13 12 2022

«Կարճ ասած»․ Ալիևն ու Փաշինյանը այս մասի՞ն են պայմանավորվել



 

Լաչինի միջանցքում ամեն ինչ ավելի է բարդանում։ Հարյուրավոր քաղաքացիներ տեղափոխվել են Ստեփանակերտ, Գորիս կամ մնացել են ճանապարհին, հարյուրավոր երեխաներ, տարեցներ ծանր պայմաններում են մնում։ Անհանգիստ են մարդիկ, իհարկե՝ խոսքը նրանց մասին է, որ մնացել են ճանապարհներին և նրանց ընտանիքի մասին, թե չէ խոշոր հաշվով Հայաստանի ժողովրդի համար մեկ է, ակցիաներ կային էսօր, ամեն ակցիայի մասնակցում էին հաշված թվով մարդիկ։ Իշխանության համար լրիվ մեկ է։ Հարյուրավոր մարդիկ մնացել են առանց օթևանի, Հայաստանի կառավարությունը որևէ բան արել է՞ առնվազն այդ մարդկանց տեղավորելու համար, կեցության պայմաններով, սննդով ապահովելու համար։ Դրանից ուղիղ մեկ օր առաջ 10 մլն դոլարանոց լավ շոու էին անում, երեկ քա՞նի հազար դրամ ես հատկացրել, որ էդ մարդիկ փողոցում չմնան։ Ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպաններին» միացել են Բաքվից բերած այլ մարդիկ, ու հիմա ճանապարհը փակել են արդեն 1000-ից ավելի մարդկանցով։

Պարզ է, որ սա կազմակերպվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից․ այստեղ պետք է քայլ կատարեն ռուս խաղաղապահներն ու Հայաստանի իշխանությունը։ Իսկ վերջինս խորհրդարանում հայտարարում էր, թե եկեք հակաադրբեջանական բան չանենք, որ չսրենք։ Ինչո՞վ է զբաղված Հայաստանի իշխանությունը․ երեկ փոխվարչապետ և կրթության նախարար էին գործից հանում նեղ կուսակցական պատճառներով, նոր ռեմոնտ արած ԱԺ բուֆետ էին բացում, էսօր նոր ժամանակ են ունեցել անվտանգության խորհրդի նիստ անելու, երեկ խառն էին։ Կազմն ես նայում՝ դիակի հետ սելֆի անող Վահագն Խաչատուրյան, զբոսաշրջությունից աչք չբացող Ալեն Սիմոնյան, Սուրեն Պապիկյան, Կոնջորյան ու լրիվ հասկանալի է, թե ինչու ենք էս օրին։ Երեկ տոնածառ էին զարդարում, էսօր նիստ են անում ԱԽ, ու ձևակերպել են՝ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, մասնավորապես՝ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի քննարկում․ առաջ դա Արցախի Հանրապետություն էր, հիմա՝ տարածաշրջան։

Ընդ որում նիստին չէր մասնակցում ԱԽ քարտուղարը․ նա շատ ուշագրավ հանդիպում ուներ Միացյալ Թագավորությունում․ հանդիպում էր Գաղտնի հետախուզական ծառայության պետ Ռիչարդ Մուրի հետ: Ռիչարդ Մուրը էն սովետի վախտից է Անգլիայի հատուկ ծառայություններում աշխատում, եղել է Թուրքիայում Բրիտանիայի դեսպան, Էրդողանի մտերիմն է ու նպատակ ուներ նպաստել, որ իրավիճակը Կովկասում անկայուն դառնա ու անցնի Թուրքիայի ձեռքը։ Այդ Ռիչարդ Մուրը, ում հետ հանդիպում էր Արմեն Գրիգորյանը, ակտիվ բանակցությունների մեջ էր նաև Զելիսնկու հետ՝ պատերազմից առաջ ու տեսանք ինչ է կատարվում Ուկրաինայում։ Հիմա էս 100 տարվա գելին ինչի՞ է հանդիպել ջահել սորոսական համարվող Արմենը, ի՞նչ է գլխներիս գալու, չգիտեմ։ Մանավանդ որ բրիտանացիները շահագրգիռ կողմ էին 44-օրյա պատերազմում ու Ադրբեջանում 30 մլրդ դոլարից ավելի ներդրումներ են իրականացրել։ Ադրբեջանում 500-ից ավելի բրիտանական հիմնարկներ են գործում։ Դա միայն պաշտոնապես։

Էս իրավիճակում Հայաստանը անում է անհասկանալի բաներ՝ ԱԳ նախարարի գործունեությունն անհայտ է, Նիկոլը տոնածառի լույսերի տակ մարդ-մուրդ է գործից հանում, ԱԺ նախագահը մասնակցում է խորհրդարանի բուֆետի բացմանը, Աննան կատվի հետ գիրք է կարդում, նկարվում-գցում ցանց որ ժողովուրդն էլ տեսնի թե ինչպիսի հաճելի երեկո է վայելում, նախօրեին իրենց դեպուտատի հարսանիքն էին անում և այլն։ Լավ, հասկանում ենք, չեք կարողանում զսպել, ձեզ, ձեր ուրախությունները, բայց գոնե նկարներ-բան մի հրապարակեք չիմանանք ինչով եք զբաղված։

Էս ամենի ֆոնին կարդում ես, որ Հայաստանում փոխվարչապետին ու կրթության-գիտության և այլ բաներով նախարարին են գործից հանել։ Պատճառն է ուշագրավ․ իշխանությունը չի ասում, թե որ արժանիքի համար էր նշանակել ու ո՞ր թերացման համար է հեռացրել․ մամուլն է գրում, որ հեռացրել է, որովհետև չեն կարողացել Բրյուսովի ռեկտոր ընտրել տան Նիկոլի ուզած մարդուն։ Զբաղված են իրենց նեղ կուսակցական ու քաղաքական խնդիրներով։

Արցախում վիճակը ծա՞նր է, ռուսներին դիմեք։ ՔՊ-ականները հերթով մեղքը գցում են ռուսների վրա։ Ասում են, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետոով Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ Էս մի կետը ու վերջ, մենք գործ չունենք, կապ չունենք, ինչ ուզում եք արեք։

Բայց․ Բացում եմ այս կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագիրը, հենց առաջին էջերում գրված է․ «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»։

Մի րոպե․ Էս Կառավարության ծրագիրը գրվել է պատերազմից հետո, թե՛ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից, թե՛ 2021 թվականի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո։ Այնտեղ գրած չէ, թե ռուս խաղաղապահներն են Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ ՔՊ-ական իշխանությունը պատասխանատվություն է ստանձնել, գրել, ընդունել ու հաստատել է իր հենց էսօրվա պատգամավորների ձայներով։ Էսօր մեղքը գցում են, ասում են՝ խի՞ խառնվենք, խի՞ հրահրենք, թող իրենք երկխոսեն։ Կառավարությունը իր համար ֆռֆռում է՝ ԱԺ փոխնախագահը՝ Փարիզ, ԱԳ նախարարը Նյու Յորք, ԱԽ քարտուղարը՝ Լոնդոն, Հայաստանում ընդիմադիրները բողոքի ցույց են անում, ում ձեռքին չկա որևէ լծակ խնդիրը լուծելու։ ՔՊ-ն խորհրդարանում հարկային օրենսգիրք է քննարկում։ Ուղիղ երկու օր առաջ Հայաստանում 11 մլն դոլարանոց մեծ փարթի էր, էսօր պատերազմի վախ է ու տագնապներ են, 120 հազար մարդ էլ ցեղասպանության վտանգի տակ է։ Իրիկունը էլի հրապարակի տոնածառի լույսերը մոռացնելու են տալու ամեն ինչ։ Հա, ի դեպ, էն ԵՄ դիտորդներին որ բերեցիք ու հակադրեցիք խաղաղապահներին, նրա՞նք ինչ են անում, գոնե տեղները գիտե՞ք։

Հասկանում եմ, որ ռուս խաղաղապահների գործունեության նկատմամբ կա զայրույթ, դժգոհություն, բայց էդ ռուս խաղաղապահների թեկուզ վատ աշխատանքի համար պատասխանատվություն է կրում ՀՀ իշխանությունը, որը համաձայնել է, որ նրանք տեղակայվեն․ իշխանությունը պետք է բոլոր լծակները դնի, որ ամեն մեկն անի իր պարտավորությունը։ Ռուս խաղաղապահն էլ է տեսնում, չէ՞, որ դու հանգիստ քեզ համար նստել ես տոնական լույսերի տակ։ Վտանգը շատ մեծ է, որ վաղն էլ կփակեն Գեղարքունիքի մարզը, Սյունիքը, նրանցում էլ նույն Արցախի բնակչության չափ մարդ է ապրում, ո՞ւմ եք մեղադրելու, հիմա էլ ՀԱՊԿ-ի՞ն, ՄԱԿ-ի՞ն, թե էլի կհիշեք նախկիններին։ Հայաստանի իշխանության պատասխանատվության տակ մեր երկրում ոչ մի բան չի՞ գտնվում։ Հերիք չէ՞ ձեր անելիքը, ձեր արած-չարածը սրա նրա վրա գցեք, սաղ տապալել եք ու դեռ խոսում ե՞ք։ Ես անգամ տպավորություն եմ ստանում, թե այս իշխանությունը մանրից հաշտվում է էն մտքին, որ շուտով չեն լինելու, սպասում են մի հզոր ալիքի, որ իրենց քշի տանի․ ու քանի որ չեն լինելու, չեն էլ աշխատում։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանի «ապագա կա» կարգախոսի վրա մի բուռ հող լցնելուց ու կակաչ աճեցնելուց հետո, մի քանի կամազ հող էլ լցրեցին խաղաղության դարաշրջանի վրա։ Ադրբեջանի այս գործողությունները նշանակում են, որ կամ՝ բանակցային գործընթացից հրաժարվում է Ադրբեջանը կամ՝ այս ամենը պլանավորված են անում Ալիևն ու Փաշինյանը՝ ռուսներին վերջնականապես վարկաբեկելու և այստեղից հանելու և Արցախի թեման փակելու համար։

Ի՞նչ են պայմանավորվել Նիկոլն ու Ալիևը՝ Բրյուսելում, Պրահայում, Սոչիում, օպերատիվ կապով, չգիտեմ, բայց՝ այս ամենը, ըստ երևույթին, պայմանավորվածության արդյունք է։

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ