգություն ապահովող չեն։

Զավեշտը գիտե՞ք որն է, որ էսքանից հետո մեր երկրի գլխավոր ձախողակը ելույթ է ունենում ու ասում է՝ մենք ոչ մի ոլորտում ձախողում չենք ունեցել։ Այն, ինչ արել են, մեծ հաջողություն են համարում։ Մնում է հասկանալ, թե որ երկրի անունից են խոսում։

Մտնում ենք 2023 թվական, բայց 2018 թվականից սկսած՝ բոլոր տարիները հավասար են, մի ժամանակ նախագծել են, մի ժամանակ իրագործել են, լավ ու վատ չկա, բոլորը նույնն են: Իսկ 2020 թվականից ընդհանրապես կանգ է առել ժամանակը։ Անկեղծ ասած՝ չգիտեմ անգամ ինչ մաղթել, կարծես աբողջովին ռեսթարթի կարիք ունենք։ Սրանք կարողացան արժեզրկել ամեն ինչ, հատկապես՝ հաղթանակը ու հայտարարել, որ մենք հպարտանում ենք մեր պարտությամբ։ Իսկ ամենամեծ ձախողումը համարում եմ այն, որ այս ամենից հետո, որ կատարվեց մեզ հետ, 2023 թվականին գլխավոր շնորհավորողը դարձյալ լինելու է Նիկոլ Փաշինյանը։ Ամեն անգամ շնորհավորում է ու շարունակում պարտությունների, հանձնումների շքերթը։

Կարճ ասած՝ այս տարի իմաստնություն, միասնություն ու համախմբում եմ մաղթում մեր ժողովրդին՝ պարտությունների անիվը վերջնականապես կանգնեցնելու ու հետ պտտելու համար։ Բայց քանի մենք մեր լավն ու վատը, ճիշտն ու սխալը դեռ չենք ջոկում, ձեռքբերումը, պարտութունը, ձախողումը իրարից չենք տարբերում, դժվար էլ կարողանանք լուծումը գտնենք։ Երբ մեր ժողովուրդը միաբերան իր համար կձևակերպի, որ այս իմ թվարկածները ձախողում են ու այն ամենը, ինչ հայտարարում է այսօրվա ղեկավարությունը, սուտ է, այն ժամանակ կարող ենք բռնել մեջքներս ուղղելու ճանապարհը։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ